Բնակապահովման ծրագրի հետ կապված հարցերին պատասխանում է նախարարությունը

  • 18:25 19.07.2024
ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտանիքը բնակվել է ԼՂ-ում, սակայն երեխան ծնվել է ՀՀ-ում: Այս դեպքում նորածինը կարո՞ղ է դիտարկվել որպես բնակարանային ապահովման ծրագրի շահառու։
Այո՛, տվյալ դեպքում նորածինը ևս կարող է դիտարկվել ծրագրի շահառու։ Միջոցառման շրջանակում անչափահաս են համարվում 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած, այդ թվում՝ մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։
Եթե ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլով դիմում է լրացնել, արդյոք այդ պահից սկսած դադարեցվում է 40+10 հազար դրամ աջակցությունը։
Ո՛չ, նման սահմանափակում նախատեսված չէ․ շահառուն կշարունակի օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։
Եթե ամուսիններից մեկը չդիմի բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, մյուս ամուսինը կարո՞ղ է իր երեխաների հետ դիմել բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար:
Այո՛, սակայն եթե վերջինս ունի սեփականություն, ապա դա կարող է տարածվել նաև կնոջ և անչափահաս երեխաների վրա։
Ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, բայց ունեն 070 կոդով տրված անձնագրեր: Ընտանիքը երկար տարիներ բնակվել է ԼՂ-ում և տեղահանվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո: Տվյալ ընտանիքը կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու:
Վերջիններս կարող են օգտվել ծրագրից, եթե ընտանիքի անդամներն ստանան ՀՀ անձնագիր։
Եթե https://housing.socservice.am/ հարթակով դիմում լրացնելիս անձի տվյալները չի նույնականացվում, ի՞նչ կարող է անել։
Խնդիրը կարող է ունենալ տեխնիկական բնույթ, անհրաժեշտ է որոշ ժամանակ անց կրկին փորձել՝ մաքրելով համակարգչի (հեռախոսի) հիշողությունը (քեշ)։ Այդուհանդերձ, եթե խնդիրը չի կարգավորվում, անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ համապատասխան շտեմարանում տվյալները վերանայելու համար։
6։ Եթե ընտանիքը պատրաստվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել 2024 թ․ սեպտեմբեր ամսին, և եթե համապատասխան դիմումը լրացվի նշված ժամկետում, բայց քաղաքացիությունը հաստատվի 2024 թ․ դեկտեմբերին, ընտանիքն արդյոք կկարողանա օգտվել բնակապահովման ծրագրի առաջին փուլից։
Ո՛չ, քանի դեռ չունի քաղաքացիություն՝ համակարգը կմերժի։
7։ Եթե ընտանիքը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել մինչ 2020 թվականը, կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու։
Ծրագրի իմաստով շահառուն 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքն է, ով բավարարում է ծրագրի մյուս պահանջներին։
8։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 6 անդամից (ծնողներ և անչափահաս երեխաներ), և ընտանիքի 4 անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն։ Մյուս 2 անդամները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարո՞ղ են միանալ ծրագրին ավելի ուշ՝ մի քանի ամիս հետո:
Ո՛չ, դիմումը և հավաստագիրը ներկայացվում ու տրվում է միայն մեկ անգամ, դիմելիս քաղաքացիություն չունեցողները չեն կարող դառնալ շահառու, իսկ հետագայում քաղաքացիություն ստանալու դեպքում, եթե ընտանիքի մյուս անդամներն իրացրած լինեն հավաստագիրը, ապա ընտանիքի կողմից ձեռքբերված գույքում չեն կարող մասնակցություն ունենալ։
9։ Եթե զինվորական ծառայողը ունի ՊՆ-ի կողմից տրամադրված բնակապահովման ծրագրի հավաստագիր: Արդյոք կարող է օգտվել տվյալ ծրագրից՝ միացնելով ընտանիքի մյուս անդամներին տրամադրված հավաստագիրը և 2 հավաստագրերի հիման վրա ձեռք բերել բնակարան:
Եթե խոսքը վերաբերվում է ՊՆ կողմից իրականացվող կանխավճարի ֆինանսավորման ծրագրի մասին, ապա՝ ո՛չ, քանի որ այս ծրագրի շրջանակում կանխավճար նախատեսված չէ։
10։ Եթե հավաստագրի ձևակերպման ընթացքում ընտանիքի անդամը մահանում է, տվյալ անձի անունով ընտանիքին արդյոք կտրամադրվի բնակապահովման աջակցություն։
Ծրագրի շրջանակում հաշվի են առնվում միայն ողջ շահառուները։
11։ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ցանկանում է օգտվել Սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման ծրագրից, այս դեպքում պարտադի՞ր է սահմանամերձ բնակավայրում ունենալ մեկ տարվա հաշվառում։
Մեկ տարվա հաշվառում ունենալը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ցանկանում են տունը կառուցել Տավուշի մարզի Բերքաբեր, Բաղանիս, Կիրանց կամ Ոսկեպար բնակավայրերում և օգտվել 5 մլն դրամ հավելումից, այսինքն՝ ստանալ 21 մլն դրամ աջակցություն։ Մնացած դեպքերում հաշվառում ունենալու պահանջ չկա։
f