Step1.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։
-Պարո՛ն Խաչատրյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Գիտենք, որ Բաքվի համար առանցքայինը Հայաստան-Արցախ վերամիավորման որոշումը չեղարկելն է։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Այս գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։
-Ես վերամիավորման որոշման ու հետագայում Արցախի անկախությունը հռչակելու հարցի վերաբերյալ միշտ նույն բանն եմ ասել, որ Արցախի անկախությունը հռչակելը դանդաղ գործող ական էր մեր պետականության հիմքին։ Եվ դա եղել է շատ վաղուց՝ 1991 թվականին։ Մեր Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, դա եղել է խորհրդարանական բավական լուրջ դեբատների պայմաններում։ Եվ ես համարում եմ, որ Անկախության հռչակագիրը դա համազգային նշանակության փաստաթուղթ էր, որը համազգային քննարկումների արդյունքում է ձեւակերպված։ Եվ արդեն վեց տարի է՝ ադրբեջանիցները հաստատում են ոչ միայն իմ ասածը, այլ նաեւ այն մարդկանց, որոնք Անկախության հռչակագրում տեղ գտած 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը հեշտությամբ փոխարինեցին Արցախի անկախության հռչակմամբ։ Հիմա ես չեմ պնդի, որ դա էր հիմնական պատճառը, որ մենք հայտնվեցինք ծանր վիճակում, որովհետեւ դա արդեն ակնհայտ է, ապացուցելու խնդիր այլեւս չկա։
Ադրբեջանը պետականորեն երբեք չի համաձայնել, որ Արցախն իրենից անկախացել է, անջատվել է, միացել է Հայաստանին կամ անկախ պետություն է դարձել։ Դա Ադրբեջանը երբեք չի ընդունել, որեւէ փաստաթղթով այդպիսի հայտարարություն չի արել։ Իսկ մեզ մոտ այս առաջին փոքր նահանջը տեղի ունեցավ, որն աննկատ իրականացվեց արթնացած հայ ժողովրդի աչքերի առաջ՝ իբր թե տակտիկական խորամանկ մի քայլ՝ Ադրբեջանից Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։ Բայց փաստացի ստացվեց, որ Արցախն անկախացել էր Հայաստանից եւ հիմա էլ այլեւս Հայաստանի հետ որեւէ կապ չունի զուտ պաշտոնական հայտարարությունների մակարդակով։ Ադրբեջանը հետեւողական իրականացրեց իր ստրատեգիական ծրագիրը՝ ազատագրված ու փաստաթղթերով դեռ ամբողջովին չճանաչված Արցախի նկատմամբ շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը։
-Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումն այսօր ուժի մե՞ջ է։
-Ես միշտ աչալուրջ հետեւվել եմ այդ որոշման իրավական կարգավիճակին։ Իսկ գործնականում գործել է, թե չի գործել, այլ հանգամանքներով է որոշվում։ Իրավական կարգավիճակը հետեւյալն է՝ մեկ անգամ 1999 թվականին Ազգային ժողովի արձանագրային բաժնում նկատել էին, որ մի ընդհանուր որոշում է բերվել խորհրդարան, ըստ որի՝ չեղյալ են հայտարարվում մինչեւ կոմունիստական Գերագույն խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները։ Ու մարդիկ նկատել էին, որ դրա տակ է ընկնում նաեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը։ Ու ինձ տեղյակ պահեցին այդ մասին նիստը սկսելուց 15 րոպե առաջ։ Եվ ինձ ասացին՝ եթե մի բան անեք, դուք կանեք։ Զանգահարեցի նախագահի աշխատակազմ, ասացի՝ նախագահին շտապ տեղեկացրեք, որ նման որոշում կա, ինձ չի հետաքրքրում՝ դա ինչ-որ մեկը դիտավորյալ է արել, թե՞ պատահական է ստացվել, այդ որոշումը ընդհանուր փաթեթով չպետք է չեղյալ հայտարարվի։ Եվ եթե նման մտադրություն կա, պետք է օրակարգի առանձին հարցով դրվի քննարկման վերամիավորման որոշումը։ Հինգ րոպեից մտա քարտուղարություն, ասացին՝ պարո՛ն Խաչատրյան, հանձնարարությունը եկել է, բոլոր փաթեթների մեջ այդ էջը փոխում ենք։ Մինչ օրս առիթ չի եղել հարցնել՝ դա դիտավորյալ էր, թե՞ պատահաբար, բայց այդ մեկ դեպքն է եղել, երբ վերամիավորման որոշումը վտանգի տակ է եղել։
Այդ դեպքից հետո որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի եղել այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին։ Այսօր էլ, երբ ուսումնասիրում ենք դեկտեմբերի 1-ի որոշումը, այնտեղ գրված է, որ ինքը գործում է։ Էլ չեմ խոսում Անկախության հռչակագրի մասին, որովհետեւ հռչակագրերը փոփոխության ենթակա չեն։ Կարող է ընդունվել նոր հռչակագիր ինչ-որ կարեւոր առիթով։ Այնպես որ, օրենսդրորեն, իրավական կարգավիճակով գործող որոշում է եւ դեկտեմբերի 1-ի որոշումը, եւ Անկախության հռչակագիրը, որի հիման վրա այդ որոշումը Հայաստանի բոլոր սահմանադրությունների մեջ արձանագրվել է։ Այդտեղ էլ է թեթեւ նահանջ եղել, բայց իրավական կարգավիճակը մնացել է նույնը։
Որպես իմ քվեարկությանը տեր կանգնող մարդ, ես պետք է ասեմ, որ դեմ եմ այդ փոփոխությանը։ Այն ժամանակ Անկախության հռչակագրի ընդունման քննարկումների ժամանակ լայն քննարկումներ եղան, հիմա նման քննարկում ուղղակի չկա։ Եվ ոչ թե հարցը օրակարգ չի մտնում կամ այդ մասին չեն խոսում խորհրդարանում, այլ ուղղակի քննարկում չկա, դա ընդամենը փոխհրաձգություն է։ Մեր ժամանակ քննարկումներ էին ընթանում, որի արդյունքում որոշումներ էին ընդունվում, որոնք այսօր արձանագրված են ու կանգնած մեր թշնամիների կոկորդին։
-Եթե վերամիավորման որոշումը չեղարկված չէ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաեւ Արցախը։
-Դրանք արդեն արհեստական օրակարգեր են, թե ինչ է նշանակում, եթե օրենքը գործում է կամ չի գործում։ Եթե օրենքը գործում է, նշանակում է գործում է, եթե օրենքը չի գործում, նշանակում է՝ ապօրինի բան է տեղի ունենում, որը պետք է կասեցնել դեռ արմատից։ Օրենքի նկատմամբ վերաբերմունքի մեջ տարբեր կարծիքներ չեն կարող լինել։ Մեր կուսակցական ընկերներով վաղուց մշակված սկզբունք ունենք, որ եթե դու եղած օրենքը չես պահպանում, դու այն չես կարող լավարկել, որովհետեւ օրենքը խախտելով՝ ախորժակ ես բացում ավելի մեծ խախտումներ անելու համար։
-Եթե Հայաստանի իշխանությունը գնա Բաքվի թելադրանքը կատարելու ճանապարհով, ի՞նչ հետեւանք կունենա դա։
-Երբ մենք էինք պայքարում Անկախության հռչակագրում ամրագրված նպատակների համար, դա էլ էր արտառոց բան ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Մենք հիմա պարծենում ենք, որ մեր սերունդն օրինական ճանապարհով է այդ ամենին հասել, բայց պարծենալուց բացի, նաեւ պետք է օրինակ ծառայել։ Հիմա տպավորություն են ստեղծում, որ 1988 թվականին էլ ինչ-որ արկածախնդիրների մի խումբ դուրս է եկել, ժողովրդին տարել է սխալ ճանապարհով 30 տարի, որից հետո սխալը հայտնաբերվել է, ավելի խելոք մարդիկ են եկել, խոստովանել են հայ ժողովրդի կատարած սխալը եւ ամեն ինչ հանձնում են։ Իրականում այդպես չէ, երկար տարիներ եղել են եւ վերլուծություն, եւ քարոզչություն, եւ ներքին կռիվներ ու պայքար։ Այդ ամենի արդյունքում 30 տարում ձեւավորվել է մի օրինական համակարգ, ներառյալ Արցախը։ Այն ժամանակ մենք ներքին խորհրդակցությունենրի ժամանակ վստահ չէինք, թե նույնիսկ երկու տարի Հայաստանն անկախ կմնա՞։ Բայց ասում էինք՝ ամեն ինչ պիտի անենք, որ հնարավորինս երկար մնա, որպեսզի աշխարհի խառը վիճակում Հայաստանը ոտնատակ չգնա, իսկ հետո էլի աշխարհի գործընթացներին համարժեք լուծումներ գտնենք։
Այն ժամանակ դարձյալ աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաժանում էր գնում դարձյալ, ասում էին՝ դանակը դրել են, տորթը կիսում են։ Մենք ասում էինք՝ պարզ է, որ Հայաստանի վրայով է անցնելու դանակը, որովհետեւ Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի հատման կետում է։ Ասում էինք՝ պետք է այնպես անենք, որ երբ դանակը Հայաստանի վրայով անցնի, Հայաստանն Արցախի հետ միասին բալի կորիզի նման պլստա ու ընկնի մի կետում։ Այսինքն՝ Արցախը չմնա մեկ ազդեցության տակ, Հայաստանն ուրիշ ազդեցության տակ։ Իսկ հիմա այդ նույն գործընթացը գնում է, եւ դանակով տորթը կտրողների համար Արցախը համարվեց խանգարող հանգամանք։ Հիմա փորձում ենք Հայաստանը թողնել այս կամ այն կեսի մեջ։ Այն ժամանակվա եւ այսօրվա գործընթացները շատ նման են իրար, եւ դա նշանակում է, որ սկզբունքներն էլ պետք է նույնը մնան։
-Շատ է հնչում հարցադրումը՝ այսօրվա իրավիճակը շրջելու հնարավորություն կա՞։
-Խելոք մարդիկ ասում են, որ միշտ էլ կարելի է իրավիճակը փոխել։ Հատկապես այն դեպքում, երբ իրավիճակը զարգանում է կոնկրետ խմբի կամ սուբյեկտի շահերին հակառակ, մարդիկ չեն հանձնվում, ասում են՝ միշտ էլ կարելի է իրավիճակը փոխել։ Պետք չէ պատկերացնել իրավիճակի իդեալական փոփոխություն՝ 100 տոկոսով այս կողմ կամ այն կողմ, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, որովհետեւ շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում։ Դիվանագիտության հիմնական խնդիրը նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի հասնելն է։ Այն, ինչը մենք այսօր ուղղակի չենք տեսնում։ Եթե մենք տեսնենք, որ որոշակի դիվանագիտություն է վարվում, որը որոշակի արդյունքի է հասնում, հանգիստ կնստենք, եւ երբ մեզ հարցնող կլինի, թե ինչ եք ուզում, մենք մեր պատասխանը կտանք մեր շահին համապատասխան։ Բայց դիվանագիտության անվան տակ այս վերջին իշխանությունը օրերի ու ժամերի ընթացքում խոսքը փոխում է։
Այնպես որ, իրավիճակը շատ թե քիչ փոխելու հնարավորություն միշտ էլ կա, ուղղակի պետք է ճանաչել բնության օրենքները, իմանալ պատմություն, մասնագիտական հմտություններ ունենալ։ Եվ տվյալ պարագայում շատ կարեւոր եմ համարում հետեւյալը՝ մարդիկ պետք է իմանան, որ նավագնացության մեջ այդ տեխնիկան եղել է՝ առագաստանավով քամուն հակառակ որոշակի անկյան տակ գնալ՝ ցանկալի նավահանգստի ուղղությամբ։ Եվ լավ նավապետներն այդ տեխնիկային տիրապետել են։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: