Նոր Կալեդոնիայի, Մարտինիկի, Գվադելուպայի և Կորսիկայի անկախության համար պայքարող ֆրանսիական շարժումների ներկայացուցիչները հուլիսի 18-ին Ադրբեջանում կայացած երկօրյա կոնգրեսում պայմանավորվել են ստեղծել «ֆրանսիական գաղութների ազատագրման ճակատ»: Միջոցառումն անցկացվել է Բաքվի նախաձեռնող խմբի հովանու ներքո՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Երկու ամիս առաջ՝ 2024 թվականի մայիսին, Փարիզը Բաքվին մեղադրեց ներքին գործերին միջամտելու մեջ՝ Արշիպելագում անկարգությունների ֆոնին Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու պատճառով։
«Ճակատի ապագա ծրագիրն ուղղված է լինելու գաղութների ջանքերի համախմբմանը նրանց ապագաղութացման գործընթացում»,- ասել են Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները։ Փաստաթղթում նրանք նաև դատապարտել են ֆրանսիական պետության «ռասիստական քաղաքականությունն ու բռնաճնշումները»։
Կազմակերպիչների խոսքով, դրան մասնակցել են Ֆրանսիայից անկախանալու շուրջ քսան կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ Կորսիկայից, Նոր Կալեդոնիայից, Գվադելուպայից և Մարտինիկից։
Ինչպես RFI-ին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի լրագրող Գանիմաթ Զահիդովը, պաշտոնական Բաքվի կողմից նման սերտ հետաքրքրությունը ֆրանսիական անդրծովյան տարածքների նկատմամբ պայմանավորված է նրանով, որ, Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից, «Ֆրանսիան աջակցել է Լեռնային Ղարաբաղի անջատողականներին»։ Ըստ Զահիդովի, սա Լեռնային Ղարաբաղի համար «վրեժխնդիր ակտ» է։