Forrights. Լավագույն վավերագրություն․ «Պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»

  • 09:18 20.07.2024

Forrights

Օրերս Երեւանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասին պատմող «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Շողակաթ Վարդանյանի այդ ֆիլմը «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվեց երկու անգամ, երկու անգամ էլ հանդիսատեսը դահլիճից հեռացավ ցնցված եւ պատերազմը եւս մեկ անգամ վերապրած։

Տեղի ունեցած  երկու ցուցադրություններից առաջ էլ Շողակաթը իր կարճ խոսքում հիշեց ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ նշեց՝ մեր պարտքն է ամեն ինչ անել նրանց տունվերադարձի համար։

Ֆիլմը հեղինակի վավերագրությունն է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրը անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։

Նշենք, որ ֆիլմը անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկն է, որը ստացել է նաեւ Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը եւ բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգեւատրվելուց հետո վերջապես ցուցադրվեց Երեւանում։

Սողոմոնը ծնվել էր արվեստագետների ընտանիքում, տաղանդավոր դաշնակահար էր, բանակ մեկնելուց առաջ սովորել էր նվագել նաեւ շեփորի վրա:

Նա հինգ ամիս շարունակ որոնվում էր որպես անհետ կորած, իսկ 2021-ի փետրվարի 18-ին ծնողներին պաշտոնապես հայտնել են, որ ԴՆԹ հետազոտության միջոցով հայտնաբերվել են Սողոմոնի մասունքները: Ծնողներին հաջողվել էր պարզել, որ մինչեւ հոկտեմբերի 4-ի առավոտ նա կռվելիս է եղել  Ջրականում, որտեղից նահանջ էր եղել եւ նա օգնել էր մի կամավորի:

Խոսելով այն մասին, թե արդյոք ֆիլմի նկարահանումը իրեն թեթեւություն բերել է, պատերազմում եղբորը կորցրած Շողակաթն ասում է.«Չէ՛, թեթեւություն չբերեց։ Իրականում լրիվ հակառակ արդյունքը եղավ։ Արդեն իսկ անհանգիստ կյանքս ավելի լարված դարձրեց։ Եթե չնկարեի, գուցե չէի տեսնի այն ծանր, հուզական ակնթարթները, որոնք վերապրում էին ծնողներս։ Բայց քանի որ նկարում էի նրանց, տեսնում էի ամեն ինչ։ Իրականում շատ բարդ էր։ Ըստ էության՝ միաժամանակ երկու գործ պիտի անեի։ Ծնողներիս համար մնում էի նրանց դուստրը, թեկուզ եւ տեսախցիկի հակառակ կողմում էի։ Խոսում էին ինձ հետ, իմ աջակցության կարիքն ունեին։ Չէի կարող նկարահանելու ընթացքում ժամանակավորապես չլինել դուստր կամ քույր։ Այդ իրադրությունում անհրաժեշտ էր որոշումներ կայացնել, որոնք չգիտեի էլ, թե ոնց կայացնեմ։ Վիշտը դեռ անծանոթ էր ինձ, պարզապես հետեւում էի իմ զգացմունքներին»։

Շողակաթն ասում է,  գրեթե ամեն գիշեր ինքը մտածում էր, որ այլեւս չի կարողանա նկարել, սակայն հաջորդ օրը նորից վերցնում էր տեսախցիկը.«Իրականում պահ վրա հասավ, երբ որպես քույր շատ, անչափ բարդ որոշում պետք է կայացնեի, որպեսզի ֆիլմը համամարդկային դառնար։ Ֆիլմի վաղ սեւագիր տարբերակն ավարտվում էր եղբորս արխիվային կադրերով, որտեղ նա դաշնամուր էր նվագում։ Համերգ էր, որին մասնակցել էր բանակ մեկնելուց առաջ։ Երկար ժամանակ, նույնիսկ տարիներ շարունակ տատանվում էի՝ թողնել այդ կադրերը, թե ոչ։ Մոնտաժի վերջնական փուլում գիտակցեցի, որ կադրերը չպիտի մնան։ Ի վերջո ջնջեցի ու հասկացա, որ այդպես ֆիլմը կդառնա պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»։

Անի Գևորգյան

f