Արցախցիները միացել են “Ռեստորանային օրեր” լայնամասշտաբ փառատոնին

  • 13:42 20.07.2024

Ավետարանոցի “թիմը”

Հուլիսի 19-ին Երևան քաղաքում մեկնարկել է  “RestoFest” “Ռեստորանային օրեր” եռօրյա փառատոնը։ Ռեստորանային օրերին զուգահեռ ներկայացվում են նաև ձեռքի աշխատանքներ, կազմակերպվում է ցուցահանդես-վաճառք։

Յուրահատուկ փառատոնին միացել են նաև մի շարք արցախցիներ, որոնց տաղավարներն անմիջապես աչքի են զարնվում։ Տաղավարների արցախյան կոլորիտը, քաղցրածոր բարբառն ու գեղեցիկ վերաբերմունքը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը։ Արցախյան հրուշակեղենի, անարատ բնական մեղրի, արցախյան փախլավայի, գաթայի ու ժենգյալով հացի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում։

Ստեփանակերտցի Լորա Պողոսյանը ներկայացել է իր ձեռքով պատրաստած արցախյան փախլավայով, գաթայով ու բադամբուրիով, որոնց ախորժելի տեսքը խոսում էր նաև համի մասին։ Տիկին Լորան տեղահանվելուց հետո սկսել է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ։ Այստեղ դա նրա եկամուտի հիմնական աղբյուրն է դրաձել։ Նրանց տաղավարում արցախցի Լենա Մաթևոսյանը ներկայացնում է մրգային չրեր ու խոտաբույսեր։

Մարիամ Միրզախանյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է տեղահանվել․

-Ներկայացնում ենք “Հաթերք-Ֆուդ” ըներությունը և Էկո-տուրիզմը Արցախում նախաձեռնությունը։ Արցախի Հաթերք գյուղում 6 տարի առաջ հիմնադրված “Հաթերք-Ֆուդ” ըներությունն ունի մեղրի 25 տարբեր տեսակներ, թթի դոշաբ, և Հաթերքը միակ հայկական բրենդն է, որ 16 անգամ աշխարհի տարբեր միջազգային մրցույթներում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականները։ Վերջին մրցանակը ստացել ենք Լոնդոնից՝ մեկ շաբաթ առաջ։ Միաժամանակ այսօր ներկայացնում ենք արցախյան ժենգյալով հացը, որը թխում են հաթերքցի կանայք։ Աշխարհը պետք է ճանաչի արցախցու ձեռքի ստեղծածը։

Տաղավարներից մեկում Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 2020 թվականին տեղահանված Միհրան Բաղդասարյանի հիմնած Taste of Artsakh– ի արցախցի կանայք ժենգյալով հաց էին թխում։ Ուրախալի էր տեսնել մարդկանց բազմությունը, որ անպայման ուզում էին համտեսել արցախյան անմահական ուտեստը։

Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մարիաննա Պետրոսյանը տեղահանավելուց հետո որոշել է զբաղվել բիզնեսով։ Բամբակյա պարաններից պատրաստում է տարբեր տեսակի պայուսակներ, զամբյուղներ, տնային իրեր։ Արտադրանքը իրացնում է անհատական պատվերների և նմանատիպ ցուցահանդեսների միջոցով։ 5 ամիս առաջ է ստացել այս ցուցահանդեսին մասնակցելու հրավերը և նախապատրաստվել է հավուր պատշաճի։ Մարիաննան գոհ է օրվա վաճառքից։

Արցախցի ձեռներեցները համոզված են՝ առաջիկա 2 օրերի ընթացքում կկարողանան բավարար չափով սեփական արտադրանք իրացնել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

f