Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Էջմիածնից, Հրազդանից, Աշտարակից, նրանք ամեն շաբաթ հավաքվում են Երեւանում: Արցախի հեղինակային Երգի «Երանգ» ակումբը պատրաստվում է համերգի և հիմա վերջին փորձերն են անում: Բռնի տեղահանումից հետո սա առաջին համերգը կլինի:
Հենց համերգի ժամանակ էլ կորոշեն՝ կբացե՞ն ակումբը կրկին, թե՞ այլեւս ոչ։
Հեղինակային երգի «Երանգ» ակումբի առաջին վերածնունդը Արցախում էր, 2020թ. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ պատերազմում զոհված ընկերոջ հուշ-երեկոյին: Այդ օրը հասկացան, որ ակումբը պետք է գործի:
Ամեն ինչ սկսվեց Շուշիում
Ավելի քան 10 տարի առաջ երաժշտության ուսուցիչ Ջուլետտա Առուստամյանը կիթառի խմբակ բացեց եւ 9-10 տարեկան երեխաների ընդունելություն սկսեց: Նրանց հետ աշխատանքի ընթացքում էլ հասունացավ հեղինակային երգի ակումբ ստեղծելու գաղափարը: Աշակերտներն արդեն պատանեկան տարիքում էին, այդ միտքը նրանց շատ ոգևորեց, սկսեցին քրտնաջան աշխատանքը:
Ջուլետտա Առուստամյանն Արցախում հայտնի է որպես հատուկ մեթոդներով աշխատող ուսուցիչ։ Երեխաները նրան հարգում և սիրում են, իսկ ծնողները ձգտում են, որ հենց նա ուսուցանի իրենց երեխաներին: Ջուլետտան, որ ինքն էլ տարբեր երգերի և ալբոմների հեղինակ է, դարձավ Արցախի հեղինակային երգի ակումբի հիմնադիրը եւ նրա ամփոփոխարինելի ղեկավար:
«Հուլիսի 1-ին մեր ակումբը նշեց իր 8-ամյակը: 8 տարի առաջ, հենց այդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ ներկայացրեցինք մեր կատարումները և հայտարարեցինք ակումբի ստեղծման մասին: 20 հոգի էինք, բայց ակտիվ աշխատում էին 12 -ը: Շատ էինք ելույթներ ունենում և սկսեցինք մտածել ակումբի գրանցման մասին: Սակայն 2020թ. պատերազմը խափանեց մեր բոլոր նպատակները: Ռմբակոծություններ, ապաստարան, հետո նաեւ անսպասելի տարհանում, չկարողացանք անգամ մեր երաժշտական գործիքները մեզ հետ վերցնել»։
Պատերազմից հետո ակումբի երաժիշտների մի մասը մնաց Հայատանում, մյուս մասը վերադարձավ Ստեփանակերտ: Մի կողմից՝ Շուշիի կորուստը և մյուս կողմից՝ մեր ամենատաղանդավոր ընկերոջ՝ Արենի զոհվելը, խորը ցավ թողեց մեր սրտերում: Արենը ժամկետային զինծառայող էր, զոհվեց 44-օրյա պատերազմում:
Հայաստանի լավագույն բարդ երգիչներից մեկը՝ Արեգ Նազարյանը, մեզ նոր կիթառներ նվիրեց եւ ամեն ինչ արեց, որ Արցախի հեղինակային երգի ակումբը շարունակի իր աշխատանքը:
Սկսեցինք պատրաստվել Արենի հուշ-երեկոյին: Այն տեղի ունեցավ 2021 թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում: Դահլիճը լեփլեցուն էր, շատերը կանգնած էին լսում կատարումները:
«Ես անսահման շնորհակալ եմ Աստծուց, որ այդ համերգը կազմակերպելու ուժ եւ հնարավորություն տվեց մեզ: Մենք կարողացանք արժանի հրաժեշտ տալ Արենին, և մյուս մեր զոհված տղաներին՝ մի բան, որ չէինք հասցրել անել 44-օրյա պատերազմի չդադարող ռմբակոծությունների տակ: Արենի ծնողների դեմքին էլ թեթև մխիթարանք իջավ։ Այդ երեկոյի ժամանակ որոշեցինք, որ ակումբը պետք է գործի՝ հանուն Արենի և հանուն Շուշիի․․․»
2023 թ. պատերազմը և դրան հաջորդած բռնի տեղահանումը դաժան փորձություն էր բոլորի համար: Արցախցիները սփռվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում, բայց ամենադաժանը հայրենիքի կորուստն էր: Երգահանները պահում էին կապը միմյանց հետ, բայց ակումբի վերածննդի մասին չէին էլ մտածում: Բացի այդ՝ մնացել էին առանց գործիքների։ Այս անգամ ևս նրանց օգնեցին ընկերները:
Արեգ Նազարյանն առաջարկեց նոր համերգ կազմակերպել, ծանոթացրեց նրանց Գագիկ Ղազարյանի հետ, ով փորձերի համար տարածք տրամադրեց «ԲԱՑ հարթակում»: Սկսվեցին առաջին փորձերը․․․
Համերգը տեղի կունենա 2024-ի հուլիսի 27-ին: Հասույթով ակումբի համար կիթարներ ձեռք կբերեն: Այդ օրը կհայտարարվի նաեւ ակումբի 2-րդ վերածննդի մասին: Ֆինանսական դժվարությունները հնարավորություն չեն տալիս երկարաժամկետ ծրագրեր կազմել, բայց հույս ունեն, որ ամեն ինչ կստացվի, և Արցախի հեղինակային երգի «Երանգ» ակումբը երկարաժամկետ ֆինանսավորման առաջարկ կստանա:
«Մենք կամավորական հիմունքներով գործում ենք արդեն 8 տարի։ Ես հավատում եմ, որ մենք վաղուց ապացուցել ենք մեր արժեքը։ Տասնամյակներ շարունակ պետական ֆինանսավորում ստացած բազմաթիվ խմբեր Արցախի գաղթից հետո չեն հավաքվել, բայց մենք դա արեցինք։։»
Ֆինանսավորումը Արցախի մշակութային կոլեկտիվների գլխավոր խնդիրն է:
Արցախում գործում էին տասնյակ մշակութային և երաժշտական խմբեր: Բռնի տեղահանումից հետո նրանք մնացել են առանց ֆինանսավորման: Շատերը չեն կարողացել իրենց հետ բերել ոչ գործիքները, ոչ բեմական հագուստը և հնարավորություն չունեն շարունակելու իրենց գործունեությունը:
Որոշ խմբեր փորձում են շարունակել աշխատանքը հասարակության աջակցությամբ, մյուսները կարողացել են որոշակի օգնություն գտնել:
AGBU բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ կշարունակի Արցախի կամերային ակումբի ֆինանսավորումը: Համահայկական բարեգործական ֆոնդից ֆինանսավորվում է Արցախի պարի պետական անսամբլը: Քայլեր են ձեռնարկվում Արցախի մանկապատանեկան երգչախմբի ստեղծման ուղղությամբ: Մոտ օրերս Արցախի ջազ ակումբը հանդես կգա նոր համերգով, որին աջակցում է նորաստեղծ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը: Կենտրոնին միացել են 10-ից ավելի երաժշտական և պարային խմբեր: Գարնանը կենտրոնը մեծ համերգ էր կազմակերպել և նախաձեռնել դրամահավաք, որը շարունակվում է մինչև հիմա:
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: