Ալիեւը ցույց է տալիս թույլ տեղերը․ նրա վախը սաստկանում է

  • 20:33 20.07.2024

Մինչ Փաշինյանը գրեթե մեկ ամսով արձակուրդ է գնացել եւ իր հեծանիվով զարմացնում է եվրոպական մայրաքաղաքների բնակիչներին, Ալիեւը վերջնագրի քողի տակ ի ցույց է դնում թույլ տեղերը եւ վախերը։

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է Ալիևը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։ Նա ասել է, որ նախ եւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։

«Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», – հայտարարում էր Ալիևը։

«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – ասել է Ալիևը։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», – պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված եմ, որ այդ օրը կգա»։

Փաստորեն, Ալիեւը խոստովանում է, որ ոչ մի պատերազմով, կեղտոտ դաշինքներով հնարավոր չէ փոխել իրավական իրողությունները՝ արմատների արմատը։ Մինսկի խմբի մանդատը հետ չի կանչվել, ուրեմն՝ միջազգային հանրությունը Արցախի խնդիրը չի համարում լուծված։ Ինչ վերաբերվում է այն պնդմանը, որ “Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը”, ապա դա բյուրեղացրեց իրավական հիմքը եւ բոլորին ի ցույց դրեց, որ 1989 թ․ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը միակ իրավական հիմքն է։

Խոսելով “ադրբեջանցիների վերադարձի” մասին, Ալիեւն ուղղակի փորձում է շանտաժ անել, սակայն թույլ տեղերն արդեն ի ցույց են դրված, եւ Ալիեւի վախը բռնված է։ Մնում է Հայաստանի քաղաքական դասը դա հասկանա։