Անուշ Պետրոսյանը Շուշիից է: Հայրենի քաղաքի կորստից հետո 2020-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղից 2-րդ անգամ տեղահանվել է 2023 թ. սեպտեմբերին:
Կարոտը դեպի հայրենիք նրա մեջ անընդհատ արթնացրել է Արցախի մասին պատմելու ցանկությունը, որը նա արտահայտում է «Տանան նիգյարան» փոդքասթի միջոցով:
Նախագիծն իրականացվում է «Մեդիա նախագծերի կենտրոնի» աջակցությամբ: «Տանան նիգյարան» նախագծի գլխավոր նպատակը արցախյան գյուղերի ու քաղաքների, այնտեղ ապրած մարդկանց մասին փաստերն ու պատմությունները վավերագրելն է, նաև առիթ է շփվել արցախցիների հետ, ինչ-որ ձևով մեղմացնելով կարոտը, քանի որ Արցախը դա ոչ միայն քաղաքներ և գյուղեր են, այլև մարդիկ, որոնցից յուրաքանչյուրում մի Արցախ կա:
«Փոթքասթի միտքը ծագել է վերջին տեղահանումից հետո։ Շուշիի կորստից հետո սկզբնական շրջանում հաճախ էին խոսում քաղաքի մասին, հետո հասկացա, որ ցավը բթանում է, իսկ մարդիկ ստիպված հարմարվում են: Հետո, երբ կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, մտածեցի` ինչ կարելի է անել Արցախի մասին արցախցիների համար։ Քանի որ նախորդ աշխատանքիս բերումով հաճախ էի լինում Արցախի տարբեր բնակավայրերում, ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել այս զրույցների շարքը հենց արցախյան գյուղերի ու քաղաքների մասին»:
Անուշն անկեղծանում է՝ չէր կարող չսկսել Շուշիից։ Եվ այո, երբ խոսում ես Արցախի մասին, մշակույթի մասին, առաջինը հենց Շուշին է, իր ողջ հմայքով, նեղլիկ, քարքարոտ փողոցներով, որտեղ ամփոփված էր մի հսկայական պատմություն: Դժվար է չսկսել Շուշիից:
Փոդքասթը դա ոչ միայն կարոտի, հուզականի մասին է, այլև Արցախի պատմության վավերագրումն է, յուրօրինակ արխիվի ստեղծում. «Հիմքում բնակավայրի ու տան մասին պատմությունն է` որտեղ է ծնվել տվյալ հյուրը, ինչպիսին էր իրենց տունը, ինչն է կարոտում ամենաշատը, բայց չեմ ուզում շեշտը դնել միայն հուզական մասի վրա։ Խոսելու ենք նաև տվյալ բնակավայրի պատմության, այնտեղ եղած մշակութային կոթողների, նրանց ներկայիս ճակատագրի մասին։ Խոսելու ենք նաև այն մասին, թե ինչպիսին էր կյանքը տվյալ բնակավայրերում պատերազմների արանքում, ինչ ճակատագրի արժանացան պատերազմների ժամանակ տվյալ բնակավայրն ու նրա բնակիչները, ինչ հերոսական դրվագներ կան բնակավայրի հետ կապված»: