Իրիքնակը տուսա եկալ․ արցախյան բրենդի հետաքրքիր պատմությունը

  • 15:09 21.07.2024

Հագուստի սեփական բրենդ ունենալու գաղափարը ծագեց դեռ 2022 թվականին, երբ Դիանան, Գայան և Լուսինեն երկար մտորումներից հետո որոշեցին սկսել բոդիների արտադրութուն:

“Այդ ժամանակ մենք ամեն ինչ ունեինք. ե՛ւ կոնկրետ գաղափար, ե՛ւ գիտելիք, լոգո, փորձնական բոդիներ, ֆինանսներ, բայց սկսվեց շրջափակումը։ Շրջափակման ժամանակ բացվելու փորձը ձախողելուց հետո որոշեցինք հետաձգել մինչև այդ ամենը ավարտվեր”,- ասում է Դիանան։

“Իրիքնակը” շատ դժվար ծնվեց։ 2023 թվականի պատերազմից ու տեղահանումից հետո դժվար էր ոգեշնչում գտնել, մի պահ նույնիսկ աղջիկները հրաժարվեցին այդ գաղափարից և փորձեցին արծաթյա զարդերի արտադրություն սկսել, որը ձախողվեց։

Երկարատև փնտրտուքներից հետո ճակատագիրը նրանց վերադարձրեց նախնական մտքին` Իրիքնակին։ “Անվան մասին էլ ենք շատ մտածել։ Ուզում էինք անպայման բարբառային լինի, կամ ինչ-որ տեղանվան անուն, բայց ոգևորվելով «Հորովել» երգից և արևի լույս ու ջերմություն պարգևելուց, կանգ առանք Իրիքնակի վրա”,- ասում է Դիանան։

Վերջերս թողարկվել է բրենդի առաջին հավաքածուն, որը խորհրդանշում է Հադրութը, իսկ առանձին գույներ Հադրութի գյուղերի անուններն են կրում։

Իրիքնակի ինստագրամյան էջում աղջիկները պարբերաբար պատմում են Արցախի սրբավայրերի և տարբեր վայրերի մասին։ Պլաններում հագուստի վրա զարդանախշեր ավելացնելն է, ինչն ավելու ու ավելի շատ Արցախ կպարունակի իր մեջ։

Չնայած Իրիքնակը լույս աշխարհ տեսավ տեղահանումից հետո, բայց այն միանշանակ արցախյան բրենդ է։ «Իրիքնակը» պատմություն է, թե ինչպես 3 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացան հասնել երազանքի, անկախ բոլոր դժվարությունների և տնից հեռու գտնվելուն։

Հայկ Հարությունյան

f