Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակվել։ Այս մասին step.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։
«Արցախի հարցը չի կարող փակվել որեւէ երկրի կողմից, նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի տարածքային մաս ճանաչելու դեպքում չի կարող այն փակված լինել»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի հարցի լուծումը արցախահայության՝ Արցախում անվտանգ ապրելու համար երաշխիքներ ձեւավորելու ճանապարհով պետք է լինի՝ առանց խոչընդոտների, առանց արտաքին ու ներքին վտանգների ու ռիսկերի։ «Ներկայիս աշխարհակարգը պարզապես այնպիսին է, որ միջազգային հիմնական դերակատարներն Ադրբեջանի դեմ դուրս չգալու համար կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում։ Դրա հետեւանքով էլ Արցախը հայաթափվեց, եւ ցավոք սրտի այսօր կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկվում արցախահայության վերադարձը կազմակերպելու եւ բնականոն կենսագործունեությունն ապահովելու։ Բայց մենք պետք է հասկանանք, որ աշխարհակարգը ցանկացած իրողությունների պայմաներում կարող է փոխվել։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք այդ փոփոխություններից օգտվելու եւ մեր ազգային շահերի բավարարման տրամաբանությամբ փորձենք օգտագործել նման պահերը»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի շարունակական պահանջներին ու դրանք բավարարելու ՀՀ իշխանությունների քաղաքականությանը՝ Ժիրայր Ազիզյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի առաջ բերումը ոչ այլ ինչ է, քան այլ երկրի ներքին գործերին միջամտություն։
«Ցանկացած նման փորձ ցանկացած երկրի կողմից պետք է համարժեք պատասխան ստանա։ Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվում է ՀՀ քաղաքացիների կողմից։ Եվ կարծում եմ՝ հենց ՀՀ քաղաքացիներն էլ պետք է այս առումով արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Անընդունելի է Ադրբեջանի նման պահանջի բավարարումը։ Ես կարծում եմ, որ պետք է առնվազն անհեռատես լինել՝ չհասկանալու ադրբեջանական կողմի ներկայացրած այդ պահանջի հետեւանքները։ Մենք պետք է հասկանանք, որ սա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման այնպիսի պահանջ է, որը չկատարելու դեպքում Ադրբեջանը փորձելու է ներկայացնել որպես հայկական կողմի ապակառուցողական մոտեցում եւ ներկայացրել, որ դրա հետեւանքով այդ հարաբերությունների կարգավորումը չստացվեց։ Բայց հասկանալի է, որ դա որեւէ լեգիտիմ հիմք չի կարող ունենալ։ Միջազգային բոլոր խաղացողները տեսնում են Ադրբեջանի ագրեսիվ եւ ծավալապաշտական դիրքորոշումը։ Ադրբեջանը մշտապես նոր պահանջներ է առաջ քաշում, մենք պետք է աշխատենք եւ միջազգային խաղացողներին ներկայացնենք ադրբեջանական կողմի պահանջների հետեւանքները ոչ միայն մեզ համար, այլ նաեւ տարածաշրջանի առումով»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: