ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել Հունգարիայում, տեղափոխվում է Բելգիա, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը։
Նա ընդգծել է, որ նման միջոցը բողոքի նշան է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ վերջերս Ռուսաստան և Չինաստան կատարած այցերի ու ընդհանրապես նրա ռուսամետ քաղաքականության դեմ։
Եվրոպայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսին Բուդապեշտում։ Բորելը հայտնել է, որ դա տեղի կունենա Բրյուսելում, որտեղ տեղակայված են ԵՄ հիմնական ինստիտուտները։
«Մենք պետք է ազդանշան ուղարկենք [Հունգարիային], նույնիսկ եթե դա խորհրդանշական է», – ընդգծել է նա։
Եվրախորհրդարանը դատապարտել է Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։ Բանաձևում ասվում է, որ նա չի ներկայացնում ԵՄ-ն, և նրա այցը պայմանագրերի և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության բացահայտ խախտում է:
Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Բրյուսելն այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։
Մոսկվայից Օրբանը մեկնել է օկուպացված հայկական Շուշի, որտեղ մասնակցել է թյուրքական պետությունների գագաթնաժողովին։ Այս ուղևորությունը նույնպես դատապարտվեց ԵՄ-ի կողմից, բայց զգուշորեն “հանվում” է Հունգարիայի վարչապետի «հակաեվրոպական» ճանապարհորդությունների ցուցակից: