Սա ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ընդգծելու

  • 22:37 23.07.2024

ԵՄ խորհրդի որոշումը՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, խորհրդանշական քայլ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նշենք, որ աջակցությունը կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է, որի նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը եւ նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

«Այդ որոշումը շատ հետաքրքիր ենթատեքստ ունի․ եթե հիշում եք, ամիսներ առաջ Հունգարիան կարողացավ արգելակել հենց այս քայլը՝ պատճառաբանելով, որ աջակցությունը պետք է լինի հավասարաչափ նաեւ Ադրբեջանի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ 24 ժամվա մեջ Հունգարիայի նկատմամբ կիրառվեցին դաստիարակչական միջոցներ։ Նախ Ժոզեֆ Բորելը ցուցում տվեց, որ արտգործնախարարների վեհաժողովն անցկացվի ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում։ Երկրորդ, Հայաստանին, որը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ անգամ չի դիմել հայտով, ցուցադրաբար օգնություն են տրամադրում՝ ի հեճուկս Հունգարիայի դիրքորոշման։ Կրկնում եմ, սա ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ցուցադրելու ու ընդգծելու նպատակ կա։ Բայց, իհարկե, այստեղ կա նաեւ մաքուր հայկական աստառ, դա այն է, որ Եվրոպան հերթական անգամ պատասխանում է չարաբաստիկ հարցին՝ բայց մեզ այնտեղ սպասում են, թե՞ ոչ։ Ես այդ հարցը լսում եմ լրագրողներից, տաքսիների վարորդներից մինչեւ վարչապետ, եւ ինձ շատ է զարմացնում։ Ես փորձում եմ հասկանալ՝ Եվրոպան էլ ի՞նչ պետք է անի, որ մեզանում այդ հարցը չառաջանա»,- ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ այս աջակցությունը շարունակական է լինելու։ «Հիշեցնեմ, որ այդ որոշումից 24 ժամ առաջ վիզաների ազատականացման գործընթացն էլ մեկնարկեց։ Այսինքն՝ մեկը մյուսի հետեւից ժամերի ընթացքում քայլեր են իրականացվում։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սա Եվրոպայի անուղղակի, իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե ուղիղ ակնարկն է, որ նրանք լսել են Հայաստանում ժողովրդավարական ուժերի նախագծի մասին։ Խոսքը Եվրամիության անդամակցությանն ուղղված հանրաքվեի ստորագրահավաքի գործընթացի մասին է։ Եվրոպայի այս քայլերն ակնարկ են եւ կառավարությանը, եւ հայ ժողովրդին, որ՝ մենք լսել ենք, նկատել ենք եւ մենք սպասում ենք ձեզ։ Իսկ այն, ինչ ձեզ ասում են, թե ձեզ Եվրոպայում չեն սպասում, դա սուտ է»,- հավելեց Խզմալյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f