«Դեմոկրատները ստեցին և մոլորության մեջ գցեցին հանրությանը ստախոս Ջո Բայդենի մասին, և այժմ մենք տեսնում ենք, որ նա գտնվում է ամբողջական և բացարձակ մտավոր և ֆիզիկական «անսարքության» մեջ»,- ասել է Թրամփը։ «Նրանք նաև մոլորության մեջ գցեցին Հանրապետական կուսակցությանը, ինչի պատճառով շատ ժամանակ և գումար ծախսվեց թեկնածու Բայդենի դեմ քաղաքական գովազդի վրա”։
Որոշ վերլուծաբաններ Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալն իսկապես կանխամտածված քայլ են համարում։ Մինչ այժմ Թրամփն իր քարոզարշավը կառուցում էր այն բանի վրա, որ Բայդենը ծեր ու թույլ է, և այդ թեզի վրա մեծ գումարներ են ծախսվել։ Այժմ Թրամփը պետք է նոր ռազմավարություն մշակի, և հավանականություն կա, որ նրան չի հաջողվի։ Թրամփը, որի նախագահությունը նշանավորվեց Իսրայելի հզորացմամբ՝ ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվելով և Աբրահամի համաձայնագրի կնքելով, չի կարող հիմա իր քարոզարշավը կառուցել Մերձավոր Արևելքի խնդիրների վրա։ Հատկապես, երբ Պեկինում հայտարարվել է Պաղեստինի ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին։
Պաղեստինի դեմ Իսրայելի գրեթե 10-ամսյա պատերազմի և ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից Իսրայելի քաղաքականությունը մերժելու ֆոնին վարչապետ Նեթանյահուն ժամանեց Վաշինգտոն՝ Թրամփին նախընտրական ռազմավարություն առաջարկելու համար: Նեթանյահուն դեռ չի հանդիպել Բայդենի հետ, բայց պետք է դա անի, որպեսզի հասկանա՝ արդյոք Բայդենը ժամանակ կունենա՞ առաջիկա վեց ամսում իրականացնել Իսրայելակենտրոն աշխարհակարգը փոխելու իր ծրագիրը, և արդյոք Կամալա Հարիսը կկառուցի իր նախընտրական քարոզարշավը այդ թեզի վրա։
Հնարավոր է, որ հենց այդ մտադրությունն է եղել պատճառը, որ Բայդենը ստիպված է եղել դուրս գալ ընտրապայքարից։ Եւ հենց այդ պատճառով են նրան հիմա ստիպում հրաժարվել նաեւ նախագահական պաշտոնից։ Դա իրոք հեղաշրջում կլինի, որի մասին խոսվում է ԱՄՆ-ում։ Եթե Բայդենը մնա, առաջիկա 6 ամիսների ընթացքում նա կարող է փոխել աշխարհը՝ նույնիսկ լինելով երկու ոտքից “կաղ բադիկ”:
Թրամփը եւս ասել է, որ դա կարելի է անվանել հեղաշրջում, իսկ ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերն ասել է, որ ԱՄՆ-ը հեղափոխության շեմին է։ «Այս երկրում հեղափոխություն է լինելու։ Հարցն այն է, թե դա հիմնված կլինի իդեալիզմի՞, թե՞ մութ, հետադիմական ուժերի վրա։ Ընտրությունը մերն է»,- գրել է Քենեդի կրտսերը X սոցիալական ցանցի իր էջում։