Ակնայի (Աղդամ) ազատագրումն այլընտրանք չուներ․ բացի այն, որ մեր Հայրենիքն է, Ակնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների ծրագրերում դիտարկվում էր որպես Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը՝ Ասկերանով։ Ակնայի ազատագրումը հայոց զինուժի փառավոր հաղթանակներից մեկն է։
Իրականության բարձունքից դժվար է անդրադառնալ անցյալի հաղթական էջերին, հաղթանակի մասին անցյալով խոսելը ցավոտ է, բայց անհրաժեշտ։ Պատմականության դիրքերից անդրադարձը մեզ կօգնի իրավիճակը սթափ գնահատել, սխալները շրջանցել, ճիշտ և ուժեղ կողմերը կրկնել։ Անցյալի հաղթանակներին անդրադառնալը կդառնա մի յուրօրինակ պատնեշ, այսօր դժբախտաբար տարվող այն քարոզչության դեմ, թե մենք թույլ ու անկարող ենք, թե մենք ի վիճակի չենք մեր հարցերը լուծել։
Շրջափակված, շրջապատված, զարկված, կորստի օրեր ունեցել ենք նաև արցախյան առաջին պատերազմում, բայց թևաթափ ու ոգեթափ չենք եղել և հենց դա է դարձել մեր հաղթանակի գրավականը։
Քոչվոր ռազմատենչ ցեղերը վտանգավոր գիշատիչների որջ էին դարձրել Ակնան պատմության տարբեր հանգրվաններում։ Արցախի տարեգրության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ թշնամին բաց չէր թողնում հարմար առիթը՝ Աղդամից Արցախի խորքերն ասպատակելու համար։
1918թ. սեպտեմբեր. Աղդամից թուրքական բանակը ներխուժեց Արցախ և յուրահատուկ բարբարոսությամբ ավերեց Խաչենի ու Վարանդայի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա նաև` մտավ Շուշի։ Իսկ 1920թ. մարտ-ապրիլ ամիսներին մուսավաթական Ադրբեջանի զինված ուժերը և զինված խառնամբոխը հենց Աղդամից Ասկերանի վրայով ներխուժեցին Արցախ` երկրամասի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանություն հաստատելու նպատակով։ Խորհրդային իշխանության տարիներին թշնամին դարձյալ բաց չէր թողնում հակահայկականությամբ ու ագրեսիվությամբ առանձնանալու առիթը։
Եվ պատահական չէ, արցախյան շարժման հենց առաջին օրերին, Արցախի դեմ առաջին բացահայտ նախահարձակ գործողությունը ձեռնարկվել է կրկին Աղդամից՝ 1988թ. փետրվարի 22-ին, երբ բազմահազարանոց ամբոխը, ճանապարհին ավերելով ամեն ինչ, ինչ հայկական էր ու հային, փորձում էր Ասկերանով հասնել Ստեփանակերտ։ Ու հենց Ասկերանի մատույցներում թուրքական խաժամուժը արժանի հակահարված ստանալով՝ ետ քաշվեց, և Ասկերանն արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության մեջ մնաց որպես անառիկ դարպաս-ամրոց։
Կան իրադարձություններ, որոնք ավանդույթի կարգավիճակ են ստանում ու կրկնվելու հատկություն, մնում է մենք գնահատենք ու արժևորենք այդ ավանդույթները։
Այո՛, Ակնան մեր թշնամին միշտ դարձրել է մի յուրօրինակ պլացդարմ Արցախի հայաբնակ խորքերը առնվազն երկու ուղղությամբ մխրճվելու համար։
Արցախյան ազատամարտի տարիների ողջ ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձեցին ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ արժանի հակահարված ստանալով՝ հետ են շպրտվել։ Մեր ավագ սերունդը լավ է հիշում Ակնայում տեղակայված կրակակետերից մեր խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները… Այն ժամանակ էլ հեշտ չէր, անվտանգ չէր ու որոշվեց վտանգը չեզոքացնել։
Արցախի բանակը երկարատև մարտերից հետո 1993 թ. հուլիսի 23-ին ազատագրեց Ակնա քաղաքը… Եվ այդ ռազմագործողությունը սոսկ կրակակետի ոչնչացում չէր, այն Ադրբեջանին զրկեց մի շարք կոմունիկացիոն հնարավորություններից։
2020 թ-ի 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ ազերիներին չհաջողվեց գրավել Ակնան և նույնանուն շրջանը… սակայն 2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ակնան և ողջ շրջանն առանց մեկ կրակոցի սկուտեղի վրա նվիրվեց Ադրբեջանին։ Կարելի է ասել, մեզ շպրտել են ելման դիրքեր, բայց դրանից Ակնայի ազատագրման պատմական նշանակությունը չի ընկել, ավելին՝ հաճախակի անդրադառնալը, վերլուծելը և հասկանալը անպայման իր օգտակարության գործակիցը կունենա։
Թշնամին նույնն է իր նպատակների մեջ, ավելի զարգացած տեսակով, մենք էլ ենք նույնը, պետք չէ մեզ ավելորդ թերագնահատել, պետք է պարզապես դեն նետել հուսահատության ծածկոցը, որով մեզ փորձում են քնեցնել։ Պետք է կարողանալ այս հանգրվանում տեր կանգնել մեր համամարդկային իրավունքներին, կռիվ տալ բոլոր ատյաններում դրանց համար։ Աշխարհը կանգնում է ուժեղի կողքին, և այստեղ արժե հիշել մեծ հայդուկապետ Նիկոլ Դումանի խոսքերը` Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն, և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններին: Աշխարհն այսօր քաղաքական ցնցումների մեջ է, իսկ մենք դատապարտված ենք ապրել։
Եվ պարզապես կուզենայի ավարտել Հրանտ Մաթևոսյանի խոսքերով․
«… Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիցների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է:
Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում»:
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: