Ռուսաստանը պատրաստ է ապահովել «հարմարավետ պայմաններ», սակայն նախաձեռնությունն անցնում է Չինաստանին

  • 17:05 24.07.2024

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։

Պաշտոնական Երևանը դժվար թե արձագանքի Մոսկվայի առաջարկին, քանի որ բոլորը արձակուրդում են, բայց Բաքուն զարմանալի օպերատիվություն ցուցաբերեց՝ հայտնելով իր հանդիպելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Բաքվի իր գործընկեր Սամիր Շարիֆովի հետ։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և անդրադարձել են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մոսկովյան օրակարգն, իհարկե, ավելի մոտ է Բաքվին, քան ԱՄՆ-ի առաջարկած «դժվար փոխզիջումները»։ Բացի այդ, ԱՄՆ չի խոսում Արցախյան խնդրի լուծված լինելու մասին, հետ չի կանչում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և հրապարակավ չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը։

Մոսկվան Արցախի հարցը լուծված է ճանաչում, ավելի հաճախ, քան Բաքուն խոսում է ԵԱՀԿ-ի և նրա Մինսկի խմբի անկարողության մասին և առաջ է տանում «եռակողմ համաձայնությունները»՝ կապված «սահմանազատման», Մեղրիի ճանապարհի բացման և դրա նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության հետ։ Մոսկվան Բաքվի ու Փաշինյանի հետ միասին ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է, թեև Իրանի դեսպանն, օրինակ, բաց տեքստով ասել է, որ որևէ հայտարարության հետք էլ չկա։

Վերջերս Անգլիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցած Ալիևն ու Փաշինյանը այդպես էլ չհանդիպեցին, և վերլուծաբանները սկսեցին խոսել ԱՄՆ-ի հովանու ներքո բանակցությունների լիակատար ձախողման մասին։ ԱՄՆ-ում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո ամերիկյան միջնորդությունն էլ ավելի կասկածելի է դարձել, և «էստաֆետը» աստիճանաբար անցնում է Պեկինին։

Պեկինը փորձում է նոր «գլոբալ կենտրոնի» ֆրակը։ Օրերս Պեկինում կայացել է պաղեստինյան 14 կուսակցությունների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի հանդիպումը, որտեղ հայտարարվել է Պաղեստինում ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին։ Պեկին է այցելել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, ով վերադառնալուց անմիջապես հետո ասել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների։

Ավելի վաղ Ալիևն այցելել էր Չինաստան և ստորագրել ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր։ Այս դաշինքը ներառում է նաև «միջանցքներ», և կասկած չկա, որ Զախարովայի առաջարկը մեկնող գնացք ցատկելու փորձ է։

f