ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ցույց են տալիս մտադրությունների լրջությունը։ Եվ Հայաստանից ակնկալում են գործ

  • 19:13 24.07.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարո՛ն Պապյան, ԵՄ խորհուրդը որոշեց 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, աջակցությունը կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Ի՞նչ ուղերձ ու նպատակ ունի այս որոշումը։

-Այս որոշման մեջ ամենակարեւորը քաղաքական նշանակությունն է, որովհետեւ գումարի չափը մեծ չէ։ Բայց քանի որ անվտանգության ոլորտին ուղղված հատկացում է, սա նախադուռ է՝ հետագայում ծրագիրն ընդլայնելու համար։ Պետք է հասկանանք, որ Հայաստանի կարգավիճակում ոչինչ չի փոխվել, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը եւ ՀԱՊԿ անդամ։ Անգամ սրանով հանդերձ մենք տեսնում ենք, որ Եվրամիության, ինչպես նաեւ ԱՄՆ կողմից որոշակի քայլեր արվում են։ Սա արվում է՝ ցույց տալու համար իրենց մտադրությունների լրջությունը։ Եվ Հայաստանից ակնկալում են ոչ միայն խոսք, այլ նաեւ գործ։

Ի՞նչ աշխատանք է պահանջվում Հայաստանից։

-Օրինակ՝ խոչընդոտների վերացում։ Երբ դուք մեկի հետ հարաբերություններ եք զարգացնում անգամ անձնական կյանքում, դուք նայում եք, թե ձեր հարաբերություններին ինչն է խոչընդոտում, դա էլ վերացնում եք։ Հիմա մեր հարաբերություններին առաջին հերթին խոչընդոտում է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետեւ ՀԱՊԿ-ը դա ռազմաքաղաքական բլոկ է, որն ուղղված է Արեւմուտքի դեմ։ Մի փոքր անլուրջ կլիներ ակնկալել մեծածավալ աջակցություն այն երկրներից, որոնց ռազմական թշնամին ես դու հանդիսանում։ Հետեւաբար, առաջին հերթին պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, նաեւ դիտարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Վերջնական նպատակը պետք է լինի հնարավորինս արագ ստեղծել այն իրավաքաղաքական հենքը, որի հիման վրա հարաբերությունները կարելի է խորացնել եւ ընդլայնել։

-Եվրամիությունը նաեւ համաձայնություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկին։ Ի՞նչ գործընթաց է սա։

– Իհարկե, սա կարեւոր է, բայց այնքան արագ չի լինելու, ինչպես ոմանց թվում է։ Սա պարզապես գայթակղություն է Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի հասկանան, որ նաեւ անձնապես իրենք օգուտ կունենան։ Ցավալին այն է, որ քաղաքացիների մեծ մասը նույն վիզայի ազատականացման հարցը կարող է շատ ավելի դրական դիտարկել, քան ռազմական աջակցությունը։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելը կարեւոր քայլ է, բայց պետք է հասկանալ, որ սա դեռ ազատականացում չէ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նման գործընթացն առնվազն 1-1,5 տարի կարող է տեւել, այն էլ, եթե Հայաստանը բավարարի բազմաթիվ սկզբունքներին ու պահանջներին։

Այսպիսով՝ Եվրամիության կողմից ուղերձն արդեն տրված է՝ ֆինանսական հատկացումների, զենքի ու սարքավորումների մատակարարման միջոցով։ Անընհատ լսում ենք տարբեր մարդկանցից՝ Արեւմուտքն ի՞նչ երաշխիք է տալիս մեզ։ Սա դրա պատասխանն է, որ այս խիստ նեղ օրենսդրական միջանցքում, որը պայմանավորված է Հայաստանի անդամակցությամբ տարբեր կառույցներին, իրենք անում են առավելագույնը, ինչ հնարավոր է։ Եվ Հայաստանից ակնկալում են ընդառաջ քայլեր։

Ռոզա Հովհաննիսյան

f