Բա ասում էիք՝ մենք թույլ չենք տա էթնիկ զտում Ղարաբաղում

  • 15:13 25.07.2024

Հայաստանը  այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը։

Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց ուղղի խաղաղության համաձայնագրին, այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին։

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։  Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», – ասել է Քիմը։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 17-ին նույն Յուրի Քիմը, մասնակցելով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին, որոնք հրավիրել է սենատոր Մենենդեսը Արցախի շրջափակման եւ հնարավոր ագրեսիայի հարցով, ասել է, որ ԱՄՆ երբեք թույլ չի տա էթնիկ զտում եւ ագրեսիա Ղարաբաղում։ Բառացիորեն 2 օր անց տեղի է ունեցել ագրեսիա, այնուհետեւ էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Պետդեպն առայսօր կատարվածին գնահատական չի տվել։ Ավելին, ժ/պ Քիմը հաստատվել է իր պաշտոնում եւ այդպես էլ պատասխան չի տվել իր սուտ հայտարարության համար, իսկ ագրեսիայից մի քանի օր անց սենատոր Մենենդեսի դեմ հանկարծ գործ է հարուցվել, նա հեռացվել է պաշտոնից, իսկ օգոստոսին նաեւ կթողնի մանդատը։ 

Նման զարգացումը վստահություն չի առաջացնում դեպի ԱՄՆ։ Հակառակը՝ թույլ է տալիս ԱՄՆ հակառակորդներին ի ցույց դնել Քիմի օրինակը՝ որպես Հայաստանի հանդեպ ԱՄՆ կեղծ վերաբերմունք։