Հուլիսի 23-ից 25-ը Երեւանի օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց Հայաստանի 20-րդ հանրապետական պարալիմպիկ մարզական փառատոնը։
Փառատոնն այս տարի հոբելյանական է, այն կազմակերպվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Երևանի օլիմպիական մարզական քոլեջի աջակցությամբ։
Չեմպիոնի կոչման համար երկու օր շարունակ պայքարում էին Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 120 մարզիկներ՝ տղամարդիկ և կանայք։
Մարզիկները մրցում էին անվասայլակով բասկետբոլ, սայլակով մրցավազք, շախմատ, բոչե գնդակ, ծանրամարտ, սեղանի թենիս և մենամարտեր:
Փառատոնին մասնակցում էր նաեւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, որը հաղթանակ տարավ՝ ավանդաբար զբաղեցնելով առաջին տեղը բոկչեի թիմային մրցույթում։ 2010 թվականից պարալիմպիկ մարզաձևի այս տեսակը Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շնորհիվ ակտիվորեն զարգանում էր Արցախում։ Ամեն տարի, մինչև վերջին ողբերգական իրադարձությունները, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հիվանդները ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում անցկացվող բոչեյի մրցույթներին և մեկ անգամ չէ, որ արժանացել են մրցանակների։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ և մեծ ձեռքբերումներ սպորտում։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: