Իրավախախտում․ “պատուհանը փակ է”՝ առանց տուն ու նպաստ կմնաս

  • 08:47 26.07.2024

Շուշիից, այնուհետեւ Ստեփանակերտից բռնի տեղահանված Իննա Բարխուդարյանի ընտանիքը բնակարանի գնման հավաստագրի ծրագրի շահառու է, սակայն չեն կարողանում այդ ծրագրով բնակարան ձեռք բերել, քանի որ առցանց գրանցումը փակ է։

Ավելի վաղ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրից եւ այժմ չեն կարողանում գրանցվել, քանի որ գրանցման առցանց պատուհանը փակ է։ Այս ընտանիքները զրկվել են նաեւ «40+10» հազար աջակցության ծրագրից, քանի որ համարվում են բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրի շահառու։ Ստացվում է աբսուրդ իրավիճակ՝ մարդիկ շահառու են, սակայն չեն կարողանում գրանցվել, որպեսզի բնակարան ձեռք բերեն։

ՀՀ կառավարության՝ վերաբնակիչների համար նախատեսված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրով Երեւանում բնակարան ձեռք բերելու համար մեկ ընտանիքին առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։ Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։

Իննա Բարխուդարյանն ասում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Շուշիից տեղահանվելուց հետո իրենք տեղափոխվել էին Ստեփանակերտ եւ դիմել էին Ստեփանակերտում բնակարան ստանալու համար։ «Մենք դիմում չենք ներկայացրել այդ սերտիֆիկատի ծրագրից օգտվելու համար, մենք չենք հասկանում, թե ինչպես ենք դարձել այդ ծրագրի շահառու։ 2020 թվականից, երբ Շուշիից տեղահանվել էինք, ուղղակի թղթեր էինք հանձնել Ստեփանակերտում տուն ստանալու համար, ոչ թե Երեւանում սետիֆիկատ ստանալու։ Ինչպե՞ս եմ իմացել, որ սերտիֆիկատի ծրագրի շահառու ենք, զանգահարել եմ 114 թեժ գծին՝ իմանալու, թե ինչո՞ւ չկա 40+10 հազար դրամ աջակցությունը, ինձ ասել են՝ դուք սերտիֆիկատի ծրագրի շահառու եք հանդիսանում։ Բայց մենք չենք կարող այդ սերտիֆիկատով բնարական ձեռք բերել, որովհետեւ պատուհանը փակ է, չկա հիմա այդպիսի ծրագիր։ Եթե գրանցվելու հնարավորություն լիներ, կգրանցվեինք, գոնե մի գյուղում մի բնակարան կգնեինք»,- մեզ հետ զրույցում ասաց Իննան։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Իննա Բարխուդարյանին ասել են, որ տեղյակ չեն, թե երբ հնարավոր կլինի առցանց գրանցվել։ Իննա Բարխուդարյանի 5 անձից բաղկացած ընտանիքը, որից մեկը անչափահաս երեխա է, սոցիալական խնդիրներ ունի։ Նրանք ամսական 200 դրամ տան վարձ են տալիս, բայց որեւէ աջակցության ծրագրից չեն օգտվում։ «Ամուսինս ու սկեսրայրս բանվոր են աշխատում, ես էլ՝ սննդի կետում գանձապահ։ Երեխայի համար նաեւ նպաստ չենք ստանում, քանի որ մեր բալիկը 2022 թվականի ծնված է, ասում են՝ 2023 թվականի հունվարից ծնված բալիկներին են միայն նպաստ տալիս։ Ինչ եկել ենք Հայաստան, ընդհանրապես երեխայի նպաստ չենք ստացել»,- ասաց նա։

Իննա Բարխուդարյանի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը արցացիների համար դժվար պայմաններ է ստեղծում․ «Սա էլ է մեր երկիրը, չէ՞, բայց ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ թողնեն ու դուրս գան Հայաստանից։ Սկեսուրս երրորդ անգամ է փախստական դարձել՝ առաջին անգամ Սումգայիթից, երկրորդ անգամ Շուշիից, երրորդ անգամ՝ Ստեփանակերտից, երեք անգամ տուն է կորցրել»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը ստեղծված խնդրի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ։

Ռոզա Հովհաննիսյան

f