Մոսկվան ու Բաքուն բացահայտ սպառնում են Հայաստանին, որը չի հրաժարվում “խաղաղ հանձնումից”

  • 11:53 26.07.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտողար Դմիտրի Պեսկովը, խոսելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու՝ ԵՄ որոշումից, հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Առավել բացահայտ դժվար է ասել՝ Հայաստանը կարժանանա Ուկրաինայի ճակատագրին, եթե փորձի դուրս գալ ռուս-թուրքական աքցանից։

Դա միանգամից հաստատել է նաեւ Բաքուն․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասել է Ադրբեջանի ՊՆ-ը։

«Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։

Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։

Ստացվում է, որ Մոսկվան եւ Բաքուն միաժամանակ սպառնում են Հայաստանին։

ՀՀ ԱԳն-ն պատասխանել է, որ Բաքուն չի պատասխանել«սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկին”։ ԱԳՆ նաեւ հայտարարել է, որ “Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից”:

Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի, ասել է ԱԳՆ-ը:

Պեսկովի հայտարարությանը պաշտոնական Երեւանը չի պատասխանել, ինչպես չի պատասխանել Ալիեւի պահանջներին․ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրաժարվել Արցախի հետ վերամիավորման մասին 1989 թ․ որոշումից, միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու խնդրանքով եւ պայմաններ ստեղծել  “ադրբեջանցիների վերադարձի” համար։ 

Հակառակը, ԱԳՆ-ը, փաստորեն, հավաստիացրել է, որ չի հրաժարվի “խաղաղ գործընթացից”։ 2020 թ․ հետո “խաղաղ գործընթացը” հանգում է նրան, որ Բաքուն Մոսկվայի օպերատիվ կառավարմամբ հարձակվում է, Հայաստանը զիջում է եւ կատարում բոլոր պահանջները։ 

2020 թ․ պատերազմը Մոսկվան եւ Բաքուն սանձազերծել են ԱՄՆ-ու “անիշխանության” պայմաններում։ Հիմա գալիս է “անիշխանության” հաջորդ փուլը, եւ Մոսկվան ու Բաքուն անպայման կօգտվեն դրանից։ Հատկապես, որ Հայաստանը չի հրաժարվում “պարզած ձեռքերի” քաղաքականությունից։