«Ես սըրտավս մին հարգումում էն մարդուն, հուվ հանձնվում չի, հուվ կյանքի ցանկացած փորձությանը դէմքավ կաղնած ա դիմավորում ու պայքարում ա, հուվ, հազարներին հաղթէլավ, կարում ա ուրան էլ հաղթէ։
Մին կյանքում հազար դժվարությունների հանդիպած, հազար կորուստների մէջավ անցկացած, օրը տանջանքավ լուսըցնօղ, դեպի ապագան վստահ քայլող իմ Արցախցիներս ուրանց արդար քրտնիքը ներկայացընան ըն մէզ ու աշխարհին։
Ես օզում ում էդ ամեն հինչին մասնակից ինիմ, ուրանք օգնության կարիք չօնին, ուրանք համագործակցման կարիք օնին»,-ասում է Կարինե Պետրոսովան։
Այսօր` հուլիսի 27-ին, Նանսենի այգու հարևանությամբ, բռնի տեղահանված արցախցիները ներկայացրել են հերթական նախագիծը`Shop In Armenia: «Բռնի տեղահանված արցախցիները, ովքեր ամեն ինչ կորցնելուց հետո զրոյից են սկսել իրենց կյանքը, Հայաստանում այսօր վաճառելով իրենց ստեղծածը` հանդես են գալիս «մի օգնիր, այլ կանգիր մեր կողքին» կարգախոսով։ Ուղղակի եկեք ու կանգնեք նրանց կողքին, ծանոթացեք ու գնեք նրանց արտադրանքը։ Հայաստանից դուրս կարող եք ձեռք բերել արցախյան արտադրողների արտադրանքը #shopinarmenia Shop In Armenia հարթակում»,-նշում է լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
Shop In Armenia նախագծի մասնակից-արտադրողերի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը չէր կարող կազմակերպվել առանց ավանդական ժենգյալով հացի ու փախլավայի:
Փոքրիկ մասնակիցների համար կազմակերպվեցին վարպետաց դասեր (տիկնիկագործություն, գիպսե արձանիկների պատրաստում, հուլունքագործություն):
«Այսօրվա փառատոնն ավելի շատ կայքի շնորհանդեսն է, այն նոր հարթակի, որտեղ ներկայացված են արցախցի շուրջ 100 արտադրողի արտադրանք, փոքր և միջին բիզնեսներ: Սա մեծ հույս և եռանդ է առաջացնում այն մասնակիցների մեջ, ովքեր արդեն իսկ 6-7 ամիս շարունակ ընդգրկված են այս աշխատանքային պրոցեսում և հույս ունեն, որ հարթակը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում վաճառել արցախցիների արտադրանքը, մեծ հաջողություն կբերի իրենց: Իրականում սա ոչ թե միայն այս օրն է, այլ շուրջ 7 ամիս է, որ բոլոր արտադրողները քրտնաջանորեն ամեն անգամ մեծ հույսով լրացնում են տարբեր աղյուսակներ, և այսօր արդեն կայքի շնորհանդեսն է:
Հուսով ենք, որ կայքը մեծ հաջողություն կբերի արցախցիներին, ովքեր բավականին դժվարությունների միջով են անցել, բայց չեն կոտրվել: Գլխավոր կազմակերպիչն է Միքայել Հայրապետյանը: Միջոցառմանն աջակցում է նաև Երկիր Մեդիան` որպես ինֆորմացիոն աջակից»,- նշում է կազմակերպչական թիմի անդամ, լրագրող Մարիամ Սարգսյանը։
Տաթև Ազիզյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: