Ամառ էր՝ Արցախում անցկացրած մեր վերջին ամառը։ Աներևակայելի ծանր օրեր էին սկսվել շրջափակումը հաղթահարող արցախցիներիս համար։ Միաժամանակ իրար հանդեպ աներևակայելի ջերմությամբ լցված օրեր էին։
Բազմաբնակարան մեր շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, բռնատեղահանում․․․
Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 76 շենքի մասին է խոսքը․․․
Աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ էին ապրում այս շենքում։ Բնակիչները տեղափոխվում, նորերն էին գալիս, սակայն, միևնույն է, ոչինչ չէր փոխվում։ Քանի որ մեր բակում էր գտնվում Ասկերանի երևի ամենահին ու հանրաճանաչ “բեսեդկան”, որը մագնիսի նման ձգում էր բոլորին ու դարձել էր անդադար վիճաբանությունների և ուրախությունների հավաքատեղի։ Դոմինո և նարդի խաղացող տղամարդկանց վիճաբանությունների հետ հարմարվել էին շենքի բնակիչները։ Տեսնես ինչո՞ւ էին վիճում, որ օրվա վերջում հաշտ ու խաղաղ պիտի տուն գնային, իսկ հաջորդ օրն իրար ձայն տալով շուտ տեղ զբաղեցնեին, որ կանայք հանկարծ “չգրավեն” իրենց տարածքը։ Գալիս էին նաև հարակից թաղամասերից։ Տղամարդիկ անզիջում էին, բայց կանայք երբեմն կարողանում էին հաղթել նրանց։
Մեկ տարի առաջ, շրջափակման օրերին միանգամից համերաշխություն տիրեց։ Կանայք իրենց գործերն էին անում, իսկ տղամարդիկ նույն խաղն էին խաղում՝ երբեմն բարձրաձայն վիճելով, հարայ-հրոցով, որոնք հաճախակի ընդհատվում էին քաղաքական վերլուծություններով, Արցախի իրավիճակի շուրջ զրույցներով։ Ինչքա՜ն երանելի էին այդ անմեղ վիճաբանություններն ու քննարկումները։ Էդուարդը, Յուրին, Միքայելը, Արթուրը, Արարատը, հարևան թաղամասերից մշտական ներկա Բաքվից տեղահանված Արարատը, Սլավիկը, Կամոն, Սուրենը, Ռաֆոն, Միքայելը անընդհատ վեճերի մեջ էին, ու նրանց բարձր ձայների տակ անուշ-անուշ քնում էին մեր երեխաները։ Հիմա ենք հասկանում, որ ճիշտ էին բոլոր կանխատեսումները և, իրոք, Արցախի վրա արդեն ամպեր էին կուտակվում։
Երեկոյան հերթափոխն անցնում էր հյուրասիրություններին։ Ում տանն ինչ լավ բան կար, հայտնվում էր սեղանին, իհարկե պատվավոր տեղը զբաղեցնում էր մեղվաբույծ Վահրամի նոր քամած անարատ մեղրը։ Թշթշալով եռում էր ինքնաեռը, և երիտասարդ աղջիկները սիրով թեյ էին հյուրասիրում մեծերին։
Ամեն երեկոյան, ժամը 10-ի սահմաններում շենքի բնակիչները կաթի դատարկ տարաներով արդեն սպասում էին Ավետարանոցից տեղահանված և մեր շենքում ապրող Գարիկին ու Լիլիային, որոնք, վառելիքի բացակայության պատճառով, ոտքով կաթ էին բերում Ասկերանի մերձակայքում գտնվող վարձակալած ֆերմայից․ կաթը բաժանվում էր արդարության սկզբունքով, յուրաքանչյուրը գիտեր, թե երբ է իր հերթը․․․
Այո՛, շրջափակումը մի մեծ ընտանիք էր դարձրել մեր շենքը։ Ով ինչ ուներ, անպայման կիսում էր դիմացինի հետ։ Երիտասարդ հարսները նոր բաղադրատոմսերով քաղցրավենիք էին պատրաստում և հյուրասիրում բոլորին։ Շոկոլադե կոնֆետները մեծ շռայլություն էին․ պահվում էին ամենափոքրերի համար։ Հողագործությամբ զբաղվողները միրգ ու բանջարեղեն էին բաժանում բանջարանոց չունեցողներին։ Մելորդը, Սերժիկը, Պետյան, Ալինան, Սվետան, Սուրիկը, ընկեր Մոսիյանը, Գյուլվարդ տատիկը և շատ շատերը․․․Իսկ Հռիփսիմեն, որին բոլորս փաղաքշական Սիմիկ էինք անվանում, լավ գիտեր՝ բանջարանոցից տուն գալուց, մինչև օրվա բերքից հարևաններին բաժին չհաներ, իրավունք չուներ տուն բարձրանալու։ Հաճախակի էլ իրենից գոհ, դատարկաձեռն բարձրանում էր տուն ու տեսնում, որ ամուսինն էլ իր հերթին է բաժանել բերածը։ Ու ծիծաղում էին երկար․․․ Շրջափակված Արցախում մեր շենքի վերջին ուրախությունը Լուսինեի համեստ հարսանիքն էր․ ամբողջ բակը երեխաների զվարթ խինդ ու ծիծաղով էր լցվել։ Նրանք տարբեր տեղերից փակում էին ճանապարհը և մեծ դժվարությամբ բաց թողեցին նորահարսին։
Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարող է լքել Արցախը։ Մարդիկ եղածից ձմեռվա պաշար էին հավաքում, պահածոյացնում։
․․․2023-ի սեպտեմբերի 19-ին մեր շենքի բնակիչները հայտնվեցին շենքի նկուղում՝ սարսափահար ու տագնապած․ դրսում չէին դադարում թշնամու սահմռկեցուցիչ հրետակոծությունները։ Նկուղը լցվել էր մայրերի ու կանանց աղոթքներով․ զավակներն ու ամուսինները դիրքերում էին։ Ցավոք, մեր շենքը ևս կորուստներ ունեցավ։ Մեկ օր տևած պատերազմում զոհվեց մեր շենքի Տիգրան Մնացականյանը, իսկ Արարատ Պետրոսյանն ու Աշոտ Հովհաննիսյանը զոհ դարձան սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Օրեր հետո դատարկվեց մեր շենքն ու հայաթափվեց ամբողջ Արցախը։
Այսօր ավելի քան 40 տարեկան մեր շենքը առաջին անգամ մնացել է բոլորովին անտեր ու մենակ, բայց նա կանգուն է և սպասում է իր լիիրավ տերերին․․․Կվերադառնա՞նք արդյոք․․․
Կարինե Բախշիյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: