Ըստ իսրայելական զինվորականների՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում՝ Մաջդալ Շամս շրջանում, ֆուտբոլի դաշտի գնդակոծման հետևանքով զոհվել են 12 դեռահասներ և երիտասարդներ, տասնյակները վիրավորվել են։
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն Հեզբոլլահի լրատվական գրասենյակի ղեկավար Մուհամադ Աֆիֆը հերքել է «որևէ կապ դեպքի հետ», հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, ասել է, որ ծրագրվածից շուտ է վերադառնում հայրենիք։ Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իսրայելի 12 հեռուստաալիքի եթերում ասել է. «Մեզ մեծ պատերազմ է սպասվում»։
1981 թվականին, երբ Իսրայելը բռնակցեց Գոլանի բարձունքները (մինչև 1967 թվականը դրանք գտնվում էին Սիրիայի վերահսկողության տակ. համաշխարհային հանրության մեծ մասը չէր ճանաչում այս տարածքի անեքսիան), այնտեղ ապրող դրուզներին առաջարկվեց Իսրայելի քաղաքացիություն, բայց միայն փոքրամասնությունն ընդունեց այն։ Շատերն իրենց համարում են Սիրիայի քաղաքացիներ։
ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետը հանդիպել է Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ։ Դեմոկրատական առաջնորդները պահանջում էին անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Թրամփը մեղադրեց Հարիսին Իսրայելի իրավունքների չպաշտպանելու մեջ:
Եվրոպայի բարձրագույն դիվանագետ Բորելը կոչ է արել հետաքննել Գոլանի հյուսիսում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտի գնդակոծման փաստը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Սպիտակ տունը ուղղակիորեն չի մեղադրել արմատական շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն վերահաստատել է իր «հաստատակամ» աջակցությունն Իսրայելին:
Պատերազմը սպառնում է տարածվել Լիբանանի և Սիրիայի տարածքներում, ներգրավելով Իրանը, և 6 ամսից, քանի դեռ ԱՄՆ-ում «անիշխանություն է», կարող է հայտնվել Մերձավոր Արևելքի նոր քարտեզը։ Հատկապես, որ եթե ՀԱՄԱՍ-ը այդքան էլ կապված չէ Իրանի հետ, ապա Հեզբոլլահը իրանական պրոքսի է համարվում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: