Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից բռնի տեղահանված բնակիչներից ոմանք դիմել են ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագրի շահառու դառնալու համար։ Առաջնահերթ այդ ծրագրից օգտվելու շահագրգռություն ունեն բազմազավակ ընտանիքները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Կան մարդիկ, որ դիմել են՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Չգիտեմ՝ դա որքանո՞վ է ռեալ լինելու, ո՞նց է ստացվելու, բայց մարդիկ հավատալով՝ դիմում են։ Ավելի շատ ծրագրից շահագրգռված են օգտվել երեք եւ ավելի անչափահաս, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները։ Այսինքն՝ նրանք, ովքեր առաջին փուլով դարձել են շահառու»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։
Շուշիի քաղաքապետը նշեց, որ իր կարծիքով՝ այս ծրագիրը չի լուծում բռնի տեղահանված արցախցիների խնդիրները։ «Երեք կամ չորս միլիոնով ի՞նչ բնակարան պետք է գնես։ Օրինակ՝ երեք միլիոն փոխհատուցման դեպքում, եթե ընտանիքը երեք հոգանոց է, 15 մլն դրամով կկարողանա՞ն Երեւանի շրջակա մարզերում բնակարան գնել։ Իհարկե, ոչ, դա անհնար բան է։ Հարցը լուծելու համար պետք է գումարը շատացնել, շուկայական գներին համապատասխան պետք է լինի աջակցության չափը։ Պետք է հաշվարկեն, թե մեկ շնչին քանի քմ է հասնում։ Երբ Ղարաբաղում բնակարաններ էին հատկացնում, մեկ հոգուն մինչեւ 22 քառակուսի մետր էր հատկացվում։ Դա ուներ իր համապատասխան գումարը, բազմապատկում էին ու այդքան փոխհատուցում տալիս։ Այդ տարբերակով հնարավոր է խնդիրը լուծել, բայց 3 մլն դրամով՝ ոչ»,- ասաց նա։
Արծվիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Արցախ վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ է տեսնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փակել են Արցախի հարցը։
«Կգա ժամանակը, եւ այդ հարցը կլուծվի, այսպես չի մնա։ Ուղղակի հարցն այն է, որ չմոռանանաք, որովհետեւ 30 տարի ադրբեջանցին չի մոռացել կամ իրենց ղեկավարությունը չի մոռացել, իրենց համայնքների ղեկավարներին պահել են, համայնքների ղեկավարները ժողովրդին տիրություն են արել։ Բայց Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ ամեն ինչ մոռացել են, ում հետ էլ խոսում ես, ասում են՝ Արցախն արդեն չկա, ինչի՞ մասին եք խոսում։ Մարդիկ չգիտեն, թե այդ «չկա» բառն ինչ է նշանակում հայրենիք ու սրբավայրեր կորցրած մարդկանց համար։ Բայց ինչքան էլ իրենք Արցախի հարցը փակեն, մեկ է, ժողովրդի սրտում չի փակվելու»,- ասաց նա։
Արծվիկ Սարգսյանը նաեւ հավելեց, որ Արցախի իշխանություններն այսօր գործունեություն չեն ծավալում, քանի որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, ճնշումների են ենթարկում Արցախի համայնքների ղեկավարներին, նախագահի աշխատակազմին․ «Արցախի իշխանությանն այսօր ո՞վ է լսում, կարող է դրսում ոմանք նրանց ընդունեն, լսեն, բայց ամեն ինչ Հայաստանից է սկսվում։ Հայաստանում պետք է այդ գործընթացը լինի, որ մնացածն էլ ընդունեն Արցախի իշխանությանը։ Եթե մենք չենք անում, ուրիշներից ի՞նչ պիտի պահանջենք»։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: