«Մի օր առավոտը ես ու հարսս իջնում ենք բակ ու ի՞նչ տեսնենք՝ վանդակներ, մեջը՝ ճագարներ։ Զարմացանք։ Տղայիս` Հակոբին, ասում եմ` էս ի՞նչ է: Ինքն էլ, թե վաճառում էին՝ գնեցի։ Այսօրվանից ճագարաբուծությամբ ենք զբաղվելու: Դե ասեցի, որ որոշել ես, ուրեմն՝ կզբաղվենք:»
Ռիմա Կարապետյանի ընտանիքը Արցախի Հաղորտի գյուղից է, հիմա Լոռու մարզում՝ Լեռնահովիտում է ապրում։ Նոր տանն արդեն հասցրել են ցանքս անել և ճագարաբուծությամբ զբաղվել: Հաղորտիում մեծ տնտեսություն ունեին, այստեղ հարմար գոմեր, հավաբներ չկան, որ ընդլայնեն տնտեսությունը:
Մաքուր վանդակներ և խնամքով գրված ծննդյան ամսաթվեր՝ նոր ծնված ձագերի ծննդյան օրերն են։ Մի քանիսը մեր այցելությունից ընդամենը մի քանի ժամ առաջ էին ծնվել:
«Այժմ 5 ճագար ունենք, բայց նրանցից երկուսն արդեն ճուտիկներ ունեն: Ես նույնիսկ սիրելի ճագարներ ունեմ, երկուսն էլ սպիտակ են: Երեխաների համար էլ է հետաքրքիր՝ խոտ են բերում, փորձում խնամել, իսկ փոքր թոռս բակի երեխաներին հրավիրում է տուն, որ մեր ճագարներին ցույց տա: Միակ անհարմարությունը տների տակով հոսող ջուրն է, բայց դա ամբողջ գյուղում է այդպես»։
Տիկին Ռիման ծննդով Արցախի Սոս գյուղից է, ամուսնացել և տեղափոխվել է Հաղորտի: Ամուսնու հետ ծանոթացել են խորհրդային տարիներին տարածված՝ «մատյանային նամակագրության» միջոցով, երբ դպրոցական մատյանի տվյալ համարի աշակերտը նամակագրություն էր սկսում մեկ այլ գյուղի նույն համարի տակ գտնվող աշակերտի հետ: Այդ դպրոցական նամակները այն ամենաթանկ իրերից է, որ բերել է իր հետ Արցախից։
«Ամուսինս ընտանիքի միակ տղան էր։ Երբեք չի ցանկացել քաղաքում ապրել։ Ասում էր՝ մեր պատշգամբից միշտ պետք է ոտնաձայներ լսվեն…»
Չորս զավակ են ունեցել, փոքր աղջիկը ծնվել է ամուսնու մահից հետո: Ասում է, որ ամուսնու հետ ապրած տարիները լավագույնն էին։ Տիկին Ռիմայի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Հաղորտիի առաջին զոհն էր, ում ադրբեջանցիները առանձնակի դաժանությամբ են սպանել:
Չնայած բոլոր դժվարություններին, երեք պատերազմներին և անդառնալի կորուստներին՝ տիկին Ռիման չի ընկճվել։ «Ամեն ինչ հաղթահարելի էր մինչ դու քո տանն ես, քո հողում, քո ընտանիքի հետ: Հիմա էստեղ ամեն մի սար, ամեն մի ծառ համեմատում ենք Արցախի սարուձորի հետ: Որքան էլ փորձում են մեկը մյուսից թաքցնել հայրենիքի կորստի ցավը, միևնույնն է, երբեմն չի ստացվում: Անտանալի ցավ է, որ չենք կարողանում նույնիսկ այցելել հարազատների գերեզմաններին: Տղաս ասում է՝ եթե հնարավորություն լինի, գերեզմանները կտեղափոխի այստեղ, բայց ինչպե՞ս, ո՞ր մեկինը, մի ամբողջ գերդաստան ենք թողել»։
Ընտանիքում հիմա միայն տղան է աշխատում` զինղեկ է դպրոցում։ Աշխատավարձը քիչ է ընտանիքի կարիքները հոգալու համար: Հիմնական եկամուտի աղբյուրը պետության կողմից տրվող 50.000 աջակցությունն է և կենսաթոշակը: Փոքր աղջիկը ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան: Դեռ չգիտեն՝ իրենք էլ կտեղափոխվե՞ն, թե՞ կօգտվեն բնակապահովման ծրագրից և կմնան Հայաստանում:
Առայժմ հաստատվել են Լեռնահովիտում և փորձում են նոր տնտեսություն ստեղծել։ Հաղորտիի նրանց հարևանները ևս այստեղ են: Իչպես տիկին Ռիման է ասում՝ սիրտդ սփոփվում է, երբ դուրս ես գալիս ու հարևաներիդ ասում «պարի լյուս»:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: