Իսրայելի անվտանգության կաբինետը լիազորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա պաշտպանության նախարարին որոշել, թե երբ և ինչպես պատասխան հարված հասցնեն ի պատասխան հրթիռային հարձակման, որն, ինչպես ասում են Իսրայելը և ԱՄՆ-ն, իրականացվել է շաբաթ օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից:
Նախարարները շտապ խորհրդակցության են հավաքվել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս քաղաքի վրա հարձակումից հետո։ Շաբաթ երեկոյան իրականացված հարձակման հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել դրուզե համայնքից։ «Հեզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը օպերացիային:
Նախօրեին Նեթանյահուն ընդհատել էր իր այցը ԱՄՆ և վերադարձել Իսրայել։
Հարձակումը մտավախություն է առաջացրել, որ մինչ այժմ համեմատաբար զուսպ մարտերը կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:
Արևմտյան կառավարությունները դատապարտեցին հարձակումը, սակայն Իսրայելին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իր պատասխանում: Սպիտակ տունը հայտնել է, որ «այս սարսափելի հարձակումից հետո շարունակական քննարկումների մեջ է եղել իսրայելցի և լիբանանցի գործընկերների հետ»:
ԱՄՆ վարչակազմը նաև ասել է, որ «աշխատում է Կապույտ գծի երկայնքով [Իսրայելի և Լիբանանի միջև ոչ պաշտոնական սահմանը] դիվանագիտական լուծման վրա, որը մեկընդմիշտ վերջ կդնի բոլոր հարձակումներին»:
«Հեզբոլլահ»-ն պնդում է, որ չի հարվածել: Լիբանանի կառավարությունն իր հերթին կոչ է արել հետաքննել միջադեպը: Դիտավորյալ հարվածի տեսությունները ակտիվ քննարկվում են վերլուծական շրջանակներում, հատկապես այն բանից հետո, երբ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում կոչ արեց «բռնել քաղաքակրթության կողմը բարբարոսների դեմ պատերազմում»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: