Ինչ է կատարվում ՀՀ տնտեսության հետ․ թռիչքը վերջացա՞վ

  • 18:18 30.07.2024

Այո՛, արտահանման եւ ներմուծման մասով անկման միտումը կա, բայց 2023-ը սպեցիֆիկ տարի է եղել, որովհետեւ վերարտահանման ծավալը ընդհանուր տնտեսական գործունեության մեջ բավականին մեծ է եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե հանում ենք ոսկու վերարտահանման մասը, ստացվում է, որ Հայաստանում արտահանման ծավալը նվազել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 10 տոկոսով:

«Բյուջեի եկամուտների թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով»,- ասել է Գալստյանը:

«Հարցն այն է, թե արդյոք մենք տարվա սկզբին ճիշտ էինք պլանավորել այդ ամենը եւ հաշվի առել էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ են լինելու, թե իրական տնտեսական փոփոխություններ են եղել: Ես կարծում եմ, որ պլանավորման հետ կապված խնդիրներ են»,-ասաց նա:

Հարցին, թե սա ինչ ազդեցություն կունենա պետական ծախսերի ու տնտեսության վրա, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ որոշակիորեն ծախսերի ճշգրտում կլինի, ոչ մեծ: Բայց միաժամանակ այնտեղ տեղ կա»: Մարտին Գալստյանը հավաստիացրեց, որ սեկվեստրի հարց չի լինելու:

Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն  ճեղքել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը, նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է. «Կառավարության մեր գործընկերները կարող են որոշակի պարտք ներգրավել, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Մի խոսքով, կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա նաեւ նկատեց, որ դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել Հայաստանում. «Այսինքն պրոպորցիաները արտարժույթ-դրամ, էապես փոխվել են: Առաջին անգամ դրամով պարտքը գերազանցել է արտարժույթային պարտքին»:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է, ասել է Մարտին Գալստյանը:

«Մենք 10,75 տոկոսից իջել ենք 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-ասաց Մարտին Գալստյանը:

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այս մասին տեղեկանում են ԿԲ-ից:

2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է: Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ:

ԿԲ Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:

Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ. Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%:

Վերջին ամիսներին մասնավոր աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումը ևս տնտեսությունում աշխատանքի շուկայի պայմանների թուլացման կարևոր ազդակ է: Այսպես, 2024 թվականի մայիսին մասնավոր աշխատավարձերի աճը շարունակել է դանդաղել՝ կազմելով տ/տ 5.4%:

Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության հնարավորության հետ:

Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ՀՀ աշխատաշուկայում ոչ ռեզիդենտ զբաղվածների թվաքանակի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա: