Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդիպել է Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։ Փաշինյանն առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը։
Հանդիպման ընթացքում Պեզեշյանը նշել է. «Մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցության էլ ավելի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով շարունակել մեր երկխոսությունը և հարստացնել երկկողմ համագործակցության օրակարգը»,- ասել է Պեզեշյանը։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում նշելու Իրանի և Հայաստանի դարավոր կապերը։ Դա արվում է Ադրբեջանի հետ «դարավոր» հարաբերություններին անդրադարձի իսպառ բացակայության ֆոնին, ինչը պետք է վկայի իրանցիների և հայերի բնիկության մասին։ Իրանը, օրինակ, բազմիցս հայտարարել է, որ հայ-իրանական «հազարամյա» սահմանը չպետք է փոխվի։
Իրանի նոր նախագահը սկսեց բավականին մեղմ հռետորաբանություն Արևմուտքի նկատմամբ, բայց նա ստիպված կլինի անհապաղ զբաղվել բարդ հարցերով. Իսրայելն ամեն ինչ անում է Լիբանանի և Իրանի հետ պատերազմ հրահրելու և դրանում ԱՄՆ-ին ներգրավելու համար:
Այս պատերազմի ճակատներից մեկը կարող է լինել Իրանի սահմանը Հայաստանի և նրա օկուպացված արցախյան հատվածի հետ։ Այաթոլլահ Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն անընդունելի է Իրանի համար և չի համապատասխանում Հայաստանի շահերին»։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանը ավելի վաղ ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս ուժ չունի։
Թե այս դեպքում ինչի՞ հիման վրա է որոշվում Իրանի սահմանը օկուպացված Արցախի հետ, մնում է պարզել հայ-իրանական բանակցությունների ընթացքում։