Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրին իսրայելական հարձակման հետևանքով։
«Եղբայր, առաջնորդ, շարժման առաջնորդ Մուջահիդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետևանքով այն բանից հետո, երբ նա մասնակցել է Իրանի նոր նախագահի երդմնակալությանը», – մեջբերում են համաշխարհային գործակալությունները ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը:
Իրանը հետաքննում է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և նրա թիկնապահի սպանության պատճառները, արդյունքները կհրապարակվեն շուտով, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանրային կապերի բաժնին։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) չորեքշաբթի գիշերը հայտնել է, որ «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով հարավային Բեյրութում:
«Իսրայելական բանակը հայտարարում է, որ իսրայելական կործանիչները թիրախավորված հետախուզական հարվածի արդյունքում սպանել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ամենաբարձրաստիճան հրամանատար և ռազմավարական ստորաբաժանման ղեկավար Ֆուադ Շուքրին», – ասվում է բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Շուքրը եղել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի աջ ձեռքը և ռազմական գործողությունների պլանավորման և կառավարման հարցերով խորհրդական։ Ինքը՝ Հեզբոլլահը, դեռ չի հաստատել Շուքրի մահը։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին դատապարտել է իսրայելական ավիահարվածը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասի վրա և միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Թել Ավիվի վրա։
Նա նշել է, որ լիբանանյան կողմը պահպանում է լիարժեք իրավունքը՝ միջոցներ ձեռնարկելու, որոնք կօգնեն զսպել Իսրայելի ագրեսիան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: