Հովսեփյանների ընտանիքը 2003 թվականին է Սյունիքից տեղափոխվել Արցախ և 2006 թվականին վերաբնակեցվել Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում։ Նույն թվականի օգոստոսին տան մինուճար զավակը՝ Արթուրը, ամուսնացել ու ընտանիք է կազմել ստեփանակերտցի Էլինայի հետ։ Երեք երեխայի ծնունդը պարգև էին Արթուրի և Էլինայի համար, և ապրում էին նրանք՝ ինչպես բոլոր արցախցիները՝ ստեղծելով ու արարելով․․․
Մի իսկական դրախտավայր էր հիշեցնում նրանց տունը՝ շրջապատված մրգատու ծառերի այգիներով ու բազմերանգ ծաղիկներով։ Աշխատավոր մարդկանց ձեռքերն ի զորու էին ստեղծել, բազմացնել։ Տան կից անասնաֆերմաները լիքն էին խոշոր ու մանր անասուններով․ տարիների վաստակ էր դա․․․
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ուղտասարը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղի անկումից հետո ընտանիքը տեղափոխվեց Գորիս, իսկ Արթուրը մնաց Արցախում․ ծառայում էր ԱՀ ՊԲ շարքերում։
–Արթուրը մեզ տեղափոխեց Գորիս, իսկ ինքը մնաց ծառայելու։ Չէր ուզում Արցախից հեռանալ․ ասում էր, որ շուտով տուն կվարձակալի Ստեփանակերտում, և մենք հետ կվերադառնանք։ Անգամ հույս ուներ, որ Ասկերան-Իվանյան հատվածում կառուցվող տներից կտրամադրեն մեզ ու մեր սեփական անկյունը կունենանք։ Ասում էին, որ այդ թաղամասը կառուցվում է Ուղտասարի և Արմենակավանի բնակչության համար։ Արդեն տանիքներն էին տեղադրում։
Դիրքապահ գնդացրորդ էր։ Հերթափոխից հետո գալիս էր Գորիս, հետո նորից վերադառնում Արցախ։ Հերթական տունդարձը պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։ Զանգեց ու ասաց, որ դիրքերից վերադարձել է, սակայն մեկ օր պետք է հերթապահի զորամասում և հաջորդ օրը մեզ մոտ գա։ Սակայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, փակվեց Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Ճակատագրի հեգնանք ասեմ, թե ինչ․․․Մեկ օր հերթապահ կանգնելը նրան զրկեց ընտանիքի հետ լինելու հնարավորությունից։ Արցախը շրջափակման մեջ մնաց 9 ամիս, և այդպես էլ մենք իրար չտեսանք․ շփվում էինք սոցիալական ցանցերի միջոցով,-պատմում է Էլինան և աչքերը հեռացնում մեզանից, որ չտեսնենք արցունքներն ու այնտեղ ծվարած անվերջանալի կարոտը․․․
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնամասշտաբ պատերազմը, Արթուրը Հարավի դիրքերում էր՝ թշնամու ուղղակի թիրախի տակ։ Այդ օրը նրա կյանքի վերջին օրն էր։ Բեկորային վնասվածքներից զոհվեց հայրենիքի նվիրյալը։
Արթուր Կարոյի Հովսեփյանը, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին ու հայրենիքը պաշտպանելու գործին, մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ընկերասեր, ազնիվ ու հայրենասեր երիտասարդ էր և կյանքին նայում էր պայծառ ժպիտով։ Հավատում էր․․․
–Պատերազմից հետո Գորիսից տեղափոխվեցինք Արարատի մարզի Արտաշատ քաղաք, տուն վարձակալեցինք ու հաստատվեցինք այստեղ։ Ավագ դուստրս՝ Միլենան, սովորում է Արտաշատի քոլեջում, միաժամանակ՝ հաճախում մատնահարդարման դասընթացների։ Կրտսերս՝ Մարիամը, սովորում է ավագ, իսկ տղաս՝ Կարոն, հիմնական դպրոցներում։ Մեծ դժվարությամբ են հարմարվում հոր կորստի հետ․ շատ էին կապված իրար հետ։ Ինձ դեռ չի հաջողվել աշխատանք գտնել,-ավելացնում է Էլինան։
Հովսեփյանների ընտանիքին երեք ամիս առաջ է կարգավիճակ տրվել, և սկսել են թոշակ ստանալ՝ որպես զոհվածի ընտանիք, որից հետո մի փոքր թեթևացել են նրանց հոգսերը։ Սակայն այդ ընթացքում դադարեցվել է ընտանիքին տրվող բնակվարձերի աջակցությունը, քանի որ հանդիսանում են ՀՀ կառավարության բնակապահովման նախկին ծրագրի շահառու, որը 2020 թվականից հետո իրականացվում էր առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար։ Աջակցությունը դադարեցնելու մասին նրանց նախօրոք չեն զգուշացրել, ու Էլինան այսօր կանգնել է ծանր կացության առաջ․ չգիտի, թե ինչպես պետք է տան վարձավճար մուծի և երեք անչափահաս երեխաներին ոտքի կանգնեցնի։
-Բնակարան ձեռք բերելու հավաստագիրը Արթուրի անվամբ էր ձևակերպված, ու նրան այդ մասին իրազեկել են 2023 թվականի հուլիսին՝ շրջափակման ժամանակ։ Այդ մասին ամուսինս ինձ ասել է հեռախոսով։ Հատուկ ուշադրություն չի դարձրել այդ փաստին, որովհետև մտածում էր, որ կապրենք Արցախում մեզ համար կառուցվող տներում։ Արթուրի զոհվելուց հետո հավաստագիրը պետք է վերանվանվի իմ անունով, ու ես չեմ կարծում, որ այդ 10 միլիոն դրամով կարող եմ բնակարան ձեռք բերել՝ հաշվի առնելով ներկայիս շուկայական գները։ Բայց, միևնույն է, երեխաներիս տուն պետք է։ Այսօր ինձ համար ամենակարևորն այդ խնդիրը լուծելն է,-ասում է զոհվածի կինը։
Էլինան ու երեխաները պատրաստվում են Գորիս գնալ․ մի քանի օր հետո Արթուրի ծննդյան օրն է։ Գորիս քաղաքի հերոսների պանթեոնում է ամփոփված նրա մարմինը։
Նեղվում են այդ հեռավորությունից․ կուզեին մոտ լինել, հաճախակի այցելել, փարվել շիրմաքարին ու ասել բոլոր չասված խոսքերը․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: