Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել «Զվարթնոց» օդային անցակետում պետական սահմանի պահպանության ներքո հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։
Հիշեցնենք, որ Զվարթնոցում ռուսական սահմանապահների ներկայությունը որեւէ իրավապայմանագրային հիմք չունի։ Հակառակ դեպքում նրանց դուրս բերման համար պայմանագրի կետ պետք է փոխվեր։ Դրանք դուրս են բերվել Փաշինյան-Պուտին բանավոր պայմանավորվածության համաձայն՝ որպեսզի շտկվի ապօրինի տեղակայումը։ Ինչպես որ դուրս բերվեցին Սյունիքում եւ այլ մարզերում 2020 թվականից հետո ապօրինի տեղակայված ռուսական զորքերը։
Հայաստանի պատասխանատուներից դեռ բացատրություններ կպահանջվեն, թե ինչ իրավական հիմքի վրա են ռուսական զորքերը տեղադրվել պայմանագրով չնախատեսված վայրերում, եւ արդյո՞ք սա օկուպացիոն զորքեր չէին։