Forrights. Լավագույն վավերագրություն․ «Պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»

Forrights

Օրերս Երեւանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասին պատմող «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Շողակաթ Վարդանյանի այդ ֆիլմը «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվեց երկու անգամ, երկու անգամ էլ հանդիսատեսը դահլիճից հեռացավ ցնցված եւ պատերազմը եւս մեկ անգամ վերապրած։

Տեղի ունեցած  երկու ցուցադրություններից առաջ էլ Շողակաթը իր կարճ խոսքում հիշեց ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ նշեց՝ մեր պարտքն է ամեն ինչ անել նրանց տունվերադարձի համար։

Ֆիլմը հեղինակի վավերագրությունն է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրը անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։

Նշենք, որ ֆիլմը անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկն է, որը ստացել է նաեւ Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը եւ բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգեւատրվելուց հետո վերջապես ցուցադրվեց Երեւանում։

Սողոմոնը ծնվել էր արվեստագետների ընտանիքում, տաղանդավոր դաշնակահար էր, բանակ մեկնելուց առաջ սովորել էր նվագել նաեւ շեփորի վրա:

Նա հինգ ամիս շարունակ որոնվում էր որպես անհետ կորած, իսկ 2021-ի փետրվարի 18-ին ծնողներին պաշտոնապես հայտնել են, որ ԴՆԹ հետազոտության միջոցով հայտնաբերվել են Սողոմոնի մասունքները: Ծնողներին հաջողվել էր պարզել, որ մինչեւ հոկտեմբերի 4-ի առավոտ նա կռվելիս է եղել  Ջրականում, որտեղից նահանջ էր եղել եւ նա օգնել էր մի կամավորի:

Խոսելով այն մասին, թե արդյոք ֆիլմի նկարահանումը իրեն թեթեւություն բերել է, պատերազմում եղբորը կորցրած Շողակաթն ասում է.«Չէ՛, թեթեւություն չբերեց։ Իրականում լրիվ հակառակ արդյունքը եղավ։ Արդեն իսկ անհանգիստ կյանքս ավելի լարված դարձրեց։ Եթե չնկարեի, գուցե չէի տեսնի այն ծանր, հուզական ակնթարթները, որոնք վերապրում էին ծնողներս։ Բայց քանի որ նկարում էի նրանց, տեսնում էի ամեն ինչ։ Իրականում շատ բարդ էր։ Ըստ էության՝ միաժամանակ երկու գործ պիտի անեի։ Ծնողներիս համար մնում էի նրանց դուստրը, թեկուզ եւ տեսախցիկի հակառակ կողմում էի։ Խոսում էին ինձ հետ, իմ աջակցության կարիքն ունեին։ Չէի կարող նկարահանելու ընթացքում ժամանակավորապես չլինել դուստր կամ քույր։ Այդ իրադրությունում անհրաժեշտ էր որոշումներ կայացնել, որոնք չգիտեի էլ, թե ոնց կայացնեմ։ Վիշտը դեռ անծանոթ էր ինձ, պարզապես հետեւում էի իմ զգացմունքներին»։

Շողակաթն ասում է,  գրեթե ամեն գիշեր ինքը մտածում էր, որ այլեւս չի կարողանա նկարել, սակայն հաջորդ օրը նորից վերցնում էր տեսախցիկը.«Իրականում պահ վրա հասավ, երբ որպես քույր շատ, անչափ բարդ որոշում պետք է կայացնեի, որպեսզի ֆիլմը համամարդկային դառնար։ Ֆիլմի վաղ սեւագիր տարբերակն ավարտվում էր եղբորս արխիվային կադրերով, որտեղ նա դաշնամուր էր նվագում։ Համերգ էր, որին մասնակցել էր բանակ մեկնելուց առաջ։ Երկար ժամանակ, նույնիսկ տարիներ շարունակ տատանվում էի՝ թողնել այդ կադրերը, թե ոչ։ Մոնտաժի վերջնական փուլում գիտակցեցի, որ կադրերը չպիտի մնան։ Ի վերջո ջնջեցի ու հասկացա, որ այդպես ֆիլմը կդառնա պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»։

Անի Գևորգյան

Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են շփվել 7-ից հետո․ ինչի՞ց են վախենում

Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը. արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որեւէ մեկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը նաեւ հայտնեց, որ քննիչին հարց է ուղղել, թե այսքան ժամանակ որեւէ խախտում հայտնաբերել են Դավիթ Սարգսյանի խափանման միջոցում, որին քննիչը չի պատասխանել:

Հիշեցնենք՝ պաշտպանն ավելի վաղ հայտնել էր՝ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

ՄԱԿ-ի դատարանն անօրինական է ճանաչել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումը

Արդարադատության միջազգային դատարանը եզրակացրել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան խախտում է միջազգային իրավունքը։

Դատարանը որոշել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի գործունեությունը օկուպացված Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում և որքան հնարավոր է շուտ վերջ դնի այդ տարածքների և Գազայի հատվածի «ապօրինի» օկուպացիային։

Դատարանի խորհրդատվական եզրակացությունը պարտադիր չէ, սակայն դրա քաղաքականության նշանակությունը նշանակալի է: Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ արտահայտեց իր դիրքորոշումը 57-ամյա օկուպացիայի օրինականության վերաբերյալ։

Նիդեռլանդների Հաագայում նստած դատարանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պահանջով անցած տարվա սկզբից ուսումնասիրում է հարցը։

Դատարանին մասնավորապես խնդրեցին արտահայտել իր տեսակետը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության և գործելակերպի, ինչպես նաև օկուպացիայի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Վերջնական որոշման մեջ, որը հրապարակել է դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը, ասվում է, որ «Իսրայելի շարունակական ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում անօրինական է»։

«Դատարանը գտնում է, որ Իսրայել պետությունը պարտավոր է փոխհատուցում վճարել օկուպացված պաղեստինյան տարածքներում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի համար», – ասել է Սալամը Հաագայում կայացած դատական ​​նիստում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մերժել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է պաղեստինյան տարածքներում դադարեցնել բնակեցման գործունեությունը ։

«Հրեա ժողովուրդը չի նվաճում իր երկիրը՝ ոչ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմը, ոչ էլ մեր նախնիների ժառանգությունը Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափի իսրայելական անվանումը): Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը։ Մեր հայրենիքի ողջ տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը չի կարող կասկածի տակ դրվել»,- գրել է նա X-ում:

Ֆրանսիացի անջատողականները Բաքվում կայացած համագումարում հայտարարեցին «գաղութների ազատագրման» ընդհանուր ճակատ

rfi.fr/ru

Նոր Կալեդոնիայի, Մարտինիկի, Գվադելուպայի և Կորսիկայի անկախության համար պայքարող ֆրանսիական շարժումների ներկայացուցիչները հուլիսի 18-ին Ադրբեջանում կայացած երկօրյա կոնգրեսում պայմանավորվել են ստեղծել «ֆրանսիական գաղութների ազատագրման ճակատ»: Միջոցառումն անցկացվել է Բաքվի նախաձեռնող խմբի հովանու ներքո՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Երկու ամիս առաջ՝ 2024 թվականի մայիսին, Փարիզը Բաքվին մեղադրեց ներքին գործերին միջամտելու մեջ՝ Արշիպելագում անկարգությունների ֆոնին Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու պատճառով։

«Ճակատի ապագա ծրագիրն ուղղված է լինելու գաղութների ջանքերի համախմբմանը նրանց ապագաղութացման գործընթացում»,- ասել են Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները։ Փաստաթղթում նրանք նաև դատապարտել են ֆրանսիական պետության «ռասիստական ​​քաղաքականությունն ու բռնաճնշումները»։

Կազմակերպիչների խոսքով, դրան մասնակցել են Ֆրանսիայից անկախանալու շուրջ քսան կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ Կորսիկայից, Նոր Կալեդոնիայից, Գվադելուպայից և Մարտինիկից։

Ինչպես RFI-ին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի լրագրող Գանիմաթ Զահիդովը, պաշտոնական Բաքվի կողմից նման սերտ հետաքրքրությունը ֆրանսիական անդրծովյան տարածքների նկատմամբ պայմանավորված է նրանով, որ, Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից, «Ֆրանսիան աջակցել է Լեռնային Ղարաբաղի անջատողականներին»։ Ըստ Զահիդովի, սա Լեռնային Ղարաբաղի համար «վրեժխնդիր ակտ» է։

Արցախի կամերային նվագախումբը վերադառնում է AGBU-ի շնորհիվ

Այս ամսվա սկզբին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպել է Արցախի կամերային նվագախմբի համերգը։

ՀԲԸՄ-ի աջակցությամբ 2004 թվականին ստեղծված նվագախումբը դժվարությունների բախվեց հակամարտությունների և տեղահանության պատճառով։

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, սոպրանո Հասմիկա Պապյանի նոր էներգիայով և ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ նվագախումբը վերադառնում է բեմ՝ ցուցադրելու երաժշտության ուժը և բուժելու և ոգեշնչելու նրա կարողությունը:

 

ՏՏ համակարգերի գլոբալ խափանումը խաթարեց բանկերի, ԶԼՄ-ների և ավիաընկերությունների աշխատանքը

ВВС

Խափանման պատճառը Crowdstrike-ի կողմից արտադրված հակավիրուսային ծրագրի թարմացումն էր, որը խաթարեց Microsoft-ի համակարգերի աշխատանքը ամբողջ աշխարհում:

Microsoft-ը լրագրողներին հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռնարկում նախորդ՝ հինգշաբթի օրը գլոբալ անջատման հետևանքները մեղմելու համար:

Ամերիկյան ավիաուղիները, որն ամեն օր տեղափոխում է ավելի քան 570,000 ուղևոր, առաջինն էր, որ BBC-ին ասաց, որ խափանումն առաջացել է «Crowdstrike-ի տեխնիկական խնդրի պատճառով», և ընկերության գործադիր տնօրեն Ջորջ Կուրցը շուտով դա խոստովանեց:

Նրա խոսքով, նման լայնածավալ հետեւանքների պատճառ է դառնում Crowdstrike ծրագրաշարի վերջին տարբերակի եւ Windows օպերացիոն համակարգի կոնֆլիկտը։

Կուրցը վստահեցրել է, որ դժբախտ դեպքը հաքերային հարձակման հետևանք չէ և չի սպառնում հաճախորդների անձնական տվյալներին։

Ուրբաթ առավոտյան ամբողջ աշխարհի օդանավակայանները սկսեցին զանգվածաբար չեղարկել թռիչքները՝ ինչպես ավիաընկերությունների, այնպես էլ օժանդակ ծառայությունների համակարգչային համակարգերի խափանման պատճառով։

Ամերիկյան խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Delta-ն և United-ը, հայտարարել են մոտ ապագայում թռիչքների ամբողջական դադարեցման մասին:

Մեծ Բրիտանիայի երկաթուղային ընկերությունները նույնպես բախվեցին «ՏՏ ոլորտի լայնածավալ խնդիրների»։

Sky News-ը ստիպված է եղել մեկ ժամից ավելի ընդհատել ուղիղ հեռարձակումը։ Խափանումներ են նկատվում նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Դա միակ դեպքն է եղել, երբ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը վտանգի տակ է եղել

Step1.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

 -Պարո՛ն Խաչատրյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Գիտենք, որ Բաքվի համար առանցքայինը Հայաստան-Արցախ վերամիավորման որոշումը չեղարկելն է։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Այս գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։

-Ես վերամիավորման որոշման ու հետագայում Արցախի անկախությունը հռչակելու հարցի վերաբերյալ միշտ նույն բանն եմ ասել, որ Արցախի անկախությունը հռչակելը դանդաղ գործող ական էր մեր պետականության հիմքին։ Եվ դա եղել է շատ վաղուց՝ 1991 թվականին։ Մեր Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, դա եղել է խորհրդարանական բավական լուրջ դեբատների պայմաններում։ Եվ ես համարում եմ, որ Անկախության հռչակագիրը դա համազգային նշանակության փաստաթուղթ էր, որը համազգային քննարկումների արդյունքում է ձեւակերպված։ Եվ արդեն վեց տարի է՝ ադրբեջանիցները հաստատում են ոչ միայն իմ ասածը, այլ նաեւ այն մարդկանց, որոնք Անկախության հռչակագրում տեղ գտած 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը հեշտությամբ փոխարինեցին Արցախի անկախության հռչակմամբ։ Հիմա ես չեմ պնդի, որ դա էր հիմնական պատճառը, որ մենք հայտնվեցինք ծանր վիճակում, որովհետեւ դա արդեն ակնհայտ է, ապացուցելու խնդիր այլեւս չկա։

Ադրբեջանը պետականորեն երբեք չի համաձայնել, որ Արցախն իրենից անկախացել է, անջատվել է, միացել է Հայաստանին կամ անկախ պետություն է դարձել։ Դա Ադրբեջանը երբեք չի ընդունել, որեւէ փաստաթղթով այդպիսի հայտարարություն չի արել։ Իսկ մեզ մոտ այս առաջին փոքր նահանջը տեղի ունեցավ, որն աննկատ իրականացվեց արթնացած հայ ժողովրդի աչքերի առաջ՝ իբր թե տակտիկական խորամանկ մի քայլ՝ Ադրբեջանից Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։ Բայց փաստացի ստացվեց, որ Արցախն անկախացել էր Հայաստանից եւ հիմա էլ այլեւս Հայաստանի հետ որեւէ կապ չունի զուտ պաշտոնական հայտարարությունների մակարդակով։ Ադրբեջանը հետեւողական իրականացրեց իր ստրատեգիական ծրագիրը՝ ազատագրված ու փաստաթղթերով դեռ ամբողջովին չճանաչված Արցախի նկատմամբ շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը։

-Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումն այսօր ուժի մե՞ջ է։

-Ես միշտ աչալուրջ հետեւվել եմ այդ որոշման իրավական կարգավիճակին։ Իսկ գործնականում գործել է, թե չի գործել, այլ հանգամանքներով է որոշվում։ Իրավական կարգավիճակը հետեւյալն է՝ մեկ անգամ 1999 թվականին Ազգային ժողովի արձանագրային բաժնում նկատել էին, որ մի ընդհանուր որոշում է բերվել խորհրդարան, ըստ որի՝ չեղյալ են հայտարարվում մինչեւ կոմունիստական Գերագույն խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները։ Ու մարդիկ նկատել էին, որ դրա տակ է ընկնում նաեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը։ Ու ինձ տեղյակ պահեցին այդ մասին նիստը սկսելուց 15 րոպե առաջ։ Եվ ինձ ասացին՝ եթե մի բան անեք, դուք կանեք։ Զանգահարեցի նախագահի աշխատակազմ, ասացի՝ նախագահին շտապ տեղեկացրեք, որ նման որոշում կա, ինձ չի հետաքրքրում՝ դա ինչ-որ մեկը դիտավորյալ է արել, թե՞ պատահական է ստացվել, այդ որոշումը ընդհանուր փաթեթով չպետք է չեղյալ հայտարարվի։ Եվ եթե նման մտադրություն կա, պետք է օրակարգի առանձին հարցով դրվի քննարկման վերամիավորման որոշումը։ Հինգ րոպեից մտա քարտուղարություն, ասացին՝ պարո՛ն Խաչատրյան, հանձնարարությունը եկել է, բոլոր փաթեթների մեջ այդ էջը փոխում ենք։ Մինչ օրս առիթ չի եղել հարցնել՝ դա դիտավորյալ էր, թե՞ պատահաբար, բայց այդ մեկ դեպքն է եղել, երբ վերամիավորման որոշումը վտանգի տակ է եղել։

Այդ դեպքից հետո որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի եղել այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին։ Այսօր էլ, երբ ուսումնասիրում ենք դեկտեմբերի 1-ի որոշումը, այնտեղ գրված է, որ ինքը գործում է։ Էլ չեմ խոսում Անկախության հռչակագրի մասին, որովհետեւ հռչակագրերը փոփոխության ենթակա չեն։ Կարող է ընդունվել նոր հռչակագիր ինչ-որ կարեւոր առիթով։ Այնպես որ, օրենսդրորեն, իրավական կարգավիճակով գործող որոշում է եւ դեկտեմբերի 1-ի որոշումը, եւ Անկախության հռչակագիրը, որի հիման վրա այդ որոշումը Հայաստանի բոլոր սահմանադրությունների մեջ արձանագրվել է։ Այդտեղ էլ է թեթեւ նահանջ եղել, բայց իրավական կարգավիճակը մնացել է նույնը։

Որպես իմ քվեարկությանը տեր կանգնող մարդ, ես պետք է ասեմ, որ դեմ եմ այդ փոփոխությանը։ Այն ժամանակ Անկախության հռչակագրի ընդունման քննարկումների ժամանակ լայն քննարկումներ եղան, հիմա նման քննարկում ուղղակի չկա։ Եվ ոչ թե հարցը օրակարգ չի մտնում կամ այդ մասին չեն խոսում խորհրդարանում, այլ ուղղակի քննարկում չկա, դա ընդամենը փոխհրաձգություն է։ Մեր ժամանակ քննարկումներ էին ընթանում, որի արդյունքում որոշումներ էին ընդունվում, որոնք այսօր արձանագրված են ու կանգնած մեր թշնամիների կոկորդին։

-Եթե վերամիավորման որոշումը չեղարկված չէ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաեւ Արցախը։

-Դրանք արդեն արհեստական օրակարգեր են, թե ինչ է նշանակում, եթե օրենքը գործում է կամ չի գործում։ Եթե օրենքը գործում է, նշանակում է գործում է, եթե օրենքը չի գործում, նշանակում է՝ ապօրինի բան է տեղի ունենում, որը պետք է կասեցնել դեռ արմատից։ Օրենքի նկատմամբ վերաբերմունքի մեջ տարբեր կարծիքներ չեն կարող լինել։ Մեր կուսակցական ընկերներով վաղուց մշակված սկզբունք ունենք, որ եթե դու եղած օրենքը չես պահպանում, դու այն չես կարող լավարկել, որովհետեւ օրենքը խախտելով՝ ախորժակ ես բացում ավելի մեծ խախտումներ անելու համար։

-Եթե Հայաստանի իշխանությունը գնա Բաքվի թելադրանքը կատարելու ճանապարհով, ի՞նչ հետեւանք կունենա դա։

-Երբ մենք էինք պայքարում Անկախության հռչակագրում ամրագրված նպատակների համար, դա էլ էր արտառոց բան ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Մենք հիմա պարծենում ենք, որ մեր սերունդն օրինական ճանապարհով է այդ ամենին հասել, բայց պարծենալուց բացի, նաեւ պետք է օրինակ ծառայել։ Հիմա տպավորություն են ստեղծում, որ 1988 թվականին էլ ինչ-որ արկածախնդիրների մի խումբ դուրս է եկել, ժողովրդին տարել է սխալ ճանապարհով 30 տարի, որից հետո սխալը հայտնաբերվել է, ավելի խելոք մարդիկ են եկել, խոստովանել են հայ ժողովրդի կատարած սխալը եւ ամեն ինչ հանձնում են։ Իրականում այդպես չէ, երկար տարիներ եղել են եւ վերլուծություն, եւ քարոզչություն, եւ ներքին կռիվներ ու պայքար։ Այդ ամենի արդյունքում 30 տարում ձեւավորվել է մի օրինական համակարգ, ներառյալ Արցախը։ Այն ժամանակ մենք ներքին խորհրդակցությունենրի ժամանակ վստահ չէինք, թե նույնիսկ երկու տարի Հայաստանն անկախ կմնա՞։ Բայց ասում էինք՝ ամեն ինչ պիտի անենք, որ հնարավորինս երկար մնա, որպեսզի աշխարհի խառը վիճակում Հայաստանը ոտնատակ չգնա, իսկ հետո էլի աշխարհի գործընթացներին համարժեք լուծումներ գտնենք։

Այն ժամանակ դարձյալ աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաժանում էր գնում դարձյալ, ասում էին՝ դանակը դրել են, տորթը կիսում են։ Մենք ասում էինք՝ պարզ է, որ Հայաստանի վրայով է անցնելու դանակը, որովհետեւ Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի հատման կետում է։ Ասում էինք՝ պետք է այնպես անենք, որ երբ դանակը Հայաստանի վրայով անցնի, Հայաստանն Արցախի հետ միասին բալի կորիզի նման պլստա ու ընկնի մի կետում։ Այսինքն՝ Արցախը չմնա մեկ ազդեցության տակ, Հայաստանն ուրիշ ազդեցության տակ։ Իսկ հիմա այդ նույն գործընթացը գնում է, եւ դանակով տորթը կտրողների համար Արցախը համարվեց խանգարող հանգամանք։ Հիմա փորձում ենք Հայաստանը թողնել այս կամ այն կեսի մեջ։ Այն ժամանակվա եւ այսօրվա գործընթացները շատ նման են իրար, եւ դա նշանակում է, որ սկզբունքներն էլ պետք է նույնը մնան։

-Շատ է հնչում հարցադրումը՝ այսօրվա իրավիճակը շրջելու հնարավորություն կա՞։

-Խելոք մարդիկ ասում են, որ միշտ էլ կարելի է իրավիճակը փոխել։ Հատկապես այն դեպքում, երբ իրավիճակը զարգանում է կոնկրետ խմբի կամ սուբյեկտի շահերին հակառակ, մարդիկ չեն հանձնվում, ասում են՝ միշտ էլ կարելի է իրավիճակը փոխել։ Պետք չէ պատկերացնել իրավիճակի իդեալական փոփոխություն՝ 100 տոկոսով այս կողմ կամ այն կողմ, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, որովհետեւ շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում։ Դիվանագիտության հիմնական խնդիրը նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի հասնելն է։ Այն, ինչը մենք այսօր ուղղակի չենք տեսնում։ Եթե մենք տեսնենք, որ որոշակի դիվանագիտություն է վարվում, որը որոշակի արդյունքի է հասնում, հանգիստ կնստենք, եւ երբ մեզ հարցնող կլինի, թե ինչ եք ուզում, մենք մեր պատասխանը կտանք մեր շահին համապատասխան։ Բայց դիվանագիտության անվան տակ այս վերջին իշխանությունը օրերի ու ժամերի ընթացքում խոսքը փոխում է։

Այնպես որ, իրավիճակը շատ թե քիչ փոխելու հնարավորություն միշտ էլ կա, ուղղակի պետք է ճանաչել բնության օրենքները, իմանալ պատմություն, մասնագիտական հմտություններ ունենալ։ Եվ տվյալ պարագայում շատ կարեւոր եմ համարում հետեւյալը՝ մարդիկ պետք է իմանան, որ նավագնացության մեջ այդ տեխնիկան եղել է՝ առագաստանավով քամուն հակառակ որոշակի անկյան տակ գնալ՝ ցանկալի նավահանգստի ուղղությամբ։ Եվ լավ նավապետներն այդ տեխնիկային տիրապետել են։

 Ռոզա Հովհաննիսյան

Բնակապահովման ծրագրի հետ կապված հարցերին պատասխանում է նախարարությունը

ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտանիքը բնակվել է ԼՂ-ում, սակայն երեխան ծնվել է ՀՀ-ում: Այս դեպքում նորածինը կարո՞ղ է դիտարկվել որպես բնակարանային ապահովման ծրագրի շահառու։
Այո՛, տվյալ դեպքում նորածինը ևս կարող է դիտարկվել ծրագրի շահառու։ Միջոցառման շրջանակում անչափահաս են համարվում 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած, այդ թվում՝ մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։
Եթե ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլով դիմում է լրացնել, արդյոք այդ պահից սկսած դադարեցվում է 40+10 հազար դրամ աջակցությունը։
Ո՛չ, նման սահմանափակում նախատեսված չէ․ շահառուն կշարունակի օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։
Եթե ամուսիններից մեկը չդիմի բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, մյուս ամուսինը կարո՞ղ է իր երեխաների հետ դիմել բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար:
Այո՛, սակայն եթե վերջինս ունի սեփականություն, ապա դա կարող է տարածվել նաև կնոջ և անչափահաս երեխաների վրա։
Ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, բայց ունեն 070 կոդով տրված անձնագրեր: Ընտանիքը երկար տարիներ բնակվել է ԼՂ-ում և տեղահանվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո: Տվյալ ընտանիքը կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու:
Վերջիններս կարող են օգտվել ծրագրից, եթե ընտանիքի անդամներն ստանան ՀՀ անձնագիր։
Եթե https://housing.socservice.am/ հարթակով դիմում լրացնելիս անձի տվյալները չի նույնականացվում, ի՞նչ կարող է անել։
Խնդիրը կարող է ունենալ տեխնիկական բնույթ, անհրաժեշտ է որոշ ժամանակ անց կրկին փորձել՝ մաքրելով համակարգչի (հեռախոսի) հիշողությունը (քեշ)։ Այդուհանդերձ, եթե խնդիրը չի կարգավորվում, անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ համապատասխան շտեմարանում տվյալները վերանայելու համար։
6։ Եթե ընտանիքը պատրաստվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել 2024 թ․ սեպտեմբեր ամսին, և եթե համապատասխան դիմումը լրացվի նշված ժամկետում, բայց քաղաքացիությունը հաստատվի 2024 թ․ դեկտեմբերին, ընտանիքն արդյոք կկարողանա օգտվել բնակապահովման ծրագրի առաջին փուլից։
Ո՛չ, քանի դեռ չունի քաղաքացիություն՝ համակարգը կմերժի։
7։ Եթե ընտանիքը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել մինչ 2020 թվականը, կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու։
Ծրագրի իմաստով շահառուն 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքն է, ով բավարարում է ծրագրի մյուս պահանջներին։
8։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 6 անդամից (ծնողներ և անչափահաս երեխաներ), և ընտանիքի 4 անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն։ Մյուս 2 անդամները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարո՞ղ են միանալ ծրագրին ավելի ուշ՝ մի քանի ամիս հետո:
Ո՛չ, դիմումը և հավաստագիրը ներկայացվում ու տրվում է միայն մեկ անգամ, դիմելիս քաղաքացիություն չունեցողները չեն կարող դառնալ շահառու, իսկ հետագայում քաղաքացիություն ստանալու դեպքում, եթե ընտանիքի մյուս անդամներն իրացրած լինեն հավաստագիրը, ապա ընտանիքի կողմից ձեռքբերված գույքում չեն կարող մասնակցություն ունենալ։
9։ Եթե զինվորական ծառայողը ունի ՊՆ-ի կողմից տրամադրված բնակապահովման ծրագրի հավաստագիր: Արդյոք կարող է օգտվել տվյալ ծրագրից՝ միացնելով ընտանիքի մյուս անդամներին տրամադրված հավաստագիրը և 2 հավաստագրերի հիման վրա ձեռք բերել բնակարան:
Եթե խոսքը վերաբերվում է ՊՆ կողմից իրականացվող կանխավճարի ֆինանսավորման ծրագրի մասին, ապա՝ ո՛չ, քանի որ այս ծրագրի շրջանակում կանխավճար նախատեսված չէ։
10։ Եթե հավաստագրի ձևակերպման ընթացքում ընտանիքի անդամը մահանում է, տվյալ անձի անունով ընտանիքին արդյոք կտրամադրվի բնակապահովման աջակցություն։
Ծրագրի շրջանակում հաշվի են առնվում միայն ողջ շահառուները։
11։ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ցանկանում է օգտվել Սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման ծրագրից, այս դեպքում պարտադի՞ր է սահմանամերձ բնակավայրում ունենալ մեկ տարվա հաշվառում։
Մեկ տարվա հաշվառում ունենալը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ցանկանում են տունը կառուցել Տավուշի մարզի Բերքաբեր, Բաղանիս, Կիրանց կամ Ոսկեպար բնակավայրերում և օգտվել 5 մլն դրամ հավելումից, այսինքն՝ ստանալ 21 մլն դրամ աջակցություն։ Մնացած դեպքերում հաշվառում ունենալու պահանջ չկա։

Ռուսաստանը 100 դոլարով գազ կվաճառի Իրանին, որը կկրկնապատկի Հայաստան մատակարարումները

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումից հետո ոչ միայն միջպետական ​​ճանապարհն ու ինտերնետ մալուխը (որն, ի դեպ, արդեն ստիպված են եղել տեղափոխել), այլեւ գազատարը, որով Ռուսաստանից գազը հոսում է Հայաստան, վտանգի տակ է։ Փորձագետները չեն կասկածում, որ ինչ-որ պահի ադրբեջանական կողմը կդադարեցնի գազի մուտքը Հայաստան, ինչպես դա արեց 2 տարի առաջ Արցախում։ Այլընտրանքը ադրբեջանական գազն է (որը նույնպես կվերահսկի Բաքուն) և իրանական գազը։

Բացի այդ, Հայաստանի գազային բոլոր ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին, և Հայաստանին գազ մատակարարելու ցանկացած գործարք պետք է ինտեգրված լինի «Գազպրոմին»:

Մոսկվան վստահ է, որ Բաքուն կդադարեցնի գազը Հայաստանին, և այլ տարբերակներ է փնտրում։ Սկզբում կար ռուսական գազը Հայաստան, նույնիսկ Եվրոպա ադրբեջանական ապրանքանիշով կամ սվոպով տանելու տարբերակ։ Սակայն Թուրքիան, ըստ երեւույթին, պատժամիջոցների վախից ելնելով, նվազեցրել է գազի գնումները ռուսներից։

Լուրեր են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին գազ մատակարարել 75 տոկոս զեղչով՝ եվրոպական և թուրքական շուկաների գնի համեմատ։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, երկրները քննարկում են պայմանագիր կնքելու հնարավորությունը, որով «Գազպրոմը» օրական 300 մլն խմ գազ կմատակարարի իրանական շուկա, ինչը Թեհրանին կարժենա տարեկան 10-12 մլրդ.։ Այսպիսով, վառելիքի արժեքը կկազմի մոտ $100 1000 խորանարդ մետրի համար, ինչը կլինի ամենացածր մակարդակը նշված ռուսական ընկերության բոլոր հաճախորդների շրջանում։

Եվրոպական և թուրքական շուկայում ռուսական գազը վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 400 դոլար գնով։ Նույնիսկ Չինաստան ռուսական վառելիքը մատակարարվում է հազար խորանարդ մետրի համար 260 դոլար գնով։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 165 դոլարով։

Քննարկվող պայմանագրի պայմանները ենթադրում են տարեկան 110 մլրդ խմ մատակարարում։ Սա «Գազպրոմի» գրեթե ողջ ավելցուկային գազն է, որը գոյացել է եվրոպացի հաճախորդների կորստից հետո:

Հայաստանը տարեկան օգտագործում է ընդամենը մոտ 2 մլրդ խմ, և հնարավոր է, որ ռուսական գազը Իրանի տարածքով սկսի Հայաստան հոսել իրանական գազի անվան տակ։

Հարցն այն է, թե արդյոք «Գազպրոմը» կպահպանի Հայաստանի ներքին ենթակառուցվածքների իրավունքները, եթե ռուս-հայկական գազամատակարարման պայմանագիրը պաշտոնապես խզվի։

Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների մոտ 70 տոկոսն արդեն ձեռք է բերել կացարան

Բնակարանների գնման վկայագիր ստացած Արցախի Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների մոտ 70 տոկոսն արդեն ձեռք է բերել կացարան։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ տնօրեն Դավիթ Եղիազարյանը՝ անդրադառնալով բողոքներին, որ որոշ ընտանիքներ չեն կարողանում այս ծրագրով բնակարան ձեռք բերել։

«Արդեն տրամադրված վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025 թվականի հուլիսի 1֊ը։ Ծրագրից օգտվելու գլխավոր խոչընդոտներից կարելի է նշել անշարժ գույքի շուկայում գների վերահսկողության փաստացի բացակայությունը, ինչը երբեմն թույլ չի տալիս ձեռք բերել ցանկալի կացարանը երկրորդական շուկայից՝ խելամիտ գնով։ Ծրագրի նախնական տարբերակը, իրոք, շատ խնդրահարույց էր, սակայն տարբեր, այդ թվում՝ մեր ՀԿ առաջարկների արդյունքում այն ստացավ ներկա տեսքը։ Այդուամենայնիվ, պատշաճ կացարանի հայտնաբերումից մինչեւ այն գնելը կարող է տեւել մի քանի ամիս, ինչը կարող է կապված լինել թե թղթաբանական խնդիրների, թե երբեմն վաճառողների՝ վկայագրով չվաճառելու ցանկության հետ»,- ասաց նա։

Նշենք, որ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից, քանի որ ժամանակին տեղեկացված չեն եղել։ Այս ընտանիքները ծրագրի շահառու համարվելու հիմքով զրկվել են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։

Անդրադառնալով այս բողոքներին՝ Դավիթ Եղիազարյանն ասաց․ «Կարծում եմ, որ թե 2020, թե 2023 թվականներին տեղահանվածների համար պետք է պահպանվեն աջակցության ամենամսյա ծրագրերը, քանի դեռ նրանք չեն ստացել անշարժ գույքի ձեռքբերման վկայագիրը։ Վկայագրի ստացումից հետո պետք է մշակվի խելամիտ ժամկետ՝ անշարժ գույքը ձեռք բերելու համար, որը կլինի իրատեսական, հաշվի առնելով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի առանձնահատկությունները։ Վկայագրի ստացման եւ անշարժ գույքի ձեռքբերման ժամանակային միջակայքում պետք է շարունակվի ամենամսյա աջակցությունների տրամադրումը»։

Ինչ վերաբերում է կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման աջակցության նոր ծրագրին, մեր զրույցակը նշեց, որ այդ ծրագիրը խիստ թերի է։ Ըստ նրա՝ թեեւ կառավարությունը դրա մշակման ընթացքում ունեցել է քննարկումներ բռնի տեղահանված արցախցիների եւ նրանց իրավունքները ներկայացնող տարբեր ՀԿ-ների հետ, սակայն մշակված ծրագիրը, որն արդեն հունիսի 15-ից գործում է, ունի շատ թերություններ։

«Մասնավորապես՝ գոտիական բաժանումը կատարվել է առանց հաշվի առնելու այդ թվում՝ այն հանգամանքը, որ բռնի տեղահանված արցախցիներն արդեն վարձակալում են կացարաններ ու աշխատանքի են անցել մարզային տարբեր բնակվայրերում։ Հետևաբար, նրանք առաջնահերթորեն ձեռք կբերեն կացարան հենց այդ բնակավայրերում։ Սակայն նույն մարզի համազոր ենթակառուցվածքներ ունեցող տարբեր բնակավայրեր հայտնվում են տարբեր գոտիներում, ինչն էլ ենթադրում է վկայագրով տրամադրվող դրամի տարբերություն»,- ասաց Դավիթ Եղիազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Եղվարդի մոտակայքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ

Ազատություն

Կոտայքի մարզում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարվել, «Ազատության»-ը փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ երկու զոհ կա։

Պաշտպանության նախարարությունից էլ «Ազատության»-ը փոխանցեցին, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական էր՝ ցավակցություն հայտնելով զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ՆԳՆ-ն հաղորդում է, որ վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9։30-ին, որտեղ նշվում էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։

Ըստ նախարարության՝ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա երկու զոհ։ «Ազատության» տվյալներով, վթարված ինքնաթիռը Յակ-52 է:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացվում։

«Artsakh Culture»՝ Արցախի մշակույթի և բարբառի պահպանման թվային հարթակ

Մինչ փորձագետների մի խումբ ուղիներ է փնտրում Արցախի և արցախցիների մշակույթն ու ինքնությունը պահպանելու համար, մեկ այլ խումբ սոցցանցերում տարածում է Արցախի թեման։ Artsakh Culture ֆեյսբուքյան էջը հետաքրքիր, հուզիչ նախագիծ է արցախցիների բոլոր սերունդների համար։

Նախագծի հեղինակները նշում են.

«Artsakh Culture-ը շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական թվային հարթակ է, որի առաքելությունն է պահպանել և տարածել Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը, յուրահատուկ բարբառը և ավանդույթները։ Հարթակը ստեղծվել է՝ հաշվի առնելով իրավիճակը և Արցախի մշակույթն ու բարբառը կորցնելու վտանգը»։

Լրագրող և հասարակական գործիչ Տաթև Խաչատրյանը հիացմունք հայտնեց Artsakh Culture նախագծի վերաբերյալ և կոչ արեց բաժանորդագրվել, «որ միասին հիանանք Արցախի ամենահետաքրքիր մշակույթով՝ բարբառից մինչև տեղական ուտեստներ, և հնարավորինս նպաստենք մեր արժեքների պահպանմանը»։

Ալվարդ Գրիգորյան