Հայաստանը եւ Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել

Առնվազն հինգ երկրներ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել, «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ՇՀԿ Քարտուղարությունում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգող Մեհրդադ Քիաեին։ Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան եւ Շրի Լանկան, տեղեկացրել է «Իզվեստիան»։

«Մի քանի երկրներ անդամակցության հայտ են ներկայացրել, ներառյալ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը եւ այլն։ Այդ երկրները (բացի Բանգլադեշից) ցանկանում են փոխել երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակը դիտորդով։ Մենք, ըստ էության, պատրաստ ենք դիտարկել այդ հարցը եւ համապատասխան հայտատուների եւ կազմակերպության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ գալ մի ինչ-որ եզրահանգման»,- ասել է Մեհրդադ Քիաեին։

Նրա խոսքով՝ «սկզբում նրանք պետք է դառնան դիտորդներ եւ դրանից հետո միայն կարող են լինել լիարժեք մասնակիցներ»։ Բանգլադեշը չի մտնում երկխոսության գծով գործընկերների մեջ, բայց դիտորդի կարգավիճակի ճանապարհին այդ փուլը կարելի է շրջանցել, նշել է Մեհրդադ Քիաեին։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։

Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ Եվրոպա գնալու ժամանակը չէ, իսկ արեւմտամետ իշխանամետերը ուրախանում են, որ մի քանի տարի հետո ԵՄ-ն կազատականացնի վիզահին ռեժիմը հայերի համար, Փաշինյանը դու մի ասա գնում է  ՇՀԿ։ Ай да Пашинян, ай да… ինչպես կասեր դասականը։

Բաքուն պնդում է, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ, Երեւանը հերքում է

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնել։
Կողմերից ոչ մեկը նախկինում պաշտոնապես չէր հայտարարել նման հանդիպման հնարավորության մասին։
«Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավրությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– գրել է խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էը հրաժարվել Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարները մասնատել են ծառը։

Նույն օրը ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը»,-«Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հուլիսի 18-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտում է երթևեկությունը, անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից։

ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։ «Հետք»-ի հետ զրույցում Զեյան խոսել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Հարցին՝ կարո՞ղ է հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, Զեյան պատասխանել է․

«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»։

«Աշխարհակարգը փոխելու» Բայդենի փորձերը կարող են ազդել նրա առողջության վրա, ինչպես 1919թ.-ին Վիլսոնը 6 ամսով հեռացավ իշխանությունից

Հուլիսի 17-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և պարզվել է, որ դրական է։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է X սոցցանցում։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իրեն լավ է զգում և կհայտնվի ինքնամեկուսացման մեջ, թեկուզ խոստացել է շարունակել աշխատել Ամերիկայի ժողովրդի համար։

Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ դեմոկրատները ճնշում են գործադրում Բայդենի վրա, եւ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց առաջնորդներ՝ Չակ Շումերը և Հեքիմ Ջեֆրիսը մասնավոր կերպով դիմել են նախագահին՝ կոչ անելով նրան դուրս գալ ընտրապայքարից։

ԱՄՆ-ում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախագահի երկու հիմնական հավակնորդները սկզբունքորեն հակադիր հայեցակարգեր են քարոզում: Բայդենը խոսում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ի հայտ եկած ներկայիս աշխարհակարգի փոփոխության մասին, մինչդեռ Թրամփը պնդում է, որ ներկայիս կարգը պետք է ամրապնդվի և “Ամերիկան ​​դարձյալ հզոր, բայց մեկուսացված դարձնի։

Ներկայիս աշխարհակարգը կառուցված է մի քանի սյուների վրա՝ ածխաջրածնային էներգիա, զենքի արդյունաբերություն, իսրայելակենտրոն ՄԱԿ, ոչ դինաստիկ իշխանություն և հավասար իրավունքներ: Այս աշխարհակարգի հեղինակն իրավամբ համարվում է ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Վուդրո Վիլսոնը, ով լինելով պացիֆիստ, 1917թ.-ին որոշեց, որ ԱՄՆ պետք է մտնի Առաջին համաշխարհային պատերազմ։ Նա կոչ արեց «պատերազմ հայտարարել բոլոր պատերազմներին վերջ տալու համար», ապա առաջարկեց նոր համաշխարհային կարգի «Տասնչորս կետ», որը հանգեցրեց Ազգերի լիգայի ստեղծմանը: 14-րդ կետն էր՝ «Ազգերի ընդհանուր միջազգային միության ստեղծում՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների ամբողջականությունն ու անկախությունը երաշխավորելու համար»։

Վիլսոնի առաջարկը հակասական արձագանք առաջացրեց ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրա դաշնակիցների մոտ։ Նա համոզված էր, որ «…եթե աշխարհն իսկապես խաղաղություն է ուզում, նա պետք է հետևի Ամերիկայի բարոյական ցուցումներին»։ Վիլսոնի դեմոկրատական ​​դոկտրինան թույլ է տալիս ամերիկյան ռազմավարական վերահսկողության հաստատումը և ամերիկյան արժեքների (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ ձեռնարկատիրություն) տարածումը տեսականորեն ամբողջ աշխարհում։ Հենց Վիլսոնին էր պատկանում Հայկական գործի արբիտրաժը, որը դարձավ Սեւրի պայմանագրի հիմքը։ Սույն պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է 160 հազար քառ. կմ։ Եվ այս հարցում Ազգերի լիգայի զեկույցը Հայաստանի սահմանները սահմանող միակ օրինական փաստաթուղթն է։

Վիլսոնի առաջարկներն իսկապես հեղափոխական էին, քանի որ դարեր շարունակ ինքնիշխան պետությունը անձնավորված էր միապետներիի մեջ, միջազգային հարաբերությունները գտնվում էին դինաստիաների ձեռքում։

Չնայած հարյուր տարի է անցել, տոհմական և «ժողովրդավարական» կառավարման միջև պայքարը շարունակվում է, և այժմ այն ​​անձնավորվում է Բայդենի և Թրամփի մեջ:

100 տարի առաջ, 1919 թվականին, երբ գումարվեց Փարիզի կոնֆերանսը, Վիլսոնը ծանր հիվանդացավ և 6 ամսով չէր կարողանում կառավարել, մինչ աշխարհակարգը կառուցվում էր իր ծրագրի համաձայն։ Ինչպես նշում են պատմաբանները, այս 6 ամիսները ԱՄՆ ղեկավարել են նրա կինը և «գնդապետ Հաուսը», որը մեծ ազդեցություն է ունեցել Վիլսոնի վրա։ Վիլսոնի հիվանդության պաշտոնական վարկածը ինսուլտ է, սակայն դիտարկվում են նաև դավադրության տեսություններ։

Հաուսը մասնակցեց 1919 թվականի Փարիզի կոնֆերանսին և Ազգերի լիգայի ստեղծմանը, սակայն դրա աշխատանքի ընթացքում նրա և նախագահի միջև ծագեցին լուրջ քաղաքական տարաձայնություններ. Հաուսը գնաց փոխզիջումների, որոնք անընդունելի էին Վիլսոնի համար:

Այժմ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում Միացյալ Նահանգներում, որտեղ աշխարհակարգը «փոխելու» Բայդենի մտադրության դեմ հակադրությունը կարող է ազդել նրա առողջության վրա:

Զանգեզուրի «առումը». Ռուսաստանն արդեն վճարել է արցախյան կյանքով ու հողով

Կապան

Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր մի շարք հայտարարություններ արեց՝ ի ցույց դնելեվ, որ Մոսկվան շտապում է տոտալ վերահսկողություն հաստատել տարածաշրջանի, այդ թվում՝ Իրանի նկատմամբ։ Մոսկվան բացահայտ սկսեց Զանգեզուրի առումը։

Սա տեղի է ունենում մի ուշագրավ օր. Փաշինյանն ու Ալիևը գնացել են Լոնդոն՝ հանդիպման և «դժվար փոխզիջումների» հեռանկարով, որոնց մասին խոսել է Մեթյու Միլլերը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից։ Այս հանդիպման նախօրեին հայ վերլուծաբանները խոսում էին երկու «փոխզիջումային» պատմություններիմասին՝ Հայաստանի Սահմանադրությունը և Զենգեզուրի միջանցքը։ Որոշ փորձագետներ երկու հարցն էլ լուծված են համարել՝ Հայաստանը համաձայնել է միջանցքի բացմանը, բայց իբր ամերիկյան վերահսկողության տակ, իսկ Բաքուն, կարծես թե, համաձայնել է հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից։

«Փոխզիջման» հավանականությունը, երբ Հայաստանը հրաժարվում է իր ինքնիշխանությունից և իբր պահպանում է Սահմանադրությունը, իսկ Բաքուն ոչինչ չի զիջում, այնքան մեծ է, որ ինքը՝ Կոպիրկինը, տվել է ավելի քան անկեղծ հարցազրույց, որի իմաստը հանգում է նրան, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում և անցնում է ռուս-թուրքական «Լավրովի պլանի» եզրափակիչ փուլին։

Ասելով, որ Ռուսաստանն ունի միայն մեկ գլխավոր հյուպատոսություն Հայաստանում՝ Գյումրիում, «մինչ մեր հայ գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում», Կոպիրկինը ակնարկում է, որ Կապանում «հաստատելուց» հետո Ռուսաստանը կբացի նաև երրորդ հյուպատոսություն՝ ամենայն հավանականությամբ, Սեւանի հյուսիսային ափին։

Այդ ընթացքում դեսպանը, ում անունը հպարտությամբ կրում է Հայաստանի խորհրդարանը, վիրավորել է հպարտ սյունեցիներին՝ նշելով, որ «տեղի բնակիչները անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության նկատմամբ։ Դրանցից են երեխաների նվերների բաժանումը, ռուսերենով շարադրությունների մրցույթները դպրոցականների համար, մշակութային միջոցառումներ տեղի արվեստի քոլեջում, տեղական պատմության թանգարաններում, հյուպատոսական հարցերի վերաբերյալ սեմինարներ բնակչության համար»։

Նա նշեց, որ 2022 թվականից «Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ հաստատվել են աշխատանքային կապեր, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման շրջանակում։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները պահպանող ՌԴ սահմանապահների հետ լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում»։

Կոպիրկինը նշել է, որ Սյունիքի մարզը «դարպաս» է Հայաստանի և Եվրասիական միության միջև Իրանի հետ առևտրի համար։ Այսպիսով, Ռուսաստանի խրոխտ դեսպանը նշում է, որ այստեղ ուրիշների համար տեղ չկա, ռուսներն ու իրանցիները ոչ մի ամերիկացիի Սյունիք չեն թողնի։

Նա անսպասելիորեն հիշեցրեց, որ Ռուսաստանը «իր օրակարգում չունի Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» մտադրություն։ Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է Եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»։

Այստեղ պետք է խորը դադար անել. արդեն մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի նույնիսկ հետք չի երեւում, և «բանակցություններ» են ընթանում Երևան-Բաքու ձևաչափով։ Հիշեցնելով եռակողմ խմբի մասին, դեսպանը պատռում է դիմակները և մատնանշում, որ այս ամբողջ երկկողմանի «ինքնիշխան» կրկեսը կազմակերպվել են Կրեմլի թույլտվությամբ, իսկ սիրելիները նախատում են՝ զուտ հաճույքի համար։

Ինչպես Պրահայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովում լեգիտիմացվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, այնպես էլ Լոնդոնում կարող են օրինականացվել Հայաստանի տարածքով ռուսական վերահսկողությամբ թուրքական միջանցքը և Հայաստանի մասնատումը։ Այս «բանկետի» համար արդեն վճարել են արցախցիներն ՝ իրենց կյանքով, հազարամյա հողով, նախնիների շիրիմներով։

Նաիրա Հայրումյան

Radar. 29 արցախյան ընտանիք ստացել է բնակապահովման հավաստագիր

Հունիսի 14-ին կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Հունիսի 15-ից սկսած՝ շահառուները արդեն կարող էին առցանց դիմումներ ներկայացնել:

Ծրագրի իրականացման կարգը հաստատելուց մեկ ամիս անց Radar Armenia-ն փորձել է մանրամասներ պարզել ծրագրի իրականացման վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ի պատասխան Radar Armenia-ին ասել են. «ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ ստացվել է 285 դիմում․ 29-ը հաստատվել և ստացել է հավաստագիր, մնացածը մշակման փուլում են (կան մերժված դիմումներ՝ պայմանավորված դիմումատուների՝ ծրագրի պայմաններին անհամապատասխանությամբ)»։

Նշենք, որ հուլիսի 15-ից բացվել է նաև բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը:

Սոցհարցերի նախարարությունից նաև հայտնել են, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմել և հավաստագիր են ստացել 3946 ընտանիք, որոնցից 3025-ն արդեն իսկ իրացրել են իրենց հավաստագրերը (հավաստագրի իրացման վերջնաժամկետը՝ 2025թ. հուլիսի 1):

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ։

«Տուն» հիմնադրամ․ աջակցել արցախցիներին բնակարանային հարցում

«Տուն» հիմնադրամը Երևանում գործում է 2024թ. հուլիսից: Հիմնադրամի հիմնադիր Միխայիլ Վեկլենկոյի խոսքով` “ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տներն Արցախում և տեղափոխվել Հայաստան: Մենք նախաձեռնում ենք աջակցել արցախցի այս փախստականներին բնակարանային խնդիրների լուծման հարցում: Մեր թիմը ներառում է տարբեր ծագում ունեցող ճարտարապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ակտիվիստներ և կամավորներ, որոնք բոլորն էլ առաջնորդվում են մեկ առաքելությամբ՝ ապահովել Արցախի ժողովրդին մշտական ​​բնակություն Հայաստանում:

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և զբաղվածությունը, սակայն բնակարանային պայմանները մնում են կարևորագույն խնդիր փախստականների  համար:

Մեր նպատակն է փրկօղակով ապահովել կարիքավորներին՝ առաջարկելով նրանց մշտական ​​բնակարան, որը կտա բարեկեցություն և վստահություն կհաղորդի ապագան պլանավորելու համար”:

Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հարութ Մնացականյանը նշել է, որ ծրագրից օգտվելու համար նախապատվությունը տրվելու է գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքներին. “Մենք նախաձեռնել ենք ծրագիր, ըստ որի նախատեսվում է Երևան քաղաքից շուրջ 50 կմ շառավղով հեռավորության վրա, այն բնակավայրերում, որտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ` դպրոց, մանկապարտեզ, գազ, լույս, ջուր, համապատասխան հողատարածք գնել և այդ հողատարածքը վերաձևակերպել հավասար մասերի, ապահովել բոլոր ենթակառուցվածքներով ու այն անվերադարձ տրամադրել արցախցի այն ընտանիքներին, ովքեր պատրաստ են ապրել գյուղական համայնքում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Հաշվի առնելով, որ մենք ծրագրի շրջանակներում համագործակցում ենք նաև այլ հիմնադրամների հետ, որոնք պատրաստ են գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել այդ ընտանիքների համար, ապա գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձը այն պայմաններից մեկն է, որը մենք օգտագործելու ենք այդ ընտանիքներին ընտրելու հարցում”:

“Այժմ հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք, որի նպատակն է ուշադրություն սևեռել մարդկանց խնդիրների վրա, որի միջոցով մենք կկարողանանք օգնել  մարդկանց իրենց հայրենիքում տուն կառուցել: Գիտենք, որ տուն կառուցելը շատ մեծ և ֆինանսապես ծանր գործ է: Դրա համար որոշել ենք այդ բեռի մի մասը մեզ վրա վերցնել: Պետությունն իրականացնում է սերտիֆիկատների միջոցով աջակցություն, սակայն դա բավարար չէ տուն կառուցեու համար, և մենք որոշել ենք, որ կապահովենք հողատարածքով, իսկ բեռի մի մասն ընտանիքը պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել: Մյուս ծրագրի միջոցով նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կլինի, և  քաղաքացին կկարողանա իր ապագան  կերտել ՀՀ-ում, ոչ թե բռնել գաղթի ճամփան”:

Տաթև Ազիզյան

Արցախի իշխանություններն այսօր գործո՞ւմ են, թե՞ Հայաստանի իշխանությունների ցանկությունն են կատարում

Step1.amը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից  հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է իրականացնում Արցախի իշխանությունը արցախցիների իրավունքների պաշտպանության ու քաղաքական հարցերի ուղղությամբ։ Արցախցիներն ընտրել են իշխանություններ, այսօր այդ պատասխանատվությունը զգո՞ւմ է Արցախի իշխանությունը։

«Եթե նկատի ունեք Արցախի նախագահին, գործադիր մարմնին, ապա ես կարծում եմ, որ պետք է հարցը ուղղել իրենց։ Ես կարող եմ ասել, թե ինչ ենք անում մենք՝ որպես քաղաքական ուժ եւ որպես Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն։ Երեւի գիտեք, որ ըստ օրենքի՝ Հայաստանում Արցախի քաղաքական ուժերը չեն գրանցվում, բայց, անկախ այդ ամենից, մենք մեր քաղաքական գործունեությունը ծավալում ենք։ Եվ կարող եմ նաեւ մասամբ ասել, թե ինչ է անում Արցախի խորհրդարանը, իհարկե, ոչ բոլոր պատգամավորների մասնակցությամբ, որովհետեւ այսօր շատերը ցավոք ընտրեցին սոցիալապես ավելի բարեկեցիկ կյանքը եւ համագործակցում են Հայաստանի այս իշխանությունների հետ, փափուկ տեղավորվել են ՔՊ-ականների թեւի տակ։ Բայց նրանք, ովքեր ներկայացնում են խորհրդարանը եւ համարում, որ իրենց առաքելությունը միայն հարմարավետ աշխատասենյակն ու աշխատավարձը չէր, շարունակում են իրենց աշխատանքը։ Եվ կարծում եմ, որ քիչ աշխատանք չի տարվել։ Օրինակ՝ հանձնախումբը, որն ստեղծել է Արցախի Ազգային ժողովը եւ որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը, վերջերս բավական լուրջ աշխատանք է տանում արտերկրում։ Միջազգային տարբեր հարթակներում բարձրացվում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքների հարցերը, ինչպես նաեւ հանձնախումբն իր աշխատանքով ինչ-որ տեղ թույլ չի տալիս, որպեսզի միջազգային հանրության մոտ փակվի Արցախի հարցը։ Դա մեր համեստ ուժերի պարագայում այսօր բավական մեծ աշխատանք է, որը մենք անում ենք»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ այդուհանդերձ պարզ չէ, Արցախի իշխանություններն այսօր գործո՞ւմ են, թե՞ Հայաստանի իշխանությունների ցանկությունն են կատարում, դադարեցնում են իրենց աշխատանքը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Քանի որ խոսքը հիմնականում վերաբերում է նախագահին ու գործադիրին, իրենց աշխատանքը պետության կառավարման կազմակերպումն է։ Քանի որ այսօր խիստ սահմանափակ են իրենց հնարավորությունները, ավելի շատ հիմա իրենք պահպանում են այդ կառույցը, քան այս իշխանությունների օրոք հնարավորություն ունեն ինչ-որ գործողություններ կատարելու։ Այո, միգուցե իրենք կարող էին շատ ավելի ակտիվ լինել, թեկուզ եւ հակադարձելու այս իշխանություններին, բայց ես չեմ կարող գնահատել՝ այն, ինչ իրենք անում են, բավարա՞ր է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ ավելի ազնիվ ու արդար կլինի, եթե իրենք այս հարցին պատասխանեն։ Իսկ խորհրդարանի մասով ես կարծում եմ, որ բավական աշխատանք տարվել է եւ դա շարունակական է, մինչեւ հաջողության հասնելը»։

Արցախցիներն օրերս հայտարարեցին, որ իրենց իրավունքների համար պայքարը շարունակում են եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցին ՄԱԿ-ի գրասենյակին։ Այդուհանդերձ, նկատելի է, որ արցախցիների մեծ մասը պասիվ են իրենց իրավունքների համար պայքարում, ինչո՞ւ, հարցրեցինք Մետաքսե Հակոբյանին։

Ի պատասխան պատգամավորն ասաց․ «Մարդիկ հողի վրա շատ լավ գիտեն, որ չես կարող միջազգային կառույցներից ստանալ քեզ բավարարող պատասխան, եթե քո իսկ երկրի իշխանություններն անում են լրիվ հակառակը։ Այսօր ցանկացած պահանջ պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանություններից։ Մենք ձեւակերպել ենք, թե որն է մեր գերխնդիրը՝ ունենալ ուժեղ Հայաստան, որի միջով անցնում է Արցախ տանող ճանապարհը։ Այսինքն՝ միայն այդ պարագայում մենք կարող ենք վերադառնալ։ Եվ մեզ համար փաստել ենք, որ այս իշխանությունների օրոք չի կարող լինել հզոր Հայաստան, Հայաստանը եւս ոչնչացման ճանապարհն է բռնել հենց այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով»։

Ռոզա Հովհաննիսյան

Forrights. «Անտառներում գտել էին մասնատած մարդկանց․ Մի կերպ դուրս եկանք, որ փրկենք մեր երեխաներին»

Forrights

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Ադվերիկ Սարգսյանն իր զոհված որդու ընտանիքի հետ բռնի տեղահանվել են 2023թ․ սեպտեմբերի վերջին և հարյուրավոր արցախցիների նման բնակություն հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ։

Կնոջ՝ Իդայի հետ ընտանիք է կազմել, ունեցել 5 զավակ՝ 3 որդի և 2 դուստր։ Նրանք միասին արարել են, կրթել ու դաստիարակել իրենց զավակներին՝ ապագան պատկերացնելով միայն ու միայն Արցախում։ Սակայն 2020թ․ 44-օրյա պատերազմը խաթարեց նրանց ընտանեկան անդորրը։ «Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, Մհերն առանց վարանելու կամավոր մեկնեց պաշտպանական դիրքեր։ Նա նույնիսկ չհասցրեց լվացվել, հաց ուտել. մի քանի օր մնալուց հետո նրան տարան առաջնագիծ։ Ես էլ գոտեպնդեցի՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու, հոգ մի  անի։ Բայց նա արտաբերեց իր վերջին խոսքը՝ «պապա, որ առաջ գնացինք էլ հետ չեմ դառնալու»։

Նրան տարան Հադրութ։ Դրանից հետո Մհերը կապի դուրս չեկավ և իրենց  73 հոգուց բաղկացած զորախմբից ոչ մեկը չվերադարձավ․ բոլորը նահատակվեցին։  Զոհված որդու մասունքները հարազատներին են հանձնել վեց ամիս հետո՝ ԴՆԹ հետազոտության համընկնումից հետո։ Մհեր Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Կինը՝ Անին, իր  5 և 9 տարեկան անչափահաս աղջկա ու տղայի հետ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակեց ապրել ամուսնու ծնողների հետ։

2023թ․ սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի օրը բերդաշենցիները զբաղված էին իրենց առօրեական գործերով։ Ռազմական գործողությունների դղրդյունը ցնցեց ձորակը։ Քանի որ Ադվերիկ Սարգսյանի տան նկուղային պայմաններն որոշ չափով ապահով էին, գյուղացիներն արագորեն պատսպարվեցին այդտեղ։

«Այդ պահին երեխաներս տանը չէին։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ես արդեն նրանց համար և՛ հայր էի, և՛ մայր։ Տեղս չէի գտնում. մեկը դպրոցում էր, մյուսը՝ մանկապարտեզում։ Չգիտեի ուր վազել․ Ծնողներս ապրում էին մանկապարտեզին ու դպրոցին մոտ և առաջին պայթյունների տակ անմիջապես վազեցին երեխաների հետևից։ Ուժեղ դղրդյունների տակ վազեցի մամայենց նկուղ ու երբ արդեն գրկեցի երեխաներիս՝ կարծես պատերազմն ավարտվեց։»,-հուզված ներկայացրեց Անին։

Զոհված որդուս ընտանիքի հետ՝ հինգ հոգով, տեղավորվում են ավտոմեքենայում և բռնում տեղահանության ճամփան «Սեպտեմբերի 25-ին՝ բենզալցակայանի ահեղ պայթյունի օրը, հորդառատ անձրևի տակ ուղևորվեցինքդեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին ավտոմեքենան կանգնեցնում են ադրբեջանցիները և հարցնում՝ արդյո՞ք, հայկական կոնյակ ունենք։ Ես էլ բացատրեցի, որ  չունենք, մի կերպ ենք տեղավորվել։ Փառք Աստծո ձեռ չտվեցին, հասանք Ստեփանակերտ՝ մյուս տղայիս տուն։ Երկու օրից հետո միասին ճանապարհվեցինք Հայաստան»,- տեղահանման իրենց պատմությունը ներկայացրեց 68-ամյա պապը։

Բենզալցակայանի պայթյունի հետևանքով Բերդաշեն գյուղից զոհվել է 5 հոգի, որոնց թվում էին Ա․ Սարգսյանի մորաքրոջ 14 տարեկան թոռն ու մյուս բարեկամը։ Բռնի տեղահանման դժոխային ճանապարհն անցել են երեք օրում։  Ի․ Սարգսյանը թխել էր 20 հաց, եփել 4 հավ ու մի քիչ պանիր վերցրել, որ երեխաները սոված չմնան։

«Շատ ահավոր էր, ադրբեջանցիների ծրագիրը տիրանալն էր ամբողջ Արցախին, եթե արցախցիներս դուրս չգայինք՝ բոլորիս կցեղասպանեին։ Այն գյուղական տները, որ մտել էին, մորթել էին բնակիչներին՝ չխնայելով նույնիսկ մանուկներին։ Անտառներում գտել էին մասնատած մարդկանց․ նրանց հիմնական նպատակը բոլորին սպանելն ու կոտորելն էր։ Մի կերպ դուրս եկանք, որ փրկենք մեր երեխաներին։ Մեր տղաները մարտնչում էին, բայց մենք ուժ չունեինք, շրջափակման մեջ չէինք կարող 60 հազարանոց թշնամու բանակին դիմադրել․ ոչ մի տեղից մենք օգնություն չունեինք», — վրդովված նշեց Իդա Սարգսյանը։

Բերդաշենում է ամփոփված նրանց զոհված որդու աճյունը։ Ամեն շաբաթ նրանք այցելում էին գերեզմանոց, տարածքը խնամում, իսկ բռնի տեղահանման վերջին օրը չհասցրեցին անգամ այցելել որդու շիրիմ։

«Ես գիշերները չեմ կարողանում քնել։ Ամբողջ ուշքս ու միտքս մեր տան, մեր գյուղի, մեր սրբությունների, մեր գերեզմանների վրա է։ Հազարամյակներով արցախցին ապրել է իր հողում, բայց այժմ մեր ծննդավայրից բռնի տեղահանվել ենք և զրկվել ամեն ինչից։ Միակ խնդրանքս ու ցանկությունս է Աստծուն՝ վերադառնալ Բերդաշեն և տեր կանգնել հայրենիքին։ Եթե անգամ մեր տունն ավերված լինի, միևնույն է, կողքին մի վրան կդնեմ ու կապրեմ մինչև նորից տունս կառուցեմ։ Երանի այդ օրվան․ ես այստեղից ոտաբոբիկ էլ կվերադառնամ Արցախ։ Մեր սխալները պետք է ուղղենք և քայլեր ձեռնարկենք հետվերադարձի համար։ Երանի հոգիս մեր հողում ավանդեմ»,-հավելեց Ադվերիկ պապը։

Ստեփանավանում Ա․ Սարգսյանն իր զոհված որդու ընտանիքի հետ վարձով ապրում է տնամերձ փոքր հողամասով տանը։ Նրանք կարգի են բերել տունն ու հողամասը, մշակել, վար ու ցանք արել՝ փորձելով ինտեգրվել նոր բնակավայրում, սակայն զբաղվածության խնդիր ունեն։ Անին դեռ աշխատանք չի գտել։ Պարզվեց, Ստեփանավանում զբաղվածության խնդիր ունեն ոչ միայն արցախցիները, այլև տեղացիները։

Ստեփանավանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Գայանե Ֆեոդորովայի տեղեկատվությամբ՝ սկզբնական շրջանում իրենց համայնքում բնակություն էին հաստատել Արցախից բռնի տեղահանված 137 ընտանիք, որոնցից  այժմ  շարունակում են ապրել միայն 125-ը։ ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման(ընտանիքի մեկ անձի հաշվով 3-5 մլն դրամ) ծրագրից օգտվելու համար դիմում են ներկայացրել ընդամենը 10 բազմազավակ ընտանիք։ Համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող բռնի տեղահանված ընտանիքներին իրենց դիմումների հիման վրա տրամադրվել է դրամական մեկանգամյա աջակցություն։ Առաջնահերթության կարգով համայնքապետարանը սոցիալական աջակցություն է հատկացրել Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, այնուհետև հաշմանդամություն ունեցող և բազմազավակ ընտանիքներին։

Զառա Մայիլյան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոն կփոխարինի Տոյվո Կլաարին

Եվրոպական միության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս պաշտոնում նա կփոխարինի Տոյվո Կլաարին, հայտարարել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը վերջերս հավանություն տվեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,- գրել է Չեխիայի ներկայացուցչությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Մայիսին Գրոնոն նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական։ Նախկինում նա աշխատել է որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության ավագ խորհրդական։

Մագդալենա Գրոնո քաջատեղյակ է Հարավային Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի իրավիճակին՝ նա երկար տարիներ եղել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար։

Փաշինյանն ու Ալիեւը ուղեվորվել են Լոնդոն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել են Մեծ Բրիտանիայում վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: Վարչապետ Փաշինյանն այսօր արդեն մեկնել է Լոնդոն։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։

Հենց այսօր, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Լոնդոն է մեկնում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այդ գագաթնաժողովի շրջանակներում արդեն 2 անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022 -ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ անգամ ՝ 2023 -ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում,   իսկ արդեն անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց, նկատում է Ազատությունը։