Month: Հուլիս 2024
Իրանի նոր նախագահի ընտրությունը, ըստ երևույթին, ավելին էր, քան պարզապես ընտրություն
Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները թերահավատություն են առաջացրել Հայաստանում (հայ հասարակության մի մասը կարծում է, որ ազգությամբ թուրք Փեզեքշիանը որոշումներ կկայացնի՝ ելնելով իր էթնիկ պատկանելությունից, այսինքն՝ հօգուտ Ադրբեջանի) և էյֆորիա Ադրբեջանում (որտեղ հույս ունեն, որ թուրք Փեզեքշիանի իշխանության գալով Հայաստանում սադրիչ-դեսպան Մեհդի Սոբհանին «վերջապես կհրավիրեն Թեհրան, որպեսզի վերջ տա իր ապակայունացնող գործունեությանը»):
Ֆաշիստական, ահաբեկչական երկրում համաշխարհային աղմուկ բարձրացավ Սոբհանիի հայտարարությունների պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վավերական չէ, «և մենք չենք կարող հղում անել դրան։ Եւ հիմա գործող փաստաթուղթ չկա»։
Սակայն Ադրբեջանում ավելի շատ մարդիկ կատաղեցին Սոբհանիի խոսքերից, թե Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ պարզ է։ «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այս հարցը վերքի է նման, և այս վերքը բուժելու կարիք ունի։ Եթե այս վերքը չլավանա, այն կարող է նորից արյունահոսել։ Երբ մենք խոսում ենք կայուն խաղաղության մասին, այս վերքը պետք է հաշվի առնել։ Հուսով ենք, որ ինչպես Ղարաբաղի բնակիչները բռնի լքել են իրենց տները, այնպես էլ կստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամովին վերադառնալ իրենց տները»։
Մենք չենք մանրամասնի Արցախում ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացրած պետության ներկայացուցիչների «կատաղությունը», բայց փորձենք վերլուծել, թե ինչու է հենց հիմա՝ Իրանի սահմանակից շրջաններում թուրք-ադրբեջանա-իսրայելական զորքերի հայտնվելուց 4 տարի անց, Իրանը նման հայտարարություններ անում։ Իսկ ինչպե՞ս է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող Իրանը պատկերացնում տարածաշրջանի ապագան, եթե հայտարարում է, որ «հայերի այս տարածաշրջանից հեռացման պատճառն այն էր, որ նրանք իրենց ապահով չեն զգացել»։
Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում հայերի կամավոր վերադարձը նախկին բնակության վայրեր, եթե 3 տարի շարունակ՝ 2020-ից 2023 թթ․, Ադրբեջանը անտանելի պայմաններ է ստեղծել նրանց կյանքի համար։ Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում այն փաստին, որ հարեւան Հադրութում իրենց տներում ու այգիներում դաժանաբար սպանվել են ծերեր ու կանայք, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Ինչո՞ւ Իրանը թույլ տվեց իր սահմանի երկայնքով ադրբեջանա-թուրք-սիրիական հրոսակներին թափանցել Արցախի բանակի թիկունք և հասնել Հադրութի բնակավայրեր:
Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում արցախահայության կամավոր վերադարձը՝ ադրբեջանի հովանու ներքո՞, որի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե՞ անվտանգության միջազգային երաշխիքների ներքո, այսինքն՝ «երրորդ» ուժերի երաշխիքներով, որոնց ներկայությունը Իրանն իր համար անընդունելի է համարում տարածաշրջանում։
Եվ կրկին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Իրանը հիմա խոսում Արցախի և տարածաշրջանի խնդիրների մասին։
Քանի որ Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում և վերլուծում են տարածաշրջանի գործընթացները կամ Իրանի մոտեցումներն այդ գործընթացների վերաբերյալ, մենք կարող ենք միայն մեր մտքերը հայտնել։
Ըստ ամենայնի, Իսլամական Հանրապետության նոր ընթացքի դիրիժորը պետք է դառնա Իրանի նոր նախագահը՝ ազգային կոնսենսուսով ընտրված բարեփոխիչ Փեզեքշիանը։ Շատերը մեղադրում են Իրանին 3+3 ֆորմատին մասնակցելու համար, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։ Բայց եթե սրան նայեք հենց Իրանի տեսանկյունից, ապա այս ձևաչափը միակն է, որտեղ Իրանը ներկայացված է որպես տարածաշրջանային երկիր։ Այժմ, երբ Իրանը, ըստ երեւույթին, սթափ գնահատելով փոփոխվող աշխարհակարգը, պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, կարող է դուրս գալ այս ձևաչափից և համագործակցել այլ դերակատարների հետ, ովքեր նույնպես պաշտպանում են Արցախի ժողովրդի իրավունքները։ Առայժմ՝ անվտանգության երաշխիքներով վերադառնալու իրավունքի մասին է խոսքը։ Կարող է՝ վաղը խոսեն ինքնորոշման իրավունքի մասին։ Բայց դա կախված կլինի նրանից, թե Արցախի ժողովուրդն ինքը որքանով կսկսի նման պահանջներ առաջ քաշել, այսինքն՝ կսկսի ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական պահանջներ ներկայացնել տարբեր ատյաններ։
Այսօրվա աշխարհն այլևս գոյություն չի ունենա վաղը: Պետք է սովորել աշխատել բոլորի հետ, այլ ոչ թե նայել, թե ինչ է եղել, ասենք, մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ որոշ իրողություններ էին, վաղը կարող են լինել այլ իրողություններ։
Մենք պետք է սովորենք նայել ապագային փոփոխվող աշխարհակարգի և աշխարհաքաղաքական իրողությունների պրիզմայով: Եվ դա անելու համար մենք պետք է դուրս գանք նեղ մտածողությունից և ավելի լայն նայենք գլոբալ գործընթացներին: Սա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք բոլորի հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր երեկ սխալ բան են արել։ Կարևորն այն է, թե ինչ է արվում և ասվում այստեղ և հիմա։
Հավանաբար, Արցախի ժողովուրդն ինքը պետք է հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես է Արցախին սահմանակից այս հարեւան երկիրը տեսնում արցախցիների իրավունքների վերականգնումը։
Մարգարիտա Քարամյան
Բարսեղյանները կշարունակեն ապրել Ստեփանավանում, որտեղ շատ արցախցիներ կան
Օրերս Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի շնորհիվ արցախցի մի խումբ լրագրողների համար հերթական մեդիատուրը կազմակերպվեց․ այս անգամ դեպի Լոռու մարզ՝ Արցախ աշխարհը հիշեցնող մի դրախտավայր․․․
Բնության գլխապտույտ ու անարատ գեղեցկությունը միանգամից գերեց բոլորիս, և Լոռու մարզը անմիջապես սիրելի դարձավ։ Ժամեր հետո հասկացանք, որ լոռեցիները ներդաշնակ են իրենց բնաշխարհին․ մաքուր, ազնիվ, սրտացավ․․․
Արցախից տեղահանված Դավիթ և Ալիսա Բարսեղյանները Ստեփանավան քաղաքում են ժամանակավոր հանգրվան գտել։ Սկզբից մտածում էին՝ երկար չեն մնա այստեղ, սակայն, ապրելով ավելի քան 9 ամիս, այլևս մտադիր չեն հեռանալ այստեղից։ Եթե Արցախ վերադառնալը դեռևս անհնարին է, ապա կշարունակեն ապրել Ստեփանավանում, որտեղ շատ արցախցիներ կան ու մշտական կապ են պահպանում իրար հետ։
Դավթի ու Ալիսայի հետ մեր հանդիպումը սրտառուչ էր, երկար սպասված։ Ալիսան, որ Ասկերանում իմ խմբագրած “Բերդ” թերթի հաշվապահն էր ու նվիրված գործընկերուհի, շատ էր հուզվում։ Արցախի Ջրաղացներ գյուղում է թողել հոր՝ Արցախյան առաջին պատերազմում նահատակված Արամ Քարամյանի շիրիմը։ Կայցե՞լի երբևէ․․․
-Մարտական դիրքերից ամուսինս վերադարձել է սեպտեմբերի 22-ին․ մենք արդեն Ստեփանակերտի օդանավակայանում էինք։ Չեմ մոռանա երեխաներիս ուրախությունը, երբ հայրը եկավ։ Մի քանի օր մնացինք այդտեղ։ Սեպտեմբերի 25-ին լսեցինք, որ Հայկազով կոչվող տեղամասում բենզին են տրամադրում։ Ամուսնուս ծնողների ու մեր երեխաների հետ դուրս եկանք ու շարժվեցինք բենզին ստանալու։ 20 լիտր վերցնելուց հետո մենք հեռացանք այդ տարածքից, իսկ քիչ հետո լսվեց պայթյունի մի հուժկու ձայն, որը հայրյուրավոր կյանքեր խլեց։ Ճակատագիրը մեր հանդեպ բարեհաճ գտնվեց․․․
Երկու օր հետո հասանք Վայք, ապա ճանապարհվեցինք դեպի Վանաձոր։ Բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված էին, և մեզ ուղեկցեցին Ստեփանավանի “Էկոլայֆ Լոզ” հյուրատունը։ Այդտեղ մնացինք մեկ ամիս։ Անձնակազմի կողմից տեսանք այնպիսի սրտացավ ու հոգատար վերաբերմունք, որ երբեք չենք կարող մոռանալ։ Նրանք կիսում էին հայրենիք կորցնելու մեր ցավը, աջակցում ամեն մի հարցով։ Մեկ ամիս այդտեղ անվճար մնալուց հետո, բնակարան վարձակալեցինք ու տեղափոխվեցինք։
Ավագ որդիներս հաճախում են Ստեփանավանի Վ․Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ փոքրս՝ մանկապարտեզ։ Ես աշխատանքի եմ անցել Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես կազմակերպիչ, իսկ ամուսինս, անցելով զինվորական թոշակի՝ սեփական մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցում,-պատմում է Ալիսան։
Բնակարանային աջակցության ծրագրի առաջին փուլում են ընդգրկվում, սակայն Բարսեղյան ամուսինները դեռևս չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ընդունել։ Չգիտեն՝ գուցե կկարողանան կողմնորոշվել, բայց ներկա պահին 070 կոդը համարում են արցախցու ինքնության կոդը։
Ստեփանավանում են տուն ձեռք բերելու, դա արդեն հաստատ են որոշել։ Աշխատանք գտնելու հարցն է այստեղ շատ դժվար, սակայն Դավիթը կարծում է, որ աշխատասեր մարդը միշտ էլ կարող է գործ գտնել ու ապահովել ընտանիքի կարիքները։
Անվերջանալի հիշողություններով ու ապագայի հույսերով լի օրն ավարտին էր մոտենում, որի վերջում Ալիսան մեզ ծանոթացրեց Ստեփանավանի տեսարժան ու գողտրիկ վայրերին, չմոռանալով ծանոթացնել նաև իրենց հյուրընկալած հյուրատան անձնակազմի՝ Կորյունի, Ալլայի, Իրինայի ու Սիլվայի հետ։ Տնօրենությունը՝ Վարդանն ու Մերին այնտեղ չէին, սակայն մեզ համար արդեն պարզ էր, որ բարեգութ և ընդառաջող մարդկանց են հանդիպել Բարսեղյանները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Գաղտնազերծվել է, որտեղ Պուտինը թաքնվի արդար «հատուցումից»
Խոսակցությունն այն մասին, որ Պուտինը վստահելի «բունկեր» ունի Վալդայում, որտեղ նա թաքնվում է կրիտիկական իրավիճակներում, վաղուց են շրջանառվում։ Ոչ մի ապացույց չկար, որ այստեղ է Կրեմլի ղեկավարը փրկվունմ հերթական «աշխարհի վերջից»։ Պարզվել է, որ Պուտինի ապաստարանից ոչ հեռու՝ Վալդայում կա Pantsir-S1 հակաօդային պաշտպանության համակարգ, ինչը հաստատվում է արբանյակային պատկերներով։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ռուս բռնապետն այս վայրում իսկապես կարող է իրեն ապահով զգալ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է իր Telegram ալիքում։
Ըստ աղբյուրի՝ Պուտինի «բունկերը» Վալդայում գտնվում է հուսալի անվտանգության ներքո, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր։
կարդալ «Диалог.UA« կայքում
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ
«Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:
Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում:
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,- նշել է Միլերը:
«Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակեց Միլերը, գրում է Ամերիկայի ձայն-ը։
Ի՞նչն է Պետդեպը դիտարկում որպես Ալիեւի զիջում։ Արդյո՞ք ԱՄՆ չի աջակցում Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին։ Մինչ օրս ԱՄՆ Հայաստանին հրապարակավ չի “հորդորել” ընդունել Ալիեւի պայմանը եւ Սահմանադրությունից հանել հղումը Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշմանը։ Դա կարեւոր արձանագրում է, քանի որ 1989 թվականին ԱՄՆ բուռն հավանություն է տվել հայերի ինքնիշխան որոշմանը եւ դիտարկել է այն որպես սովետական կայսրությունից վեր միջազգային իրավաքաղաքական ակտ։
Ալիեւը հասկանում է, որ եթե ԱՄՆ չի պնդում այդ ակտի չեղարկումն, ուրեմն դրա իրավաքաղաքական նշանակությունը պահպանվում է։ Եւ որ “ադրբեջան” հասկացողությունը խիստ պայմանական է դիտարկվում։
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն ու «Սատար Արցախին» միությունն արցախահայության աջակցության ծրագրեր կիրականացնեն
2 տարի 7 ամիս խափանման միջոց․ Մամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի
2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառեց գրավ։
Նախկին քաղաքապետը ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Հատկանշական է, որ ձերբակալությունից մի քանի օր առաջ նա հաղթել էր ՏԻՄ ընտրություններում։
Վանաձորի նախկին քաղաքապետը՝ մեկն է այն հարյուրավոր մարդկանցից, որոնք արդեն մի քանի տարի է զրկված են ազատությունից եւ “պատիժ են կրում” մինչեւ դատարանի որոշումը։ Ինչ կորոշի հետո դատարանը կոնկրետ գործով՝ կարեւոր չէ, չէ՞ որ այդ մարդիկ արդեն “պատժվել են”, հիմնականում՝ քաղաքական անհամաձայնության պատճառով։ Այդ մարդկանց մի մասին հետո դատարանը “արդարացնում է”՝ կա՛մ ժամկետի լրացման, կա՛մ հանցանքի բացակայության պատրվակով։
Արեւմտյան երկրների համար, որոնք փեշով փող են են տալիս Փաշինյանի կառավարությանը “դատական բարեփոխումների” համար, 2,5 տարուց ավել “նախադատական կալանքը” ОК է։
Օրբանը ձեռ է առնում հայերին
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։
Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը տրամդրել է մոտ 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սննդով, հիգիենիկ և անկողնային պարագաներով ապահովելու համար։
Աջակցությունը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 և աղետից տուժած 1000 հոգու։ Պետքարտուղարի խոսքով փոխգործակցությունն ուշացած է, սակայն այս քայլը կարել է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։
Միայն Հունգարիան էր պակաս, որ արցախցիներին օգնի։ Այդ երկրի վարչապետ Օրբանը բառացիորեն նախորդ շաբաթ էր Շուշիում մասնակցել թյուրքական երկրների գագաթնաժողովին։ Հիմա նա բառի բուն իմաստով ձեռ է անում հայերին։ Թեկուզ՝ հայերն իրենք են իրենց ձեռ առնում՝ արցախցիների բռնի տեղահանումից եւ ցեղասպանությունից հետո Օրբանը իր հավանությունն է տվել Ալիեւի նման քայլին, իսկ չգիտես ինչի հետեւից Հունգարիա թռած ՀՀ նախագահին խոստացել 1000 արցախցի երեխայի հանգիստը կազմակերպել Բալաթոնում։
Պըլը Պուղի. Արցախցի հանճարեղ զվարճախոսը
Մի անգամ Մելիք Շահնազարը հարցնում է Պուղուն, թե մարդու տունը ինչի՞ց է քանդվում: –Ներսի թշնամուց,- պատասխանում է Պըլը Պուղին
Պըլը Պուղին, կամ Պել (խենթ, ծուռ) Պողոսը Արցախի այն եզակի կերպարներից է, որ արդեն երրորդ դար ապրում է յուրաքանչյուր արցախցու ընտանիքում իր զվարճախոսություններով և բարոյախրատական առակներով։ Թե՛ ուրախ և թե՛ տխուր առիթներին, Պուղին միշտ «օգնության է հասնում» իր խրատներով։
Պըլը Պուղին ծնվել է 1731 թվականին Վարանդայի Շոշ գյուղում, ապրել Ավետարանոցում։ Նրա զվարճախոսությունների ու սրամտությունների համբավը հասել էր նաև Վարանդայի Մելիք Շահնազարին ու փաստորեն սրամիտ զվարճախոսելու բացառիկ շնորհը բացել է Պուղու ճանապարհը դեպի մելիքական պալատ։ Ռամիկ Պողոսը Մելիքի մոտ ծառայելով, նրա ծառան չդարձավ, մի բացառիկ երևույթ, որ դժվար է հանդիպել մեր ժամանակներում։
Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, երբեմն վերափոխվել ու լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Նրա զվարճախոսությունների առանցքային կերպարը հիմնականում Մելիք Շահնազարն է։ Մելիքների ապարանքում Պըլը Պուղին եղել է ավելին, քան սովորական պալատական ծաղրածուն, նա ավելի շատ զվարճախոս – խորհրդատու էր և միշտ ներվում էր Մելիքի կողմից, եթե անգամ խստագույնս քննադատում էր նրան։
Պըլըպուղի, մեր մելիքությունում ինչքան հիմար մարդ կա՝ ցուցակը գրի, բեր
Ասում ա՝ աչքիս վրա
Մի քիչ հետո ցուցակը բերում ա՝ առաջինը մելիք Շահնազարի անունը գրած
_ Պըլըպուղի՛, շաշվել ես, էս ինչ ես գրել, բա ես հիմա՞ր եմ
_ Որ հիմար չլինես, պարսկաստանի շահին մի իշաբեռ ոսկի կտա՞ս
_ Դե դա վերադարձնելու ա
_ Որ վերադարձնի, քո անունը ջնջելու եմ, իրանը գրեմ։
Մելիք Շահնազար – Պըլը Պուղի հակամարտությունը կարմիր թելի պես ձգվում է զվարճապատումներում ու չնայած այդ հակամարտությանը, նրանք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես անբաժան միասնություն։ Հատկապես հիացմունքի է արժանի ռամիկ Պողոսի տիրոջը երբեք չքծնելու ու միշտ ճշմարտության արդարության կողմը լինելու երևույթը։
- «– Մելի՛ք, տու մինակ միլըքութիւնը պահպանելու եըրայ ըս մտծես: Հայոց Ազգը պահպանելու յըրայ իսկի մտծես չըս» (Պըլը-Պուղի 1883):
Պուղու երգիծական ժառանգությանն առաջինն անդրադարձել է բանահավաք Գալուստ Շերմազանյանն իր 1878 թվականին Թիֆլիսում լույս տեսած 198 էջանոց «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր և առակներ` մեծ մասամբ ազգային կյանքից առած» վերնագրով ժողովածուում, որտեղ ներկայացված են շուրջ 15 միավոր առակ – զվարճապատում։
Ահա թե ինչպես է ներկայացնում առակախոսին Գ․ Շերմազանյանը․ «Պըլը Պուղին սոցիալական կերպար է` իր պարզ կենցաղավարությամբ, նրա ողջ ունեցվածքը տեղավորվում է մի խուրջինում, գրաճանաչ չլինելու հանգամանքով, սակայն նրա զվարճապատումները իրենց մեջ առաքինության ու ժողովրդական շրջահայացության դասեր են պարունակում»:
Երկրորդ համապարփակ անդրադարձը կատարել է բանահավաք Մակար Բարխուդարյանը, ով 1883 թվականին հրատարակել է Պըլը-Պուղու զվարճախոսությունների ու առակների մի ամբողջական հատորյակ՝ իր մշակումներով։ Նա Ղարաբաղի ծերունիներից գրի է առել 189 զվարճախոսություն – առակ, որով և անչափ կարևորվում է ժողովածուն, որովհետև չի բացառվում, որ գրի է առել նաեւ ղարաբաղյան այն երկարակյաց ծերունիներից, ովքեր գուցե եւ հանդիպել են Պըլը-Պուղուն, կամ ում ծնողները անձնապես ճանաչել են նրան ու զրույցները լսել են հեղինակից։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ Ս․ Իսրայելյանը, Մ․ Գրիգորյան-Սպանդարյանը, ազգագրագետ Ա․ Ղազիյանը, գրողներ Ս․ Խանզադյանը, Հ․ Բեգլարյանը և ուրիշներ։
Հայ մեծ գրող Սերո Խանզադյանն իր գրքում Պըլը-Պուղու մեջ տեսնում է հայկական Եզոպոսին․ «…Պըլը-Պուղին մնաց իմ հոգում, իմ էության մեջ, գահ դրեց իմ անձնաշխարհի ամենանվիրական տեղում։ Ես սկսեցի շատ հաճախ վերհիշել Պըլը-Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էի գրեթե օրորոցից ու հիմա՝ այս պահին էլ լսում եմ։ Մի քանի անգամ գնացի նրա ծննդավայր Հայոց Ղարաբաղ աշխարհը, համբուրեցի մեր նախնիների այն հողը, որ մեզ, շատ թանկ բաների հետ, պարգեւել է նաեւ հայկական Եզոպոս՝ Պըլը-Պուղի»։
Պըլ Պուղին մահացել է 1810 թվականին` իր կտակի համաձայն թաղվել Շոշ և Մխիթարաշեն գյուղերի միջև ընկած քարայրում, որը հետագայում կոչվել է Պուղուն Կարան։ Այստեղ 1976 թվականին կանգնեցվել է Պուղու հուշաքարը, որը կանգուն էր մինչև 2023 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը։
-Պուղի աշխարհի ամենալավ շենը ո՞րն է։
Պուղին նայում է Մելիքի դեմքին եւ հասկանում, որ հարցը տրվել է միայն փառասիրական մղումով, ակնկալիքով, թե Պուղին քաղցր մի պատասխանով կշոյի Մելիքի լսողությունը՝ տալով Մելիքի ծնած շենի անունը, բայց Պուղին մնում է Պուղի։
-Մելիքն ապրած կենա,- ասում է առակախոսը,- աշխարհի ամենալավ շենն ամեն մարդու համար էն է, ուր ինքը ծնվել է։
-Պուղի, ավելի կոնկրետ չե՞ս կարող ասել,- խորամանկ ժպտում է Մելիքը։
-Կասեմ, ինչո՞ւ չեմ ասի,- կարճ կապում է Պուղին,- ամենալավ շենը աշխարհիս երեսին, Շոշն է։
-Ինչո՞ւ։
-Որովհետեւ ես ծնվել եմ այնտեղ։
-Իսկ եթե ես էլ ծնվեի Շոշո՞ւմ։
-Այդ դեպքում,- «կողքին չի ընկնում» Պուղին,- նախ քո ծնվելը կլիներ պատահական, երկրորդն էլ մեր շենը կկոչվեր ոչ թե Շոշ, այլ Մըննաշոշ» («Մըննաշոշ», դա Արցախի բարբառով նշանակում է՝ մատի թարախակալած վերք)։
Եթե մեր երկիրը զերծ լիներ Մըննաշոշերից։
Արմինե Հայրապետյան
Պըլը Պուղու մատիտով ուրվանկար, հեղինակ Հրաչյա Ռուխկյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք
Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։
ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։ Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. և 2020 թ.»,- նշված է գրառման մեջ։
Հայաստանում անցկացվում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:
Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։
ԱՄՆ-ն կարող է ապացուցել իր միասնականությունն ու առաջնորդությունը Հայկական հարցում
ԱՄՆ-ում տեղի են ունենում կարևոր գործընթացներ՝ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո նախագահ Բայդենը զանգահարել է Թրամփին, ապա ուղերձ հղել ազգին, որտեղ կոչ է արել նվազեցնել քաղաքական գործընթացների ջերմաստիճանը և միավորվել ընդհանուր շահերի շուրջ։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ Բայդենի մասին սկանդալային ելույթ է պատրաստում, սակայն այս դեպքից հետո եւս մտադիր է խոսել կոնսոլիդացիայի մասին։
ԱՄՆ-ում չափազանց անառողջ երևացող գործընթացները կարծես թե կարող են կառուցողական ուղղությամբ շարժվել: Ե՛վ Բայդենին, և՛ Թրամփին անհրաժեշտ են հաղթաթուղթեր՝ այս կառուցողական տարածքում առավելություն ստանալու համար։
Ի՞նչ կարող են նրանք առաջարկել իրենց ընտրողներին, որոնց ճնշող մեծամասնությունն ունի «առաջնային» հայրենիք։ Ներքին գործերը՝ հարկերը, առողջության ապահովագրությունը, անօրինական ներգաղթյալները, իհարկե, կարևոր են, բայց երկուսի համար էլ հաղթաթուղթը կարող է լինել միայն ամերիկյան գլոբալ առաջնորդության տեսլականը:
Բայդենն արդեն հայտարարել է, որ աշխարհակարգը կփոփվի, սակայն չի ներկայացրել, թե ինչ սկզբունքներով է կառուցվելու նոր կարգը՝ բացառությամբ ՄԱԿ-ի բարեփոխման։ Սա չափազանց կարևոր կետ է, բայց ոչ միակը։
Թրամփը, համենայնդեպս, լրատվամիջոցներում չի հայտարարել, որ նոր աշխարհակարգ է կառուցելու, թեև մշտապես քննադատում է ստեղծված կարգը։
Ի՞նչ սկզբունքների հիման վրա է գործադրվելու ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը, և ի՞նչ տեղ է գրավելու Հայկական հարցը նոր աշխարհակարգ կառուցելու գործում։ Ո՛չ Բայդենը, ո՛չ Թրամփը չեն խոսում այդ մասին, սակայն այն փաստը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրար հետեւից Հայաստան են ժամանում բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներ, սենատորներ, հուշում է, որ Հայկական հարցն առանցքային տեղ է զբաղեցնում։
Ամերիկացի դիվանագետները հիմնականում խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից՝ դա ներկայացնելով որպես շրջադարձային կետ։ Միևնույն ժամանակ, այս հարցում նրանք «գնի հետևից չեն ընկնում»՝ Բաքուն և Անկարան հայտարարվում են տարածաշրջանի առանցքային գործոններ, 2020-2023 թվականներին ագրեսիային, Արցախի օկուպացիային և տեղահանությանը քաղաքական գնահատականներ չեն տրվում։ Դրա հետ միասին ԱՄՆ-ը չի հայտարարում, որ Արցախի հարցը լուծված է, որ սպառվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, որ Վիլսոնի արբիտրաժային վճիռը ուժի մեջ չէ, և հրապարակային կոչ չեն անում Հայաստանին Սահմանադրությունից հանել հղումը Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։
Սա հիմնարար որոշում է, որն ընդունվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում, սակայն խորհրդային օրենքներից վեր է: Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ սա առաջին ինքնիշխան ազգային որոշումն էր, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Ըստ այդմ, այս որոշման չեղարկումը կնշանակի նախկին գաղութների նկատմամբ Ռուսաստանի իրավունքի ճանաչում։
Հիշվում է, ռուս վերլուծաբանները գրում էին, որ 2020 թ․ պատերազմը դադարեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց ճանաչել Արցախը։ Ի դեպ, 2020-ի պատերազմը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախընտրական շրջանում, և այն ժամանակվա նախագահ Թրամփն ասաց. «Տեսնենք, թե ինչ կարող են անել հայերը», մինչդեռ նոյեմբերի 3-ին ընտրված Բայդենը 2021 թվականի ապրիլին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Ներկայիս վարչակազմը տենդագին փորձում է ընտրություններից առաջ հասնել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որպեսզի դա օգտագործի որպես հաղթաթուղթ, բայց վերլուծաբաններն արդեն ասում են, որ ապագա աշխարհակարգը որոշելու են այն սկզբունքները, որոնցով կլուծվի Արցախի հարցը։ Այն հիմնված կլինի ուժային լուծումների՞, թե՞ սիներգիայի վրա։ Եվ արդյոք Միացյալ Նահանգները կօգտվե՞ն հնարավորությունից ապացուցելու համաշխարհային առաջնորդությունը եւ աշխարհակարգ կառուցեն, որը հիմնված չի լինի ուժի իրավունքի վրա:
Նաիրա Հայրումյան