Արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ և ներկայացրել իրենց պահանջները

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակում և տևել է մեկ ու կես ժամ Chatham House ձևաչափով, ուստի ներկայացնում ենք միայն որոշ ընդհանրացումներ:
Ակցիայի մասնակիցները բարձրացրել են հետևյալ հարցերը.
Արցախի հարցը քաղաքական և իրավական մակարդակից իջեցվել է հումանիտար մակարդակի: Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն: Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում և չի պաշտպանում արցախցիների շահերը: Արցախցիներին, որոնք ժամանակավոր կորցրել են հայրենիքը, իրենց տները, ունեցվածքը, գերեզմանոցները և ժառանգությունը Արցախում, հայտնվելով հայրենիքից դուրս, զրկում են նաև իրենց իրավունքներից՝ ինքնորոշման, պատմական տարածքում ապրելու, գույքային իրավունքներից:Այս պայմաններում ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք Արցախի հարցը փակված: Եթե այո, ապա ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը, շրջափակումը, էթնիկ զտումները հակամարտությունը լուծելու ընդունելի մեթոդ: Եթե ոչ, ապա արդյո՞ք կազմակերպությունն ունի խնդրի լուծման տեսլական:

Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը Ադրբեջանին ստիպել կատարելու Հաագայի դատարանի որոշումները: Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հրատապ միջոցների կիրառման մասին՝ հիմնված Հայաստանի կողմից ներկայացված հայցի վրա «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում, որը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին, ի թիվս այլ հարցերի, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները: Երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը: Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և սեփականությունը հաստատող փաստաթղթերը: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու մեր մասնավոր սեփականությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը մինչև մեր վերադարձը:

Մանրամասն՝ նկարների եւ այլ նյութերի միջոցով ներկայացվել են հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության, ինչպես նաև մասնավոր սեփականության և ամբողջական բնակավայրերի ոչնչացման օրինակներ՝ ինչը «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածի խախտում է:

Ներկայացվել են արցախցիների վերադարձի իրավունքը՝ այնպիսի պայմաններով, որոնք համարում են ողջամիտ և միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ պայմանները շարադրված են միջազգային կառույցներին ուղղված նամակ-դիմումի մեջ, որը ստորագրել են Արցախի 215 հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր:

Բարձրացվել է Բաքվում գտնվող հայ գերիների դեռևս չլուծված հարցը:

Հայտարարվել է ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը (COP19) Բաքվում անցկացնելու որոշման սխալ բնույթի մասին և ասվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:

Բոլոր քննարկված հիմնախնդիրները գրանցվել են Ֆրանսուազ Ժակոբի կողմից, ով իր հերթին խոստացել է ներկայացնել կազմակերպության համապատասխան մարմիններին:

Newsweek․ Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ

Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ. պատասխանատվությունն անհրաժեշտ է | Արտակ Բեգլարյանի հոդվածը Newsweek-ում

Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանի հոդվածը, որն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:

«Ադրբեջանի լոբբիստները հաճախ մոլորեցնող կերպով գովաբանում են Ադրբեջանը որպես «կրոնական հանդուրժողականության փարոս»: Այդ խոսույթը պահանջում է շատ ավելի մանրակրկիտ քննություն, քանի որ իրականությունը փաստում է մեծապես տարբերվող եղելություն:

Վերջին տարիներին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի նկատմամբ, ինչպես գնահատվել է միջազգային առաջատար փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից: Բացի բազմաթիվ հայկական ու քրիստոնեական հուշարձանների ավերածությունից, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հանգեցրել է մոտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինավուրց հայրենիքից:

Ադրբեջան՝ մարդու իրավունքների դժոխք

Տարիներ շարունակ Freedom House-ը դասակարգել է Ադրբեջանը որպես «ոչ ազատ» երկիր, որն ունի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկը՝ ինչպես ներքին խախտումների, այնպես էլ հայերի դեմ իրականացված հանցագործությունների պատճառով:

Ցեղասպանության առաջին փուլի՝ 2020թ.-ի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակման ենթարկեցին Արցախի քրիստոնյա հայերին: Ինչպես փաստում է Amnesty International-ը, շրջափակումը հանգեցրել է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի և վառելիքի խիստ պակասության՝ առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ:

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ընդունված հրամաններին, որոնք պահանջում էին Ադրբեջանից վերացնելու շրջափակումը, Ալիևի ռեժիմը ոչ միայն շարունակեց շրջափակումը, այլև սեպտեմբերին սկսեց ագրեսիա, որը հանգեցրեց ամբողջ բնակչության բռնի տեղահանմանը: Հետագայում՝ 2023թ.-ի նոյեմբերի 17-ին ԱՄԴ-ը նոր հրաման ընդունեց, որը ճանաչեց բռնի տեղահանումը և պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և մի շարք այլ քայլեր:

Բացի այդ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածման վերաբերյալ: ECRI-ի վերջին զեկույցն ընդգծել է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված ընթացիկ խնդիրները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն (CAT) նույնպես ահազանգել է հայերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում արտադատական սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հաճախ կատարվում են էթնիկ ատելության հիման վրա:

Freedom House-ը բառացիորեն օրեր առաջ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպես դրանք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում՝ արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և ազատազրկումների, սննդի և կենսապահովման դեղորայքի հասանելիության սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչության բռնի տեղահանման և գույքի նպատակային ոչնչացման միջոցով»:

Քրիստոնյա հայերի կրոնական ազատությունը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների դժոխքի կրակներում

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցը խորհուրդ է տվել պետքարտուղարությանը դասել Ադրբեջանը որպես «հատուկ մտահոգության երկիր»՝ Աֆղանստանի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների շարքում: USCIRF-ը փաստագրել է կրոնի կամ հավատքի հիման վրա ձերբակալված բանտարկյալների թվի զգալի աճ, իսկ իշխանությունները հաճախ մեղադրվում են ազատազրկված անձանց խոշտանգելու մեջ: Բացի այդ, USCIRF-ն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը, ներառյալ՝ հայկական մշակութային ժառանգության համակարգված վերացումը:

2020 թվականից ի վեր ագրեսիաների հետևանքով ավելի քան 6,000 հայկական մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 4-րդ դարից ի վեր կառուցված ավելի քան 400 եկեղեցիներ, անցել են ադրբեջանական բռնազավթման տակ: Վանդալիզմի հարյուրավոր դեպքերի հետ մեկտեղ վերջին և ամենացավալի օրինակներից մեկը բռնազավթված Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն էր, որտեղ ես պսակադրվել եմ 2017 թվականին: Վերջերս տեղի ունեցած մեկ այլ հանցագործություն էր Բերձորի Սուրբ Հարության եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը:

2021 թվականին BBC-ն հետաքննել և փաստագրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավիրումը: 2020 թվականի ագրեսիայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց տաճարը երկու անգամ թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից, որը փաստագրել է նաև Human Rights Watch-ը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանով ԱՄԴ-ը պաշտոնապես հանձնարարեց, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը վնաս հասցնող և սրբապղծող գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիներ և այլ պաշտամունքի վայրեր, հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմաններ և արտեֆակտներ»: Այդ վճռից հետո Եվրոպական խորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել ԱՄԴ-ի հրամանը, մասնավորապես՝ «զերծ մնալ հայերեն լեզվի ճնշումից, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումից կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայության վերացմանը միտված գործողություններից կամ այնտեղ հայերի մուտքն ու օգտվելն արգելափակելուց» և ապահովել «հայկական մշակութային և կրոնական շենքերի ու վայրերի, արտեֆակտների կամ օբյեկտների վերականգնումը կամ վերադարձը»:

2023 թվականին մեր տներից բռնի տեղահանվելուց հետո մեզնից ոչ մեկին չի թույլատրվում վերադառնալ կամ այցելել մեր եկեղեցիները և գերեզմանները: Ավելին, մեծ ցավով և անհանգստությամբ մենք հաճախ հետևում ենք արբանյակային և ադրբեջանական լուսանկարներին, որոնք ցույց են տալիս մեր եկեղեցիների, գերեզմանների, տների և այլ ժառանգության ոչնչացումը մեր բռնազավթված հինավուրց երկրում:

Չնայած այս փաստագրված հանցագործություններին, ոչ մի միջազգային առաքելություն, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մուտք չունի Լեռնային Ղարաբաղ: Այս հանցավոր սցենարի և ողբերգությունների հետևում մենք արձանագրում ենք միջազգային հանրության խորը անբարոյականությունը, երբ իմ ժողովրդի ցեղասպանությունից անմիջապես հետո որոշվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) անցկացնել նավթով հարուստ, ավտորիտար և ցեղասպանական Ադրբեջանում 2024 թվականին:

Ամփոփելով՝ թեև որոշ կրոնական համայնքներ կարող են Ադրբեջանում զգալ հարաբերական և ցուցադրական ազատություն, հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանության, մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների, ինչպես նաև ներքին իրավախախտումների և բռնաճնշումների լայնածավալ ապացույցները ստեղծում են զորեղ հիմնավորումներ, թե ինչու Ադրբեջանը պետք է դասվի որպես «հատուկ մտահոգության երկիր» և պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Պետքարտուղարությունը պետք է հետևի ոչ միայն Freedom House-ի խորհուրդին Միջազգային քրեական դատարան դիմելու վերաբերյալ, այլև USCIRF-ի հորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական և ցեղասպանական ռեժիմի դեմ, որը ոչ թե «փարոս» է, այլ՝ մարդու իրավունքների դժոխք»:

 

Արտակ Բեգլարյանը «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության ղեկավարն է և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Նա Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի և Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ է: Նա նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի Արցախից և ապաստան է գտել Հայաստանում:

Արցախցիների համար Տաշիրը ապրելու առումով հարմար է, միայն աշխատանք չկա

Բռնի տեղհանումը արցախահայության ուսերին ծանրացրել է ոչ միայն հայրենիք կորցնելու ցավը, այլև առաջ է բերել մի շարք սոցիալական խնդիրներ՝ տների և աշխատանքի հարցեր:

Տները համեմատաբար հասանելի են շրջաններում, սակայն մայրաքաղաքից այն կողմ այլ խնդիր է ծագում՝ աշխատանք:

Տաշիրը այն համայնքներից է, որտեղ արցախահայությունը կոմպակտ բնակեցված է: Ըստ համայնքապետարանի վերջին տվյալների, Տաշիր խոշորացված համայնքում բնակվում են արցախցիների 302 ընտանիք՝ 1174 անձ, որը մեծմասամբ իրականացվել է ի շնորհիվ «Տաշիր բարեգործական հիմնադրամ»-ի:

Աշխատանքի հարցը որոշակիորեն հնարավոր էր լուծել կանանց պարագայում: Համայնքի դպրոցների մանկավարժների թափուր հաստիքները համալրվել են արցախցի ուսուցիչներով, սակայն տղամարդկանց զբաղվածության հարցը բավականին սուր է դրված:

Տաշիրի համայնքապետարանում գտնվելու ժամանակ հանդիպեցինք արցախի բնակիչներից մեկին, ով եկել է տղայի ընտանիքը գրանցելու համար, նշելով, որ Երևանում աշխատանք չեն գտել, ստիպված եկել են իրենց մոտ, այդպես գոնե մեղմելով ծանր սոցիալական վիճակը:

Ըստ համայնքապետարանի տվյալների, առաջին մի քանի ամիսներին աշխատանքը գերծանրաբեռնված էր, հիմա արդեն արցախահայությունը որոշ չափով ինտեգրվել է և համայնքապետարանին դիմում են նույն հաճախականությամբ, ինչպես մյուս բնակիչները, իսկ որոշները նույնիս փոքրիկ բիզնեսներ են հիմնել՝ հացի փուռ, վարսավիրանոց:

Նորաշեն

Աշանի բնակիչ Հովիկ Վարդանյանը հաստատվել է Տաշիրի Նորաշեն գյուղում և ցանկանում է այստեղ մնալ, նշելով, որ գյուղի մթնոլորտը տրամադրող է, հեշտ են հարմարվել ի շնորհիվ գյուղացիների՝ «4 տղա ունեմ, 3 գնացել են Ռուսաստան աշխատելու: Այստեղ կցանկանամ տուն գնել, եթե գները նորմալ լինեն»:

Մեր հարցին, արդյո՞ք մարդիկ պատրաստվում են օգտվել բնակապահովման ծրագրերից, պատասխանը գրեթե նույնն էր՝ եթե այստեղ աշխատանք լինի…

Քրիստինա Ալավերդյան

Ջրհեղեղից և ուժեղ կարկուտից հետո Լոռու գյուղերը չեն գոյատևի առանց կառավարության աջակցության

Հարցին, թե ինչպես եք ապրում, Դոնար տատիկը պատասխանում է. “Դոմ-գոմ, գոմ-դոմ” (դոմ՝ ռուս․ տուն, խմբ)

Հարցին, թե ինչու է այդքան շատ աշխատում, նա պատասխանում է. «Էլ ի՞նչ անեմ։ Ես տղամարդու պես եմ աշխատում, ուրիշ կյանք չեմ տեսել, չգիտեմ»։

Կինը ցույց է տալիս ձեռքերը և կրկնում. «Ամեն ինչ հանուն ընտանիքի եմ անում, ինձ չեն սովորեցրել այլ կերպ ապրել»:

82-ամյա Դոնար տատիկը Լոռու Յաղդան գյուղից է։ Նա վստահ է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, իրենց գյուղը, ինչպես կենտրոնից հեռու գտնվող բազմաթիվ գյուղական բնակավայրեր, պարզապես կդադարի գոյություն ունենալ։

Կառավարության աջակցությունն անհրաժեշտ է գյուղաբնակներին՝ զարգացնելու սեփական տնտեսությունը, արտադրանքի վաճառքին և ավելի շատ ավտոբուսային երթուղիներ, որոնք կկապեն գյուղը մարզկենտրոնի և քաղաքների հետ: Որպեսզի երիտասարդները սոցիալական պատճառներով չլքեն գյուղը։

Գյուղացիները հատկապես աջակցության կարիք ունեն վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած բնական աղետներից հետո: Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած մեծ ջրհեղեղը և վերջերս հորդառատ կարկուտը ոչնչացրեցին ամբողջ բերքը և պաշարները: Մարդիկ անհանգստացած են, որ առանց պաշարների դժվարությամբ կդիմանան ձմռանը, իսկ գարնանը սերմեր ստանալն անհնարին խնդիր է թվում։

Ալվարդ Գրիգորյան

Իրանի դեսպանի սենսացիոն հայտարարությունը. հրաժարվեք նոյեմբերի 9-ի սուտ հայտարարությունից

 «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայստատել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլեւս չի գործում։ Այդ դեպքում ի՞նչ իրավական հիմք է գործում։

«- Ռուսաստանը պնդում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի։

– Մենք մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։

– Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն»։

Նշված հատվածն իրոք սենսացիոն է, քանի որ ոչ մի կողմ մինչ օրս նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ չի համարել։ Բաքուն եւ Մոսկվան ստիպում են հայերին կատարել հայտարարության «վերջին» կետը՝ Զանգեզուրի միջանցքը ռուսական վերահսկողության տակ։ Հայաստանի վարչապետը, որը բերանի մի կողմով ասում է՝ Բաքուն եւ Մոսկվան խախտել են հայտարարության գրեթե բոլոր կետերը, մյուս կողմով հաստատում է, որ եռակողմ հայտարարությունը ուժի մեջ է։

Իրանի դեսպանը պատռեց դիմակները, հավանաբար, ակնկալելով Հայաստանի կառավարության աջակցությունը։ Այս պահի դրությամբ, սակայն, Հայաստանի կառավարությունը խիստ զբախված է հարսանիքներով, նոր «սահման» ստեղծելով եւ նոր զիճումների նախապատրաստվելով։

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ չի հայտարարում։ Չէ՞ որ այդ դեպքում կսկսեն գործել դրան նախորդող իրավական հիմքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն ու առաջարկները, որոնք հիմնվում են 1994 թ․ ստատուս-քվոյի վրա, ինչպես եւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումը, ինչը հաստատում է Բաքուն։ Հենց այդ պատճառով էլ չի հայտարարում, որպեսզի Հայաստան պետությունը գոյատեւի ոչ թե լեգիտիմ միջազգային հիմքերի վրա, այլ սեպառատ, անօրեն, պարտադրված «խաղաղության» հիմքերի։

Իրանի դեսպանը ձեւը ցույց է տալիս՝ հրաժարվեք անիրավ հայտարարությունից, վերադառձեք միջազգայնորեն ճանաչված հիմքերի եւ ձեւաչափերի, եւ մենք պատրաստ ենք սատարել այդ հիմքերը։

Նաիրա Հայրումյան

2020 թ․ Լեդի Գագայի «911» տեսահոլովակի ռեժիսորը Երեւանում հավաստիացրել է, որ այն կապ չունի Արցախյան պատերազմի հետ

Ազատություն

Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներով մեծ աղմուկ հանած «911»-ի հեղինակ, ռեժիսոր Թարսեմ Սինգհը «Ոսկե Ծիրանի» շրջանակում Երևանում հայտարարեց՝ գիտեմ դավադրական տեսության ինչ մեծ ալիք է ստեղծել տեսահոլովակը Հայաստանում։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից մի քանի օր առաջ հրապարակվեց Լեդի Գագայի հոլովակը, որը գրեթե կանխագուշակեց այն, ինչ պետք է լիներ Արցախում։

«Նման փոքր երկրներում մարդիկ խորհրդանիշներ են փնտրում։ Դա, իհարկե, տարօրինակ է, որովհետև այս ամենը մենք արել էինք նախքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախքան Ադրբեջանի հարձակումը։ Մարդիկ ասում էին՝ «Լեդի Գագան որտեղի՞ց սա գիտեր, նա սատանա է»։ Խեղճ աղջիկն ի՞նչ մեղք ուներ։ Ասում էի՝ «եթե ուզում եք մեղադրել, ինձ մեղադրեք, որովհետև ես եմ Լեդի Գագային այդ միտքն առաջարկել»։ Ես ինքս էլ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մինչև իմ հայ հարևանները բացատրեցին՝ ինչն-ինչոց է», – Հայաստանում հայտարարեց Սինգհը։

2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի «911» տեսահոլովակն իրարանցում առաջացրեց Հայաստանում: Հոլովակում օգտագործված են մի շարք հայկական էլեմենտներ։ Հիմնական թեման՝ փարաջանովյան պատկերներն են՝ «Նռան Գույնը» ֆիլմից։

Կադրերից մեկում ոստիկանական ժապավենի վրա գրված էր «Զգուշություն» բառը՝ հայերենով։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Տեսահոլովակի վերնագիրը՝ «911»-ը, ևս շահարկման առարկա դարձավ. եռակողմ պայմանագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվեց նոյեմբերի 9-ին, նոյեմբերը տարվա 11-րդ ամիսն է։

«Գրողը տանի։ Ուղեղը ծարգրավորված է հատուկ խորհրդանիշներ տեսնել։ Ես ամենևին Նոստրադամուսը չեմ, դա աբսուրդ է, լրիվ այլ բան է», – հայտարարեց ռեժիսորը։

Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսորի կարիերայի զգալի մասը երաժշտական և կոմեցիոն հոլովակներն են։ Լեդի Գագայից բացի աշխատել է Վանեսսա Պարադիի, Սյուզան Վեգայի և այլ հայտնի աստղերի հետ։

«Երբ Լեդի Գագան ուղարկեց երգը, ես նրա երաժշտությանը ծանոթ չէի, դա իմ ճաշակով չէր, ես նրա հետ խոսեցի, ասացի, որ «ծանոթ չեմ քո արվեստին, բայց գիտեմ՝ ինչ պետք է անեմ երգի հետ»։ Բախտս բերեց, որ դա նրան դուր եկավ, որովհետև ես չէի պատրաստվում բանակցել։ Արյուն է լինելու, լիքը սարսափ է լինելու, բայց սարսափազդու տեսահոլովակ չի լի լինելու։ Միակ ոճը, որ մտածում էի, հայկական թեման էր։ Ու Լեդի Գագան չառարկեց։ Ընդամենը մի նկար էի ցույց տվել նրան Փարաջանովից», – ասաց Սինգհը։

Հայկական աչքերով տարված Սինգհը պատրաստվում է մի նախագիծ էլ իրականացնել Հայաստանում, թե ինչ, դեռ չգիտի, մի բան, ասաց՝ հստակ է՝ էլի է գալու Հայաստան։

Իսրայելի իրավունքների ճանաչումը՝ պայման է Գերմանիայում քաղաքացիություն ստանալու համար. կլինի՞ այդպես առաջիկայում

DW-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում հունիսի վերջին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը։ Բրիտանական Financial Times (FT) թերթը հոդված է նվիրել այս հարցին՝ «Գերմանիայի նոր քաղաքացիները պետք է ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը» վերնագրով։

Օգտատերերից մեկը օրենքի պահանջն անվանել է «նվաստացուցիչ», հատկապես պաղեստինցի միգրանտների համար, ովքեր ցանկանում են ստանալ Գերմանիայի քաղաքացիություն։

Օրենքի առաջին փոփոխությունն այն է, որ քաղաքացիության թեստի ավելի քան 300 հարցերի մեջ ներառվելու են  այնպիսի թեմաների վերաբերյալ հարցեր, ինչպիսիք են հակասեմականությունը, Իսրայել պետության գոյության իրավունքը և Գերմանիայում հրեական կյանքը: Այժմ օրենքը պահանջում է նաև ճանաչել, որ Գերմանիան կրում է «հատուկ պատմական պատասխանատվություն» նացիոնալ-սոցիալիստական ​​կառավարման և դրա հետևանքների համար, մասնավորապես՝ հրեական կյանքի պաշտպանության համար»:

Հպատակագրման թեստը, որի մասին խոսում է FT-ն, բազմակի ընտրության հարցաշար է: Նոր օրենքի ընդունմամբ թեստին ավելացավ հարց. «Իսրայել պետության հետ կապված ի՞նչ գործունեություն է արգելվում Գերմանիայում»։ Ճիշտ պատասխան՝ «Հանրային կոչեր՝ ոչնչացնելու Իսրայելը»։ Սխալ պատասխաններից է, օրինակ, «Իսրայելի քաղաքականության հանրային քննադատությունը»։

Բացառություն է կազմում Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգը. այնտեղ դիմորդները պետք է իրականում ճանաչեն Իսրայել պետության գոյության իրավունքը:

Խմբ․ Այն, որ միջազգային հիմնարար փաստաթղթերում հակասեմիտիզմը ենթադրում է ավելի ծանր պատասխանատվություն, քան «ուղղակի» այլատյացությունն ու ռասիզմը, դրված է ներկայիս աշխարհակարգի հիմքում։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետները պետք է, ի թիվս իրենց երկրի համար մի շարք առանցքային հարցերի, անպայման նշեն Իսրայելի և նրա գոյության իրավունքի լիակատար աջակցությունը։

«Իսրայելական հարցը» ներկայիս աշխարհակարգի առանցքն է, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հրեա ժողովրդի ներկայացուցիչները, ովքեր իրականում կրել են մեծ տառապանքներ և դժվարություններ, կարողացել են համոզել համաշխարհային հանրությանը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը՝ նացիստների մտադրությունն էր ոչնչացնել հրեա ժողովրդին, ինչը նշանակում է, որ նացիստների պարտության հետևանքը պետք է լինի Իսրայել պետություն ստեղծելու հրեաների իրավունքը։

Սա դեռ տեղի է ունենում, բայց պատերազմն Իսրայելում այն ​​ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը և մյուսները հայտարարում են աշխարհակարգի փոփոխության մասին, հուշում է, որ Իսրայել պետության իրավունքը կարող է դադարել լինել աշխարհակարգի հիմքը: Սա չի ժխտում Իսրայել պետության գոյության իրավունքը, սակայն դժվար թե Գերմանիայում նոր կարգով քաղաքացիություն ստանալիս նրանք ստիպեն պատասխանել Իսրայելի մասին հարցին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը զեկուցի հրեական պետության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ 

Հրեական պետության ճակատագիրը, որի համար 1947 թվականին տարածք հատկացվեց Պաղեստինում, կարող է ևս մեկ անգամ փոխվել։ Իզուր չէ, որ խոսում են Ուկրաինայի հարավում կամ Արցախում հրեական պետական ​​սուբյեկտների ստեղծման մասին։

Մեկ տարի առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Բաքվի հանձնելու մասին

russia-artsakh.ru

2023 թվականի հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հերթական, բայց նշանակալից հայտարարությունն արեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Դա, ըստ էության, նշանակում էր Կրեմլի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աբշերոնյան նացիստներին հանձնելու մասին հայտարարություն։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նաև փորձ է պարունակում Բաքվի նացիստական ​​ռեժիմի կողմից ԼՂ-ի բարբարոսական ամբողջական շրջափակման և Կրեմլի անգործության պատասխանատվությունը տեղափոխելու պաշտոնական Երևանի վրա։ Որն, ի դեպ, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, պաշտոնապես դադարել է լինել արցախահայության անվտանգության երաշխավորը, քանի որ այդ գործառույթները ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։

ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը»։

Այս մանտրաները հիմք հանդիսացան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյաների բոլոր հետագա փորձերի համար՝ հրաժարվելու անգործության պատասխանատվությունից և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության պատասխանատվությունը Բաքվի նացիստական ​​ռեժիմից հայկական կողմին փոխանցելու համար:

Մինչդեռ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ ասաց. «Միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց իրականում իրավիճակն ավելի բարդ է։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը» (https://www.kommersant.ru/doc/4617117):

2020 թվականի նոյեմբերի 22-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում (https://www.vesti.ru/article/2488891) Վլադիմիր Պուտինն ասել է. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս»։

Թեև միջազգային իրավունքի տեսակետից այս հայտարարությունը սխալ էր, սակայն հարց առաջացավ՝ ինչո՞ւ այդ դեպքում Պուտինն առաջարկեց 2020 թվականին ռուս խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ նաեւ ասվում էր.

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում չի կարելի Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնել։ Մենք պետք է անհապաղ սկսենք խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։

Հարցն այն է, թե ո՞վ պետք է պատասխանատու լիներ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի համար, եթե Ռուսաստանն ինքը կամավոր վերցներ նրանց իր պաշտպանության տակ։

Հայտնի ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, որը 2022 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ի կողմից հեռացվել էր MГИMO-ից՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի նացիստական ​​ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը քննադատելու համար, իսկ այժմ Ռուսաստանի տարածքում այս ռեժիմի կողմից հալածված է, այն ժամանակ գրել էր.

«ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պարզվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա աղաղակող դիրքորոշում է։ Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ցանկանում են ապրել իրենց ձևով՝ իրենց ավանդույթներով, իրենց գաղափարներով։ Ստացվում է, որ նրանց պետք է վռնդել այնտեղից։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս խնդրին, թեև Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի տարածքներ վերադարձվեցին Ադրբեջանին առանց կռվի։ Բայց այնտեղ պատերազմը կարող էր շարունակվել ամիսներ շարունակ, և ոչ ոք չգիտի, թե ինչով այն կավարտվի։ Հայերը զիջումների գնացին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ռուսաստանի պաշտպանության տակ վերցնելու խոստումով։ Եվ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ տեղափոխել երրորդ երկրների վրա։ Մենք դրա հետ կապ չունենք» («Ռուսաստանը պետք է կատարի Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու իր պարտավորությունը», https://news.am/rus/news/770970.html)։

Իր 2020 թ․ նոյեմբերի 10-ի. № 695 որոշման մեջ Պուտինը գրել է, որ խաղաղապահները մտցվում են «Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու և խաղաղությունը պահպանելու համար»։

Միևնույն ժամանակ, Դաշնության խորհուրդը որոշում ընդունեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործելու մասին՝ քննարկելով Նախագահ Վ.Պուտինի դիմումը Դաշնության խորհրդին:

Սենատին ուղղված Պուտինի ուղերձում ասվում էր.

«…Ադրբեջանական և հայկական կողմերում կրակի և այլ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները պահպանելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու նպատակով, ես որոշեցի անհապաղ ուղարկել Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորախումբ…» («Ի՞նչ է ասել Վ. Պուտինը իրականում Լեռնային Ղարաբաղի մասին», https://russia-artsakh.ru/node/18630. )

Այս կետերը ռուս խաղաղապահների մանդատն էին։ Դրանք բոլորը խախտվել են Ադրբեջանի կողմից 2021-2023թթ. Ռուսաստանի Դաշնության ղեկավարության քաղաքականության պատճառով։

Մանրամասները՝  russia-artsakh.ru

Արցախցիների 11 ընտանիք՝ Տաշիր քաղաքի հյուրանոցում․ “Երեխաներս զրկված են ամենափոքր ուրախություններից”

Արցախից բռնի տեղահանվելուց հետո արցախցիների մի մասը բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերում։ Այսօրվա դրությամբ համայնքի 12 բնակավայրերում ապրում են 302 ընտանիքներ՝ 1174 անձանց ընդգրկմամբ։ 11 ընտանիք հաստատվել է Տաշիր քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում են անվճար հիմունքներով, անժամկետ։ Սենյակները վերանորոգվել են և տրվել նրանց։

Տեսնելու, թե ինչպես են ապրում խոցելի խմբի այդ մարդիկ՝ մենք այցելեցինք հյուրանոց, սակայն օրվա այդ ժամին ոչ բոլորն էին իրենց կացարաններում։

 

Թամարա Թադևոսովան Ստեփանակերտից է տեղահանվել։ Երեխա էր, երբ առաջին անգամ մոր հետ 1988 թվականին բռնատեղահանվել է Ադրբեջանի Մինգեչավուր քաղաքից։ Միայնակ մայր է, ունի երկու անչափահաս երեխաներ, տարեց ու հաշմանդամ մոր խնամակալությունը ևս նրա վրա է։ Կացարանն անմխիթար վիճակում էր։ Երկու սենյակներից բաղկացած բնակարանը կահավորված չէր։ Չկար լվացքի մեքենա ու սառնարան։

Սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից և մեծ դժվարությամբ հասել Գորիս։ Անկողնուն գամված մայրը ճանապարհը մի կերպ է հաղթահարել։ Ծայրահեղ ծանր կացության մեջ են Թադևոսովները։

-Պետության կողմից տրվող աջակցությունները չենք ստանում, ապրում ենք մորս կենսաթոշակով ու երեխաներիս նպաստով։ Դժվար է շատ, մի կերպ ենք յոլա գնում։ Լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծման համար գումար է հարկավոր։ Երեխաներս փոքր են, զրկված են ամենափոքր ուրախություններից, որովհետև հնարավորություն չունեմ հոգալու նրանց կարիքները։ Ճիշտ է, որոշակի սնունդ ենք ստանում, բայց փոքրիկներս ու տարեց մայրս մրգի, բանջարեղենի, մսեղենի ու կաթնամթերքի կարիք ևս ունեն։ Կրտսեր տղաս դեռ մանկապարտեզ չի գնում, այդ պատճառով չեմ կարող աշխատանք գտնել։

Լսել եմ բնակարանային աջակցության ծրագրի մասին, սակայն չգիտեմ, ինչպես մոտենալ հարցին։ Չեմ կարողանում կողմնորոշվել։ Մտածում եմ՝ ստանալ սոցիալական բնակարան ու ապրել Տաշիր համայնքում,-ասում է Թամարան։

Մյուս արցախցին, որի հետ հաջողվեց հանդիպել՝ Սերգեյ Ավագիմովն է Արցախի Մարտունի քաղաքից։ Նա նույնպես երկրորդ անգամ է բռնատեղահանվում։ Առաջին անգամ Բաքու քաղաքից է որպես փախստական տեղահանվել ու հաստատվել Մարտունիում։ Սերգեյը ընտանիք չի կազմել, ապրել է մենակ և հարազատ բնակավայրում իր մեծ ու հարմարավետ տունն է ունեցել։ Զինվորական թոշակառու է, և այսօր իր ապրուստի միջոցը միայն այդ թոշակն է։

-Արցախից տեղահանվելուց հետո, երբ ինձ առաջարկել են հաստատվել այս հյուրանոցում, անմիջապես համաձայնել եմ, որովհետև ինքս չէի կարող տուն վարձակալել։ Այստեղ սննդով ապահովում են մեզ, թոշակիս գումարով կարողանում եմ գոյատևել։ Ուղղակի հեռուստացույց ու սառնարան չունեմ, ինչը շատ անհրաժեշտ է ինձ համար։ Իմ միջոցներով հնարավոր չէ ձեռք բերել։ Իրականացվող բնակարանային աջակցության ծրագրի մասին այնքան էլ տեղեկացված չեմ ու չեմ հետաքրքրվում։ Քանի-որ ինձ հասնում է ընդամենը 3 մլն դրամ, դրանով ի՞նչ տուն կարող եմ գնել։ Իմ կարծիքով միայնակ մարդկանց համար լավ կլինի կացարաններ կառուցեն ու տրամադրեն, այլապես մենք կմնանք առանց տանիքի։

Երբ հեռանում էինք հյուրանոցից, մի քանի արցախցիների ևս հանդիպեցինք, որոնք ապրում են նույն հյուրանոցում։ Բոլորն էլ դժգոհ էին բնակարանային ծրագրից ու համոզված, որ տրամադրվող հավաստագրերով 1 կամ 2 հոգանոց ընտանիքները չեն կարողանա տուն ձեռք բերել։ Արցախցիների միակ երազանքն ու փրկությունը հարազատ բնակավայրեր վերադառնալն է, որի իրականացմանն արդեն չեն հավատում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի