Բարությունը չփրկեց

Հրանտին Ստեփանակերտում բոլորն էին ճանաչում, հայտնի «Գուրման» խանութի միրգ-բանջարեղենի մատակարարմամբ էր զբաղվում։ Այնտեղ ամեն ինչ ճաշակով էր, բերված ապրանքն էլ առանձնանում էր թե՛ արտաքին և թե՛ համային հատկություններով։

Երբ գործը սկսեցին, բարի սիրտ ունեցող Հրանտն ապրանքի մի մասն անվճար բաժանում էր: Խանութը գտնվում էր զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված շենքի հարևանությամբ, այնտեղ ապրող երեխաների նկատմամբ նա առանձին վերաբերմունք ուներ։

Բլոկադայի ծանր շրջանում «Գուրման»–ում միշտ ինչ-որ բան կարելի էր գտնել։ Երբ սոխի համար երկար հերթերը հաղթահարելով մոտեցա վաճառասեղանին ու տեսա Հրանտի կնոջ՝ Արևիկի կլորիկ փորը, շատ ուրախացա․ գիտեի ինչքան էին երեխաներ սիրում, ու ինչ դժվարությամբ  է լույս աշխարհ եկել  երկար սպասված  առաջնեկը։

Լուսանկարում՝ Արևիկը, Հրանտն ու Իննան

 

Արևիկի ու Հրանտի սիրո պատմությունը բազմաթիվ փորձությունների է դիմակայել, Իննայի ծնունդը վատ օրերը մի վայրկյանում գոլորշիացրեց, այնքան երջանիկ էին վերջապես ծնող դառնալու հանգամանքով, որ մնացյալ ամեն ինչ երկրորդական էր։

Շատ էր կապված Հրանտը աղջկա հետ, Իննայի խնամքի մի մասը իր վրա էր վերցրել․ գիշերները խնամում էր, որ կինը փոքր–ինչ հանգստանար փոքրիկի ցերեկային ռեժիմի ռիթմից։ Իսկ երբ իմացավ, որ տղա պիտի ունենա՝ աշխարհն իրենն էր․ «Հրանտ պիտի անվանենք»,- ասել էր կնոջը։ Արևիկը թեև դեմ էր, բայց չառարկեց։ Փոքրիկ Հրանտը ծնվեց հոր  մահից հետո, ուղիղ քառասունքի օրը։

Լուսանկարում՝ փոքրիկ Հրանտը

«Կարծում էի՝ բարի արարքները կպաշտպանեն նրան չարիքից, բայց ավաղ…»,– արցունքների միջից պատմում է Արևիկը:

Սեպտեմբերի 22–ին Իննայի ծննդյան օրն էր, աղջիկը 1 տարեկան դարձավ, մի քանի օր հետո նա կորցնելու էր հորը։

Ընտանիքը վառելիք ուներ, ըստ երևույթին Հրանտը եղբոր ընտանիքի համար էր գնացել վառելիք հայթայթելու։ Բանից անտեղյակ Արևիկը նրան տանն էր սպասում, արդեն հասցրել էր հրաժեշտ տալ հայրական տան ամեն մի անկյունին ու շնորհակալություն հայտնել երկնային տիրոջը՝  այդ տանն անցկացրած երջանիկ օրերի, իր երազանքների իրականացման համար։

Մայրն արդեն ճանապարհվել էր, Հրանտը եղբոր ընտանիքի հետ միասին էր ուզում դուրս գալ Ստեփանակերտից։

Արևիկը ֆեյսբուքյան լրատվական հոսքից իրեն հեռու էր պահում, այդ օրը սակայն Հրանտը հաղորդագրություն ուղարկեց՝ հայտնելով, որ բենզինի համար «Հայկազով» է գնացել, շուտով կվերադառնա։ Սիրտը վատ բան կանխազգաց, պայթյունից հետո հղի կինը սկզբում մանկական հիվանդանոց գնաց, հետո հանրապետական բժշկական կենտրոն․

Հղի կնոջը ուղղաթիռով ճանապարհում են Երևան: Այրված  վիրավորի շուրթերին ամեն անգամ ջուր մոտեցնելով մտածում էր՝ գուցե այս պահին մեկն էլ իր Հրանտին է ջուր մեկնում, աղոթում էր՝ միայն թե ողջ լինի։

 

Հրանտից հետո շատ դժվար է, երբ փոքրիկին բժշկի պիտի տանի, քանի որ նախկինում դա երկուսով էին անում: Արևիկը չի ուզում տնից դուրս գալ։ Միտքը, որ երեխաները չեն տեսնի հորը, չեն զգա նրա ջերմությունը, սպանիչ է։ Մանկական խաղահրապարակում, զբոսավայրերում բոլորը հայրիկ-մայրիկների հետ են: Իրենք էլ միշտ երկուսով էին Իննային զբոսնելու տանում, այժմ ամեն ինչ այլ է։

Լուսանկարում՝ Արևիկն ու երեխաները

Փոքրիկ Իննան սկզբում գիշերները չէր քնում: Մտածելով, որ հոր կարոտից է, Արևիկը նրան  գերեզմանատուն տարավ. հանդարտվեց երեխան: Մայրը մտածում է՝ տեսնես կհիշի՞ Հրանտին, երբ մեծանա։

 

Այժմ Արևիկին ապրեցնողը երեխաներին մեծացնելու պարտավորությունն է․ ծաղիկներից գեղեցիկ փնջեր է հյուսում, ուզում է ընդլայնել այդ բիզնեսը, որպեսզի Իննայի ու Հրանտի համար ուժեղ թիկունք լինի։

Լուսանկարում՝ Արևիկի հյուսած փնջերը

Մինչև փոքրիկ Հրանտը հոր պես ուժեղ տղամարդ դառնա՝ Արևիկը պարտավոր է ուժեղ լինել։ Իսկ մինչ այդ երազներում նրան քաջալերողը մեծ Հրանտն է: Ինքն իրեն հարցնում է. «Տեսնես երկնային արքայությունը գոյություն ունի՞, մեծ ու փոքր Հրանտները տարիներ անց կճանաչե՞ն միմյանց»: Արևիկի հարցադրումը հույսի շղարշով է։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա–ակումբի ծրագրի շրջանակներում

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը ավարտվեց. հայտնի են մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որն իր շուրջ էր համախմբել կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից, եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կինոյի տանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ը, որ կրում է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան Գենադի Մելքոնյանի անունը, տրվեց Հրանտ Վարժապետյանի «Տուն» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Աննա Մկրտումյանի «Արմատ» կինոնկարը։

Ականավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն էր, տեսաուղերձով ասաց՝ մրցանակները տրվում են երկու ֆիլմի, որոնք գտել են երկրում  առկա ճգնաժամը հասկանալու շատ տարբեր ուղիներ։

«Մեկը ցնցող և խորապես ոգեշնչող դրամա է, մյուսը՝ բանաստեղծական և ինքնավստահ վավերագրական ֆիլմ։ Երկու ֆիլմն էլ օգտագործել են ամենապարզ միջոցները պատերազմի, տեղահանման, ապաքինման հնարավորության մասին հոգեկեղեք պատմություններ պատմելու համար»,-նշեց նա։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Նինա Պալմադոտիրի «Մենություն» կինոնկարը։

Մրցույթի ժյուրիի նախագահ Ալեքսանդր Փեյնը, որն օսկարակիր ռեժիսոր է, հայտնեց՝ միջազգային ժյուրին դիտել է 11 կինոնկար, որոնք հետաքրքիր էին և քննարկումների առիթ են դարձել։

«Դժվար է որևէ մեկին մրցանակ հանձնել, քանի որ ամեն արտիստ իր ուրույն ձևն ու մտածողությունն ունի։ Իրականում, ես մի փոքր հիասթափված էի, քանի որ մրցույթում ոչ մի կատակերգություն չկար։  Մինչ մյուս ֆիլմերը կինոմատոգրաֆիկ առումով մի քիչ ռիսկային էին, հաղթող ֆիլմերում մեղմություն, սեր կար»,-ընդգծեց ռեժիսորը։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Ֆարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» կինոնկարը։ Այն նաև արժանացավ Fipresci-ի մրցանակին։

«Այս ֆիլմը նվիրված է Սոսեին, Սիրանուշին, Սվետային, Կարինեին և Արցախին»,-ասաց Մկրտչյանը։

Խոսելով տարածաշրջանային մրցույթի մասին՝ հանրահայտ ռեժիսոր, վիզիոներ Տարսեմ Սինխը խոստովանեց՝ իր համար ժյուրի լինելը բավականին հետաքրքիր փորձառություն է եղել։

«Բարդ է. տպավորություն է՝ պետք է որոշել, թե երեխաներիցդ ով է ամենատգեղը, սակայն ես հույս ունեմ, որ այլևս նման աշխատանք չեմ անի»,-նշեց Սինխը, որը ծնվել է Հնդկաստանում։ Ըստ նրա՝ Հայաստանը շատ նման է Հնդկաստանին, քանի որ այն գեղեցիկ է, տգեղ է, քաոսային է և հրաշալի։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց իրանցի ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահիին։

«Հիշում եմ՝ 15 տարի առաջ հեռուստացույցով դիտում էի Բեռլինի կինոփառատոնի ամենահուզիչ հատվածներից մեկը. կար դատարկ աթոռ ու վրան գրված էր՝ Ջաֆար Փանահի։ Բեմում Իզաբելլա Ռոսելինին կարդում էր  Փանահիի նամակը, որն այդ ժամանակ դատապարտվել էր և իրավունք չուներ ֆիլմ նկարել։ Նամակում ռեժիսորն ասում էր, որ շարունակելու է ֆիլմեր նկարել իր երևակայության մեջ ու հույս ունի, որ քսան տարի կանցնի, և այդ ընթացքում ինքը կտեսնի ֆիլմեր, որոնք  բարձրացնում են այն թեմաները, որոնց ինքն է անդրադառնում իր ֆիլմերում։ Նա հույս ուներ, որ քսան տարի անց կտեսնի մի քիչ փոխված աշխարհ, որտեղ ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը, մարդու իրավունքը գոյություն կունենան։ Անցավ քսան տարի, չեմ կարծում, որ Փանահիի երազանքները իրականացել են, սակայն այսօր տեսնում ենք աթոռ, որի վրա նստած է հենց ինքը՝ Ջաֆար Փանահին»,-շեշտեց Ավետիսյանը։

Նա ընդգծեց՝ Փանահին չէր լինի Փանահի, եթե, ի հեճուկս շատերի, այդ տարիներին ֆիլմեր չնկարահաներ, որոնք հաղթում էին միջազգային փառատոններում։ Ավետիսյանը հիշեցրեց, որ Փարաջանովը մեդալիոններ էր պատրաստում բանտում, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ցանկանում են 20-րդ դարի մեծ բանտարկյալ արվեստագետի անունից մրցանակը հանձնել 21-րդ դարի մեծանուն բանտարկյալ և այժմ ազատության մեջ գտնվող ռեժիսորին։

Դահլիճը հոտընկայս դիմավորեց Փանահիին։ Նա շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին և ներկաներին։

«Միշտ մտածել եմ, թե երբ է արվեստագետը մահվան մասին մտածում։ Կարծում եմ՝ այն ժամանակ, երբ դժվարություններն անտանելի են, սակայն արվեստագետը կապված է իր արվեստին և չի կարող այդ մասին մտածել, քանի դեռ իր լավագույն ֆիլմը չի նկարահանել։ Ես դեռ չեմ նկարահանել իմ լավագույն ֆիլմը, ուստի չեմ մտածում այդ մասին»,-նշեց նա։

Ռեժիսորն այցելել է Փարաջանովի թանգարան, հիացել նրա աշխատանքներով, դրանց բազմազանությամբ, ուստի զարմանում է, որ հարցազրույցներից մեկում Փարաջանովն ասել է՝ մտածում է մահվան մասին։

«Նրա բոլոր հետաքրքիր աշխատանքներում  պատմություն կա։ Ես հույս ունեմ, որ «Փարաջանովյան թալեր» ստացած կինոգործիչները չեն մտածի, որ իրենց  լավագույն գործն արել են, ու կշարունակեն արարել»,-ընդգծեց Փանահին ու հավելեց՝ երջանիկ է, ուրախ է։

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ  «Փարաջանովյան թալեր» հանձնեց Ալեքսանդր Փեյնին։

«Այս մրցանակը հանձնում եմ մի մարդու, որի հետ ծանոթացել եմ տասը տարի առաջ միջազգային փառատոններից մեկի ժամանակ, որտեղ իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր կազմակերպվել։ Փեյնն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, ֆիլմերում անդրադարձել է հայկական թեմաների և ունի շատ հայ ընկերներ»,-նշեց Խաչատրյանը։

Նա տասը տարի առաջ է Փեյնին հրավիրել «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու։ Փեյնը խոստացել է հաջորդ տարի գալ, բայց միայն 21-րդ փառատոնին է հնարավոր եղել դառնալ փառատոնի մի մասը, ինչի համար թե՛ ռեժիսորի երկրպագուները, թե՛ «Ոսկե ծիրան»-ի թիմը շատ ուրախ էին։

Ալեքսանդր Փեյնը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց՝ առանց դրա էլ սիրով կմասնակցեր «Ոսկե ծիրան»-ին։ Նա շնորհակալություն հայտնեց իրեն տասը տարի սպասելու համար։

Մրցանակների հանձնման արարողությունից հետո Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին և փառատոնի թիմին՝ ազդարարելով 21-րդ «Ոսկե ծիրան»-ի ավարտը։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը ներկայացրեց մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին. կազմակերպվեցին նրանց նվիրված ֆիլմերի ցուցադրություններ և ցուցահանդեսներ։

21-րդ «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալել էր այնպիսի ականավոր կինոգործիչների, ինչպիսիք են՝ կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին և այլք։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում ունեցավ կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր էր հարցեր ուղղել նրանց։

Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն էր։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Թրամփի վիճակը «լավ է»՝ Փենսիլվանիայում նրա քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո

Ազատություն

Այսօր կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ. առնվազն երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը, կան վիրավորներ։ «Դոնալդ Թրամփի հետ ամեն ինչ կարգին է, նրան վտանգ չի սպառնում»,-փոխանցել են նախագահի հանրապետական թեկնածուի շտաբից։

Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգում, որը հստակ կուսակցական կողմնորոշում չունի, և կարող է կարևոր դեր ունենալ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ուղիղ հեռարձակված կադրերում երևում է, որ Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ ելույթի ժամանակ հնչում է մի քանի կրակոց, սկսվում է խուճապ։ Վայրկյաններ անց թիկնապահները տարհանում են նախագահի 78-ամյա թեկնածուին, որի աջ ականջին ու այտին այդ պահին արյան հետքեր էին երևում։ Բեմից իջնելուց առաջ Թրամփը բռունցքը ճոճում է օդում և փորձում ինչ-որ բան ասել։

Ավելի ուշ նա հիվանդանոցից շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության աշխատակիցներին, ցավակցել զոհվածի ու վիրավորների հարազատներին։ «Անպատկերացնելի է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում»,-գրել է նա սոցիալական ցանցերում։

Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է նաև նախագահ Ջո Բայդենը։

« Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա, մենք նման բան չենք կարող թույլ տալ», -հայտարարել է նա՝ տեսուղերձով դիմելով ժողովրդին։ Նախագահի դեմոկրատ թեկնածուն նշել է, որ փորձել է կապ հաստատել իր մրցակից Թրամփի հետ, ինչն առայժմ չի հաջողվել։ «Ես աղոթում եմ նրա, նրա ընտանիքի և հանրահավաքի մասնակիցների համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Ոստիկանությունն առայժմ զոհվածների կամ ենթադրյալ հանցագործի անունը չի հրապարակել, մանրամասներ չի հայտնել։

Արյունալի դեպքը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող համագումարից օրեր առաջ, որտեղ, ակնկալվում է, որ Թրամփը կհաստատվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան։

«Ողջույն Հայաստանից», -X-ի իր էջում հայերեն գրել է Զեյան՝ շարունակելով՝ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն X-ում նաև գրել է, որ այցելել է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիր՝ «բացահայտելու Հայաստանի հարուստ կրոնական և մշակութային ժառանգությունը»:

Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքը հարսանիք է նշում

ВВС

Հնդկաստանում երկրի ամենահարուստ մարդու՝ գործարար Մուկեշ Ամբանիի ընտանիքը մեծ մասշտաբով նշում է հարսանիք։ Նրա որդին՝ 29-ամյա Անանտ Ամբանին, ուրբաթ օրն ամուսնացել է իր հասակակից Ռադհիկա Մերչանտի՝ միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի դստեր հետ:

Մումբայում հարսանիքի հյուրերի թվում են ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և նրա կինը, ամերիկացի ըմբշամարտիկ և կինոդերասան Ջոն Սինան և Բոլիվուդի աստղերը։

Այս շաբաթավերջի տոնակատարությունները Անանտ Ամբանիի և Ռադհիկա Մերչանտի ամուսնության շուրջ տոնակատարությունների վերջին մասն են:

Հարսանեկան տոնակատարությունները սկսվել են մարտին և շարունակվել մինչև հուլիսի 12-ի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին նախորդած տոնակատարությունների ժամանակ նկատել են նաև բազմաթիվ հայտնիների։

Այսպես, մեկ շաբաթ առաջ ավանդական նախահարսանեկան արարողության առիթով Ջասթին Բիբերն է ելույթ ունեցել փեսայի և բազմաթիվ հյուրերի առջև։

Առաջին նախահարսանեկան խնջույքին Ռիհաննան է ելույթ ունեցել, իսկ երկրորդում՝ Միջերկրական ծովով նավարկության ժամանակ՝ Backstreet Boys խումբը, ամերիկացի երգչուհի Քեթի Փերին և իտալացի տենոր Անդրեա Բոչելին։

Թե ինչ արժեն այս բոլոր երեկույթները, հայտնի չէ։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ելույթի համար Ռիհաննային վճարել են 7 մլն դոլար, իսկ Ջասթին Բիբերին՝ 10 մլն․ դոլար։

Մուկեշ Ամբանին հնդկական Reliance Industries ընկերության մեծամասնության սեփականատերն է եւ տնօրենների խորհրդի նախագահը, որը Հնդկաստանի մասնավոր հատվածի ամենամեծ ընկերությունն է:

Ըստ Forbes-ի՝ նա ոչ միայն Հնդկաստանի, այլեւ Ասիայի ամենահարուստ մարդն է եւ զբաղեցնում է 11-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա կարողությունը գնահատվում է 124 միլիարդ ԱՄՆ դոլար։

Forbes-ի ռուսական տարբերակի համաձայն՝ 2023 թվականին Ամբանիի Reliance Industries ընկերությունն իր եկամտի 60%-ը ստացել է նավթի, դիզվառելիքի և նաֆթայի վաճառքից։ Միաժամանակ, ինչպես գրում է հրատարակությունը, այդ ժամանակ ընկերությունը գնում էր ռուսական նավթ, որը էժանացել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով։

Անանտ Ամբանին Մուկեշ Ամբանիի երեք երեխաներից կրտսերն է և Յեյլի համալսարանի շրջանավարտ է։

Ռադհիկա Մերչանտի հայրը միլիարդատեր Վիրեն Մերչանտն է, դեղագործական մագնատ և Encore Healthcare դեղագործական ընկերության հիմնադիրը։ Նրա կարողությունը գնահատվում է 92 մլն դոլար։ Ռադհիկա Մարչանտը Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է` քաղաքագիտության աստիճանով:

Жим лежа-ն բոլորին չէ տրված․ պատմում է Գարիկ Ղահիրյանը

Գարիկ Ղահիրյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում։ Աշխատել է The HALO Trust-ում: 2018 թվականին հերթական ականազերծման ժամանակ տեղի ունեցավ պայթյուն, որն արմատապես փոխեց նրա կյանքը։ Նրա երկու ոտքն էլ անդամահատվել են, ինչին հաջորդեց երկարատև բուժում։

«Սկզբում շատ դժվար էր, ես չէի կարողանում լիովին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և ստիպել ինքս ինձ շարունակել կյանքս, և ես հավանաբար հաջողության չէի հասնի առանց ընտանիքիս և ընկերներիս: Ընտանիքիս շնորհիվ ես ուժ գտա՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, անկախ ամեն ինչից, վերադառնալու լիարժեք կյանքի»։

Գարիկը հպարտորեն պատմում է իր ձեռքբերումների մասին, այդ թվում՝ սպորտի բնագավառում՝ նա բազմիցս մասնակցել է հենարանից սեղմումի (жим лежа) մրցումների՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում.

«Հենարանից սեղմումը ուժային վարժություն է: Գալով փաուերլիֆթինգից՝ սեղմումը հանրաճանաչություն և սեր է ձեռք բերել մարզադահլիճների այցելուների շրջանում ամբողջ աշխարհում: Վարժությունը ստանդարտ է, և, հետևաբար, դրա կատարման տեխնիկան պարզ է թվում՝ պառկել նստարանի վրա, հանել ծանրաձողը և սկսել վարժվել: Իհարկե, դա այնքան էլ պարզ չէ: Տեխնիկապես վարժությունը բավականին բարդ է, և չմարզված մարզիկը դժվար թե կարողանա լուրջ կշիռներ սեղմել՝ առանց ճիշտ տեխնիկայի տիրապետման»։

Գարիկը հենարանից սեղմումով սկսել է զբաղվել 2018 թվականից առաջ։ Կատարվածից հետո իր հսկայական կամքի ուժի շնորհիվ նա չհրաժարվեց սպորտից և ակտիվորեն առաջ է շարժվում դեպի նորանոր բարձունքներ։ «Ես, ինչպես ցանկացած մարզիկ, երազում եմ մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Արցախի դրոշի ներքո»։

Գարիկը, ինչպես բոլոր արցախցիները, վերապրել է 4 պատերազմ և շրջափակում։ Այժմ նա ընտանիքով ապրում է Երեւանում։ Ստիպված աշխատում է որպես տաքսու վարորդ․ ինչպես շատ արցախցիների, նրա թոշակն էլ են  կրճատել։ «Դժվարությունները չպետք է կոտրեն մեզ, որքան շուտ մեր ժողովուրդը համախմբվի ու հզորանա, այնքան շուտ կարող ենք վերադառնալ մեր դարավոր հայրենիք»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գարիկը։

Արսեն Աղաջանյան

Ամուսնու կորստի, Արցախից տեղահանվելու մասին. Պատմում է Մարինա Գալստյանը

Արցախից տեղահանված Մարինա Գալստյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր տեսած ցավերն ու տառապանքները նույնությամբ կրկնվում են նաև երեխաների կյանքում: Ծնվել է Մինգեչաուր քաղաքում, 1988թ. տեղափոխվել են Ջերմուկ, որտեղ մի քանի տարի ապրելուց հետո մշտապես բնակություն հաստատեցին Արցախում.  

Մեր հարևան ադրբեջանցիները մեզ մի շաբաթ պահեցին իրենց տանը` թաքցնելով: Հետո օգնեցին, որ փախչենք

Ցեղասպանության արհավիրքների մասին տատիկից եմ լսել`հղի կանանց, երեխաների սպանություններ, նկուղներում սովից ու ծարավից հյուծված հայերին տանջամահ անելու մասին պատմություններ:

1990-ականներին էլ պատերազմ, հացի անվերջանալի հերթեր, գոյատևման համար երկարատև պայքար.  հեռախոսակապ չկար, տատիկս մահացել էր, ու հայրս պետք է հրաժեշտ տար մորը պայթող արկերի ձայների տակ…

Արցախում անցկացրած կյանքի տարիները Մարինա Գալստյանը համարում է ամենալավը.

Ես այնտեղ այնքան լավ էի զգում, մթնոլորտը, բնությունը, օդը, ջուրը, իմ երջանիկ տարիներն այնտեղ եմ անցկացրել: Դա աննկարագրելի զգացում է: Առանց արտասվելու չեմ կարողանում ասել` ափսոսում եմ մեր հերոսներին և մեր հողը: Ես մինչև այսօր տան համար չեմ ափսոսում, այլ Իգորի (ամուսնու) համար… Ինչքան ասում եմ չարտասվեմ` չեմ  կարողանում…

Իգոր Գալստյանը 27 տարվա սպա էր: Մասնակցել է բոլոր պատերազմներին և զոհվել 2023թ. սեպտեմբերի 20-ին: Նա չէր սիրում, երբ բանակից հարցեր էի տալիս: Գիտեր, որ վախկոտ եմ: Երեխաներն, ինչպես միշտ, ամեն օր դպրոց էին գնում: Սեպտեմբերի 19-ին երեխաներին իջեցրին նկուղ: Երբ մտանք տուն, դուստրս` Էլինան զանգեց Իգորին: Մի քանի վայրկյան հետը խոսեցինք ու վերջին անգամ տեսանք ժպիտը, հպարտ հայացքը: Էլինան ասում էր` պապ, շատ եմ կարոտում, ուզում եմ քեզ տեսնել: Անմիջապես իջանք նկուղ: Այն իջնելն է, որ իջանք:

Ես միշտ ասում եմ, որ սեպտեմբերի 19 ահավոր էր: Չկար հեռախոսակապ, լարված էինք ահավոր: Տեղս չէի գտնում: Ամբողջ գիշեր խաչս բռնած աղոթում էի: Կեսգիշերն անց տղամարդիկ գալիս էին: Հարցնում էի` Իգորին չեք տեսել… Ինձ ասում են, որ պիտի հպարտանամ, որ հերոս ամուսին ունեմ, բայց ով գիտի հերոսի երեխաների տեղը… Շատերն ասում են` այդպես մի’ ասա, պայքարել է հանուն երեխաների, հանուն հայրենիքի… Լույսը բացվեց, դուրս եկանք: Վլադիմիրին` ավագ որդուս, ուղարկեցինք զորամաս, ու մեզ ասացին, որ վիրավոր է: Այնտեղ երկու ցուցակ կար, մեկը` մահացածների, մեկը` վիրավորների: Բժիշկն իմացել էր, որ մահացել է, բայց չի կարողացել ասել…Հարևանիս մի կողմ է քաշել  ու ասել…

Կատաղի, անհավասար մարտերում զոհվեց…Վերև` Աստված, իսկ ներքևում մեղավորները: Այս անգամ բոլորս ծուղակում էինք:

Այն, որ նրա մարմինը կարողացանք բերել, մի քիչ մխիթարություն էր:  Տնային իրերից բացարձակ ոչ մի բան չէի ուզում վերցնել` միայն նկարներ, փաստաթղթեր, մտածում էի` մենակ երեխաներիս կարողանամ հանել: Հակարին անցնելիս այնքան լացեցի, ես ուշքի չեմ գալիս…Ինչպես կարելի է այդպիսի հողը նվիրել…

2020թ. մենք Երևանում էինք, Իգորն` առաջնամասում: Ասում էի` երեք երեխա ունես, որտեղ գնանք, ինչ անենք:  Պատասխանում էր` եթե դու երեքն ունես, ես տես քանիսը ունեմ…Խուճապի չէր մատնվում: Չէր վախենում ոչնչից»:

2020 թ-ից հետո Իգորը Մարինային խորհուրդ տվեց մնալ Երևանում` Վլադիմիրի երաժշտական ունակություններն ավելի զարգացնելու համար: Վլադիմիրի` դաշնամուրի հանդեպ սերն անսպառ է:  Երազում էր որդուն մի օր տեսնել մեծ բեմերում: Կարոտը ստիպեց վերադառնալ Արցախ և անցնել առօրյա կյանքին` լուսավոր ապագայի տեսլականով. Արցախում տարբերվող սովորություններ ունեինք: Օրինակ` հարևաններով հավաքվում էինք բակում, ինքնաեռով թեյ պատրաստում: Վովան նվագում էր:

Դեկտեմբերին Վլադիմիրը գալիս է Եվրոտեսիլը դիտելու, ճամփան փակվում է, և նա մնում է Երևանում։

Շրջափակման դժվարությունները  հաղթահարել ենք: Այն մեզ տան կին է դարձրել ամեն իմաստով: Լվացքի փոշի էինք պատրաստում, կոնֆետներ, փոխանակումներ էինք անում: Իգորը նույնիսկ ծաղիկներ էր մի ձև բերել տալիս` ինձ նվիրելու համար: Հացի խնդիր կար: Վերջին ամիսներին հերթում կանգնում էի, դուստրս գրկիս քնում էր: Երջանիկ էինք մեր տանը, մեր հողում: Աշխարհը քնած էր, իսկ մենք տառապում էինք` մեծից փոքր: Լսում էինք, որ ինչ-որ բան են ծախում, ու վազում էինք վերցնելու: Հաց առնելիս ես մեր օրերն եմ հիշում, թե ինչպես էինք հայթայթում: Ասում էր` Մարին, նեղվում եմ, որ հերթ ես կանգնում: Ասում էի` Իգոր, հավեսա, հարևաններով կանգնում էինք: Այնքան հետաքրքիր էր, անքուն էինք մնում, բայց այն փաստը, որ  մեր տղաները ողջ էին, մեր տեղերում էինք, ստիպում էր ապրել: Ուտելիք, տուն տեղ, դա երկրորդական է: Չես հարմարվում մարդկային կորուստների հետ…:

Ներկայումս Վլադիմիրը շարունակում է զբաղվել երաժշտությամբ: Կատարելագործվելով քայլ առ քայլ ` նա ավելի մոտիկ է զգում հայրիկին և ծննդավայրին: Երաժշտությունն այն փրկօղակն է, որը 15-ամյա պատանուն օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը:

Տաթև Ազիզյան

Ի՞նչ նկատի ունի Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության տակ

Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ստորև՝ հատված հարցազրույցից.

“Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այն էր, որ չէին զգում անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետ։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ «Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը», – ասել է դեսպանը։

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք արցախահայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենան, որպեսզի ապահովվի այդ անվտանգությունը:

Սոբհանի. – Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն այդ մասին։ Եկեք մենք և Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարեն։ Թե դա ինչպես պետք է սկսվի, դա երկու կողմերի համաձայնության հարց է։ Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը և նրանց իրավունքներին հասնելը։

Իրանը ինչպե՞ս է ընկալում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, եթե Բաքուն, օրինակ, պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշմանն, այդպիսով “հաստատելով”, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը նաեւ Արցախն է ներառում։  Թեհրանը դա՞ նկատի ունի, ասելով, որ ամբողջականությունը պետք է պահպանվի, եւ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա իրենց տները։ 

 

Հայությանը պատկան բնական ռեսուրսները թե՛ Ապշերոնում, թե՛ Գարդմանքում, թե Նախիջևանում, հիմա էլ արդեն Արցախում յուրացրել է Բաքուն

Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

 -Տիկի՛ն Ավագյան, կա մտավախություն, որ Ադրբեջանն առիթն օգտագործելու է և COP29-ը ուղղելու է Հայաստանի դեմ։ Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում, հատկապես որ պարբերաբար Բաքվից հնչում են մեղադրանքներ, թե իբր Հայաստանը էկոլոգիական խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում։

-Այո՛, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի դեմ՝ բոլոր ուղղություններով, նաև էկոլոգիական։ Դրա ավտորիտար առաջնորդը խնդիր է դրել Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակներում նսեմացնել ու ներկայացնել Հայաստանը որպես էկոլոգիական խնդիրներ ստեղծող երկիր, ու սա էլ Հայաստանի չեզոքացման  թուրքական ծրագրի մաս է։ Անցած տարի էր, որ Ադրբեջանի առաջնորդը նախահարձակ գնաց անխտիր բոլոր տեսակի քայլերի՝ ընդհուպ հրահանգեց կրակել Երասխում մետալուրգիական գործարանը կառուցող բանվորների վրա, իրենց զինված ագրեսիան հիմնավորելով կառուցվելիք մետալուրգիական գործարանը Նախիջևանի սահմանի մոտ գտնվելու հանգամանքով և իբրև  «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայով (Էսպոյի կոնվենցիա), մեջ բերեց Կոնվենցիայի 3.1 հոդվածի՝ «Հայաստանը պարտավոր էր Ադրբեջանին տեղեկացնել շրջակա միջավայրի վրա նշյալ գործունեության ազդեցության մասին» 3.7 կետը, որով Ադրբեջանը պահանջում էր տեղեկատվություն նախագծի անդրսահմանային բացասական ազդեցության քննարկման համար։ Արդյունքում՝ հայկական կողմը որոշեց Արարատ գյուղում կառուցել պողպատի գործարանը, հայկական կողմը տեղի տվեց: Հիմա հարց. հայկական կողմը չէր կարո՞ղ կանխատեսել նման ելքը և ի սկզբանե Երասխում չպլանավորել կառուցումը։ Մի՞թե սա վնասարար կարճատեսություն չէ Հայաստանի կողմից։

Ավտորիտար, արմենոֆոբիայի մեջ խեղդվող Բաքուն կազմել է Հայաստանի այսպես կոչված «էկոլոգիական քարտեզը», որը, անկասկած է, դարձնելու է COP29-ի հիմնական իր թեման։ Ես որևէ ձևով չեմ արդարացնում COP29-ից ի օգուտ ցեղասպան Ադրբեջանի հրաժարվելու Հայաստանի քայլը։ Դրանով Հայաստանը Ադրբեջանին կրկին զիջեց ահռելի ռեսուրսներ։ Այդ միջոցառմանը սովորաբար այցելում են մինչև 80-100 հազար մարդ աշխարհի տարբեր անկյուններից։ Բաքուն ինքնագովազդի, ինքնահաստատման, աշխարհին ներկայանալու, ներդրումների, զբոսաշրջության մեծ պոտենցիալ նվեր ստացավ Հայաստանից, ու այդ հանգամանքն էլ լկտիացնում է դրան ու դրա մինչև արմունկները արնաթաթախ առաջնորդին։ COP29-ը Ադրբեջանը կօգտագործի Հայաստանին հերթական «շրջափակման» մեջ մտցնելու համար, տնտեսապես չեզոքացնելով՝ ներուժի թուլացման նկատառումներով, ներկայացնելով Հայաստանին ոչ օգտակար գործընկերոջ։

Ու նաև մի կարևոր հանգամանք՝ Բաքուն ստացավ ևս մի լրացուցիչ հնար աշխարհի ուշադրությունը շեղելու Արցախի ու արցախահայերի խնդրից։ Հայաստանը արդեն հիմա պետք է ձեռնարկի հակահարձակման քայլեր, նաև նախահարձակ լինի։ Մի կողմից Հայաստանը պարտավոր է անցնել արդեն ինքնապաշտպանական դիրքի, մյուս կողմից էլ աշխարհին համարձակ ցուցադրել, թե բնությունը կողոպտած Բաքուն ինչ էկոլոգիական խնդիրների է հանգեցրել, հասցնելով ավերել թե՛ նավթակիր Ապշերոնը, թե՛ Կասպիցի ջրերը, թե՛ Արցախի անտառներն ու բնությունը։ Ակնհայտ է, որ պետք է բարձրաձայնել բնական ռեսուրսների կողոպուտի մասին, երբ տարածաշրջանի բնիկ, ավտոխտոն ժողովրդներին քշելով, ցեղասպանելով կամ էլ առնվազն ճնշելով, հափշտակել և  յուրացրել են նրանց պատկանող բնական ռեսուրսները ու զրկել նրանց բաժին ռեսուրսից։ Հայությանը պատկան բնական ռեսուրսները թե՛ Ապշերոնում, թե՛ Գարդմանքում, թե՛ Նախիջևանում, հիմա էլ արդեն Արցախում յուրացրել է Բաքուն։ Որքան էլ ցինիկաբար շրջանցի միջազգային օրենքը, միևնույն է՝ Բաքվից միջազգային դատարանով պետք է պահանջել գոնե Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 հազար փախստականների ու նրանց ժառանգներին հասանելիք բաժինը, նաև Արցախին տված վնասների փոխհատուցման հարցը պետք է առաջ տանել։ Սրա մասին տասնամյակներ ենք խոսել, սակայն հայկական իշխանությունները ոչ մի քայլ էլ չեն ձեռնարկել, ամեն ինչ ավարտվել է նեղանձնային շահերի սպասարկումով և ինքնագովազդով, պարզապես անկարող են ու կախյալ, մինչ օրս էլ արտաքին կառավարման տակ ընդառաջում են ցեղասպան թրքական միավորին ու կասկածի տակ դնում հայության գոյությունը ։

-Տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը ծրագրում է Նախիջեւանում կառուցել վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն: Սա ի՞նչ է նշանակում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

-Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ պոլիգոնը կզբաղեցնի 9 հա Նախիջևանի Քենգերլի շրջանի Բեյուքդյուզ գյուղի տարածքում, այդ շրջանը հարավում հարում է Իրանին, հյուսիսում՝ Հայաստանին։ Ու սրան հետևում են մի շարք հարցեր։ Վտանգավոր թափոնները որո՞նք են այս դեպքում, որտեղի՞ց, ո՞ր երկրից, ինչպե՞ս է տեղափոխվելու տվյալ վայր, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում այդ վայրը սահմանակից երկու պետություններից։

Որքանո՞վ է հավանական, որ կոռումպացված, ցինիկ ու միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի, ասենք, վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային, ՄԱԿ-ի համակարգի մեջ ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և այլն։

Հիշենք, որ երբևէ ավտորիտար, քսենոֆոբիայով տառապող, կոռուպցիայի մեջ խրված պետությունը չի կարող վարել նորարարական տեխնոլոգիաներով գործունեություն, դա անհնար է, այստեղից էլ հետևում է, որ Ադրբեջանը արհամարհական կշրջանցի բոլոր այդ կոնվենցիաները և պոլիգոնում կվարի իրեն հարիր ու բնորոշ կողոպտիչ և վայրագ գործունեություն, ինչը կստեղծի տեխնածին սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։ Հավանական է, որ դա Թուրքիայի ծրագիրն է, հիմնական թափոնները կլինեն դրա ատոմակայանի վտանգավոր թափոնները, կախյալ վասալական Ադրբեջանի հայկական տարածքը Թուրքիայի համար վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն կծառայի, ու կոռուպցիայի պարագայում՝ ռիսկերը տարատեսակ վթարների ու աղետների համար շատ մեծ են։ Իհարկե, խոսքը նաև հայապատկան Նախիջևանի էկոլոգիայի մասին է, որքա՞ն խորը այն կապականեն։

Ընդգծենք, որ նման պոլիգոնը կծառայի նաև «կեղտոտ միջուկային զենք»-ի համար, այդ դեպքում ու՞մ դեմ։

-Բաքվի այս գործողությունների դեմ պայքարելու համար ի՞նչ աշխատանք պետք է տանի Հայաստանը՝ մասնագիտական խմբեր ներգրավելով, նաեւ համագործակցելով միջազգային կառույցների հետ։

-Պետությունը պարտավոր է ներգրավել մասնագիտական խմբերի, փորձագետների։ Ընդունված ձևաչափը, երբ կադրային քաղաքականության հիմքում բացառապես ժողովրդական լեզվով ասած՝ խծբ-ն է (խնամի, ծանոթ, բարեկամ), դարձել է կործանարար։ Թող իշխանամոտ սատելիտները սրընթաց դեպի մեզ եկող սպառնալիքը չընկալեն սեփական բարեկեցության ապահովման ևս մի հնարավորություն, երբ որքան վատ է երկրին, այնքան բարեբեր է դրանց համար։

Պետությունը, քաղաքական իշխանությունները, համագործակցելով հանրային դաշտի հետ, պետք է վարեն հեռատես քաղաքականություն, մեծագույն կենտրոնացումով ուժերի և մտքերի, ներգրավելով Սփյուռքի ներուժը։ Հապաղելու ժամանակ չունենք, թեև իշխանությունների պահվածքից էլ չի երևում, որ իրենք կարողացել են օբյեկտիվ հաշվարկել ռիսկերը ու հիմա պատրաստ են որևէ գործնական արդյունավետ քայլի։

Ռոզա Հովհաննիսյան

Հայ-ռուսական ապահարզանի սուտը․ միակ հակառուսական ակտը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Որպես օրինակ նա հիշեցրել է Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։

Թերթը այս օրինակով ի ցույց է դնում հայ-ռուսական ապահարզանի ամբողջ սուտը։

Բացի այդ, վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։ 16.3 մլրդ դոլար առեւտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի եւ այլն ռուսական ընկերություններինն են։

Երեւանն ու Մոսկվան արդեն քանի տարի է խաղում են “милые бранятся только тешатся” կրկեսը, որը թույլ է տալիս հայաստանյան կառավարությանը ստանալ Արեւմուտքի աջակցությունը ռուս-թուրքական պլաններին, իսկ Մոսկվային՝ բարդել Հայաստանի լուծարման մեղքը “արեւմտամետ” Փաշինյանի վրա։ Արեւմուտքը նույն կրկեսում խաղում է Կարաբասի դերը։

Եթե Երեւանն ու Արեւմուտքն իրոք ուզենան, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից, նրանք կպնդեն հայկական միակ իրավական ակտը եւ արարքը, որը արվել է հակառակ Ռուսաստանի եւ որը Մոսկվան 30 տարի քողարկում է։ Խոսքը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշման մասին է։ Դա ռուս-թուրքական տիրապետությունից դորս գալու առաջին եւ վերջին քայլն էր։ Մինչ հիմա ՀՀ իշխանությունները վարում են ռուսական գիծը, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետության լուծարումը։

Ռուսաստանը իր կողմից աջակցում է ՀՀ կառավարության խաղին, “մտահոգություն” հայտնելով, որ “ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին կարող է մշտական ​​դառնալ Հայաստանի հավանությամբ /ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզին/։ Նա նշել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երեւանի եւ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։

Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչ վերաբերում է Երեւանում Ռուսաստանի դեսպանին, Սերգեյ Կոպիրկինը շարունակում է իր աշխատանքը։ Նրա աշխատանքի արդյունավետությունն ու արդյունավետությունը կասկածից վեր են»,- ընդգծել է նա։

Դե, իհարկե, ռուս դեսպանը այնքան հմուտ է, որ 2020 թ․ պատերազմից մի քանի ամիս անց Հայաստանում կարողացել է խորհրդարան ձեւավորել, որը մինչ օրս կոչվում է “կոպիրկինյան”։

 

ՌԴ-ում անօրինական միգրանտներին կարգելվի աշխատել որպես առաքիչ և տաքսու վարորդ

Ռուսաստանի իշխանությունները կարգելեն տաքսիների և առաքման ագրեգատորներին պատվերներ տալ միգրանտներին՝ առանց Ռուսաստանում աշխատելու թույլտվության։ Հարթակները պետք է ինքնուրույն վերահսկեն իրենց օգտատերերի կողմից միգրացիոն օրենքների պահպանումը: Դա բխում է հարթակային զբաղվածության մասին օրինագծի նոր տարբերակից, որին ծանոթացել է «Վեդոմոստին»:

Փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Իսաևի խոսքով, օրինագծի հայեցակարգը հավանություն է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում Մեդվեդևը հանձնարարել է օրինագիծը ներկայացնել Պետդումա՝ նշելով, որ սա ոլորտի կարգավորման միայն սկիզբն է, և փաստաթուղթը կկատարելագործվի հարթակային զբաղվածության զարգացմանը զուգընթաց։ Ակնկալվում է, որ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մարտի 1-ից։