Forrights. Ինչպես փրկվեց Ստեփանակերտի մանկատունը

Forrights

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ծանր իրավիճակում էին հայտնվել, հատկապես Ստեփանակերտի մանկատան սաներն ու աշխատակիցները։

Զոյա Հարությունյանը շուրջ 15 տարի որպես դաստիարակ աշխատում էր մանկատանը և սեպտեմբերի 19-26 պատասխանատվություն ստանձնեց անասելի այդ դժվարին պայմաններում պաշտպանել ու հոգ տանել ծնողազուրկ և սահմանափակ կարողություններով որբ երեխաներին՝ կազմակերպելով նրանց տարհանումը։

«2023թ. սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը ժողով է հրավիրում  աշխատակիցների հետ և առանց կամքս հաշվի առնելու՝ ինձ նշանակում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ իր ասելով՝ ինքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով պիտի մեկնի ՀՀ։ Ես դեմ էի այդ որոշմանը հատկապես ուսումնական տարվա մեկնարկին, որովհետև դաստիարակի և տնօրենի պարտականությունները միասին մեծ պատասխանատվություն և դժվարություններ էին ենթադրում։ Ժողովի ժամանակ տնօրենը տեղեկացրեց նաև, որ թողնում է 5 լիտր բենզին՝ Աստված մի արասցե պատերազմ սկսվելու դեպքում խիստ անհրաժեշտ խնդիրները լուծելու համար»,-ներկայացրեց Զ. Հարությունյանը։

Մանկատանը (Ստեփանակերտում գիշերօթիկ հաստատություն  էր անվանվում) պետության հոգածության ներքո էին մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած 14 երեխա։ Նրանց հետ երեք հերթափոխով աշխատում էին 3-ական դաստիարակ, դայակ, բուժքույր ու մեկ հոգեբան։ Ամեն առավոտ բուժքույրն ու դայակը կոկիկ,  խնամված երեխաներին ուղարկում էին Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցը, որը մոտ էր հաստատությանը։ Գիշերօթիկի դաստիարակներն ու դպրոցի ուսուցիչները մշտական կապի մեջ էին միմյանց հետ, քանի որ երեխաների մեծամասնությունը սահմանափակ կարողություններով էին։

Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, մանկատան աշխատակիցները սովորության համաձայն երեխաներին ուղարկեցին դպրոց, իսկ  ժամը 13։00-ի սահմաններում երկինքը դղրդաց թշնամու ռազմական գործողությունների ուժեղ ձայներից։ «Բոլորս շոկի մեջ էինք, առաջին զանգս մեր վարորդին էր ուղղված, որ գար և մեր սաներին ավտոմեքենայով տեղափոխեր 9-րդ դպրոցի ապաստարան։ Վարորդն ասաց, որ ո՛չ մեքենա կա, ո՛չ էլ վառելիք։ Քանի որ մեր հաստատությունում խնամվում էին  նաև մանկահասակ երեխաներ, որոնցից ամենափոքրը 8- ամսական էր, պետք է անհապաղ մի բան ձեռնարկեինք։ Հերթափոխի մեր վարորդներից մեկի անձնական ավտոմեքենայով՝ չընդհատվող կրակոցների և ուժեղ դղրդյունների տակ, տարակուսած ու սարսափած մանկահասակ երեխաներին շուտափույթ տեղափոխեցինք 9-րդ դպրոցի ապաստարանը,  փորձեցինք երեխաներին հանգստացնել, որովհետև հոգեբանական ահավոր վիճակում էին»,-պատերազմի առաջին ժամերի իրենց ապրումների մասին հուզմունքով կիսվեց Գիշերօթիկի տնօրենի պաշտոնակատարը։

Ապա Զոյա Հարությունյանն ու մանկատան մեկ այլ աշխատակից՝ Կարինեն, ռմբակոծությունների տակ երեխաների համար փորձեցին սնունդ  ու անկողին գտնել՝ գիշերն ապաստարանում լուսացնելու համար։  Այդ ընթացքում, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հնարավորություն չուներ զանգելու իր ընտանիքի անդամներին, կապ չկար, ոչ էլ տուն այցելելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ պահակներից մեկն ապրում էր Գիշերօթիկի մոտ։ Նրան խնդրեց, որ գա օգնելու երեխաների անկողինն ու այլ անհրաժեշտ պարագաները սայլակով հասցնեն ապաստարան։ Քանի որ մանկատունը մոտ էր Կրկժան թաղամասին, որն էլ անմիջապես Շուշիի կողմից թշնամու ռազմական գործողությունների թիրախում էր, ուստի տեղի բնակչությունը հայտնվել էր պատերազմի կիզակետում։

«Պահակի և մեր հերթափոխի աշխատակիցների հետ արկերի, հրթիռների, ռումբերի, պայթյունների  ներքո մի կերպ կարողացանք այդ ամենը կազմակերպել ու հասցնել դպրոցի նկուղային տարածք։ Քանի որ դպրոցի ապաստարանը մայրաքաղաքի  այդ թաղամասում միակն էր, ուստի այնտեղ այնքան մարդ էր պատսպարվել, որ անգամ նստելու տեղ չկար։ Մարդկանց մի մասը կանգնում էին, մյուսները՝ հերթով նստում ու այդպես ամբողջ գիշեր։ Դրան զուգահեռ վախի ու անորոշության մթնոլորտ էր տիրում․ մեկը լացում էր, մյուսը գոռում էր, մեկ ուրիշին էլ որդու զոհվելու լուրն են հայտնել։ Այդ պայմաններում սարսափած երեխաներին հնարավորինս հանդարտեցրինք, տեղավորեցինք, կերակրեցինք։ Սեպտեմբերի 20-ի լույսը բացվելուն պես վազեցի մեր տուն՝ տեսակցելու ընտանիքիս  անդամներին, այնուհետև միասին տեղափոխվեցինք ապաստարան»,-պատմում է մեր զրուցակիցը։

Վերադառնալով ապաստարան՝ նրանք անակնկալի են գալիս։ «Շենքը շրջապատված էր դիմակավորված հատուկ ջոկատայիններով, իսկ բնակիչներն էլ լքել էին տարածքը։ Ապաստարանում մնացել էին ընտանիքիս անդամներն ու մանկատան մեր սաները։ Զինյալներն ասացին, որ ադրբեջանցի զինվորներն արդեն Ստեփանակերտի մատույցներում են։ Պետք էր շտապ լքել ապաստարանը և մեկնել Իվանյանի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների մոտ։ Մանկատան մեր սաները խիստ վախեցած,  շոկի, սթրեսային վիճակում էին։ Անմիջապես երեխաներին նստեցրինք ամուսնուս ու աղջկաս ավտոմեքենաները, որ ճանապարհվենք դեպի օդանավակայան,-ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մարդիկ կային, որոնք վստահեցնում էին, որ ժամը 12։00-ին հրադադար է լինելու և կարիք չկա օդանավակայան ուղևորվելու։ Մանկատան երեխաների մի մասին օդանավակայանից մեծ դժվարություններով տեղափոխում են Ստեփանակերտ և ապաստանում հիվանդանոցի նկուղում։ Նրանք տեղափոխվում են այդտեղ և հրադադարի լուրը հաստատվելուց հետո ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ուղարկում է «գազել» մակնիշի մեքենա, որ երեխաները  հիվանդանոցի նկուղից հասնեն հաստատություն, սակայն հաստատության տարածքից արդեն երևում էին շրջակա բլուրներում դիրքավորված ադրբեջանական դիպուկահարներ։

«Այդ պահին Աստված մեզ երկնային ուժ տվեց, որ չվախենանք, որովհետև որբ երեխաները մեր աչքերի մեջ էին նայում։ Մենք հայտնվել էին թշնամու ուղիղ նշանառության տակ։ Մեր աշխատակիցների մի մասը երեխաներին պահում էին շենքի որոշ չափով ապահով մասում, իսկ մյուսների հետ վառարանի վրա ճաշ էինք պատրաստում, որ երեխաները սոված չմնան։ Այդ գիշերն էլ նստած անցկացրինք՝ համարյա չքնելով, բայց կարողացանք հաց թխել։ Առավոտյան երեխաներին նախաճաշ տալու ընթացքում լսվեցին կրակոցներ. պարզվեց Կրկժանի թաղամասում մարտեր են ընթանում։ Կրակոցների տակ երեխաներին տեղավորեցինք մեքենաներում, որ հեռանանք, իսկ ես՝ ի դեմս վախեցած երեխաների գոռում-գոչյունների, որ չգնամ՝ հետ վազեցի՝ գիշերվա ընթացքում թխված հացերը վերցնելու համար։ Հացերը գրկած բոլորս խցկվեցինք ավտոմեքենաներ և ուղևորվեցինք դեպի քաղաքապետարան։ Ամենուր խառնաշփոթ էր։ Մեր աշխատակիցները փոքր երեխաներին գրկներին մնացին կանգնած քաղաքապետարանի դիմաց, իսկ ես փորձում էի գտնել պետական կառույցների պատասխանատուներին՝ երեխաների տեղավորման խնդիրը լուծելու համար»,- արցունքն աչքերին պատմում է Զոյան։։

Որոշ ժամանակ անց երեխաներին տեղափոխեցին  քաղաքապետարանի նկուղային մի սենյակ։ Քաոսային այդ վիճակում անհրաժեշտ էր նաև Գիշերօթիկից վերցնել կարևոր փաստաթղթեր։

«Արդեն մթնում էր. ադրբեջանցիները Կրկժանի տարածքում էին։ Առանց ընտանիքիս տեղեկացնելու Հայկի և մեր տնտեսվար Կարինեի հետ ավտոմեքենայով զգուշորեն մոտեցանք մեր հաստատությանը։ Հեռախոսի լույսը երիտասարդից հեռացրի, որովհետև դիպուկահարները հետևում էին. ասացի, որ ինքը ջահել է ու եթե մի բան լինի՝ թող ինձ հետ պատահի»,-արտասվելով պատմեց տիկին Զոյան։ Ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ՝ կյանքի գնով,  նրանց հաջողվում է վերցնել համապատասխան փաստաթղթերը, երեխաների մկրտության ոսկե խաչերը։

Պատերազմի այդ օրերին երեխաների համար սնունդ հայթայթելն ու պատրաստելը  խնդիր էր, հատկապես գազի ու էլեկտրական հոսանքի իսպառ բացակայության պայմաններում։ Ինչպես տեղեկացրեց զրուցակիցս, ամենափոքր՝ 8 ամսական երեխայի մանկական կերը ստիպված հում սառած ջրով էին պատրաստում                                          

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Գիշերօթիկի տնօրենի պաշտոնակատարին տեղեկացնում են, որ երեխաներին հատկացվել է ավտոբուս և նրանց հաջորդ օրը պետք է տարհանեն Հայաստան։ Նույն գիշեր Զ. Հարությունյանը, դայակ Ռենան, որը պահում էր 8 ամսական երեխային, ֆիզհրահանգիչ Հասմիկը մնացին երեխաների հետ. վառարանի վրա հաց թխեցին, կարտոֆիլ եփեցին, որ երկար ու դժվար ճանապարհին առանց ծնողական խնամքի մնացած երեխաները սոված չմնան։

Սեպտեմբերի 26-ին  ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու մեկ դայակի ընտանիքների ուղեկցությամբ մանկատան սաներն ավտոբուսով տեղափոխվեցին ՀՀ Կապան քաղաք, իսկ Զ. Հարությունյանը միացավ իր ընտանիքին և տեղահանվեց  սեպտեմբերի 27-28-ին։

Մեր զրուցակիցը բռնի տեղահանության դժոխային ճանապարհն անցնելու ընթացքում և հիմա մշտական կապի մեջ է երեխաների ու ՀՀ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենության հետ։

ՀԳ  Կենտրոնի տնօրեն՝ տիկին Ռուզաննայից ճշտեցինք Ստեփանակերտի գիշերօթիկի երեխաների խնամքի ներկայիս պայմանների  մասին։ «Այստեղ են տեղափոխվել բռնի տեղահանված արցախցի 10 բալիկները (մնացած 4-ի ծնողները տեղահանությունից հետո տարել են իրենց երեխաներին), որոնք կեցության ապահով պայմաններում ստանում են մասնագիտական անհրաժեշտ  աջակցություն։ Այս ընթացքում հանդիպել ենք մյուս ծնողների հետ,  կազմակերպել տեսակցություններ։ Աշխատանքներ ենք տանում, որ երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքներին»,-տեղեկացրեց Կենտրոնի պատասխանատուն։ Նրա հետ ունեցած զրույցից պարզվեց, որ նշյալ հաստատությունում բժշկի հսկողության ներքո միասին խնամվում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ։ Նա հավաստիացրեց, որ հոգեկան առողջության խնդիրներով երեխաները չեն խաթարում մյուսների  կենսակերպը։

Զառա Մայիլյան

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա առաջին 5 տարին լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։ Նշենք, որ դատախազը 17 տարվա ազատազրկում էր պահանջել։

Հիշեցնենք` 2023–ի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։

Արցախցիների թոշակի հարցը․ կենսագրությունը ջնջվո՞ւմ է

Բազմաթիվ արցախցիներ, թոշակի անցնելիս, ՀՀ-ում բախվում են խնդիրների: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, պարզվում է, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես՝ կենսաթոշակ նշանակելիս, չի հաշվարկվում 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը։ Համապատասխան բազաները բացակայում են, իսկ պատկան մարմիններն աշխատանքային ստաժի վերականգնումը տեսնում են դատական ճանապարհով։

Արցախցի Սամվել Սարաջյանի աշխատանքային 45 տարվա ստաժը Հայաստանում չեն հաշվում։ Բռնի տեղահանությունից հետո Հայաստանում լրացել է 63 տարեկանը, կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, պարզվել է՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի։ Նմանատիպ և այլ խնդիրների են բախվում բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ։

Արցախի տեղահանումից հետո Հայաստանում փաստաթղթային իսկական խառնաշփոթ են սարքել․ թոշակառուների “կենսագրությունը” պահպանվել է, բոլոր տվյալները ընդունվել են որպես վստահելի, սակայն նոր թոշակի անցնող մարդկանց տվյալները, նույնիսկ աշխատանքային գրքույկի առկայությունը, չի ընդունվում։ Դեռ Արցախում ստացած ID-ները գործում են, իսկ Հայաստանում նույնիսկ քաղաքացիություն ստացած արցախցիներին ID չեն տրամադրում։ Մինչ անցած տարի ստացած արցախցիների գույքային իրավունքը Հայաստանում  պահպանվում է, բայց նոր գույքային իրավունք չի ստացվում ստանալ։ 

Անձնագրերի եւ այլի մասին առհասարակ չենք խոսում․ կառավարությունն այդպես էլ չի ներկայացրել որեւէ հայեցակարգ, որտեղ ամրագրված կլինի ՀՀ-ում արցախցիների կարգավիճակի հանդեպ երկարաժամկետ մոտեցումը։ Նույիսկ ՀՀ քաղաքացիություն երկրորդ անգամ ստանալը չի ապահովում “կենսագրության” պահպանումը։  

Էրդողանը հնչեցրել է պայմանը՝ Զանգեզուրի միջանցք. վախկոտ Երևանը լռում է

Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից երկու օր անց ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն հայտնել Միրզոյան-Բայրամով-Բլինքեն բանակցությունների մանրամասները։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, սակայն Սարգիս Խանդանյանը նախընտրեց չխոսել կոնկրետ պայմանավորվածությունների մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանը լրացուցիչ պայման է առաջ քաշում, իբր Հայաստանի Սահմանադրության մասին. Խանդանյանն ասում է, որ Բաքուն այդքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր կնքելուն:

Սակայն, ըստ երեւույթին, Սահմանադրության պահանջն ընդամենը քողարկում է։ Իրական պահանջը հնչեցրել է Էրդողանը Վաշինգտոնում հանդիպումներից հետո, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է «խաղաղության պայմանագրի» վերջին ակտը։

Արդյո՞ք այս հարցը քննարկվել է Վաշինգտոնում: Ինչպե՞ս են այդ պահանջին վերաբերվում ԱՄՆ եւ Ֆրանսիան։ Արդյո՞ք Հայաստանը համաձա՞յն է։ Դատելով Էրդողանի վստահ տոնից՝ «առաջընթաց կա»։

Սարգիս Խանդանյանը չհաստատեց՝ հնարավո՞ր է պայմանավորվել Հայաստանի համար առանցքային հարցի շուրջ՝ ենթակառուցվածքների բացում ինքնիշխանության փոխադարձ հարգանքով։

Ադրբեջանը պահանջում է Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցել առանց մաքսային հսկողության, իսկ Հայաստանը դեմ է, հաստատելով, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը։ «Այս փուլում շրջափակման վերացման մասին շատ հանրային խոսակցություն կարծես թե չկա, բայց թեման շարունակում է քննարկվել բանակցություններում։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, իսկ հետո այդ մանրամասների կարգավորումը։ Բայց սա շատ կարևոր խնդիր է, քանի որ փակ սահմաններով ու ճանապարհներով անհնար է պատկերացնել կայունություն և խաղաղություն»,- խոստովանեց Խանդանյանը։

«Թուրքիան հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտին»,- ասել է Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Անկարան հավատարիմ է Երեւանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը եւս աջակցում է «հակամարտությունը կարգավորելու դրական միջոցներին»։

Էրդողանը չի բացառել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։

«Ինչու՞ չդիտարկել այս [սահմանի բացման] հարցը։ Ավելի վաղ Փաշինյանին ամեն ինչ ասել էինք այս մասին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հուսով ենք, որ շուտով տեւական խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ ընդունվեն առանց հապաղելու», – ասել է Էրդողանը:

Երևանը դեռ չի հերքել, որ Վաշինգտոնում խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սա վկայում է այն մասին, որ նման խոսակցություն եղել է, և դատելով այն բանից, թե ինչպես են արևմտյան առաջնորդները պնդում «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրումը, Հայաստանը ընդունել է բոլոր պայմանները։

Մեկ տարի առաջ հայկական նորաթուխ վախկոտ «էլիտան» հայտարարեց, որ եթե Հայաստանը միջամտի Բերձորի միջանցքի եւ Արցախի ապաշրջափակման հարցին, ապա Բաքուն կբարձրացնի Զանգեզուրի միջանցքի հարցը։ Հիմա նույն վերնախավը վախկոտորեն կհայտարարի, որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, Բաքուն կպահանջի Կոնդը, որն, ի դեպ, արդեն իսկ պատրաստվում է փոխանցման։

Թաթարստանում մեկնարկել է «Ընկերոջդ բեր զինկոմիսարիատ» արշավը

Թաթարստանի բնակիչներին խոստացել են վճարել 100 հազար ռուբլի՝ ընկերներին պայմանագրային ծառայության հրավիրելու համար, ինչպես հաղորդում է «Թաթարստանի հերոսները» կայքը։

Վճարման համար կարող են դիմել ընկերները, հարազատները, ծանոթները, զինկոմիսարիատների, վարչակազմերի, տարածքային բաժինների և կառույցների աշխատակիցները։ Սակայն դատապարտյալներին, հետաքննության տակ գտնվող անձանց և Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցող կամավորներին պայմանագրով ծառայության հրավիրել չի թույլատրվում։

Նշվում է, որ խոստացված գումարը կազմում է 100 հազար ռուբլի, ներառյալ անձնական եկամտահարկը։ Վճարը վճարվում է պայմանագրային ծառայության հրավիրված յուրաքանչյուր թեկնածուի համար: Այս մասին հայտնում է РБК-ն։

COP-29 համաժողովը Բաքվում. աշխարհը սատարում է «էկոլոգիապես մաքուր» ցեղասպանությանը

Հայաստանում քաղաքագետներն ու վերլուծաբաններն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Ադրբեջանը մինչև նոյեմբեր, այսինքն՝ մինչև Բաքվում COP-29 համաժողովի անցկացումը, չի սրի իրավիճակը և ռազմական գործողություններ չի սկսի, քանի որ պետք է «ժողովրդավարի դեմքը պահի» բազմաթիվ հյուրերի առջև։

Ի՞նչ է COP համաժողովը (Կլիմայի համաժողով):

Սա կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն է։ COP-ը միակ միջազգային հարթակն է կլիմայի փոփոխության գլոբալ խնդրի կենտրոնացված գլոբալ քննարկման համար: Համաժողովը հյուրընկալում է կոնվենցիային մասնակցող երկրների պաշտոնական հանդիպումները՝ գնահատելու առաջընթացը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների դեմ պայքարում:

Ինչպես գիտեք, մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիան տագնապալի է՝ արդեն ռեկորդային մակարդակներ են գրանցվել։ Իր հերթին, ջերմոցային գազերը ձևավորվում են մեծ քանակությամբ ածխածնային գազերի արտադրության արդյունքում, որի զգալի մասը բաժին է ընկնում նավթ և գազ արտահանող երկրներին, որոնք հիմնական վտանգ են ներկայացնում կլիմայի կայունության համար։

COP ամենամյա համաժողովների մեկ այլ կարևոր թեմա է խմելու ջրի սակավության խնդիրը, դրա մաքրության և ջրային ռեսուրսների կայունության հարցերը, որոնք հատկապես սուր են զարգացող երկրներում:

Մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանն այն երկրներից է, որտեղ գյուղատնտեսական աշխատանքների համար հողերի պակաս կա։ Պատճառը նավթի հանքերն են, որոնց առկայությունը ստեղծում է աղի հողեր և աղտոտում նավթի հսկայական տարածքներ։ Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է խմելու ջրի և ոռոգման ջրի սակավության հարցեր։

Ահա այս խնդիրներն են, որոնք երկար տարիներ հիմնականում փորձել է լուծել Ալիևի կլանի ահաբեկչական ռեժիմը՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» և համաշխարհային հանրությանը մոլորեցնելու քողի տակ։

2015 թվականից ի վեր այս ֆաշիստական ​​երկիրը օգտագործում է համաշխարհային հարթակներ, մասնավորապես ԵԽԽՎ-ն՝ առաջ մղելու իր հեռահար էքսպանսիոնիստական ​​նպատակները։ Ինչպես հայտնի է, 2016թ. փետրվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել և ընդունել է տվել մի բանաձև, ըստ որի, իբր, ԼՂՀ-Արցախի իշխանությունները բնապահպանական դիվերսիա են իրականացնում՝ թույլ չտալով Սարսանգի ջրամբարից այն կողմ գտնվող ադրբեջանցի բնակիչներին օգտվել ջրից ոռոգման համար, ինչը հանգեցրեց գյուղատնտեսական հողերը ջրելու անհնարինությանը։

Սա, ինչպես հայտնի է, պատճառ է դարձել 2016 թվականին տեղի ունեցած ագրեսիայի, որի արդյունքում անեքսիայի են ենթարկվել հյուսիսում՝ Թալիշ և Մատագիս գյուղերի և Արցախի հարավում՝ Արաքս գետի հովտում գտնվող տարածքները։

2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանին հաջողվեց օկուպացնել Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի ողջ շրջանները, որոնք հարուստ են ինչպես խոշոր գետերի, այնպես էլ արտեզյան ու ջրհորների ջրային ռեսուրսներով։ Այստեղ կան նաեւ հարուստ արոտավայրեր և վարելահողեր։

Բոլորին է հայտնի 2022 թվականի վերջին իրադարձությունները, երբ թուրքական ահաբեկչական «գորշ գայլերը» «էկոակտիվիստների» անվան տակ մի քանի ամիս Շուշիի մոտ փակեցին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս «գործողության» շարունակությունը Կաշենի և Դրմբոնի ոսկու հանքավայրերի փակման իբր «բնապահպանական» պահանջն էր։ Սակայն «ակցիան» ավարտվեց Արցախի ամբողջական շրջափակմամբ, որը տևեց 10 ամիս։ Իսկ հանքերը պարզապես փոխեցին սեփականատերերին։

Ընդհանուր առմամբ, Ալիևների կլանի քաղաքականությունն առանձնանում է իր հեռատեսությամբ և համաշխարհային գործընթացների, միջազգային իրավունքի ու օրենքների մանրազնին ուսումնասիրությամբ։

Ողջ համաշխարհային հանրությանը «մատի շուրջ ֆռռացնելու» թուրքական նուրբ քաղաքականությունը, որը սկիզբ է առնում Աթաթուրքի ժամանակներից, այսօր իր ամբողջ տգեղ կերպարանքով մարմնավորվում է Ալիևների կլանի կողմից։ Եթե ​​20-րդ դարի սկզբին ռուս-թուրքական տանդեմն օգտվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված քաոսից և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը` բաժանելով հայկական հողերը միմյանց միջև, ապա այսօր ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը կիրառում է “տարածքային ամբողջականության» սկզբունքը, կլիմայի փոփոխության գլոբալ խնդիրները, աճող «կանաչ» էներգիան»՝ արդարացնելու և հիմնավորելու նոր տարածքային զավթումները, երկրների տարածքային ամբողջականության, հարևանների պետականության ոչնչացումը և այլն։

Օրինակները շատ են։

Դրանցից առաջինը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը Արցախի օկուպացված տարածքները հայտարարեց որպես «կանաչ էներգիայի գոտի»։ Մինչև 2050 թվականը նախատեսվում է այդ տարածքները վերածել «զուտ զրոյական արտանետումների» տարածքների:

Այսինքն՝ Արցախը իր կուսական բնությամբ, նրա տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների և ածխաջրածինների հանքավայրերի բացակայությամբ եղել և մնում է էկոլոգիապես մաքուր տարածք՝ հարուստ անտառներով, որոնք արտադրում են մեծ քանակությամբ թթվածին, այլապես մաքուր օդ։ Բազմաթիվ բնական աղբյուրները ապահովում են բարձրորակ խմելու ջրի աղբյուր։ Առատ լեռնային գետերը ապահովում են ոռոգման ջուր, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր ձուկ։ Արցախի կուսական անտառները էկոլոգիապես մաքուր փայտանյութի և շինանյութի աղբյուր են։ Իսկ հանքային աղբյուրներն ու տաք գեյզերները կարող են բուժիչ ռեսուրսներ ծառայել առողջարանային պանսիոնատների համար։

Ահա թե ինչու էր ադրբեջանին պետք Արցախը, ահա թե ինչու Արցախը օկուպացվեց, իսկ նրա բնակչությունը տարագրվեց նոր ցեղասպանության և ֆիզիկական բնաջնջման վախի ներքո։ Ահա թե ինչու ադրբեջանն այնքան է գնահատում COP համաժողովը, որը ահաբեկիչներին անհրաժեշտ է համաշխարհային հանրության հերթական խաբեության համար։

Էլ որտե՞ղ կարող էր նավթով ներկված Ադրբեջանը՝ հազարավոր կիլոմետրանոց անապատներով ու աղի ճահիճներով, անցկացնել այս համաժողովը:

Բավական է նայել Ադրբեջանի քարտեզը՝ հասկանալու համար, որ 1988 թվականից սկսած հայերին վտարել են բոլոր այն տարածքներից, որտեղ կային արոտներ, վարելահողեր, գետեր։ Այս պետությանը պետական ​​մակարդակով  հայատյացությունը պետք է միայն մեկ նպատակով՝ գրավել բարենպաստ տարածքներ, հայաթափել այդ տարածքները, տիրանալ բնական ռեսուրսներին և հայկական հարմարավետ տներին ու ունեցվածքին։

Դրան հասնելու համար ֆաշիստական ​​ռեժիմը ոչինչ չի խնայում, բայց ամենակարևորը՝ օգտագործում է միջազգային կառույցների պոպուլիզմը, միջազգային կոնֆերանսների և գագաթնաժողովների ֆորմալ բնույթը, որոնք հաճախ ոչնչով են ավարտվում՝ միջազգային կորպորացիաների և պետությունների միջև տնտեսական տարաձայնությունների պատճառով:

Ըստ ամենայնի, սրանից չեն խորշում նաեւ գերտերությունները։ Եվ գուցե սա ձեռնտու է նրանց։ Նայելով, թե ինչպես է այսպես կոչված համաշխարհային հանրությունը, ինչպես արևմուտքում, այնպես էլ արևելքում, հյուսիսում և հարավում, աչք փակում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության և տեղահանության և ֆաշիստական ​​ադրբեջանի ամենաթողության վրա, աշխարհը սահում է վայրի միջնադար՝ գեղեցիկ բառերի քողի տակ։

Մարգարիտա Քարամյան

Ինձ մեծ ուժ է տալիս Արցախի բեմերում ներկայանալու երազանքս

Արցախցի 17-ամյա Նարինեի նվիրական երազանքն իրականություն է դարձել, նա կատարել է դերասանուհի դառնալու իր առաջին քայլը․ Նարինեն Արմավիրի արվեստի պետական քոլեջի թատերարվեստի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է, իսկ դրան հասնելու համար նախնական քայլերը սկսել է 2020 թվականից, երբ ընդգրկվել է “Այսօր՝ հանուն վաղվա” նախագծում։ Կրթամշակութային մի նախագիծ, որի գաղափարը ծնվել է հենց Արցախում, երբ ռեժիսոր Կարեն Արղամանյանն այցելել է Արցախ, եղել Ասկերան քաղաքում ու Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Հենց այդ ժամանակ է նա հասկացել, որ Արցախում կան շնորհաշատ պատանիներ, որոնց հետ կարելի է ֆիլմ նկարահանել։ Միաժամանակ ծրագրի նպատակն է կերտել վաղվա ուժեղ, հայրենասեր, գաղափարապես բարձր, կրթված ու գիտակից սերունդ։ Նախագծի ղեկավար Կարեն Արղամանյանն իր թիմով համոզված է՝ հանուն վաղվա կարող են անել ավելին։

Հայաստանի սահմանամերձ համայնքներից ընդգրկված երիտասարդների կազմում Նարինեն միակն է Արցախից։

-Դեռևս մանկուց էի երազում դերասանուհի դառնալ ու դրա համար մեծ սիրով էի հաճախում Ասկերանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը։ Երբ մեր դպրոց եկավ ռեժիսոր Կարեն Արղամանյանը, ծանոթացավ մեր բաժնի սաների հետ ու ցանկացավ արցախցի երեխաների ևս ընդգրկել նախագծի մեջ, դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանն իմ անունը տվեց, ասելով, որ միակ սանն է, ով ցանկանում է ուսումը շարունակել ու դերասանուհի դառնալ։  Այդպես ես ծանոթացա Կարեն Արղամանյանի հետ։ 2020-ից սկսեցինք օնլայն դասընթացներ անել, իսկ 2022-ի դեկտեմբերին, երբ նա հերթական անգամ եկավ Արցախ, սկսեց ինձ հետ վարպետաց դասեր անել։ Այդ ընթացքում Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ու նախագծի ղեկավարը երեք ամիս մնաց Արցախում։ Հետո մեծ դժվարությամբ վերադարձավ Հայաստան ու շարունակեցինք օնլայն աշխատել, ինչպես նրա, այնպես էլ մի շարք հայտնի դերասանների հետ։ Վերջին ժամանակաշրջանում Արցախում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով դժվարացել էին մեր պարապմունքները։

Արցախից բռնատեղահանվելուց հետո մեր ընտանիքը հաստատվեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Մի քանի օր հետո ես վերսկսեցի վարպետաց դասերը, որոնք ինձ օդ ու ջրի պես էին պետք։ Միաժամանակ կազմակերպվում են հանդիպումներ հանրաճանաչ դերասանների, մշակութային գործիչների հետ՝ Երևանում, Արզնիում, Ծաղկաձորում։ Վարպետաց դասերն անցնում են շատ անմիջական ու հետաքրքիր մթնոլորտում։ Մենք խոսում ենք ամենատարբեր թեմաներից, քննարկումներ անում, լսում իրար և որ ամենակարևորն է՝ դարձել ենք մեծ ու համերաշխ ընտանիք,-պատմում է Նարինեն։

Այս կարճ ժամանակահատվածում Նարինե Թավադյանն արդեն նկարահանվել է “Ես մնում եմ” կարճամետրաժ ֆիլմում՝ նախօրոք մասնակցելով քաստինգին, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր ֆիլմի նկարահանում, որը կկոչվի “Արցախ”։ Նարինեն այնտեղ գլխավոր դերակատար կլինի։

Նարինեի մայրը՝ Էլենը, որ սիրով հետևում էր մեր զրույցին, շարունակում է աղջկա խոսքը, ասելով, որ ըստ նախագծի ղեկավարի ու դասընթացավար դերասանների՝ Նարինեն ունի բոլոր հատկանիշները լավ դերասանուհի դառնալու համար։ Նրա անմիջական ու ազնիվ բնավորությունը նպաստում է, որ  հեշտությամբ ինտեգրվի նոր միջավայրին։ Ապա ուրախությամբ նշում է, որ աղջիկն ընդունվել է անվճար հիմունքներով՝ հավաքելով ամենաբարձր ցուցանիշները։ Որպես մայր՝ նա անչափ շնորհակալ է նախագծի ղեկավարից ու ողջ թիմից։ Միաժամանակ ավելացնում է, որ Նարինեն աշխատում է նաև որպես խաղավար և օգնում ընտանիքի կարիքները հոգալուն։

-Այս կարժ ժամանակաշրջանում ես շատ բան եմ սովորել ու դեռ սովորելու այնքա՜ն բան ունեմ։ Հպարտ եմ, որ սանն եմ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան և Ասկերանի արվեստի դպրոցների և կանեմ հնարավորը, որ միշտ բարձր պահեմ Արցախի անունը։ Աշխարհին պետք է ցույց տանք հայի մեր տեսակը, մեր մշակույթը, ավանդույթները։ Մենք պետք է հայ մնանք ու ապրենք այստեղ՝ Հայաստանում։ Հենց դրան են միտված մեր բոլոր ֆիլմերը։ Ինձ մեծ ուժ է տալիս Արցախ վերադառնալու հավատը և երազանքս է՝ Արցախի բեմերում ներկայանալ հանդիսատեսին,-ասում է երիտասարդ աղջիկը և ավելացնում, որ համոզվել է՝ աշխարհում կան բարի մարդիկ, որոնք անշահախնդիր օգնում, աջակցում, սովորեցնում են։ Այդ մարդկանց շարքերում են Կարեն Արղամանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գոռ Գրիգորյանը, Անահիտ Ղուկասյանը, Շուշան Պետրոսյանը, Ջիվան Ավետիսյանը, Սյուզան Պապյանը, Ջուլիետտա Բաբայանը, Զառա Արամյանը և այլք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ստեփանակերտի թատրոնն ու Մարիաննան․ պատմությունը չի ավարտվում

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը խորհրդային ժամանակաշրջանում կարևոր դեր ուներ հայապահպանության գործում։ Այն մշակութային կենտրոն էր ոչ միայն Արցախի հայերի, այլև ամբողջ ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ապրող հայերի համար։ Այստեղ մարդիկ կարող էին լսել հայերեն ու դիտել հայկական ներկայացումներ։

Թատրոնի շենքը, անցնելով մի քանի պատերազմներ, երբեք չէր վնասվել ռումբերից։ Արցախյան շարժման ժամանակ այն նաև բազմաթիվ փախստականների օթևան էր։ Սակայն այն վնասվել է ժամանակի ընթացքում, և վերջին տարիներին այնտեղ աշխատելն անհնար էր դարձել։ Վերանորոգման համար անհրաժեշտ գումարները շատ մեծ էին։ 2018 թվականին Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը դրամահավաքի ծրագիր էր մշակում թատրոնի վերականգնման համար, և աշխատանքները գրեթե սկսվել էին։ Սակայն Արցախի կառավարության կազմի փոփոխությունների պատճառով ծրագիրը մնաց անավարտ։

Այնուամենայնիվ, թատրոնի անձնակազմը շարունակում էր աշխատել Ստեփանակերտի երիտասարդական պալատում։ Նրանք բախվում էին մի շարք մարտահրավերների՝ շենքի անբավարար պայմանները, աշխատավարձերի ցածր լինելը և այլն։ Բայց նվիրյալ մարդիկ, որոնք դժվար իրավիճակներում էլ շարունակում էին լինել ուժեղ ու մշակութային կենտրոն հանդիսանալ արցախցիների համար, երբեք չեն դադարեցրել իրենց գործունեությունը։

Հետո եղավ 2020 թվականի պատերազմը։

«Երբ մենք 2020-ի պատերազմից հետո վերադարձանք Արցախ, ես պատկերացնում էի, որ կարող ենք կանգնել այն նույն խնդրի առջև, ինչ 90-ականներին։ Այդ ժամանակ թատրոնը հայ էության կրողն էր։ Մեր դերասանների մի մասը խրամատներում զենքով էր կռվում, իսկ մյուս մասը՝ թուղթն ու գրիչը ձեռքին, բանաստեղծություններ էին կարդում։ Նրանց պայքարը մտավոր էր, որպեսզի մարդիկ հասկանան և հիշեն, թե ինչի համար են կռվում, ինչի համար արժե կյանքը տալ, ինչի դեմ ենք մենք ընդդիմացել։ Ես պատկերացնում էի, որ կարող ենք հայտնվել նույն իրավիճակում՝ չկարողանալով հայ գիրը կարդալ, պատմությունը ուսումնասիրել»,- պատմում է թատրոնի դերասան և ադմինիստրատոր Մարիաննա Գրիգորյանը։

Պատերազմից հետո ամբողջ Արցախը սգում էր։ Սգում էր նաև թատրոնը, բայց յուրովի։ Այդ ժամանակ բոլոր արցախցիները, երևի, հիշում են «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը վավերագիր ներկայացում էր Աշանի հերոս Արտուր Ավագյանի մասին՝ գրված նրա դստեր, արցախյան տաղանդաշատ գրող Հերմինե Ավագյանի կողմից։ Չկար այդպիսի մարդ, որ այդ ներկայացումից դուրս գար չհուզված։ Կարծես, այն հիշեցում էր, թե ինչպես է ամեն ինչ սկսվել և ինչու։ Շատերը հիշում են այն դրվագը, երբ Արտուրը, դպրոցի պատին տեսնելով Ադրբեջանի քարտեզը, վրան գրում է՝ «սուտ է»…

Նույնիսկ համավարակի ժամանակ, երբ արգելված էր աշխատանքի գնալ, նրանք աշխատում էին տեսահոլովակներ նկարել և օնլայն ներկայացումներ անել։ Ու նույնը արել են պատերազմից հետո։ Առաջին ներկայացումը եղել է «Ավան ծաղիկը», որը նրանք պլանավորել էին հենց 2020 թվականի դեկտեմբերին ներկայացնել հանրությանը, քանի որ համարում էին, որ երեխաները մեղավոր չեն, նրանց մանկություն է պետք, բայց հետո որոշեցին մի քանի ամիս սպասել ու  նոր տարվա համար նախատեսված ներկայացումը խաղացին գարնանը։

«Պատերազմի ժամանակ, ինչպես բազմաթիվ մարդկանց մոտ, այնպես էլ ինձ մոտ հարց առաջացավ՝ ի՞նչ կարող եմ ես անել։ Անկախ ամեն ինչից, հասկանում ես, որ իրականությունն այն է, ինչ ունենք, և այլևս չենք կարող տրվել պատրանքների։ Այդ ժամանակ սկսեցի կազմակերպել օգնություն կարիքավոր ընտանիքներին։ Ինձ միացան բազմաթիվ երիտասարդներ, նույնիսկ այլ երկրներից։ Այդ օգնությունը շարունակական դարձավ նաև Արցախում։ Երբ կիսվեցի տնօրենի հետ, որոշեցինք, որ ներկայացումներից հետո երեխաներին նաև նվերներ բաժանենք։ 2021-2022 թվականներին մոտավորապես 700 երեխաների նվերներ ենք տվել։ Վերադառնալով Արցախ՝ մեր թիմը կիսատ վիճակում էր։ Մենք բազմաթիվ դերասաններ ունեինք, որոնք պետք է շարունակեին կրթությունը Երևանում, բայց նաև պատերազմն էր ազդել որոշ մարդկանց որոշման վրա։ Որոշ ժամանակ անց մեր թատրոնում ես սկսեցի նաև որպես ադմինիստրատոր աշխատել»,- վերհիշում է Մարիաննան։

Արցախի շրջափակման ժամանակ թատրոնի թիմը նույնպես պարապ ձեռքերով չնստեց։ Մոսկովյան հյուրախաղերից վերադառնալուց մի քանի օր անց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակվեց, և սկսվեց արցախցիների կյանքում ևս մեկ փորձություն։ «Այդ ժամանակ մենք ունեինք հովանավորներ Ռուսաստանից, և պայման կար, որ ներկայացումը պետք է ռուսերեն լիներ։ Մենք, իհարկե, դեմ էինք դրան։ Ճիշտ է, թատրոնում մինչ այդ ռուսերենով ներկայացումներ եղել էին, բայց այդ օրերին մեզ համար շատ կարևոր էր ոգևորել Արցախում ապրող հայերին և լինել նրանց մշակութային ծարավին հագուրդ տվողը։ Մենք որոշեցինք, որ կարող ենք ընտրել ռուսական հեքիաթ, բայց այն պետք է հնչի հայերեն։ Ես Քաջիկ Հարությունյանի հետ միասին պատրաստեցի «Բաբա Յագայի» մասին սցենար, և ներկայացրինք այդ մանկական հեքիաթը։ Շատ գունագեղ ներկայացում էր ստացվել։ Շրջափակման սուղ պայմաններում մարդկանց համար դա ջերմ մի երևույթ էր։ Նշեմ նաև, որ նվերները Արցախ բերվեցին ռուս խաղաղապահների միջոցով։ Դա բլոկադայի սկզբնական ամիսն էր, երբ այդպիսի բաները դեռ հնարավոր էին»,- պատմում է Մարիաննան։

Կադրեր՝ «Անմահների դիրքը» ներկայացումից

Թատրոնը շարունակում էր արտացոլել հասարակության խնդիրներն ու ցավերը, և դրանից հետո թատերախումբը պատրաստեց «Անմահների դիրքը» ներկայացումը։ «Մի օր 9-10 տարեկան երեխա եկավ իր տատիկի հետ, և տատիկը երկու տոմս խնդրեց։ Ես ասացի՝ կներեք, բայց երեխան չի կարող գալ, քանի որ այնտեղ պայթյուններ կան, մենք շատ իրատեսական ենք սարքել բեմը։ Եվ նա ասաց՝ իրականում, ես չէի ուզում գալ, թոռս ուզեց, նա ասում էր՝ «ես գնում եմ հորս տեսնելու»։ Նրա հայրը զոհվել էր պատերազմում։ Դա այնքան ցավոտ էր ինձ համար։ Ու մեզ բոլորիս մոտ այդ նույն զգացումն էր։ Պահ էր գալիս, երբ բոլոր զոհված ազատամարտիկների դեմքերը աչքերիդ առաջ են գալիս։ Դրա համար մենք այդ ներկայացումը շատ քիչ ենք խաղացել, որովհետև առանց այդ էլ ծանր իրավիճակում չէինք ուզում մարդկանց էլ ավելի տխրեցնել։ Դրա հետ մեկտեղ «Բակում կատաղած շունը» ներկայացումն ենք պատրաստել, որպեսզի մի քիչ մեղմացնենք ստեղծված իրավիճակում մարդկանց հույզերը։ Բոլորս ոտքով՝ արևի, անձրևի տակ, գնում էինք փորձերի, լույսի գրաֆիկի հերթերով, ժամերով սպասում էինք իրար։ Վերջին ներկայացումն ամռանն էր՝ «Գիշատիչների խնջույքը»։ Սյուժեի մեջ նույնպես շրջափակում էր, և զուգահեռներ էինք տանում մեր իրականության հետ։ Այդ իրավիճակում մենք նաև ձգտում էինք այցելել գյուղեր, որպեսզի գյուղում ապրող մարդկանց նույնպես մի քիչ ոգևորենք»,- բացատրում է Մարիաննան։

 

Կադրեր՝ մանկական ներկայացումներից

Թատրոնում ամեն ինչից զատ կար նաև կադրերի պատրաստման խնդիրը։ Մարիաննան շրջափակման ժամանակ որոշեց ստուդիա բացել, որտեղ երեխաները կարող էին թատերական արվեստ սովորել։ Հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նա քսանից ավել աշակերտ է ունեցել։ Բացի դրանից, նրա ստուդիան համագործակցում էր հոգեբանական աջակցության «Էմպատիա» կենտրոնի հետ, որպեսզի երեխաները կարողանան իրենց հույզերը հասկանալ, ճանաչել իրենց։ Մարիաննայի երազանքն էր սեփական ստուդիա ունենալը և  գիտակցելով պահի լրջությունը՝ նա ուզում էր, որ ինչ էլ հետո կատարվի, այդ երազանքի սկիզբը տրվի իր տանը՝ Արցախում։

Կադրեր՝ «Գիշատիչների խնջույքից»

Շատերի մոտ հարց է ծագում՝ որտե՞ղ է այժմ մեր թատրոնի անձնակազմը, արդյո՞ք դերասանները շարունակում են իրենց գործունեությունը։ Արցախից տեղահանվելուց հետո նրանք հյուրախաղով հանդես եկան ԱՄՆ-ում՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ։ Այնուհետև, Լիբանանում ներկայացրին «Անմահների դիրքը» և «Հրեշը լուսնի վրա» ներկայացումները, որոնք նույնպես մեծ հաջողություն ունեցան։

Այս պահին թատրոնի անձնակազմն ամբողջական չէ, քանի որ ոմանք, ընտանեկան իրավիճակից ելնելով, լքել են երկիրը, կամ ֆինանսական խնդիրների պատճառով ուրիշ աշխատանք են գտել։ Թատրոնի անձնակազմը փորձում է գտնել համապատասխան տարածք և ֆինանսավորում՝ գործունեությունը շարունակելու համար։ Հարկ է նշել, որ երիտասարդ դերասաններից մեկը՝ Մարթան, որը մանկական ներկայացման մեջ խաղում էր Ալյոնուշկայի դերը, բենզալցակայանի պայթյունից ծանր վնասվածքներ է ստացել և հիմա բուժվում է Ֆրանսիայում։

Այսուհանդերձ, թատերախումբը մեծ հույս և ցանկություն ունի շարունակելու գործը, բարձր պահելու Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի անունը և թատրոնի միջոցով աշխարհին պատմելու Արցախի մասին։

Անժելիկա ԶԱՔԱՐՅԱՆ

Փաշինյանի “էլիտան” կասկածում է Արցախի ԱԱԾ-ականների մտածողությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցում։ Այս մասին հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Պաշտոն նշանակելիս հաշվի են առնվելու ինչպես Լեռնային Ղարաբաղում աշխատանքային ստաժը, այնպես էլ զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև կոչումները։ Օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և լիազոր մարմնում մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պաշտոնավարած անձանց վրա։ Այսինքն՝ ներդրված հավելումը լինելու է ժամանակավոր՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն կդադարի գործել։

«Սակայն այդ հնարավորությունից կկարողանան օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած անձինք»,- նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սահմանապահ զորքերը ԱԱԾ կառուցվածքի մեջ են մտնում։ Իսկ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ սահմաններին, այդ թվում “ադրբեջանի հետ”, կանգնելու են ոչ թե բանակի զինվորները, այլ սահմանապահները։ Նույնիսկ ընդունելիություն է հայտարարվել սահմանապահ զորքեր, սակայն, ըստ երեւույթին, ցանկացողները շատ չեն։ Կամ ցանկացողները չեն համապատասխանում ԱԱԾ չափանիշներին։ ԱԱԾ-ը հո ամեն մարդու բան չէ։  

Բայց պարզվում է, կասկածներ կան եւ արցախցիների վերաբերյալ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության “էլիտար” պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կասկած է հայտնել օրինագծի շահառուների մասնագիտական ​​համապատասխանության վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցները «հին մտածողության կրողներ են», որը երկիրը հասցրել է ներկայիս անբարենպաստ իրավիճակի։

“Էլիտաների” հետ պայքարն անզիջում տանող Փաշինյանը հատուկ քնքշանքով է վերաբերվում Սիլաչիի Սուքիասյաններին․ կամ “էլիտար” չի համարում, կամ նրանց միջոցով սեփական “էլիտան” է փորձում ձեւավորել, որը կառուցվում է “հակաղարաբաղիզմի” վրա։ 

Շատերն են տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները մարդիկ տանում պայթյունի տեղանքից

Կառավարության շենքի մոտ են հավաքվել 2023 թվականի սեպտեմբերին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարազատները։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթյունի հետեւանքով անհետ կորած է համարվում 21 անձ։

«Մենք խնդրում ու պահանջում ենք իշխանություններից, որ որեւէ տեղեկություն տան մեր հարազատների մասին։ Դիմել ենք ՄԱԿ, ԵՄ, ՌԴ դեսպանատանը, Արցախի իշխանություններին, Կարմիր խաչին, եւ ոչ մի տեղից ինչ-որ դրական կամ բացասական պատասխան չունենք։ Կարծես թե ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միեւնույն է, որ կան անհետ կորածներ։ Հոկտեմբերի 7-ին ունենք գրանցված զանգ, զանգը եղել է Շուշիից, անհետ կորածներից Կարենը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է ԱԱԾ-ին, Կարմիր խաչին, բայց մինչ օրս այդ զանգի մասին որեւէ տեղեկություն չկա։ Մինչեւ հիմա Կարենի մայրիկի հեռախոսը գտնվում է ԱԱԾ-ում, բայց ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում այդ զանգը բացահայտել։ Մենք վստահ ենք, որ մեր տղաները ողջ են, գտնվում են ադրբեջանցիների մոտ»,- ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց․ «Բոլորը հանձնել են ԴՆԹ թեստ, 21-ից որեւէ մեկի վերաբերյալ համընկնում չի եղել։ Այդտեղից հետեւություն՝ որտեղ են նրանք, ուրեմն ողջ են։ Քանի որ մենք անընդհատ կապի մեջ ենք եղել մեր փրկարար ծառայության աշխատակիցների հետ, մոտեցել են տարածքին, այնտեղ ոչ մի մասունք չի մնացել։ Ուրեմն, այդ տղաները ողջ են, նրանց տարել են։ Շատերն են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տանում տեղանքից, վիրավորներին ռուսական բազա են տարել՝ բուժելու նպատակով, բայց մարդիկ ասում են, տեսել են, թե ինչպես են այնտեղից նրանց մեծ մեքենաներով տանում ադրբեջանցիները։ Մարդիկ հենց այնպես չեն ասում, ինչ-որ հիմք կա, որ ասում են»։

«Կան փաստեր, որ դեպքից հետո Ադրբեջանի փրկարար ծառայության ծառայողները եղել են դեպքի վայրում։ Արցախի փրկարար ծառայության վարորդը ինձ պատմել է, որ մեկօրյա պատերազմից հետո որոնողական աշխատանքներ կատարելիս Մարտակերտի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի հետ, ընդարումներին խառնվել է թուրք պաշտոնյան, որն իրենց հետ որպես ուղեկցող էր եւ չի թողել, որ ընդհարում լինի։ Ադրբեջանցի պաշտոնյայի ու վարորդի միջեւ խոսակցություն է եղել, ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ ինչո՞ւ եք գնում, մնացեք մեզ հետ ապրեք, եթե մենք ձեր վատն ուզենք, պայթյունի տեղից վիրավորներ չէինք տանի բուժման նպատակով։ Սա գրավոր ներկայացրել ենք ԱԱԾ-ին, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտեին, բայց չկա պատասխան»,- պատմեց արցախցիներից մեկը։

 

 

Արդեն 10 ամիս է՝ պահանջում ենք, որ մեր երեխաների արտաշիրմում անեն, բերեն Հայաստան, գոնե մի ծաղիկ դնենք

Արցախցիները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ իրենց զոհված հարազատների մարմիններն արտաշիրմում անեն։ 2023 թվականի սեպտեմբերի պատերազամական գործողությունների եւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհված անձանց հարազատները ամիսներ շարունակ այս պահանջը բարձրացնում են։

«Այստեղ բոլորը սեպտեմբերի 19-ին ու դրանից հետո զոհվածների հարազատներն են, արդեն 10 ամիս է՝ պահանջում ենք, որ մեր երեխաների արտաշիրմում անեն, բերեն Հայաստան, գոնե մի ծաղիկ դնենք։ Դիմել ենք Արցախի կառավարությանը, դիմել ենք Հայաստանի կառավարությանը, բայց անարդյունք։ Մենք պահանջում ենք, որ մեր երեխեքին արտաշիրմում անեն, բերեն Հայաստան։ Իմ տղան զոհվել է սեպտեմբերի 19-ին, հուղարկավորել ենք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Անցած անգամ էլ ենք եկել այստեղ հավաքվել, ոչ մի ծնողի չեն ընդունել։ Մենք սպասելու ենք այնքան, որ մեկը իջնի ու մեզ պատասխան տա։ Ես պատրաստ եմ գնալ Գորիս, խնդրել ռուսներին կամ թուրքերին, իմ երեխային բերել Հայաստան»,- ասաց զոհված զինծառայող Արթուր Արզումանյանի հայրը՝ Բորիկ Արզումանյանը։

Սեպտեմբերյան պատերազմում զոհված Սասուն Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանն էլ ասաց, որ մի քանի անգամ Արցախի պաշտոնյաների հետ հանդիպում է կազմակերպվել այս հարցով։ Բելլա Գալստյանի մյուս եղբայրը՝ Դավիթ Ավանեսյանը զոհվել է վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։ «Մեր պաշտոնյաներն ասացին, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, որ պետք է արտաշիրմում արվի ու տեղափոխվեն, բայց այդպես էլ օրվա ավարտին չեղարկվել է այդ գործընթացը։ Պատճառ չեն նշել, ուղղակի ասել են՝ ադրբեջանական կողմը չեղարկում է։ Դիմում ենք Հայաստանի կառավարությանը, որ մեր դրության մեջ մտնեն։ Մեր հարազատների զոհվելուց հետո մարմինները մնացին գերի, մեր կորուստը շատ մեծ է։ Անձամբ ես ունեի երկու հարազատ եղբայր, երկուսին էլ կորցրեցի հենց 2023 թվականի սեպտեմբերին։ Մենք որ պատկերացնում ենք՝ կարող են ավերել, կպնել այդ շիրիմներին, մեզ համար դա մեծ ցավ է»,- նշեց նա։

Զոհվածների հարազատները հայտարարեցին, որ չեն հեռանա կառավարության շենքի մոտից, մինչեւ պատասխան չստանան։

 

Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ

Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ: Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը: