Հայոց պատմությունից հատկապես ո՞ր դրվագներն են բացակայելու նոր դասագրքում

«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն  է՝ պետության գոյության դրվագներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության» եզրույթների իր ընկալումը։

Նա հայտնեց, թե առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը, և պնդեց, թե իր ներկայացրած ընկալումն արդեն ընդունվում է հասարակության շրջանում։

Նա բերեց օրինակ՝ նշելով. «Ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է և այն «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է»։

Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ապահովեն տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ։

Փաշինյանն այդպես էլ չբացատրեց, թե Հայոց պատմությունից հատկապես ո՞ր դրվագներն են բացակայելու նոր դասագրքում։ Օրինակ, ինչպե՞ս է ներկայացվելու ԽՍՀՄ քանդման եւ ՀՀ կազմավորման գործընթացը, որը սկիզբ է առել Արցախյան շարժումով եւ հայ ժողովրդի՝  1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին ինքնիշխան որոշումով։ Դրանից հետո ինքնիշխան ոչ մի որոշում չի կայացվել։ 

Հայաստանի պատմությունը հայոց պատմությանը հակադրելը նույնն է, ինչ սրտանոթային համակարգը հակադրես ամբողջական օրգանիզմին՝ նույնիսկ եթե երիկամը համաձայն է։   

Նրանց մասին խոսում ու հուզվում ենք լուռ

Նրա, կամ նրանց մասին տանը աշխատում ենք չխոսել, ու երբ հանկարծ մեկը կարոտից խեղդված ձայնով անունը տալիս է, մյուսներս անմիջապես աչքերով սաստում ենք, նախ որովհետև դժվար է առանց հուզվելու խոսել, հիշել, իսկ որ ամենակարևորն է, նույիսկ տանը մենք մեր հետ ամաչում ենք խոսել այնտեղ, տանը մնացած շան մասին, քանի դեռ անհայտ մարդկային ճակատագրեր կան։

Բայց այսօր ֆեյսբուքը հերթական հիշողությունը բերեց, ու ես որոշեցի կիսվել մեր չափազանց խելոք ու հավատարիմ շան մասին հիշողություններով։ Բելգիական հովվաշուն էր, սև սաթ մազերով։ Շատ փոքր էր երբ եղբայրս բերեց, մեր տան պուճուրների հետ մեծացավ, դարձավ տան անդամներից մեկը։ Ինքն էլ իրեն շատ պատասխաատու էր զգում տան յուրաքանչյուր անդամի համար, բայց եթե ընտրության հարց է լինում, նախ մենակ չէր թողնում տատիկին ու երեխաներին։

Հատ-հատ ճանաչում էր նաև անասուններին ու երբեք թույլ չէր տալիս անծանոթ անասուն բակ մտներ։ Խանդ ու քեն երկար չէր քշում, երբ ուրիշ շուն էինք տուն բերում, կամ սաստում էինք։ Մի քանի ժամ կխռովի, հետո կհաշտվի։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ ռազմական գործողությունները մոտ էին գյուղին ու արդեն ռմբակոծվում էր նաև գյուղը, որոշեցինք երեխաներին հանել Արցախից ու ճանապարհվեցինք Երևան։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ռումբերի տակով մի կերպ դուրս եկանք, շունը մնաց։ Երբ պատերազմն «ավարտվեց» ու եղբայրս դիրքերից իջավ գյուղ, տեսավ՝ շունը չկա։ Իսկ երբ գյուղացիներից հարցուփորձ արեց, պարզվեց, որ շունը մինչև վերջին օրերը գյուղում էր ու նույնիսկ ամեն առավոտ մեր անասուններին հովվի նման առավոտյան տանում էր արածացնելու ու երեկոյան  բերում տուն։

Պարզվեց, ինչ որ մեկին շունը դուր էր եկել, և նա տարել էր։ Բարեբախտաբար փնտրտուքները լավ ավարտ ունեցան, եղբայրս գտավ շունն ու տուն բերեց։ Հանդիպման պահին ուրախացած շունը փաթաթվել էր եղբորս, կարոտած ու վախեցած երեխայի նման, սակայն երբ հասան տուն, շունը մի քանի ամիս չշփվեց տան անդամների հետ, ավելի ճիշտ՝ շփվեց միայն տատիկի ու երեխաների հետ։ Նա վիրավորված ու խռոված էր, որ իրեն թողել էինք․․․

Հետո ամեն ինչ դարձավ առաջվանը, մեր բակում մեկ այլ հովվաշուն էլ հայտնվեց, որը սակայն ազատ չէր իր պես։ Սկզբից խանդեց, բայց հետո նրա մոտ հայտնբերեցինք մեկ այլ որակ, հոգատարություն կապած շան հանդեպ․․․ ուտելիքը միշտ կիսում էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ժամ առ ժամ իրավիճակը վատթարանում էր։ Տեսնելով, որ երկար չեն կարողանալու դիմադրեն, եղբայրս դիրքերից իջավ տուն, որ գյուղի բնակիչների հետ մորս ուղարկի Ստեփանակերտ, այլապես ամեն ինչ կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Ամեն ինչ այնքան տարերայնորեն էր, որ նույնիսկ մտքներով չանցավ կապած շանը բաց թողնել։ Իսկ մյուսն իր հետ գնաց դիրքեր։

Երբ գյուղի դիրքապահ տղաներից մեկը վիրավորվեց, եղբայրս նրան հանեց ու բերեց գյուղ, շունը հետն էր, հետո ճանապարհից եղբայրս հետ վերադարձավ, իսկ շունը մնաց վիրավոր տղայի հետ, ով ստիպված էր ընտանիքի հետ ոտքով դուրս գալ գյուղից։ Նա պատմում է, որ շունն իրենց ուղեկցել է մինչև Քռասնի գյուղ, շուրջ 12 կիլոմետր, որից հետո ոչ ոք չի տեսել նրան։

Ռազմական գործողությունները կանգնեցվելուց հետո լուրեր տարածվեցին, որ հնարավոր է լինելու մարդիկ գնան իրենց տները։ Բոլորիս մտքին շներն էին։ Բայց այդ լուրերը այդպես էլ մնացին օդում կախված։

Առաջին ամսիներին նրա և մյուս շան փրկվելու վերաբերյալ իրավիճակներ էինք հորինում։ Մտածում էինք, որ մյուս շան համար ուտելիք կգտներ կտաներ, կամ միասին մի բան կանեին ու կապը կկտրեին։ Ու միշտ բոլորս մեզ մեղավոր ենք զգում, որ դավաճանել ենք մեր հավատարիմներին՝ Բաքսին ու Լեդիին։

Արմինե Հայրապետյան

Ռուսները կրկին սպառնում են Հայաստանին․ Ի՞նչ է, գա՞զը կանջատեք, իսկ Հայաստանի խողովակները կհանձնեք Բաքվի՞ն

Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի ծայրահեղ ափսոսանքից»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները»,- հավելել է նա։

«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում ունեցած ելույթում, որտեղ նա խոսել է Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։

Ի՞նչ «տնտեսական հետևանքների» մասին է խոսում Գալուզինը։ Կարո՞ղ է ուզում են անջատել Հայաստանի գազը։ Չէ որ, ըստ «1991 թվականի քարտեզների», ՌԴ-ից եկող գազատարն արդեն հայտնվել է այն տարածքում, որը Հայաստանը հանձնել է Ադրբեջանին։

Սա մեծ գործարքի մի մասն է. Մոսկվան կշարունակի իր գազը վաճառել Եվրոպային Բաքվի և Թուրքիայի միջոցով՝ համալրելով իր ռազմական բյուջեն, իսկ դրա դիմաց ադրբեջանական գազը կմատակարարվի Հայաստան։ Հայաստանի իշխանությունն արդեն ասում է՝ ինչու ոչ։

Բայց հարցը կայանում է նրանում, որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն գազ մատակարարող է, այլեւ Հայաստանի ողջ գազային ենթակառուցվածքի սեփականատերն է՝ մինչեւ 2044 թ․․։ Ավելին, հայ սպառողների համար գազի գինը մեկ երրորդով կազմված է ռուսական գազի՝ մինչեւ  Հայաստանի սահմանի «միութենական» գնից  և երկու երրորդով՝ Հայաստանում «Գազպրոմի» ներքին մատակարարումների վճարից։

«Գազպրոմը» կփոխանցի՞ իր հայաստանյան «տիրույթները» Ադրբեջանին, ինչպես փոխանցեց արցախյան ամբողջ ենթակառուցվածքը։ Դե, հո Հայաստանին չի փոխանցելու։

Մինչ Միրզոյանին «համոզում» էին, ինտերնետն անջատեցին. գործարկվեց Հայաստանի լուծարման Բերձորյան սցենարը

Երեկ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հայտարարություններ եղան, որ «խաղաղության պայմանագիրը» համարյա պատրաստ է, և մնացել է մի քիչ։ Այդ մասին հայտարարել է նույնիսկ պայմանագրի «կնքահայրը»՝ Բլինկենը։

Ի՞նչ քիչ բան է մնացել և ինչպե՞ս են «հաղթահարելու» այդ “փոքր” խոչնդոտը։ Ըստ հայ իշխանամետ փորձագետների՝ խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մասին հղումը չեղարկելու Բաքվի պահանջի մասին է։ Այսինքն՝ Բաքուն մի փոքր բան է պահանջում՝ վերացնել Հայկական պետության իրավական ժողովրդավարական հիմքը և լուծարել այն։ Իշխանամետ փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ն, իբր, ցանկանում է Ալիևին «համոզել» հետ կանչել այդ պահանջը՝ լռելով այն մասին, որ միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն համոզում է հենց Հայաստանին ընդունել այդ պահանջը։

Վաշինգտոնը բացահայտորեն կոչ չի արել Երեւանին փոխել Սահմանադրությունը, ավելին, ամերիկյան լրատվամիջոցներում հոդվածներ են հայտնվում, որոնք ակնարկում են, որ Արցախն ու Հայաստանը վերամիավորելու որոշումը ԽՍՀՄ-ում առաջին դեմոկրատական ​​ազդակն էր։ Մայքլ Ռուբինը washingtonexaminer.com-ում գրում է, որ «մեկ տարուց էլ քիչ է անցել այն օրվանից, երբ ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղ՝ հնագույն հայկական նահանգ, որը Իոսիֆ Ստալինը հանձնեց Ադրբեջանին, երբ այն հայտնվեց Կովկասում: Ղարաբաղը ժողովրդավարության ինկուբատոր է։ Իսկապես, ժողովրդավարական շարժումը, որը հասավ իր եռման կետին և ի վերջո հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից»:

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը նշում է, որ ուժի մեջ է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ը դեռ կար, իսկ հայությունը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան որոշում կայացրեցին, ու ԽՍՀՄ-ը չէր կարող առարկել այն։

Այս որոշումը կայացվել է ի հեճուկս Ռուսաստանի կամքի, որն ամեն ինչ արեց 30 տարի դրա իրականացումը կանխելու համար՝ հանդես գալով «անկախ Արցախի» նախագիծով։ Այժմ ԱՄՆ-ն օգնում է ապահովել, որ 1989 թվականի որոշումը, որը փլուզեց ԽՍՀՄ-ը, չեղարկվի։ Է՞լ ինչպես է ԱՄՆ-ն կարող է ապացուցել, որ մեղսակից է Ռուսաստանին։

Հուլիսին Gallup-ի հարցման համաձայն՝ Հայաստանում հարցվածների 80,3%-ը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, եւ միայն 3,3%-ն է ասում, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Տարեսկզբին հարցվածների միայն 38%-ն էր կարծում, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Սա խոսում է այն մասին, որ հայ հասարակությունը գիտակցում է Ալիևի «պահանջի» գոյաբանական վտանգը։

Բայց արդեն նշաններ կան, որ Հայաստանին ստիպելու են փոխել Սահմանադրությունը եւ, փաստորեն, լուծարել պետությունը։ Երեկ Փաշինյանի ինքնակամ հակասահմանադրական որոշմամբ հակառակորդին փոխանցված Կիրանց գյուղում խզվել է Հայաստանի ինտերնետ կապը։ Երեկոյան այն վերականգնվեց, ավելի ճիշտ՝ նոր գիծ անցկացրին, բայց հասարակական խիստ կարծիք ձեւավորվեց, որ Հայաստանի նկատմամբ այժմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Արցախի նկատմամբ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից, երբ սկսվեց շրջափակումը․ անջատեցին կապը, էլեկտրականությունը, գազը, մարդկանց դատապարտվել են սովի, արդյունքում՝ ստիպել ստորագրել պետական ​​հիմնարկների «լուծարման» ապօրինի հրամանագիր։

Կասկածից վեր է, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանի համար ռուսական գազը դադարեցնելը և Բաքվի գազը «առաջարկելը». իզուր չէ, որ իրանական լրատվամիջոցներն արդեն ասում են, որ Թեհրանը կարող է բավարարել Հայաստանի գազի կարիքը, եթե իհարկե, Երեւանը «չնախընտրի» ադրբեջանական գազը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը չի միանում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և չի դիմում միջազգային ատյաններ՝ պահանջելով Ալիևի գործողությունները, հանցագործությունները և վերջնագրերը ոչ լեգիտիմ ճանաչել եւ դատապարտել։ Հայաստանի շահերն ու իրավունքները պաշտպանելուց հրաժարվելը վկայում է պետականության վերացման ծրագրերում Հայաստանի կառավարության մեղսակցության մասին։ Իսկ ծախսերը կփակի Սամանթա Փաուերը, կարեւորը՝ կարեկցող դեմքն է։

Նաիրա Հայրումյան

Զույգն այնքա՜ն դժվարությունների միջով է անցել. Լուսինեն գիտի՝ Ալբերտն իրեն մենակ չի թողնի, կգա․․․

Մարտունու շրջանի Աշան գյուղից է Լուսինեն։ 15 տարի առաջ ամուսնացել ու ապրում էր Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, որպես դասվար աշխատում տեղի միջնակարգ դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նա նոր էր դպրոցից տուն եկել։ Ժամը 12-ն էր, իսկ մեկ ժամ անց սկսվեցին թշնամու հրետակոծությունները։

Ամուսինը` Ալբերտ Ավետիսյանը, մարտական դիրքերում էր, ոչ մի լուր չկար նրանից։

-Դպրոցից եկա տուն, քիչ հետո սկսվեց սոսկալին։ Արդեն տեղյակ էինք, որ առավոտից լարվածություն կար սահմանում։ Քույրս երեխայի հետ մեր տանն էին․ հյուր էին եկել Ստեփանակերտից։ Անընդհատ զանգում էի ամուսնուս, չէի կարողանում կապ հաստատել հետը։ Նրա հետ էր նաև հորաքրոջս տղան՝ Մարատը, որի հետ ավելի քան 20 տարի ընկերություն էին անում։ Թշնամին անդադար հրետակոծում էր, այնքան էին ուժգնացել հարվածները, որ թվում էր, թե մեր գլխին են թափվելու արկերը։ Մինչև ժամը 6-ը մնացինք տանը, թեև արդեն հասկացել էինք, որ ամեն ինչ լուրջ է ու նման չէ նախկին պատերազմներին։ Երեկոյան եկավ մեր հարևանն ու ասաց, որ պետք է շուտ դուրս գալ գյուղից, երեխաներին հանել, իրավիճակը շատ վատ է։ Իր մեքենայով բոլորս ճանապարհվեցինք դեպի Ստեփանակերտ։ Սիրտս կտոր-կտոր էր լինում, որ առանց ամուսնուս եմ հեռանում գյուղից։ Գլխումս իրարամերժ մտքեր էին։ Մինչև սեպտեմբերի 29-ը մեր հարազատների ընտանիքներով մնացինք Ստեփանակերտում։ Տղաներից լուր չկար, բոլոր փնտրտուքներն ապարդյուն էին։ Իսկ Ստեփանակերտը դատարկվում էր․ հասկացանք, որ մնալը վտանգավոր է, ու մեր կամքին հակառակ դուրս եկանք Արցախից՝ բռնելով գաղթի ճանապարհը։ Հայաստանում հաստատվելուց անմիջապես հետո սկսեցինք դիմել հայաստանյան կառույցներին, սակայն ամեն ինչ անօգուտ էր։ Առայսօր ոչ մի լուր չկա Ալբերտից ու Մարատից,- պատմում է Լուսինեն։

Ալբերտի հետ ամուսնանալուց հետո ապրում էին Ռուսաստանում, բայց վերջին տարիներին վերադարձել էին Արցախ։ Զույգն այնքա՜ն դժվարությունների միջով է անցել։ Լուսինեն գիտի՝ Ալբերտն իրեն մենակ չի թողնի, կգա․․․

Արցախից տեղահանվելուց հետո ծնողների հետ Խարբերդում են ժամանակավոր բնակություն հաստատել։ Ապրում են, ինչպես բոլոր արցախցիները՝ հույսով ու հավատով, մի կերպ հայթայթում օրվա հացը։ Լուսինեն համոզված է՝ ամուսինն ու եղբայրը ողջ են։ Հավանաբար գերեվարվել են։

-Իմ ներքին զգացողությունը չի կարող սխալվել։ Տղաները ողջ են, դա զգում է իմ սիրտը։ Վատն այն է, որ չգիտենք՝ ինչ քայլեր անել, ինչպես գտնել նրանց։ Դիմել ենք ամենատարբեր կառույցների, բայց մինչև այսօր ոչ մի քայլ չի կատարվել, անհայտ կորած մեր հարազատների մասին որևէ տեղեկություն չկա։ Թեև անորոշությունն ու այս անվերջ թվացող սպասումը շատ դաժան են, սակայն մենք ուժեղ ենք և չենք համակերպվի այս իրականության հետ։ Ինչպե՞ս հարմարվել այն մտքին, որ հարազատներդ անհայտ կորել են ու լուր չկա նրանցից։ Դա անկարելի է։ Պարզապես պետք է մտածել՝ ինչպես վերադարձնել նրանց։ Դժոխքի միջով անցած մեր ժողովուրդն ավելի դիմացկուն ու կոփված է դարձել,- իր խոսքն է շարունակում Լուսինեն, իսկ աչքերում անհուն կարոտ ու թախիծ իրար են խառնվել։ Ապա խոսում է եղբոր՝ Մարատի մասին․ նրա որդիները շատ են կարոտում հորը, չեն հարմարվում բացակայությանը, սպասում են․․․ Փոքրը՝ Գոռը, քնելուց առաջ միշտ դեպի դուռն է նայում՝ ահա հայրը ներս կմտնի, կգրկի ու կհամբուրի իրեն․․․

Լուսինեն այսօր միայն մեկ նպատակ ունի․ գործադրել ամեն մի ջանք, որ գտնվեն հարազատները ու հետ վերադառնան։ Նա ապրում է հավատով՝ դեռ կծնվի իր ու Ալբերտի երկար սպասված երեխան։ Տա Աստված․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Եվրո-2024-ի եզրափակչում կհանդիպեն Իսպանիան և Անգլիան

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ եզրափակիչը Անգլիայի հավաքականն էր, որը առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիայի ընտրանուն՝ 2:1:

Եվրո-2024-ի վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Գերմանիայի ամենամեծ ֆուտբոլային ասպարեզում՝ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։ Իսպանացիները 5-րդ անգամ են հանդես գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչում, երեք անգամ էլ կարողացել են ոսկե մեդալներ նվաճել։

Անգլիան կանցկացնի Եվրոպայի առաջնության երկրորդ անընդմեջ եզրափակիչը:

Արևի տունը

«Տուն ընդունված է անվանել, արցախցու ասած, չորս պատը, բայց տան իմ ընկալումը մի քիչ այլ է, տունը ինձ համար այդ չորս պատերի, այդտեղ ապրող մարդկանց, հարևանների, կենցաղի, այդ տունը եկող հարազատների, այդ տանը ձևավորվող ավանդույթների, երջանիկ, ինչու չէ` նաև տխուր պահերի համակցությունն է»,- տան այսպիսի մեկնաբանություն ունի Արևիկ Մուսայելյանը։

Արևիկը մեկն է այն հազարավորներից, որ 2023 թ․ սեպտեմբերին դարձավ անտուն։

Արցախում 3 տուն է թողել, որոնք ինչպես ինքն է ասում՝ իր կյանքի փուլերն են բնութագրում։

«Երեք տունն էլ հավասարաչափ կարոտում եմ, որովհետև յուրաքանչյուրի հետ կապված ունեմ բավականին երջանիկ հիշողություններ»,- ասում է Արևիկն ու հիշում, որ Ասկերանի շրջանում գտնվող Խնձրիստան գյուղում իր պապիկի տունը ասոցացվում է իր երջանիկ մանկության հետ։

«Այնտեղ ամեն ինչ ինձ համար չափազանց հարազատ է, ամեն իրի հետ կապված մի հիշողություն ունեմ: Պապիկիս տան ներքին կահավորանքը երբեք չի փոխվել, նույնիսկ կահույքի տեղափոխություններ չենք արել: Հայրս, արդեն իր ծնողների մահից հետո, ասել էր, որ տան կահավորանքը պիտի մնա այնպիսին, ինչպիսին կար պապիկիս ու տատիկիս կենդանության օրոք, դրա համար էլ ես գյուղի տանը կարծես թե այն տարիներին լինեի, երբ 5-10 տարեկան էի»,- մանկության ջերմ հուշերն է վերհիշում Արևիկն ու նշում, որ Խնձրիստանի իրենց տունը ավելի քան 200 տարեկան է:

2-րդ փուլ

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում էր գտնվում Արևի հայրական տունը։ Ասում է՝ հիշում եմ, թե ինչպես է հայրս քարը քարի վրա դնելով կառուցել մեր երազանքի տունը։ Սեփական տուն ունեցողները գիտեն՝ տանը միշտ կառուցելու բան կա, երբ արդար քրտինքով ես կառուցում։

«Հայրական տանս պատանեկությունս ու երիտասարդությանս մի մասն է անցել, այնտեղ իրականում մեծացել եմ, այնտեղ մենք մեծ երջանիկ ընտանիք էինք, երեք սերունդ էինք ապրում այդ տանը՝ ծնողներս, ես ու եղբայրս՝ կնոջ և երեխաների հետ: Դա մի յուրահատուկ ժամանակաշրջան էր՝ ահագին բան սովորելու, իմաստավորելու, հասկանալու»,- պատմում է Արևիկը։

Հայկավանը Ստեփանակերտի բարձրադիր ծայրամասում էր գտնվում։ Ծառերն այնտեղ շատ էին, դարպասները՝ դեմ դիմաց։ Հարևանությունն այդ թաղամասի գլխավոր ձեռքբերումներից էր։

«Ես հայրական տանս կարոտում էի, նույնիսկ երբ արդեն իմ տանն էի ապրում, հատկապես՝ թթենու տակ երեկոյան մեր զրույցները»,- ասում է Արևիկը։

3-րդ փուլ

Արևիկին ճանաչեցի իր կյանքի երրորդ փուլում։ Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը մեր հանդիպման վայրն էր, ես դատարանի մամլո խոսնակն էի, Արևիկը՝  պրակտիկայի ամփոփման բաժնի պետը։ Հանդիպեցինք այն ժամանակ, երբ արդեն բավականին հասուն Արևիկը որոշում էր կայացնում առանձնանալ հայրական տնից և ունենալ իր անկյունը։ Արցախում դա սովորական որոշում չէր, և ավելի ինքնուրույն կյանքը ծնողները ոչ միանշանակ ընդունեցին։

«Բաժանումը» դժվար էր, բայց ուրախությունը՝ սեփական տուն ունենալու, չափազանց երջանկացնող։

Արևի հիպոթեկով տունը մեր երջանիկ անկյունը դարձավ։

Հինգերորդ հարկի երկսենյականոց բնակարանում ոչինչ չկար այն ժամանակ, և ամեն մի ավելացող իր բոլորիս երջանկությունն էր։ Ծնունդ, հիշելի կամ անհիշելի առիթ պետք չէր. տխուր, թե ուրախ օրերին Արևի տունը այն հանգրվանն էր, որտեղ լուծվում էին բոլոր խնդիրները, որտեղ հնչում էին բոլոր իմաստուն խորհուրդները և որտեղ, այո, միշտ հանգստություն կարելի էր գտնել։

«Իմ տունը ուրիշ խորհուրդ ուներ, շատ քիչ ժամանակ եմ ապրել այնտեղ, բայց ձգտել եմ ստեղծել մի վայր, որտեղ բոլորը իրենց լավ կզգան, ես նույնիսկ կարգախոս ունեի՝ «իմ տանը չենք տխրում»: Հիմա ես կարոտում եմ իմ տան հետ կապված ամեն-ամեն ինչ, ընկերներով հավաքույթները, սենյակի դասավորվածությունը, վարագույրի խաղը քամու հետ, պատուհանից տեսարանները, մարդկային ձայները բակում, որ հատկապես շատ էին ինձ խանգարում, երբ ցերեկները պառկում էի քնելու, ծաղիկներս…»,- այսպես բոլորը կարոտում են այն, ինչին հասել էին սեփական դժվարությունները հաղթահարելով։

Արևի տանը մի քանի իր կար, որոնցից հնության հոտ էր գալիս և որոնք իր համար առավել քան թանկ էին՝ տատիկի ժամացույցը, պապական տան լապտերը․․․

Հրաժեշտը

«Առավոտյան, երբ արթնացա, գնալու տեղ չունեինք մինչև ճանապարհ ընկնելը, և սկսեցի մաքրություն անել. աղբը թափեցի, ծաղիկներս ջրեցի, ամանները լվացի, հատակը մաքրեցի, պատուհանները կիսաբաց թողեցի, որ օդափոխվի, վարագույրները ուղղեցի, դուռը կողպեցի ու դուրս եկա տնից, որտեղ երջանիկ էի մի ամբողջ հավերժություն»,- հիշում է Արևիկը:

Նախօրեին հրաժեշտ էր տվել հայրական տանը, երկար, շատ երկար նստել էր այգում հենց գետնին՝ ծառերի տակ, ձեռքերով խաղում էր հողի հետ։

«Երևի այդ պահին հասկացա, որ էլ հետ չեմ գա ու շատ դառնագին լացեցի, մենակ ու երկար…»,- հիշում է նա։

Ասում է, թե մի քանի անգամ փորձել է  իր ունեցածից առանձնացնել իրեր, բայց ի վերջո այդպես էլ չկարողացավ ոչինչ վերցնել, որովհետեւ ամեն ինչ հատ առ հատ հենց այդ տան համար էր գնվել։

Իր տնից բերվածը պատմական արժեք ունեցող մի քանի իրեր են և իր գրադարանի ողջ գրքերը՝ Արցախից բերված-փրկվածները։

 

4-րդ փուլ

Բռնատեղահանությունից հետո, երբ բոլորը հազիվ մի անկյուն էին գտել և ծվարել, Արևը մի օր եկավ․ նա նորից տուն էր վերանորոգում։

Իր տանը կտեղավորվեր այս սենյակը, որի վերանորոգման աշխատանքները սկսել էր ամիսներ առաջ։

Ես վախենում եմ ռիսկային քայլերից, բայց իր մեկնաբանությունն այս էր. «Եթե ապրում ես, տունդ պետք է տան նման լինի»։

Փոքրիկ սենյակը, որտեղ ոչինչ չկար, պատերն ու հատակը անասելի կեղտոտ էին, ամիսների ընթացքում վերափոխվեց։

Ամեն հանդիպման ժամանակ մի նոր նկար էր ցույց տալիս․․․ 4 պատը տան տեսք էր ստանում․․․

Ամեն ինչ փորձում էր նմանեցնել իր տանը՝ ծաղկամանները, վարագույրները, սպասքը։

Այստեղ ամեն ինչ համեմատության է ենթարկվում՝ կամա, թե ակամա։

Իր հարմարավետությունն Արևը ստեղծել է իր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ վարձու մի սենյակում, որ մի օր կարող է նաև իրենը չլինել։

Նոր պատվիրած դարակների վրա հին իմաստնությամբ նիրհում է պապիկի տան լարովի ժամացույցը, այն, որ արդեն 100 տարեկան կլինի, որ տեսել է իրական ժամանակը՝ տարբեր հերոսներով… կողքին՝ Շուշիի ազատագրման խորհրդանիշ դարձած մի լուսանկար, որտեղ պատկերված է հոգնած մի զինվորական՝ Շուշիի ազատագրումից հետո, ինքնաձիգին հենված։

«Իմ տանը երջանկություն կար, այս տունը էն չորս պատն է, որը ոչ մի բանի ամբողջություն չէ, այն ընդամենը չորս պատ է»,- ու արցունքոտվում են Արևի կանաչ աչքերը։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում

Թուրքերի մոտ պատմական հիշողությունն ավելի վառ է ընդգծված է, իրենք վախից ելնելով են սա անում

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը:

Պարոն Կարաբեկյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, հայտարարում են, թե Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը պետք է հանվի Սահմանադրությունից։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Դա ենթադրում է այն, որ մենք հրաժարվում ենք ոչ միայն Արցախի հիմնախնդրից, այլ նաեւ մեր պատմական դատից։ Այսինքն՝ հրաժարվում ենք նաեւ Ցեղասպանության ճանաչումից, հրաժարվում ենք Վիլսոնի իրավարար վճռով սահմանված պահանջատեր լինելու հնարավորությունից։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն ասաց, որ կարմիր շորը պետք է հանենք մեր Սահմանադրությունից, որ կարողանանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարելավել։ Ըստ իս՝ այդ քայլը թելադրված է Թուրքիայի կողմից, եւ Փաշինյանն ամեն կերպ ուզում է գնալ Ադրբեջանի պահանջների բավարարման, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Եվ սա, ցավոք սրտի, հիշեցնում է 1920-21 թվականները՝ Բաթումիի պայմանագիրը։ Այն ժամանակ ասվեց, որ ուրվագծելով առաջին Հանրապետության սահմանները՝ մենք կստանանք խաղաղություն, կկարողանանք հիմքեր ստեղծել դեմոկրատական պետության կառուցման համար։ Բայց իրականում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Եվ հիմա հրաժարվելով անկախությունից՝ մենք հիմք ենք նախապատրաստում մեր պետության կորստի համար։

-Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումն այսօր ուժի մե՞ջ է։

-Այո, ուժի մեջ է, որովհետեւ դա եզակի որոշում է, որը հենված էր ոչ միայն խորհրդային օրենսդրության վրա, այլ դրա հիմքը միջազգային իրավունքն էր։ Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային ժողովն այդ որոշումը կայացնելիս փաստորեն հաշվի են առել Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը, եւ վկայակոչվել են համայն հայության ազգային շահերը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզվում չէր, եւ այդ փաստաթուղթը կոչված էր մեր հիմնախնդիրները լուծել պատմական իրավունքի համտեքստում, Արցախի հիմնախնդիրը, հայկական պետականության կայացումը մեկտեղել Հայ դատի հետ։ Կարելի է ասել՝ դա այդ ժամանակ կատարված ամենաառաջադեմ քայլերից մեկն էր։

Արցախի ու Հայաստանի ճակատագիրը պայմանավորվում է նրանով, որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն հաշտվում այն մտքի հետ, որ Արցախում կարող է միջազգային հսկողություն լինել, եւ Արցախը կարող է ունենալ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ։ Կան միջազգային փաստաթղթեր՝ Վիլսոնի իրավարար վճիռը, Սեւրի պայմանագիրը, որոնք ֆիքսում են, թե արցախահայության ինքնորոշման իրավունքը, թե Արեւմտյան Հայաստանում ազգային օջախ ստեղծելու հայերի իրավունքը։ Դա արտացոլված է նաեւ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, Սահմանադրության մեջ։ Եվ փաստորեն դա այն է, որն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ի տարբերություն մեզ՝ նրանք միգուցե հասկանում են, որ կգա պատմական արդարություն հաստատելու պահը, եւ նրանք ստիպված կլինեն ուժի քաղաքականությունից հրաժարվել եւ բավարարել պատմական պահանջները, այսինքն՝ մեր իրավունքը Արեւմտյան Հայաստանում, արցախահայության իրավունքն Արցախում։ Ցավալի է, որ իրենք մեր իշխանության ձեռքով փորձում են չեղարկել մեր իրավական պահանջները։ Բայց դա չի լինի, որովհետեւ այդ պետությունները շանտաժի վրա հիմնված այդ ագրեսիվ քայլերով ցույց են տալիս, որ նրանց վերելքի փուլն անցնել է։ Եվ, այո, գալու է ժամանակ, եւ նրանք ստիպված են լինելու կատարել այդ որոշումները։ Ստիպված են լինելու ոչ միայն հաղթանակներ տոնել, այլ նաեւ կորուստներ արձանգրել։

Այսինքն՝ իրենց մոտ այդ վախը կա, իրենց մոտ այդ պատմական հիշողությունն ավելի վառ է ընդգծված է, իրենք վախից ելնելով են սա անում, ինչո՞ւ ոչ, նաեւ արտաքին կուրատորների դրդմամբ։ Իրենք գիտեն, որ երբ պատմության անիվը շրջվի, իրենք գոյության հարցն առաջ կգա։ Ցավոք սրտի, երրորդ Հանարապետությունում, ինչպես նաեւ առաջին Հանրապետությունում մեր քաղաքական վերնախավն օտար երկրների եւ դերակատարների շահերն է սպասարկում։ Մենք դրանից պետք է ելնենք, թե ո՞ւմ շահերն է սպասարկում մեր կառավարությունը։

Ռոզա Հովհաննիսյան

Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել պայմանավորվել

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։

Արցախցիների վերադարձի համար պայմաններ պետք է փոխվեն․ USAID ղեկավարը գիտի պատասխանը

Կոչ ենք անում ապահովել այդ մարդկանց և ընտանիքների իրավունքները (Լեռնային Ղարաբաղից – խմբ.), որպեսզի նրանք կարողանան ապահով վերադառնալ իրենց տները։ Այս մասին հուլիսի 10-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով, շատ ընտանիքներ ցանկանում են այցելել եկեղեցիներ, տաճարներ, հարազատների շիրիմներ, սակայն մինչ այժմ այդ վերադարձը չի եղել։ Նա վստահեցրեց, որ գործակալությունը կշարունակի կոչ անել և աշխատել այս ուղղությամբ։

Փաուերը բացատրեց, որ վերադարձի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնցից հիմնականը հանգամանքների փոփոխությունն է։ «Ես սահմանին էի 2023 թվականի սեպտեմբերին, և դեռ հիշում եմ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախած ընտանիքների պատմությունները, նրանց ապրած վախը։ Նրանք մի քանի ամիս չէին կարողանում սնունդ և դեղորայք ստանալ, մինչև Ադրբեջանը գրավեց այս համայնքները։ Այն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ, կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ հապճեպ արտագաղթի ժամանակ (Լեռնային Ղարաբաղից – խմբ.)»,- նշել է գործակալության ղեկավարը։

«Հունիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ զբաղվածության թվերն աճել են, սակայն մարդկանց այս խմբի տառապանքը շարունակում է չափազանց մեծ լինել, քանի որ նրանք այնտեղ այդքան շատ բան են թողել: Մենք աջակցում ենք բնակչության այս խմբին, աջակցություն ենք ցուցաբերում մանկապարտեզներին և դպրոցներին, որոնք ընդունել են ծանր վնասվածքներ ստացած երեխաներին»,- եզրափակեց գործակալության ղեկավարը։

Team Telecom–ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով

Team Telecom–ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնեցին ընկերությունից։ Այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։

Արցախցիները վերսկսում են ակցիաները. ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է ընդունել նրանց ներկայացուցիչներին

Արցախից ներքին տեղահանվածները (փախստականները) ստիպված են վերսկսել իրենց իրավունքների պաշտպանության գործողությունները

Ստիպված են, քանի որ պետական ​​մակարդակով Հայաստանի իշխանությունը, որն ավելի քան 30 տարի եղել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, այսօր բառացիորեն «արգելափակում» է նույնիսկ Արցախ բառը։ Դա, ըստ երեւույթին, արվում է ոչ միայն ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի պահանջով։

Եռյակն ինքը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի հարցը ցանկացած մակարդակով համարվի փակված։ Իսկ թեման վերջնականապես փակելու համար անհրաժեշտ է, որ փախստականների մասին չխոսվի, ցեղասպանության և տեղահանության ենթարկված մարդիկ չբարձրաձայնեն իրենց իրավունքները, քանի որ այս եռյակի կողմից կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը 2020-23 թ-ն անխուսափելիորեն կհանգեցնի հետևանքների այս ահաբեկչական, ռասիստական ​​սուբյեկտների համար:

Եվ բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ արցախցիներն ակցիաների միջոցով պետք է առաջ քաշեն ու պաշտպանեն իրենց իրավունքները։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները այդպես էլ չեն ստեղծել պետական ​​մարմին, որը կուսումնասիրի փախստականների բոլոր խնդիրները՝ քաղաքական և իրավականից մինչև սոցիալ-տնտեսական և հումանիտար:

Թվում է, թե 30 տարվա ընթացքում, երբ Հայաստանի տարածքում պարբերաբար հայտնվում էին ադրբեջանից փախստականներ, պետք է հայտնվեր գոնե ինչ-որ պետական ​​մարմին, լավ, գոնե  ինստիտուտ, որը կուսումնասիրեր այս բացասական երեւույթը, կկազմի զեկույցներ, հայցեր միջազգային ատյաններ՝ դատապարտելու ահաբեկչական կազմակերպությանը, որը նպատակ է դրել վերացնել հայ բնակչությանը Հարավային Կովկասի տարածաշրջանից և վերացնել հայկական պետականությունը։

Եւ որքան տնտեսագիտությունն ու տեխնոլոգիան փորձում են նվազեցնել մարդու դերը, մարդը և նրա իրավունքները ստիպում են բոլորին հաշվի նստել իրենց հետ։ Ստիպված են սպանեն և արտաքսեն միլիոնավոր մարդկանց, որպեսզի ձերբազատվեն «մարդու իրավունքներ» կոչվող գլխացավանքից։

Եվ որքան էլ տարբեր երկրների իշխանությունների ներկայացուցիչներ փորձեն չխոսել մարդու իրավունքների մասին՝ իրենց իշխանությունը պահպանելու համար, այսպես թե այնպես նարանք կընդունեն հանցագործությունները և իրերը կանվանեն իրենց անուններով, փորձելով չնեղացնել իրենց որոշակի դիվիդենտներ բերող հանցագործներին։

Հենց այդպես է վարվում Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Ապօրինի ճանաչելով Արցախը որպես ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները վախենում են խոսել Արցախում ցեղասպանության և տեղահանության խնդիրների մասին, վախենում են նշել անմիջական մեղավորներին՝ Ռուսաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև նրանց հանցակիցներին՝ Թուրքիային և Իսրայելին։

Թվում է, թե սա այն թեման է, որը Հայաստանը պետք է արյունոտ դրոշի պես ծածանի ողջ աշխարհի առաջ՝ բաց չթողնելով ոչ մի իրադարձություն, որպեսզի բարձրաձայն հայտարարի, որ այս երկրները ցեղասպանություն են իրականացրել և հայ ժողովրդի մի մասին վտարել դարավոր հողից։ Բայց ոչ, հայ պաշտոնյաներն իրենց առավելագույն «կոռեկտությամբ» են պահում. ինչպե՞ս կարելի է դառը խոսք ասել ծերերին, կանանց ու երեխաներին դաժանաբար սպանած պատերազմական հանցագործներին, որոնք տասնյակ հայերի գերության մեջ են պահում շուրջ 4 տարի, այդ թվում՝ 10 ամիս Արցախի իշխանությունների օրինական ընտրված ներկայացուցիչներին։ Նրանք ոչ մի խոսք չեն ասում անհայտ կորած հայրենակիցների մասին։ Ավելին, նրանք պատրաստ են նույնիսկ ոչնչացնել առաջին գիծը, որն ապահովում է բուն Հայաստանի տարածքի անվտանգությունը ավելի քան 30 տարի, և թշնամուն թողնել հայկական գյուղերի տարածք, որտեղից հեշտությամբ կրակում են նույնիսկ փոքր զենքերից դպրոցների, այսինքն՝ երեխաների վրա։

Ամենավերջին դեպքը. Ֆրանկոֆոնիայի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին» բանաձեւը, որում.

Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և հարձակումը Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումները և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը.

Անսասան աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը.

Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, ինքնիշխանության, ազգային իրավասության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային ուղիների ապաշրջափակմանը և այս համատեքստում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Այսինքն՝ հայ պաշտոնյաների քաղաքականությունը, ովքեր չեն ցանկանում իրավական գնահատական ​​պահանջել և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել, բոլորին հասկացնում է, որ Հայաստանը պատրաստ է «կարգավորել հարաբերությունները» Ադրբեջանի հետ, որը, ի դեպ, Հայաստանն անվանում է ոչ այլ ինչ, քան «Արևմտյան Ադրբեջան»։

Հարց է առաջանում՝ ո՞ւմ հետ է Հայաստանը ձգտում հարաբերություններ հաստատել՝ ահաբեկչական Ադրբեջանի հետ, որը ցեղասպանության ենթարկեց արցախահայությանը և վտարեց մարդկանց իրենց տներից, թե՞ «Արևմտյան Ադրբեջանի» հետ, որը նպատակ է դրել վերացնել Հայաստանը որպես պետություն՝ 70-ականների ընթացքում Նախիջևանի և Արցախի անեքսիայի և ժողովրդագրական կազմը փոխելու օրինակով:

Այդ իսկ պատճառով արցախցիներն այլևս չեն էլ դիմում Հայաստանի իշխանություններին և իրենց ակցիաները անցկացնում են միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև։ Ըստ ամենայնի, միջազգային կազմակերպություններն իրենք էլ գիտակցում են, որ Հայաստանի ռուս-թուրքական իշխանություններից ավելին չպետք է սպասել, և գնալով ավելի են ձգտում համագործակցել արցախյան կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ամեն դեպքում, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց ակցիա կազմակերխած ցուցարարներին ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է հուլիսի 12-ին ընդունել եւ լսել։

Ինչպե՞ս ՄԱԿ-ը կպատասխանի ցուցարարների պահանջներին՝ Ադրբեջանին պարտավորեցնել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, դադարեցնել ճարտարապետական ​​և մշակութային ժառանգության, ինչպես նաև արցախցիների շարժական և անշարժ գույքի ոչնչացումը, հարգել Արցախի իրավունքը։

Մարգարիտա Քարամյան