Դեպի Ռուսաստան մեր արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Որովհետեւ աշխատավարձերի տարբերությունն իրական արտահայտությամբ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, բավականին նեղացել է: Իրենք այնտեղ ստանում են ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավական բարձր է, երբ կոնվերտացնում ես հայկական դրամի, ինքը մոտավորապես նույն աշխատավարձերն է ստանում, մի փոքր բարձր, քան կարող է ստանալ այստեղ շինարարական կամ այլ ոլորտներում:
Այդ իմաստով կարելի է ասել՝ որոշակիորեն պաշտպանվել ենք ակամայից, որովհետեւ այդքան մարդ չի գնում, այստեղ է աշխատանք գտնում:
Բայց եթե Ռուսաստանի շուկայում տեղի են ունենում բացասական պրոցեսներ, բնականաբար, դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նույնպես լինելու է բացասական»,-ասաց ԿԲ նախագահը:
«Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին»,- ասաց նա:
Գալստյանը որպես օրինակ բերեց Հնդկաստանի քաղաքացիներին. «ՀՀ եկած Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին: Նրանք սկսեցին գալ անցած տարվա սկզբին, պիկի ժամանակ ունեինք 17,000 Հնդկաստանի քաղաքացի, վերջին դիտարկումով մնացել է 11,000-ը»,- ասաց նա:
Ստեփանակերտում կար «Օրխիդեա» սալոն-խանութ, որտեղ վաճառվում էին գեղեցիկ հուշանվերներ, արձանիկներ, ծաղիկներ և հարսանիքների հետ կապված ամեն ինչ։ Հարսնացուներն ընտրում էին հանդերձանքը, ծնողները քննարկում, թե ինչպիսին է լինելու հարսանյաց սրահի ձևավորումը՝ ընտրելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայկական հարսանիքներին։ Այս ամենի ստեղծողը Էրիկն ու նրա օգնականներն էին։ Էրիկը նաև պահանջված վարսահարդար էր, որի մոտ պետք է հերթագրվեիր շաբաթներ առաջ:
Այս պատմությունը միահյուսելու է նրա խոսքերն ու իմ հիշողությունները։ Էրիկն իմ ընկերն է, նա նաև իմ վարսավիրն էր այնտեղ։ Նա իր հաճախորդներից շատերի ընկերն է: Առանց նրա Ստեփանակերտն այսքան գեղեցիկ չէր լինի։ Մի անգամ պատկերացնում էի՝ եթե նա լիներ մեր քաղաքապետը, ավելի հարմարավետ ու «ճաշակով» քաղաք չէիր գտնի…
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկը չլքեց Ստեփանակերտը. ժամանակին նա ազատված էր զինվորական ծառայությունից, բայց թեև չէր կարող լինել մարտի դաշտում, իր պարտքն էր համարել մնալ այնտեղ։ Քաղաքում մնացած բոլոր կանայք՝ ռմբակոծությունների միջև ընկած ժամանակահատվածում, և երբեմն դրանց ընթացքում, գնում էին նրա մոտ՝ մազերը կտրելու և ներկելու: Նա դա անում էր բացարձակապես անվճար: Շատ անկեղծ երախտագիտության խոսքեր եմ լսել ծանոթ կանանցից, որոնց Էրիկն օգնեց մնալ գեղեցիկ և խնամված նույնիսկ պատերազմի ժամանակ։
Էրիկը շատ է սիրում Ամանորը, և սովորաբար այս տոներին «Օրխիդեա» խանութը վերածվում էր հեքիաթի։ Դժվար էր 2020-ի պատերազմից անմիջապես հետո տոնածառ զարդարելն ու Ամանորին նախապատրաստվելը։ «Ես երբեք հայրենասիրությամբ աչքի չեմ ընկել։ Միշտ եղել եմ այն մտքի կողմնակիցը, որ կյանքը մեկն է, այն էլ՝ կարճ… Ընտանիք կազմելիս ինքս ինձ խոստացել էի, որ երեխաներս չտեսնեն այն, ինչի միջով մենք ենք անցել։ 2020 թվականին՝ պատերազմից հետո, բոլորն ընտրության հնարավորություն ունեին՝ մնալ, թե հեռանալ։ Ես ու կինս որոշեցինք, որ պետք է մնանք։ Արցախում ապրելու համար շատ արյուն է թափվել. մենք հասկանում էինք, որ հեշտ չի լինելու, բայց ստիպված էինք։ Իսկ ի՞նչ արժեցավ մեզ դեկտեմբերին՝ պատերազմից հետո, խանութում տոնածառ տեղադրելը։ Ես նույնիսկ չէի ուզում մտածել տանը դա անելու մասին: Բայց ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները։ Մտածեցինք, որ խանութում պետք է տոնածառ լինի։ Հիշում եմ, թե ինչպես հաճախորդները ներս էին մտնում և ամաչելով հարցնում, կարելի՞ է երեխաներին լուսանկարել տոնածառի կողքին։ Բայց մենք դա հենց նրանց համար էլ տեղադրել ենք։ Քանի՞ սպառնալիք ստացանք տոնածառը հեռացնելու համար։ Ո՞ւր են այս կեղծ հայրենասերները։ Իսկ տոնածառը… Դա մեր բողոքն էր ողջ աշխարհին, մեր պատգամն էր, որ մենք կանք, և պայքարելու ենք մինչև վերջ»։
…2020-ի պատերազմից հետո զոհված զինվորների շատ երիտասարդ մայրեր սկսեցին դիմել Էրիկին՝ տապանաքարերի ծաղկեփնջեր հավաքելու համար: Նրա համար էմոցիոնալ առումով դա անհավանական դժվար էր։ Այն վայրում, որտեղ գեղեցկությունը ստեղծվել է հարսանիքների և ուրախ տոների համար, սկսեց համատեղել «գեղեցիկը» և տխրությունը:
Առանց Էրիկի շրջափակման իմ “փայը” շատ ավելի դաժան կլիներ: Շրջափակումն իմ աչքին նման էր սարսափելի հրեշի։ Բացի ներքին ապրումներից, շրջապատում իսկապես ոչ մի գեղեցիկ բան չէր մնացել։ Եղան նաև այլ հազվագյուտ գեղեցիկ պահեր, բայց ընդհանուր առմամբ ես լրացնում էի գեղեցկության կարիքը Էրիկից: Նա տգեղության մեջ ստեղծում էր գեղեցկություն: Անդադար, չնայած բոլոր դժվարություններին։
Երբ վառելիք ընդհանրապես չկար, իսկ տրանսպորտը կանգ էր առել, մեր գրասենյակ տանող ճանապարհը ոտքով անցնում էր Ազատամարտիկների փողոցով, որտեղ գտնվում էր Օրխիդեան։ Ես մտնում էի այնտեղ հանգստանալու, մի երկու խոսք կիսելու, մի քիչ էլ սնվելու։ Նրա կախարդական մորաքույրը ոչնչից համեղ ուտեստներ էր պատրաստում, երբեմն ինձ էլ էր հասնում: Ես և նա հաճախ կիսում էինք միմյանց հետ այն, ինչ կարող էինք գտնել, երբ խանութները գոնե ինչ-որ բան էին ստանում:
Երեկոյան վերադառնալով, ես նրան գտնում էին «Օրխիդեայում» մեն -մենակ՝ մի կետի նայելիս, մտքերի մեջ։ Բացի այն, որ նա, ինչպես բոլորը, պետք է մտածեր ընտանիքը կերակրելու և տաքացնելու մասին, Էրիկը նաև մտածում էր, թե ինչպես զարդարել գալիք հարսանիքներն ու նշանադրությունները: Անհրաժեշտ տեխնիկան, կահույքը, ծաղիկները ճիշտ վայր տեղափոխելու համար կաթիլ-կաթիլ օգտագործել է բենզինն ու դիզվառելիքը, որը նախապես գնել է չափազանց թանկ գներով, երբ ստանում էին վառելիք։ 2 լիտր բենզին է գնել բենզասղոցի համար և 20 լիտր դիզվառելիք, որպեսզի գալիք ձմռանը մի վառելափայտ կուտակի, քանի որ մարտ ամսից տներում գազ չկար, լույսը ժամով էր, իսկ հոսանք մատակարարող տեղական հիդրոէլեկտրակայաններն արդեն վտանգի տակ էր։ Պատահել է, որ տեղ հասնելով՝ նա ստիպված է եղել քնել հանդիսությունների սրահներում գտնվող աթոռների վրա՝ կնոջ հետ միասին, ով օգնում էր նրան զարդարանքների հարցում, քանի որ գիշերը վերադառնալու միջոց չկար։
Օրից օր Էրիկը դառնում էր ավելի մռայլ, բայց նա շարունակել էր աշխատել մինչև վերջը։ Բլոկադայի վերջում հարսնացուի ծաղկեփնջերը պատրաստվում էին արհեստական ծաղիկներից, իսկ եռահարկ կեղծ տորթերի մեջ փրփուր պլաստիկ էր: Պաշարված Ստեփանակերտի հարսանիքների լուսանկարները շատ գեղեցիկ էին թվում, եւ շրջափակումից դուրս շատերը չէին հավատում, որ այնտեղ ահավոր վիճակ է…
Մի օր, երբ մտա սրահ և տեսա գեղեցիկ փաթաթված նվերներ, իմացա, որ փաթաթման թուղթը վերջացել է, և սովորական պատի պաստառներ են օգտագործվել:
Հիմա նույնիսկ դժվար է հիշել, թե ինչ էր պակասում շրջափակման ժամանակ։ Բայց պատկերացրեք. ամիս առ ամիս ոչ մի ապրանք չի հասնում քաղաք, և այն ամենը, ինչ եղել է, վաղուց վերջացել է: Թաղամասերից ու գյուղերից Ստեփանակերտ անհնար էր նույնիսկ սեզոնային բանջարեղենն ու միրգը տեղափոխել՝ վառելիք չկար։ «Լավ ժամանակներում ես աղով լցնում էի դեկորատիվ շշերը, քանի որ դիզայներական ավազը կամ փշրանքները թանկ էին։ Գնեցի մի պարկ աղ՝ 25 կգ, լցրեցի կոլբաները։ Շրջափակման ժամանակ մի պահ հասկացա, որ տանը կես բանկա աղ է մնացել։ Բայց օրեր անց իջել եմ սենյակ, որտեղ զարդարելու համար տուփեր էին… Իմ արձագանքը՝ ես արդեն գոռում էի ուրախությունից՝ աղ եմ գտել»:
Նա գտած աղը կիսեց իր հաճախորդների հետ: Աղը և գեղեցկությունը։
Նա վերջիններից էր, ով լքեց Ստեփանակերտը՝ որպես հուշանվեր վերցնելով իր գեղեցիկ խանութ-ցուցասրահից մի հին սրբապատկեր, իսկ տան պատից՝ հրեշտակ։ «Վախենալու է հետ նայելը, ես, հավանաբար, միայն հիմա եմ հետ նայում: Ինչի միջով անցան, ծնողների համար որքան դժվար էր հարսանիքներ ու նշանադրություններ կազմակերպել՝ հույսով, որ ամեն ինչ շուտով կդզվի։ Այնտեղից դուրս գալուց հետո դժվար էր դիտել մարտական գործողությունների օրը և վառելիքի պահեստում պայթյունից զոհված տղաների լուսանկարները։ Նրանցից ոմանք ամուսնացած էին ընդամենը մի քանի ամիս, շաբաթ, օր։ Բայց ես վստահ եմ, որ մենք պատվով անցանք մեզ պատահած փորձությունը՝ չկորցնելով մեր մարդկային դեմքը»։
Տեղահանումից հետո, մի քանի ամիս անց, Էրիկն ու իր ընտանիքը տեղափոխվեցին Ֆրանսիա։ Այնտեղ նա հաղթահարում է դժվարությունները՝ երեխաների համար ավելի լավ կյանքի ակնկալիքով։ Նա ասում է. «Ես մեզ բոլորիս անվանում եմ «ամբոխի մեջ մոլորվածներ»: Գիտե՞ք, թե որն է այստեղ ամենասարսափելին ու ամենադժվարը։ Այստեղ, օտարության մեջ, ես ինձ անընդհատ բռնացնում են ծանոթ դեմքեր փնտրելիս…»:
Հրեշտակի լուսանկարն արդեն Ֆրանսիայից է՝ ձիթենու ճյուղերի վրա, որից Էրիկը կոմպոզիցիա է սարքել։
Իմ ընկերներից շատերը, իմանալով, որ Էրիկը Ֆրանսիայում է, ասում են, որ դա նրա տեղն է, բայց ես շատ եմ կարոտում գեղեցկության այն անկյունն ու այն վարպետին, ով իսկական գեղեցկություն է ստեղծել իմ փոքրիկ ու գեղեցիկ Ստեփանակերտում։
Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդիպել է Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։ Փաշինյանն առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը։
Հանդիպման ընթացքում Պեզեշյանը նշել է. «Մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցության էլ ավելի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով շարունակել մեր երկխոսությունը և հարստացնել երկկողմ համագործակցության օրակարգը»,- ասել է Պեզեշյանը։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում նշելու Իրանի և Հայաստանի դարավոր կապերը։ Դա արվում է Ադրբեջանի հետ «դարավոր» հարաբերություններին անդրադարձի իսպառ բացակայության ֆոնին, ինչը պետք է վկայի իրանցիների և հայերի բնիկության մասին։ Իրանը, օրինակ, բազմիցս հայտարարել է, որ հայ-իրանական «հազարամյա» սահմանը չպետք է փոխվի։
Իրանի նոր նախագահը սկսեց բավականին մեղմ հռետորաբանություն Արևմուտքի նկատմամբ, բայց նա ստիպված կլինի անհապաղ զբաղվել բարդ հարցերով. Իսրայելն ամեն ինչ անում է Լիբանանի և Իրանի հետ պատերազմ հրահրելու և դրանում ԱՄՆ-ին ներգրավելու համար:
Այս պատերազմի ճակատներից մեկը կարող է լինել Իրանի սահմանը Հայաստանի և նրա օկուպացված արցախյան հատվածի հետ։ Այաթոլլահ Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն անընդունելի է Իրանի համար և չի համապատասխանում Հայաստանի շահերին»։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանը ավելի վաղ ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս ուժ չունի։
Թե այս դեպքում ինչի՞ հիման վրա է որոշվում Իրանի սահմանը օկուպացված Արցախի հետ, մնում է պարզել հայ-իրանական բանակցությունների ընթացքում։
Այո՛, արտահանման եւ ներմուծման մասով անկման միտումը կա, բայց 2023-ը սպեցիֆիկ տարի է եղել, որովհետեւ վերարտահանման ծավալը ընդհանուր տնտեսական գործունեության մեջ բավականին մեծ է եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե հանում ենք ոսկու վերարտահանման մասը, ստացվում է, որ Հայաստանում արտահանման ծավալը նվազել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 10 տոկոսով:
«Բյուջեի եկամուտների թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով»,- ասել է Գալստյանը:
«Հարցն այն է, թե արդյոք մենք տարվա սկզբին ճիշտ էինք պլանավորել այդ ամենը եւ հաշվի առել էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ են լինելու, թե իրական տնտեսական փոփոխություններ են եղել: Ես կարծում եմ, որ պլանավորման հետ կապված խնդիրներ են»,-ասաց նա:
Հարցին, թե սա ինչ ազդեցություն կունենա պետական ծախսերի ու տնտեսության վրա, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ որոշակիորեն ծախսերի ճշգրտում կլինի, ոչ մեծ: Բայց միաժամանակ այնտեղ տեղ կա»: Մարտին Գալստյանը հավաստիացրեց, որ սեկվեստրի հարց չի լինելու:
Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն ճեղքել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը, նշեց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է. «Կառավարության մեր գործընկերները կարող են որոշակի պարտք ներգրավել, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Մի խոսքով, կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»,-ասաց ԿԲ նախագահը:
Նա նաեւ նկատեց, որ դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել Հայաստանում. «Այսինքն պրոպորցիաները արտարժույթ-դրամ, էապես փոխվել են: Առաջին անգամ դրամով պարտքը գերազանցել է արտարժույթային պարտքին»:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է, ասել է Մարտին Գալստյանը:
«Մենք 10,75 տոկոսից իջել ենք 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-ասաց Մարտին Գալստյանը:
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այս մասին տեղեկանում են ԿԲ-ից:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է: Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ:
ԿԲ Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:
Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ. Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%:
Վերջին ամիսներին մասնավոր աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումը ևս տնտեսությունում աշխատանքի շուկայի պայմանների թուլացման կարևոր ազդակ է: Այսպես, 2024 թվականի մայիսին մասնավոր աշխատավարձերի աճը շարունակել է դանդաղել՝ կազմելով տ/տ 5.4%:
Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության հնարավորության հետ:
Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ՀՀ աշխատաշուկայում ոչ ռեզիդենտ զբաղվածների թվաքանակի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:
Արցախից բռնի տեղահանված 3550 մարդ արդեն դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանից 2100-ին նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագրի հաստատումից հետո ակնկալվում էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող արցախցիների թիվը կտրուկ կաճի։ Բնակապահովման ծրագրի շահառու դառնալու պարտադիր պահանջներից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
Հարցին, թե դիմելիության ցուցանիշը ցա՞ծր է, սպասելի՞ էր այս իրավիճակը, Նելլի Դավթյանն ասաց, որ կանխատեսումներ չունեն, թե որքան հոսք պետք է լիներ։ «Միայն կարող եմ խոսել երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող մարդկանց խմբի մասին, ովքեր բնակապահովման առաջին փուլի շահառուներն են։ Այդ խմբի գերակշիռ մեծամասնությունը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց նա։
Անձնագրային ծառայություններում մեծ հերթերը շարունակվում են։ Նելլի Դավթյանը նշեց, որ աշխատանք է տարվել ու տարվում հերթերը մեղմելու ուղղությամբ։
«Արցախցիներից ստացվող քաղաքացիության դիմումների հետ կապված մեծ ծանրաբեռնվածություն չկա։ Բայց ծանրաբեռնվածություն կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց այլ ծառայություններ մատուցելու իմաստով։ Խոսքն անձնագրերի փոխանակման դիմումների մասին է, ժամանակավոր պաշտպանության վկայականի ստացման, հաշվառման հասցեի փոփոխման։ Մարդիկ հիմնականում ժամանակավոր կացարաններում են բնակվում, եւ բնակվելու վայրի հետ կապված սոցիալական աջակցության տեսակներ կան, որոնք անպայման ֆիքսում են յուրաքանչյուր տեղափոխություն։ Նաեւ 2022 թվականին տրամադրված 80 հազար անձնագրերի ժամկետն է լրացել, քանի որ դրանք երկու տարով էին տրամադրվել, հիմա նաեւ այդ հոսքն ենք սպասարկում։ Նաեւ միգրացիոն ընդհանուր աշխուժությունն է անդրադառնում պահանջարկի աճի վրա, բայց հերթերի մասով նախորդ տարիների համեմատ մենք որոշակի ծանրաբեռնվածության թոթափում արձանագրում ենք։ Եվ ելքի կնիքի կարգավորման չեղարկումն է ազդել դրա վրա, եւ այլ կարգավորումները»,- ասաց Նելլի Դավթյանը։
2020թ. 44-օրյա պատերազմից հետո իմ տեսած ամենաազդեցիկ ու ցավոտ տեսարաններից է՝ երկու որդեկորույս մայրեր հանդիպել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Մեկի դեմքը տարօրինակ խաղաղ էր՝ հանգստության զգացում կար․ նա կարողացել էր հողին հանձնել պատերազմում զոհված որդու մարմինը։ Մյուսի աչքերում խորը ցավ ու անորոշություն կար։ Նա չի կարողացել հողին հանձնել որդուն, որովհետև այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել մարմինը։
Մեր մեծերից՝ տատիկ-պապիկներից, շատ ենք լսել լեգենդ դարձած պատմություններ Երկրորդ համաշխարհայինից տուն չդարձած իրենց որդիների մասին։ Ոմանք նրանց համար անգամ չեղած ուտելիքից ամեն օր բաժին են հանել ու սեղանի շուրջը տեղ պահել՝ աչքները միշտ դռան կողմը։ Կան պատմություններ նաև եվրոպական երկրներում հաստատված խորհրդային բանակի զինվորների մասին, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Տունդարձի հույսը, թեկուզ անիրական, ապրեցրել է մարդկանց։
Դասականի ասած՝ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Սեպտեմբերյան պատերազմի ու Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ու անհետ կորածների հարազատները նույնպես տարբեր կերպ են փորձում «ապրել» իրենց ցավը։ Նրանցից շատերն ապրում են չմարող հույսով՝ կառչած անիրական թվացող ապացույցներից իրենց որդիների հավանական ողջ մնալու մասին՝ անգամ ամենադաժան իրավիճակում՝ ադրբեջանական գերության մեջ։ Գերություն, որ տառապանքի ու անորոշության անվերջ շղթա է, բայց նաև հույսի, որ իրենց սիրելիները ողջ են։ Մինչդեռ ծնողներից ոմանք նախընտրում են, որ իրենց որդիները կյանքին հրաժեշտ տված լինեն առանց ցավի, բայց ոչ երբեք գերության մեջ հայտնված լինեն։ Բաքվի բանտերի մասին հայերը լավ գիտեն։ Բաքվի բանտերը երկրային դժոխքի սարսափազդու խորխորատներ են։ Ով այստեղից դուրս է եկել՝ նորից է ծնվել։
2023-ի պատերազմի հետևանքով հայրենիք կորցրինք. համընդհանուր ցավ էր։ Որոշ ժամանակ անց ցավը դարձավ անհատական ու անձնական՝ ամեն մեկս մեր կորուստն ենք ողբում։ Հայրենիքի, տան ու անցյալի կորստի հետ մեկտեղ շատ ընտանիքների համար ողբերգությունն ավելի խորն է։ Նրանք կորցրել են իրենց հարազատներին ու հողին են հանձնել վտանգի, խուճապի ու անորոշության պայմաններում, բայց ստիպված բռնել գաղթի ճանապարհը ու անշիրիմ թողել։ Այդ զոհերի թվում են նաև 9-ամյա Արեգն ու իր տատիկը։ Յուրաքանչյուր օր այդ ընտանիքների համար հույսի ու հուսահատության օր է, և նրանք պատրաստ են դիմել ցանկացած միջոցների։
Հուլիսի 19-ին սեպտեմբերյան պատերազմի զոհերի հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում՝ հիմնավորելով, որ շատերի գերեզմանը որոշ ժամանակ հետո հնարավոր չի լինի տեղորոշել։ Հարազատները զրկված են զոհերի շիրիմներին այցելելու և, իրենց խոսքով, «գոնե մի ծաղիկ դնելու» հնարավորությունից։ Սա անչափելի ծանր ու անտանելի զգացում է, քանի որ մենք շատ ենք կապված մեր հարազատների գերեզմանների ու աճյունների հետ։ Արցախում հողի անգին լինելը նաև չափվում էր նահատակների թվով։ Արցախյան չորս պատերազմների ժամանակ մենք գրեթե այնքան մարդ ենք զոհաբերել, ինչքան Արցախի տարածքն է։ Արցախի ամեն մի մետր հողի համար մեկ կարմիր ծաղիկ կա։
Կառավարության դիմաց հավաքվել են նաև պատերազմական գործողությունների ու բենզալցակայանի պայթյունի ժամանակ անհետ կորածների հարազատները, որոնք էլ պահանջում են որոնողական աշխատանքների համար քայլեր ձեռնարկել։ Միջազգային հումանիտար և սովորույթային իրավունքը, այդ թվում՝ ժնևի կոնվենցիաները նախատեսում են որոնողական գործողությունների համապարփակ կարգավորում, խտրականության ու արգելքի բացառում։ Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը ենթադրում է նաև հարազատների գերեզմաններին այցելելու հնարավորություն։
Հարազատները դիմել են ոչ միայն Հայաստանի կառավարությանը, այլ նաև միջազգային բոլոր ատյաններին, բայց արդեն տասը ամիս է՝ ձայն բարբառո հանապատի։
Արտաշիրիմման նպատակը միայն հանգուցյալին թաղելը չէ, այլ նաև նրանց արժևորելու, ինչպես նաև անչափելի ցավի մեջ գտնվող ընտանիքների կողքին լինելն է։ Այդ մարդիկ իրենց հաճախ անզոր են զգում ու միայնակ։ Սակայն այդ խնդիրը միայն իրենցը չէ, սա համամարդկային խնդիր է, համամարդկային ողբերգություն։ Որպես հասարակություն, մենք հավաքական պարտավորություն ունենք նրանց հանդեպ։ Հաճախ այդ ընտանիքներն ունեն ոչ թե նյութական աջակցության, այլ իրական ապրումակցման, վիշտը կիսելու, տարրալուծելու, թեթևացնելու և, ի վերջո, իմաստավորելու կարիք։
Այդ նպատակով է, որ հուլիսի 24-ին «Ստեփանակերտ» մեդիա-ակումբը նախաձեռնեց քննարկում՝ անհետ կորածների հարազատների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, հոգևորականների ու հանրային գործիչների մասնակցությամբ։
Թակել բոլոր փակ դռները․ այս էր լուծումներ փնտրող մասնակիցիների ասելիքը։
Քննարկման մասնակիցների կողմից առաջարկներ հնչեցին նամակով դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել եկեղեցիների համաշխարհային խորհրդին, օգտագործել նախորդ դրական ու բացասական փորձը՝ հաշվի առնելով, որ սա մեր առաջին պատերազմը չէ և ոչ առաջին անհետ կորածները, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումներով հետևել գերեզմանների վիճակին, տեսաուղերձներով դիմել համապատասխան կառույցներին, եթե կարիք լինի՝ թակել անգամ հակառակորդի դուռը՝ դիմել Ադրբեջանի ղեկավարությանը։
Վերջերս Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առցանց հարթակում մեդիա արշավ է սկսել Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Նա կոչ է անում աշխարհասփյուռ հայերին համախմբվել ու միանալ այս նախաձեռնությանը։ Իր ուղերձում Օկամպոն նշում է․«Պարտվում եք, երբ դադարում եք պայքարել»։
Ինչքան էլ դժվար լինի այդ ճանապարհը, պետք է շարունակել ու սատար կանգնել ինչպես գերիների, այնպես էլ պատերազմում զոհերի ու անհետ կորածների հարազատներին։
Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Իրանը դեռևս կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Ինչպես հաղորդում է Iran Today Telegram ալիքը, այս մասին Թեհրանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ալի Խամենեին։
Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։
Նա նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Նրանց համար, ովքեր հավատում են, որ Արցախը 30 տարի նստած էր համաշխարհային հայության վզին.
Արցախում գործում էին մուրաբա, բնական հյութեր և բանջարեղենի պահածոներ արտադրող մի քանի գործարան, որոնք արտահանվում էին «Made in Armenia» ապրանքանիշով։
Հայաստանին անհրաժեշտ ամբողջ հացահատիկի մոտ 60 տոկոսը նույնպես արտահանվել է Արցախից։ Արցախն ամբողջությամբ էլեկտրաէներգիա է մատակարարել ոչ միայն իրեն, այլ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի հարևան մարզերին։
Արցախի կաթնամթերքն աշխատում էր բնական կաթի վրա, և նրանց արտադրանքը երկու անգամ ավելի էժան էր, քան Հայաստանում։
Արցախն իրեն ամբողջությամբ ապահովել է նաև հավով, ձվով, արևածաղկի ձեթով և մսով։
Արցախում գործում էին նուրբ գինի և կոնյակ արտադրող, նաեւ կարի մի քանի գործարաններ, որոնց արտադրանքը նույնպես արտահանվում էր։
Արցախում գործում էին էկոլոգիապես մաքուր մակարոնեղենի և քաղցրավենիքի արտադրության գործարաններ, որոնց արտադրանքը նույնպես արտահանվում էր։
Արցախից արտահանվել են նաև արժեքավոր փայտանյութ, ոսկի և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք մետաղներ։ Սրանից ստացված եկամուտների առյուծի բաժինը, իհարկե, մտել է բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, բայց, այնուամենայնիվ, «Բեյզ Մեթըլս»-ը եղել է Արցախի ամենախոշոր հարկատուն։ Կոռուպցիան, ինչպես գիտենք, արցախցիները չեն հորինել, այն ծաղկել է ողջ հետխորհրդային տարածքում։
Իսկ Արցախի բոլոր այս ձեռնարկություններում հազարավոր մարդիկ են աշխատել։
Էլ չենք խոսում Արցախ ժամանած տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների մասին, որոնցից փող են աշխատել Հայաստանի տուրիստական գործակալությունները։
Ինչ-որ մեկի համար հիմա ձեռնտու է Հայաստանի վզին նստած Արցախի կերպար ստեղծելը, իբր, անտանելի բեռ, որը, բարեբախտաբար, նետվել է, բայց դա ամբողջովին սխալ է։ Ես կլռեմ նաև այն մասին, որ Արցախի կորստից հետո Հայաստանը ստիպված է հսկայական գումարներ ծախսել սահմանների պաշտպանության վրա, վստահ եմ, ավելի շատ, քան ուղարկել է Արցախ։
ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների Երևան այցելությունների ֆոնին, եւ նրանց պնդումների առ այն, որ «եկել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակը, որը թույլ կտա մեզ բացահայտել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», ֆաշիստական, ահաբեկչական ադրբեջանը, որը Արցախը ենթարկեց ցեղասպանության և էթնիկ զտումների, պարբերաբար մանտրայի նման կրկնում է Ալիեւի անհեթեթ պահանջները․ «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների» և «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» պահանջները փոխվում են՝ կախված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արտաքին ճնշումից։
Վերջին շաբաթի պահանջը՝ «Հայաստանը պետք է հստակ պատասխան տա, այսպես կոչված, 90-ականների փախստականների Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ»։
Ադրբեջանցիները լքել են Խորհրդային Հայաստանի տարածքը Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո։ Ավելին, ադրբեջանցիները Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ լքել են Հայաստանը՝ փոխանակելով իրենց խարխուլ տնակները Ադր․ ԽՍՀ-ի հայերի հետ Բաքվի կենտրոնում կահավորված բնակարաններով՝ իրենց հետ տանելով ողջ ունեցվածքը և նույնիսկ անասունները։ Այսինքն՝ բնակչության տարանջատում է տեղի ունեցել ռազմական գործողությունների արդյունքում։
Նրանք հետագայում փոխհատուցում ստացան Հայաստանի կառավարությունից։ Այդ մարդիկ ոչ մի կերպ չեն կարող համարվել փախստականներ, և, իհարկե, չեն կարող հավասարվել ցեղասպանության և էթնիկ զտումների հետևանքով նախկին Ադր․ԽՍՀ-ում իրենց տները լքած հայության հետ՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Նախիջեւան, ինչպես նաև հայաբնակ Շահումյանի շրջանից և Գետաշենի ենթաշրջանից։
Արցախը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի տարածքում Խորհրդային Միության Սահմանադրությանը համապատասխան (ըստ այն ժամանակ գործող սահմանադրության՝ ԽՍՀՄ փլուզման կամ լուծարման դեպքում, ինքնավար հանրապետություններն ու շրջանները կարող էին լքել այն նույն կերպ, ինչ միութենական հանրապետությունները), միշտ եղել է ինքնավար հայկական մարզ։ Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արցախի բնակիչները համապատասխանաբար օգտվել են ինքնորոշման իրավունքից, չեն մասնակցել անկախ ադրբեջանի կազմավորմանը, չեն քվեարկել նրա Սահմանադրության օգտին, չեն դիմել ադրբեջանին քաղաքացիություն ստանալու համար։
Այս բոլոր փաստերը համապատասխանում են միջազգային իրավունքին և օրենքներին և մինչ օրս չեն վիճարկվել որևէ միջազգային մարմնի կողմից։ Այդ մասին են վկայում միջազգային դերակատարների և կազմակերպությունների կողմից արցախցիների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի մասին բազմիցս հայտարարությունները։
Պատահական չէ, որ ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, առաջ է քաշում ՀՀ Սահմանադրությունից և Հայաստանի անկախության հռչակագրից Արցախի եւ Հայաստանի վերամիավորվելու մասին 1989 թ․ համատեղ որոշման մասին կետի հանման եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի լուծարման պահանջը։
Ի տարբերություն Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների, ադրբեջանցի պաշտոնյաները լավ գիտեն միջազգային նշանակության փաստաթղթերի արժեքը։ Եվ նույնիսկ ցեղասպանությունն ու Արցախի էթնիկ զտումները Բաքվին իրավունք չեն տալիս դառնալու նրան երբեք չպատկանող տարածքի օրինական սեփականատերը։
Մեզ մնում է միայն ափսոսանքով հետևել, թե ինչպես է Հայաստանի ներկայիս իշխանությունն անխոհեմ կերպով հետևում միջազգային հանցագործ Ալիևի օրինակին։ Բայց ինչպես էլ աշխարհը փոխվի, որքան էլ միջազգային կառույցները դեգրադացվեն, ոչ ոք չի կարող ճնշել ժողովրդի իրավունքներն ու կամքը։ Մնում է, որ հասարակությունը բարձրաձայն հայտարարի. «Մենք պատրաստ ենք ամեն գնով պայքարել մեր ազատության համար»։ Մի անգամ՝ 1988-94 թվականներին, մեզ դա հաջողվեց…
Աշխարհի նախկին առաջին ռակետ, կարիերան ավարտած ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Փարիզի օլիմպիական ավանում հանդիպել է բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին եւ աթլետ Երվանդ Մկրտչյանին: Նա իր աջակցությունն է հայտնել հայ օլիմպիականներին, Հայաստանի թիմին:
Ալեքսիս Օհանյանը Ինստագրամի սթորի բաժնում Դավիթ Չալոյանի եւ Երվանդ Մկրտչյանի մասնակցությամբ հրապարակում է արել՝ նշելով աշխարհի փոխչեմպիոնի ինստագրամյան էջը:
«Ես այժմ հայ օլիմպիականների հետ եմ։ Աջակցում եմ Հայաստանի թիմին, առաջ Հայաստան, մեծ սեր: Այո՛, լավ թիմ է: Լավ մնացեք, մեզ մի թերագնահատեք»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:
Իսրայելի անվտանգության կաբինետը լիազորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա պաշտպանության նախարարին որոշել, թե երբ և ինչպես պատասխան հարված հասցնեն ի պատասխան հրթիռային հարձակման, որն, ինչպես ասում են Իսրայելը և ԱՄՆ-ն, իրականացվել է շաբաթ օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից:
Նախարարները շտապ խորհրդակցության են հավաքվել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս քաղաքի վրա հարձակումից հետո։ Շաբաթ երեկոյան իրականացված հարձակման հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել դրուզե համայնքից։ «Հեզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը օպերացիային:
Նախօրեին Նեթանյահուն ընդհատել էր իր այցը ԱՄՆ և վերադարձել Իսրայել։
Հարձակումը մտավախություն է առաջացրել, որ մինչ այժմ համեմատաբար զուսպ մարտերը կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:
Արևմտյան կառավարությունները դատապարտեցին հարձակումը, սակայն Իսրայելին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իր պատասխանում: Սպիտակ տունը հայտնել է, որ «այս սարսափելի հարձակումից հետո շարունակական քննարկումների մեջ է եղել իսրայելցի և լիբանանցի գործընկերների հետ»:
ԱՄՆ վարչակազմը նաև ասել է, որ «աշխատում է Կապույտ գծի երկայնքով [Իսրայելի և Լիբանանի միջև ոչ պաշտոնական սահմանը] դիվանագիտական լուծման վրա, որը մեկընդմիշտ վերջ կդնի բոլոր հարձակումներին»:
«Հեզբոլլահ»-ն պնդում է, որ չի հարվածել: Լիբանանի կառավարությունն իր հերթին կոչ է արել հետաքննել միջադեպը: Դիտավորյալ հարվածի տեսությունները ակտիվ քննարկվում են վերլուծական շրջանակներում, հատկապես այն բանից հետո, երբ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում կոչ արեց «բռնել քաղաքակրթության կողմը բարբարոսների դեմ պատերազմում»։