Միայն 10,2 տոկոսն է կարծում, որ ղարաբաղյան էջը պետք է շրջել՝

Հարցվողների 33,3 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի արժանապատիվ վերադարձի համար։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ 29,5 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է սպասի հարմար պահի, որպեսզի ապագայում ղարաբաղյան հարցը նորից բարձրացնի։ «21,5 տոկոսը պատասխանել է, որ անհրաժեշտ է փորձել վերականգնել Լեռնային Ղարաբաղի հայկական վերահսկողությունը։ 10,2 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան էջը պետք է շրջել՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։ 4,6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,- ավելացրել  է նա։

Նշենք որ հարցումն իրականացվել է հեռախոսով, հուլիսի 3-6-ին, 1 100 հարցվողների շրջանում։

Արցախցի երաժիշտների համերգներ հուլիսի 12-13-ին․ AD Duo եւ Շուշի Քուչի Բլյուզ

Հուլիսի 12-13-ին Երեւանի Արամի 42/1 հասցեում գտնվող Գաստրոբակում տեղի կունենան Արցախցի երաժիշտների համերգներ։

Հուլիսի 12-ի ժ․ 20:00-ին՝ AD Duo (Արամ և Դարինե)։

Հուլիսի 13-ի ժ․ 20:00-ին՝ Շուշի Քուչի Բլյուզ։

Մուտքն ազատ է։

Մարիամաձոր․ «Մեր շենին ժողովուրդը մուղ պհեսչն իլալ»

Մարիամաձորը Արցախի Հադրութի շրջանի գյուղերից է: Գյուղի Մարիամ աղբյուրի անունից է առաջացել գյուղի անվանումը: Չնայած, որ գյուղը փոքր էր, բայց բավականին ակտիվ և աշխույժ էր:

Գյուղի գերդաստաներն են՝ Ղրդղեցեք, Մոսունք, Միրզաք, Բալունք, Ճուզունք, Թունուք,Դադունք, Միրջանանք, Քոչանց, Դվութաք, Տանուք և ուրիշներ։

Ինչպես բոլոր Արցախի գյուղերը, Մարիամաձորն ունի իր սրբավայրերը՝ Սբ․ Մինաս եկեղեցին, որը սովետական միության ժամանակ փորձել են քանդել, և «Կրկակաչին սորբը»։ Իսկ բազմազան սառնորակ աղբյուրների մասին պատմում են հենց իրենք մարիամաձորցիները՝ «Մեր շենը աղբյուրներավա իլալ շրջապատված ու ամեն մի աղբյուրի կոխկի մի հատ քեֆի տեղ։ Քեֆ անող ժողովուրդնք։ Կոխկի շեներքան կյասն իլալ մեր շենումը քեֆ ընես։ Հանցա լհա տրան դարդանել ըսեսն «Փուստի փափաղ մարիամաձորցիք»։

Ինչպես նշել է մեր զրուցակիցը, Մարիամաձորը շրջապատված էր աղբյուրներով՝ «Սիրանգ» աղբյուրը, որը ամենահայտնին էր, «Շլորոտը», «Կոպալին աղբյուրը», «Մարիամ աղբյուրը», «Ճուզունց աղբյուրը», «Հինդադուց աղբյուրը», «Բալուն անցը», «Ափուն աղբյուրը», «Շրշռանը»։

Գյուղում նաև ավանդույթ կար, եթե անտառ փայտի գնալուց աղբյուրի մոտ հանդիպում էիր քեֆ անող մարիամաձորցիներին, ապա պետք է անպայման մի բաժակ տնկան թթի օղի վայելեին, որից հետո շարունակեն ճանապարհը։

Այսպես էին իրենց ազատ ժամանակը վայելում մեծահասակները, իսկ ավելի կրտսեր սերունդը նախընտրում էր արշավներ կազմակերպել, օրինակ՝ «Ավանեսի ղալը»,իսկ հետո գնում էին «Մեղր աղբյուր» եզրափակելու արշավը:

Ամառվա տապին իջնում էին «Դիրմանա բանդ» Իշխանագետում զովանալու։ Նոր տարին նշում էին մեծ շուքով, մինչև լուսաբաց շրջում գյուղի տներով, շնորհավորելով և բարեմաղթելով միմյաց լավ ու բարի տարի, իսկ բանակից գյուղի տղաների վերադարձին սպասում էր ամբողջ գյուղը, հետո ամբողջ գյուղով նշում վերադարձը։

Վերջի տարիներին ակտիվ նշում էին նաև Տըրընդեզը, սկզբում գյուղի ակումբում ապահովում էին գեղարվեստական մասը, իսկ հետո «Սվենի թթենու» տակ կրակ էին վառում։ «Սվենի թթենու» տակ երկու նստարան կար, որտեղ գյուղի մեծահասակները նստած՝ «քաթն իլալ ընես»։

Եվ իհարկե, գյուղը գյուղ է իր գյուղացիներով, իսկ մարիամաձորցիները այսպիսի ժողովուրդ են՝ «Մեր շենին ժողովուրդը մուղ (մուռ) պհեսչն իլալ, սօր կարողա կռեվ անին մի չափարու կամ բուստանու ջրի հետե, բայց էքուց առավոտը էլի ուրուր նհետ սովորական, պարլուս ասին ու ամենը իրա գործին։ Էս վերջի տարիներին էլ շինացիք տներն իլալ շինիս, սաղ շենը ուրուր քօմագա իլալ ընես»։ Մին լավ ադաթ էլ կար մեր շենումը, հուր հայաթում խոզ կամ տավարն իլալ մուրթես, անպայման բիդար թոքուջիգարը խրվին լոխ միասին ոտին։ Հսի ստի էլ ըպրեսնք իլալ, մեր հոգսերով , մեր լավ ու վատ օրերով, բայց ասօր՝ միայն մեր հուշերավ… »

Քրիստինա Ալավերդյան

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ով՝ Շահմասուր․ Դրանք մեր կյանքի լավագույն տարիներից էին

Առաքյալը

Դեռ 2023-ն էր։ Շրջափակումը նոր պտույտներ էր հավաքում և իր դիրքերն ամրացնում։ Մի կերպ կարողացանք բենզին գտնել ու գնալ Մարտակերտի շրջանի մեր Շահմասուր գյուղը։ Մարդիկ դեռ ուտելու բաներ գտնում էին, թոնրատնից հացի հոտը գալիս էր։ Մեզ էլ դատարկաձեռն բաց չթողեցին այնտեղից։ Երեխաներից ամեն մեկը «մի ճոթ հաց» ձեռքին գյուղն ի վեր բարձրացավ։ Չնայած «կյանքը շարունակվում է» իմիտացիային, կարծես, գյուղը կանգ էր առել ժամանակի մեջ։ «Կանգ ա՛ռ, ակնթարթ»՝ կասեր Ֆաուստը։

Ճանապարհին մի տուն ուշադրությունս գրավեց։ Հարցիս, թե ովքե՞ր են այնտեղ ապրում, ասացին․ «Մեր պատմության ուսուցիչն է։ Կինն էլ գյուղի բուժքույրն է։ Հայաստանից են»։ Առանց վարանելու մտա նրանց տան բակը։ Փայտե բազրիքներով սանդուղքին կանգնած էին այր ու կին՝ Արարատ Սարգսյանն ու Վանուհի Թերզյանը։ Ներկայացա։ Հետագա մեր զրույցը ընթացավ ամենաջերմ հունով՝ Շահմասուրի անուշաբույր ուրցով թեյի սեղանի շուրջ։ Մի բան ակնհայտ էր․ մարդիկ առաքելությամբ են եկել Արցախի հեռավոր այդ գյուղը՝ ոչ միայն որպես ուսուցիչ աշխատելու, այլ ծառայություն անելու, օգտակար լինելու։ «Պետք է հավասար կրթություն ապահովել բոլոր երեխաների համար՝ անկախ գտնվելու վայրից, լինի դա հեռավոր գյուղում, թե քաղաքում»,- համոզմունք ունի Արարատը։ Հիմա արդեն, գտնվելով Հայաստանում, Արարատը հիշում է, որ 2020-ի պատերազմից հետո Արցախ գնալու որոշումն այդքան էլ հեշտ չի տրվել։

Որոշում

Երբ 2020-ի պատերազմից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան»-ով իմացանք, որ նշանակվել եմ Արցախում ուսուցչություն անելու, առաջին բանը, որ միտքս եկավ, կնոջս անվտանգությունն էր։ Բայց նաև ուրախություն էր, որովհետև երբևէ չէի եղել Արցախում։ Քանի որ տեղեկություններս համացանցից էին և դրանք ահաբեկող էին, նաև վախ ունեի։ Վերջին մի շաբաթը գիշերները ծանր էի քնում։ Հեռանալու ժամանակն էր, շրջապատում էլ դեմ էին, որ գնայի։ Միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, որտեղ ես ծառայում էի որպես սարկավագ, ասաց․ «Արարատ, չվախենաս, եթե Աստված քեզ այդտեղ է նշանակել, որ ծառայես, ուրեմն առաքելություն ունես այնտեղ անելու։ Պատահական ոչինչ չի լինում»։

Հույսը սրտներումս, հավատով առ Աստված, որ Նա մեր պահապանն ու պաշտպանն է, մեկնեցինք Արցախ։ Ամբողջ  ճանապարհին աղոթել եմ։ Պատկերացում չունեի, թե ինչ է կատարվում այնտեղ, սարսափեցնող տեղեկություններ էին միայն։ Երբ հասանք գյուղ, առաջին հարցս գյուղացիներին սահմանների մասին էր, թե ինչքան հեռու են ադրբեջանցիները մեզանից։ Կամաց-կամաց, գյուղացիների հետ շփվելով,  ներքաշվեցինք առօրյա կյանքի մեջ։ Մեզ համար էլ ամեն ինչ դարձավ սովորական։ Հեռվից ամեն ինչ ավելի սարսափելի է, քան եթե գտնվում ես տեղում։

2020-ից հետո Արցախում մնացինք 2 տարուց մի փոքր ավել։ Դասավանդման ժամկետն արդեն ավարտվել էր, բայց շրջափակման պատճառով չէինք կարողանում վերադառնալ Հայաստան։ Ես Շահմասուր գյուղ գնացել էի որպես պատմության մասնագետ, որովհետև այնտեղ այդ մասնագետը չկար։ 2 տարի դասավանդեցի պատմություն, ունեցա պատմության խմբակ։ Կինս էլ մասնագիտությամբ բուժքույր էր, գյուղում բուժքույր էր աշխատում։ Այդպես այր ու կին ներառվեցինք գյուղի կյանքին, դարձանք նրա մասնիկներից մեկը։

Ընդունում

Շահմասուրցիները սկզբնական շրջանում զգուշությամբ էին մեզ ընդունում։ Հետագայում, երբ սկսեցինք շփվել, բարեկամական, ընկերական հարաբերություններ ստեղծվեցին։ Գյուղի բոլոր աշխատանքներին մասնակցում էինք՝ սկսած ծմակից փայտ բերելուց, փոքրիկ հողամասի մշակելուց, օղի թորելուց, մոշի մուրաբա եփելուց, վերջացրած թութը թափ տալուց։ Մեզ հրավիրում էին գյուղի կարևոր արարողություններին՝ ծնունդ, կնունք և այլն։ Մենք էլ նրանց էինք հրավիրում, ամեն երեկո թեյախմություն էինք կազմակերպում։ Դառել էինք այդ գյուղի բնակիչներ։ Դրանք մեր կյանքի լավագույն տարիներից էին։ Այդ սերը իրար հանդեպ երևաց նաև բլոկադայի ժամանակ, երբ մեր ունեցած պաշարը վերջացել էր, և գյուղացիներն էին մեզ օգնում։

 Լրացնել հոգևոր բացը

Քանի որ նաև սարկավագ էի, ունեի կիրակնօրյա դպրոցի խմբակ։ Կիրակնօրյա խմբակում զբաղվում էինք նաև նկարչությամբ, սովորել էի Գեղարվեստի ուսումնարանում և տիրապետում էի որոշակի նկարչական հմտությունների։  Գյուղում սկզբնական շրջանում որպես սարկավագ չէի ներկայացել, այլ միայն որպես ուսուցիչ, բայց ընթացքում տեսա, որ այդ հոգևոր բացը կա։ Երեխաները ծանոթ չէին Հայ Առաքելական եկեղեցուն, դրա համար փորձեցի որոշակիորեն պարզ տեղեկություններ տալ։ Նկարչության խմբակի շրջանակներում նկարում էինք հոգևոր թեմաների շուրջ։ Կազմակերպում էինք մուլտֆիլմի դիտում։ Մի օր էլ որոշեցինք, որ այդ խմբակը պիտի դառնա կիրակնօրյա։ Երեխաներն այդ բացը ունեին, ծնողներն էլ դեմ չէին։ Երեխաները մեծ սիրով էին գալիս։ Եթե մի օր ցանկանայի չանել կիրակնօրյան, երեխաները գալիս էին ու ասում․ «Ընկ․ Սարգսյան, այսօր խմբակ չկա՞»։ Ամեն ինչ անում էի, որ խմբակը գործեր։ Ընթացքում խաղեր էինք խաղում, ուրախ ժամանց էինք կազմակերպում։ Ամեն ինչ հրաշալի էր անցնում։ Դա նաև առիթ դարձավ, որ որոշ գյուղացիներ մկրտվեն։ Մենք էլ պատիվ ունեցանք գյուղացիներից մեկի ընտանիքին քավոր դառնալու։

Կազմակերպում էինք ուխտագնացություններ, առարկայի շրջանակներում դպրոցում շախմատի առաջնություն էինք կազմակերպում ձորակի գյուղերի դպրոցների հետ։ Երեխաներին կարողացանք բերել Երևան, մասնակցել «Starmus» միջազգային փառատոնին, որը կազմակերպել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը։ Մեր աջակցությամբ նրանք կարողացան գալ Երևան, ծանոթանալ մայրաքաղաքին, մասնակցել միջազգային փառատոնին, որը վերաբերում էր տիեզերագնացությանը, արհեստական բանականությանը․․․

 Նեղությունների մեջ՝ շնորհ

Բլոկադայի ժամանակ գյուղի վիճակը ծանր էր։ Չկար վառելիք, կապը մայրաքաղաքի հետ կտրվում էր։ Եկավ մի պահ, որ ալյուրի խնդիր առաջացավ։ Այդ օրերին ստիպված եղա գնալ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լիներ գոնե հաց գնել։ Գիշերները արթնանում էինք, գնում հացի փռերը, հերթ կանգնում ժամերով, որպեսզի մի կտոր հաց կարողանանք վերցնել։ Ճիշտ է, նեղության մեջ էինք, բայց կար մի տեսակ ջերմություն, փոխադարձ հոգատարություն մեկը մյուսի հանդեպ։ Այդ օրերին մենք ապրում էինք մի փոքրիկ հոսթելում, որտեղ մնում էին տարբեր տեղերից տեղահանված արցախցիներ։ Երեկոյան եթե սուրճ կամ թեյ էինք գտնում, բերում ու միասին խմում էինք։ Ով ինչ գտնում էր՝ բերում էր։ Մի տեսակ կարոտով եմ հիշում, բայց ծանր օրեր էին։ Բաժանումն էլ էր ծանր։ Այն միտքը, որ դու հեռանում ես, իսկ այդ մարդիկ այդ դժվարությունների մեջ էին մնում, տանջում էր։

Ցավոք, հիմա գյուղացիների հետ շփումս քիչ է, ինչի համար ափսոսանք եմ զգում։ Տեղահանումից հետո ծանոթներիս միջոցով ոմանց համար տուն ենք գտել, որպեսզի գային ու մեզ մոտիկ բնակվեին։ Ցավոք, գյուղացիներից ոմանք արդեն արտերկիր են մեկնել։ Աշակերտների հետ կապը պահպանում եմ։ Երեխաները կարոտում են իրենց գյուղը, միջավայրը, դպրոցը։ Ես նույնպես կարոտում եմ։ Մի ընտանիքի պես մի փոքրիկ գյուղ էր՝ հրաշալի բնության մեջ։

Եղավ այն, ինչ եղավ

Երբևէ մտքովս չէր անցնում, որ Արցախը կհայաթափվի։ Դա մղձավանջ է, չէի պատկերացնում, որ նման բան կլինի, որ Ադրբեջանը կհանդգնի հարձակվել։ Կարծում էի, որ միջազգային հանրությունը, ռուսները կպաշտպանեն արցախցիներին, մենակ չեն թողնի։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Այդ օրերին մտածում էի ինձ հարազատ մարդկանց մասին, որովհետև այնտեղ գտնվելու ժամանակ այդ քննարկումները միշտ կային, թե ո՞նց կլինի, ի՞նչ կլինի։

Շատ կցանկանայի, որ արցախցիները հիմա մնան Հայաստանում ու չլքեն երկիրը, այլ նորից Արցախ վերադառնալու հույսով ապրեն, այն մտքով, որ այսօր էլ մի բան անեմ, որպեսզի Արցախը վերադարձվի։ Ինձ թվում է, որ դա հնարավոր է։ Հիմա, կարող է, անհնարին է դա թվում, բայց մենք չգիտենք, թե հետո ինչ կլինի, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կլինեն։ Մեր ապագան կախված է այսօրվա մեր քայլերից, որ կարողանանք Արցախը վերադարձնել։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում

 

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։

Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։

Հարթակում ինտերակտիվ քարտեզի և բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված  այն 390 բնակավայրերը, որտեղ ծրագրով առավել աջակցություն է նախատեսված  բնակարան/տուն գնելու կամ կառուցելու համար։

Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան  առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, ինչպես նաև՝ տնտեսական, գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։

Bnakavayr.am-ում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես  անցնել կայք և լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։

Առաջին կիսաեզրափակիչ. Ֆրանսիան պարտվեց Իսպանիային

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց իսպանացի մրցակիցներին և չկարողացավ դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի։

Այսպիսով, իսպանացիները դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ կխաղան Հոլանդիա-Անգլիա հանդիպման հաղթողի հետ։

Եվրո-2024-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում։

Լուսանկարը՝ euronews.com

ԱՄՆ-ը և դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր

Կիևը կստանա հակաօդային պաշտպանության ևս հինգ համակարգ, ասվում է ԱՄՆ-ի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք մտադիր ենք Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության հավելյալ հնարավորություններ՝ պաշտպանվելու համար շարունակվող ռուսական ագրեսիայից, ներառյալ ռուսական կանխամտածված հարձակումները ուկրաինական քաղաքների, քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների վրա», – ասվում է հայտարարությունում, որը տարածվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ Վաշինգտոնում։

Պլանների համաձայն՝ Կիևը կստանա չորս Patriot համակարգեր ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ռումինիայից, այդ համակարգերի բաղադրիչները Նիդեռլանդներից և այլ գործընկերներից, ինչպես նաև մեկ SAMP/T համակարգ, որը կփոխանցի Իտալիան։

«Այս հինգ ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգերը կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակիչներին և զինվորներին»:

Գերմանիան և Ռումինիան արդեն հայտարարել են, որ ուղարկելու են երկու Patriot, իսկ Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են, որ աշխատում են Կիևի համար մեկ համակարգ հավաքելու ուղղությամբ, հիշեցնում է AFP-ն։

Ավելի վաղ Ջո Բայդենը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արևմտյան դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն «տասնյակ լրացուցիչ մարտավարական հակաօդային պաշտպանության համակարգեր»։

«Պատմության այս պահը պահանջում է մեր հավաքական ուժը։ Պուտինը ուզում է Ուկրաինային ամբողջությամբ ենթարկել, վերջ տալ ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել ուկրաինական մշակույթը և ջնջել Ուկրաինան երկրի երեսից։ Իսկ դուք գիտեք, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի վրա։ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Համատեղ հայտարարության մեջ պարզաբանվում է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը և գործընկերները մտադիր են Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության տասնյակ մարտավարական համակարգեր, այդ թվում՝ NASAMS, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS և Gepard համակարգեր, որոնք պետք է ընդլայնվեն և ուժեղացվեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է: Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ։

Զատուլին. Ռուսաստանը կրծքով պաշտպանեց Ղարաբաղը` հայերից

Շատ արցախցիներ Քարագլուխից, Փարուխից և Արցախում ռուսների հետ կապված միջադեպերից հետո արդեն ասում էին, որ այլևս չեն վստահում ռուս «խաղաղապահներին»՝ խոստովանելով, որ 2020 թվականի պատերազմից հետո Պուտինի անձնական երաշխիքներով են վերադարձել Արցախ։ Նրանց, ովքեր նախազգուշացնում էին վտանգի մասին և փորձում էին բացել աչքերը, մի կողմ էին քշում, ինչպես ճանճերի։ Մարդիկ ընթերցեցում էին նոյեմբերի 9-ի հայտարարությունը և չէին նկատում, որ, օրինակ, հայտարարության մեջ «հայեր» բառը չի հիշատակվում, նույնիսկ մեկ անգամ։ Ո՞ւմ էին պաշտպանելու «ռուս խաղաղապահները», եթե ոչ հայերին։ Թե՞ եկել են Ղարաբաղը հայերից «պաշտպանելու»։

Ռուս պատգամավոր և «հայերի մեծ բարեկամ» Կոնստանտին Զատուլինն ասաց, որ Ռուսաստանը չէ, որ հանձնեց Ղարաբաղը։ Նա նշեց, որ Ռուսաստանը զորք է ուղարկել կողմերի «և առաջին հերթին հայկական կողմի» խնդրանքով, սակայն խաղաղապահները գործելու մանդատ չեն ստացել։ Ի հավելումն սրան, Հայաստանի վարչապետը 2022 թվականին (Պրահայի) հայտարարության մեջ հրապարակայնորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ասում է նա։

Զատուլինը, իհարկե, չի նշում, որ Պուտինը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ասել է, որ Ղարաբաղը համարում է «Ադրբեջանի մաս»։ Չնայած Զատուլինը խոստովանում է, թե ինչու Ռուսաստանը զորք մտցրեց. «Ռուսաստանը շահագրգռված էր, որ ԼՂ հայերն ապրեն իրենց տեղերում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը որոշակի պայմաններում անկախություն ձեռք բերի, եթե ոչ անկախություն, ապա գոնե պահպանի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտա հայերին ապրել այնտեղ խաղաղ, իրենց տներում, գերեզմանոցների մոտ»:

Ահա թե ինչու Մոսկվային թույլ տրվեց զորք մտցնել Արցախ՝ Ալիևին պետք էր ոչ միայն հինավուրց հայկական հողը, այլև մի քանի տասնյակ հազար «քաղաքացիների», որոնք կլեգիտիմացնեն Ալիևի իրավունքն այս հողի նկատմամբ։

Այս առումով Ռուսաստանը, իրոք, չհանձնեց Ղարաբաղը, չկարողացավ հանձնել, քանի որ արցախցիները վերջապես բացեցին աչքերը և տեսան, որ ռուսական գնդացիրներն ուղղված են իրենց, այլ ոչ թե թշնամիների դեմ։ 120 հազար մարդ ժամանակավորապես լքեց իր հողերը և չթողեց իր իրավունքները ռուսներին.

Հիմա արցախցիները սկսում են խոսել իրենց իրավունքների մասին՝ բարձր, հստակ, և ոչ ոք չի կարող առարկել նրանց։ Զատուլինը փորձում է արդարացումներ գտնել, բայց Սարուշենի, Շոշի, Սառնաղբյուրի բնակիչները արդարացումների կարիք չունեն. նրանք ուղիղ հարց են տալիս ու ուղղակի պատասխան են պահանջում՝ ինչի՞ համար է Ռուսաստանը զորք մտցրել Ղարաբաղ, ո՞ւմ էր պաշտպանելու, ինչպե՞ս է Արցախի բանակի զենքը հայտնվել Դոնբասում։

Նաիրա Հայրումյան

Իսպանիայում բարձրաձայնվել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին

Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ)կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության  անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական  և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովը համախմբել է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների համատեքստում Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը մշակել է «Խաղաղության ուղիներ» նախագիծը, դրանով իսկ երկխոսության և համագործակցության հարթակ տրամադրելով ԵԵԿ-ի անդամ եկեղեցիներին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանում պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները՝ ի թիվս որոնց արդարության և ազատության միջոցով խաղաղության հաստատումը, մարդու հիմնարար իրավունքների և կրոնի ազատության, փախստականների և բռնի տեղահանված ժողովրդների իրավունքների ու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է ԵԵԿ Կառավարման Խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Միջոցառմանը Հայր Սուրբը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով։

ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է ֆինանսավորել Արցախի պետական ​​նվագախմբն՝ այժմ Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ

ՀԲԸՄ Հայաստան բարեգործական կազմակերպությունը շարունակում է ֆինանսավորել Արցախի պետական ​​կամերային նվագախումբը։

ՀԲԸՄ ծրագրի ղեկավար Սասուն Բաղդասարյանը նշեց, որ կազմակերպությունը ֆինանսավորում է Կամերային նվագախումբը ստեղծման օրվանից: «Արցախի բնիկ բնակչության տեղահանությունից հետո կազմակերպությունը որոշել է շարունակել ծրագրերը և սկսել նորերը։ Նկատի ունենալով Կամերային նվագախմբի հաջողությունները թե՛ Արցախում, թե՛ միջազգային բեմերում՝ ՀԲԸՄ-ն որոշել է մինչև այս տարվա վերջ շարունակել 17 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ֆինանսավորումը։ Կան նախադրյալներ, որ ֆինանսավորումը կշարունակվի 2025թ.։ Օրերս կայացած համերգով Արցախի պետական ​​կամերային նվագախումբը հայտարարեց ստեղծագործական գործունեության վերսկսման մասին»։

Հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը Կամերային նվագախմբի գործունեության սկիզբը կապեց «Արցախը և նրա արժեքները պահպանելու» և «Արցախ վերադառնալու մեր նպատակի հետ»։

Արցախի պետական ​​կամերային նվագախումբը ստեղծվել է 2004 թվականին Լեռնային Ղարաբաղի կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Մինչև 2023 թվականը Պետական ​​նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավարն ու գլխավոր դիրիժորը մաեստրո Գևորգ Մուրադյանն էր՝ Երևանի կոնսերվատորիայի և Վիեննայի երաժշտական ​​ակադեմիայի շրջանավարտ, 1983 թվականի դիրիժորների համամիութենական V մրցույթի հաղթող։

Այժմ նվագախումբը ղեկավարում է Մոսկվայի և Լոնդոնի կոնսերվատորիաների շրջանավարտ Նարեկ Հախնազարյանը։

Հուլիսի 5-ին Երեւանում կայացավ նվագախմբի առաջին պաշտոնական համերգը Արցախի բռնագաղթից հետո։

Ալվարդ Գրիգորյան

Սամանտա Փաուերն արցախցիների հետ ժենգյալով հաց է պատրաստում

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ: Նա Հայաստան այցի շրջանակում այցելել է Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:

Նրան ծանոթացրել են ժենգյալով հացի պատրաստմանը, ապա Փաուերն անձամբ է պատրաստել արցախյան ավանդական ժենգյալով հացը:   Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպել ու զրուցել; է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:

Նշենք, որ «Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են:

«Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին: