Վիկտոր Օրբանը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ՝ հուլիսի 5-ին չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա: Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասիի խոսքով՝ այցի նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն է։ Մի քանի օր առաջ Օրբանն այցելել էր Կիև։

«Իր խաղաղապահ առաքելության շրջանակներում վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա։ Կառավարության ղեկավարը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- Հավաշիի խոսքերն է մեջբերում MTI լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին Ռուսաստան այցելելու Օրբանի ծրագրերի և Բրյուսելի մտահոգությունների մասին։ Հուլիսի 5-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ասել է, որ Հունգարիայի վարչապետը «ոչ մի կերպ» չի ներկայացնի ԵՄ-ն այցի ժամանակ։

Օրբանի այցը Մոսկվա «կայանում է բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում», – ընդգծել է Բորելը։ Նա հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հունգարիան վերջերս դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ, դա Օրբանին պաշտոնական լիազորություններ չի տալիս՝ ներկայացնելու Եվրամիությունը արտասահմանում։ Դա անելու իրավունքը մնում է անձամբ Բորելին, ով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչն է, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Պուտինին մեղադրանք է առաջադրվել Միջազգային քրեական դատարանի կողմից և կալանքի օրդեր տրվել նրա դերի համար՝ կապված Ուկրաինայից Ռուսաստան երեխաների բռնի արտաքսման հետ», – հիշեցրել է Բորելը, գրում է DW-ն։

Ալիեւը յուրացնում է հայկական ժառանգությունը եւ շինությունները Ստեփանակերտում

Ազատություն

Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։

Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։

Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գտնվող «Արցախբանկի» շենքը ևս ադրբեջանական հյուրանոցի է վերածվել, Ալիևն այսօր այստեղ էլ էր լուսանկարվում։

Մի քանի քայլ հեռու՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ շրջափակման ծանր պայմաններում գտնվող հազարավոր արցախցիներ հուսահատ օգնություն էին հայցում աշխարհից, այժմ Բաքուն հատուկ միջազգային նշանակության միջոցառումների համար «կոնգրես կենտրոն» է կառուցում։

Վերածննդի հրապարակից բացի Ադրբեջանի իշխանությունները վերացրել են նաև այլ հատվածներում հայերի հետ կապ ունեցող կառույցներ։ Թեև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը, շատերը հնարավոր վերադարձի դեպքում կարող են չճանաչել այն վայրերը, որտեղից տեղահանվել էին ամիսներ առաջ։

Ադրբեջանական աղբյուրների հրապարակած, ինչպես նաև արբանյակային լուսանկարների համաձայն, Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը։ Այս հատվածը հարում է Արցախի պետհամալսարանի տարածքին։

Ալիևն այսօր այստեղ ծանոթանում էր ադրբեջանական բուհ դարձած շենքում իրականացված շինաշխատանքներին։ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մինչև սեպտեմբեր 1200 ուսանող գտնել՝ այստեղ սովորելու համար։

Արցախի պետական համալսարանն Ադրբեջանի առաջատար բուհ դարձնելու համար Բաքուն շուրջ 6 միլիոն դոլար է ծախսել՝ գայթակղիչ պայմաններ առաջարկելով ադրբեջանցի շրջանավարտներին ուրվականնների քաղաք հիշեցնող Ստեփանակերտում կրթություն ստանալու համար։

Ալիեևի այս շրջագայության բուն առիթը Շուշիում մեկնարկող Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովն է։

Կառույցին անդամակցող և դիտորդ երկրների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հունգարիայի առաջնորդները, բացի Թուրքիայի նախագահից, վաղը կհավաքվեն Շուշիում։

Ալիեւը ի ցույց կդնի թյուրքական մշակույթի ամբողջ հմայքը՝ զավթում, հայաթափում, ուրիշի ժառանգության յուրացում։  

ՀՀ-ում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող կին, ում կասկածում են վարձու մարդասպանության փորձի մեջ

Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից վարձու մարդասպան է։ Այս մասին գրում է BBC-ին։

Նշվում է, որ նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Պռոշյան գյուղում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին` սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

news.am

«Նաեւ ագերսիան ու էթնիկ զտումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում»․ ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինն այսօր ՀՀ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում ասաց, որ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն է։ «Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնության կայացմանը։ Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում։ Այստեղ լինելով՝ մենք հենց տեղում տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որոնք կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որը կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակ է։ Եվ ագերսիան ու էթնիկ զտումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում։ Մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաեւ հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Եվ մենք կշարունակենք այս հարցերն ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց նա։

Բեն Քարդինը հավելեց, որ իրենք ուզում են մեծացնել կապերը երկու երկրների միջեւ՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ոլորտներում։ Այս գործընկերությունը, նրա խոսքով, կարեւոր է ոչ միայն ԱՄՆ եւ Հայաստանի համար, այլ նաեւ ժողովրդավար երկրների համար

Բեն Քարդինը նաեւ նշեց․ «Խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի, որ Հայաստանի սահմանների նկատմամբ ռազմական հարձակումներ չլինեն։ Եվ Հայաստանի մարդիկ պետք է վստահություն ունենան, որ կարող են հանգիստ ու խաղաղ ապրել, եւ չկա ռազմական գործողությունների սպառնալիք։ Սա նաեւ հարաբերությունների կարգավորում է, եւ սահմանային անցակետերը բաց կլինեն, ինչը շատ կարեւոր է Հայաստանի համար, ոչ միայն մարդկանց տեղաշարժի, այլ նաեւ առեւտրի նպատակով։ Սրանք են խաղաղության համաձայնագրի նպատակները»։

Սենատոր Ռոջեր Ուիքերը Երեւանում․ մենք ոչինչ չենք ստիպում, միայն միջնորդ ենք

«ԱՄՆ-ն եւ մեր դաշնակիցնեը պատրաստ են նպաստել բանակցություններին, մենք հասկանում ենք, որ կան տարբեր դիրքորոշումներ։ Նախապայմաններ կան, թե չկան, հավելյալ հարցադրումներ են առաջ քաշվել, թե ոչ, ԱՄՆ-ն չի կարող այս հարցի հետ կապցված դիրքորոշում հայտնել, բայց մենք պատրաստ ենք նպաստել, միջնորդել բովադակալի քննարկումներին՝ որպես դիվանագետներ»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը նախպապայման է դնում Հայաստանի առաջ, որպեսզի փոխվի ՀՀ Սահմանադրությունը, ի՞նչ լծակներ ունի ԱՄՆ-ն՝ այս հարցում Ադրբեջանի վրա ազդելու համար։

Նա հավելեց․ «Մենք անշուշտ հասկանում ենք, որ ձեր կառավարությունը եւ ժողովուրդն ունի իր դիրքորոշումը։ Մենք հասկանում ենք պայմանները, որոնք սահմանվել են բանակցային գործընթացի սկզբում՝ կապված պատմական սահմանների հետ, որոնք նախկին խորհրդային միության փլուզման պահին ամրագրվել են։ Մենք տեղյակ ենք այս դիրքորոշումների մասին, եւ ԱՄՆ ներկայացուցիչները պետք է փորձեն օգնել բանակցային գործընթացին, բայց լինեն պարզապես միջնորդ եւ ուղղակի նպաստեն, որպեսզի երկու կողմերը գան համաձայնության»։

Հարցին, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն սեղանին դնո՞ւմ է այն հարցը, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ռոջեր Ուիքերը պատասխանեց․ «Մենք ուզում ենք միջնորդ լինել, մենք օգնում ենք հարթել, ձեւավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնությունը»։ Նաեւ հարց հնչեց, թե ԱՄՆ-ն ի՞նչ է պատկերացնում «խաղաղության պայմանագրի» անվան տակ՝ արդյոք չպե՞տք է ադրբեջանցիները հետ քաշվեն ՀՀ օկուպացված տարածքներիք, չպե՞տք է հայ գերիներն ազատ արձակվեն։ Ռոջեր Ուիքերը պատասխանեց․ «Համաձայնության ստորագրումից հետո, իհարկե, կլինեն նաեւ այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվել։ Սակայն ես ուզում եմ շեշտել՝ Միացյալ նահանգների դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որը դրսեւորվում է Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու եւ տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Եվ մեր ընդհանուր վերջնական նպատակն այն է, որ այդ ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն եւ հարեւանների իրավունքների հարգում։ Մենք բարձր ենք գնահատում ժողովրդավարության ուղղությամբ վերջին տարիների հայաստանյան ջանքերը։ Մի ճշմարտություն կա, որ ժողովրդավար երկրները պատմության մեջ հարձակում չեն գործել իրենց հարեւանների վրա։ Հենց դա է, որ մենք խրախուսում ենք ժողովրդավարությունն ամեն տեղ»։

Հելսինկյան հանձնաժողվոի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնն էլ հավելեց․ «Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի սահմանների անխախտելիությունը մենք պաշտպանելու ենք։ Նաեւ ռազմագերիների վերադարձի հարցում ենք փորձելու աջակցել։ Հայաստանի մարդկանցով ես շատ եմ ոգեշնչված, դուք հարյուրավոր տարիներ այսպիսի իրավիճակների բախվել եք եւ կարողացել եք հաջողված դուրս գալ այդ իրավիճակներից։ Եվ ես կարծում եմ, որ ի վերջո Հարավային Կովկասում կլինի կայունություն»։

Իրանում ընտրությունների երկրորդ փուլն է․ կփոխվի՞ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որ նշանակվել է մայիսին ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, մեկնարկել է այս ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ին։

Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Նախագահի պաշտոնի համար կպայքարեն առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Պեզեշքիանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։

Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային քաղաքականություն է. մեր քաղաքականությունն է զարգացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը, փոխգործակցոթյունը մեր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Դիտարկմանը, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ Փեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ասաց. «Նախագահի բոլոր թեկնածուները իրենց ելույթներում ընդգծել են իրենց որդեգրած քաղաքականությունը՝ զարգացնելու հարաբերությունները հարեւան երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Պետք է նշեմ, որ Իրանն ունի շատ մեծ բնակչություն եւ այնտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն դա չի կարող ազդել երկրի կողմից որդեգրած սկզբունքային եւ ազգային քաղաքականության վրա: Նրանք բոլորը այդպես են մտածում եւ այդպես են վարվում»,-ասաց դեսպանը:

Նա հավաստիացրեց, որ Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կա եւ կլինի. «Հայաստանի հետ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային եւ փոխադարձ շահերի հիման վրա: Այդ սկզբունքը չի փոխվում”, ասել է դեսպանը:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն հատվածը, որ անցնում է Հայաստանով, դա շատ լուրջ այլընտրանք է, եւ հնարավորություն է ընձեռում դեպի Սեւ ծով դուրս գալ, որն ավելի կարճ ճանապարհ է համարվում, ասել է Մեհդի Սոբհանին:

Սիմոնյանը չասաց, թե ինչու է ձգձգվում “խաղաղության պայմանագիրը”

«Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղության պայմանագրի մասով որեւէ ձգձգում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Եվ կարելի է ասել՝ այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ, գնդակը գտնվում է այնտեղ»,- ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցման գործընթացը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գործընթացը շարունակվում է, որեւիցե մեկնաբանություն հիմա չեմ կարող անել։ Միայն կասեմ, որ գործընթացը շարունակվում է, եւ մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնի»։

Հիշեցնենք, որ հայտնի է, թե ինչու է գործընթացը ձգձգվում։ Բաքուն որպես “խաղաղության պայամանագիրը” ստորագրելու պայման պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն եւ հրաժարում 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի միավորման մասին որոշումից։ Այսօր՝ Սահմանադրության օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ “մեզ պետք է նոր Սահմանադրություն”։  Հայտնի չէ, ԱՄՆ ե՞ւս պնդում են, որ Հայաստանը թոխի Սահմանադրությունը։ 

Բրիտանական ընտրություններ. Լեյբորիստները հաղթեցին, Ռիշի Սունակը ընդունեց իր պարտությունը, Քիր Սթարմերը կլինի վարչապետ

BBC

Սըր Քիր Սթարմերի գլխավորած լեյբորիստական ​​կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը։ Սա նշանակում է Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը:

Հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 410-ում՝ ապահովելով նրանց հարմարավետ մեծամասնությունը 650 տեղանոց պալատում:

Քեյր Սթարմերը և ստվերային ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը, ով առաջարկվում է ապագա կառավարությունում երկրորդ ամենաբարձր պաշտոնի համար, վստահությամբ հաղթեցին իրենց ընտրատարածքներում:

Գործող վարչապետ Ռիշի Սունակը նույնպես կարողացավ վերընտրվել իր ընտրատարածքում՝ Ռիչմոնդ և Նորթալերտոնում: Միաժամանակ նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են եւ ասել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։

«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր կերպով, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացի ժողովուրդն այսօր սթափեցնող վճիռ է կայացրել, սովորելու շատ բան կա… և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը», – ասել է Սունակը:

Իշխող կուսակցությունը հարցումներում զիջում էր ընդդիմությանը մի քանի տարի, բայց այն ուներ մեծամասնություն խորհրդարանում և օրինական իրավունք՝ սպասելու մինչև 2025 թվականի հունվարին իշխանության իր հնգամյա ժամկետի ավարտը:

Ոչ սիրված Ռիշի Սունակը որոշեց, որ ամեն ինչ միայն կվատթարանա, և իր կողմնակիցների համար անսպասելիորեն մեկուկես ամիս առաջ հայտարարեց հուլիսի 4-ի ընտրությունների մասին:

Ինչպես և սպասվում էր, նա չարաչար կորցրեց նրանց։

ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկեց Դեմիրալին

ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին հուլիսի 2-ին Ավստրիայի հավաքականի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու համար, հաղորդում է Bild-ը։

Թուրք ֆուտբոլիստը բաց կթողնի շաբաթ օրը Բեռլինում կայանալիք Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպումը։

Ցինիզմի գագաթնակետ․ Սահմանադրությունը «իսակական չէ»

Սահմանադրությունը, որը Փաշինյանին թույլ է տվել իշանության գալ եւ հաստատել «ժողովրդական» եւ «ոչ էլիտար» միապետություն, պարզվում է՝ «իսկական չէ» եւ «մեզ պետք է նոր Սահմանադրություն»։ Թեկուզ, իշխանության գակով, նա երդվել է սրբորեն ապահովել Սահմանադրության դրույթները, եւ նրան դրա համար են վստահել։

Իր դասախոսական քարոզի ոճով հայտարարության մեջ նա ընդամենը մեկ բառով է ասում, թե ինչն է «խնդիրը»․ «Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ: ․․․ այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից”:

Այսօրվա Սահմանադրությունն էլ է սահմանում «իր միջազգայնորեն ճանաչված տարածքը», հղում անելով ՀՀ անկախության հռչակագրի, 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշմանը եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման անհրաժեշտությանը։ Եւ այդ Սահմանադրույունը ոչ ոք չի վիճարկել՝ որպե «անիրական»։ Ավելին՝ տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ է ստեղծել եւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Միջազգային ոչ մի կազմակերպություն չի վիճարկել այն, որ Նախիջեւանի հայկական ինքնավարությունը ժամանակավոր է տրված Ադրբեջանին եւ նրան չի պատկանում։

Ահա թե ինչ է Փաշինյանը ուզում փոխել Սահմանադրության մեջ։ Եւ դա պարզ ասում են այն երկրները, որոնք ուզում են օրինականացնել Հայաստանից խլած՝ միջազգայնորեն հայերին պատկանող հողերը՝ Արեւելյան հայաստանի օկուպացված մասը, Նախիջեւանը եւ Ղարաբաղը։

Նոր Սահմանադրությունը դրա մասին է լինելու։

Արցախցիները բորոտ չեն. ՀՀ կառավարությունը չի ցանկանում կիսել բյուջեն

Երեկ հաղորդվեց, որ արցախցիների խնդիրները լուծելու համար Հայաստանի սոցիալական ապահովության նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Telegram-ում ստեղծել է 114 «թեժ գիծը»։ Ինչպես ասում են՝ հասանք՝ որպեսզի սոցիալական ապահովության նախարարությունը կարողանա հեռախոսով շփվել արցախցիների հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորում է պահանջվում։

Արցախցիների բռնագաղթից անցել է ավելի քան 9 ամիս, և մինչ օրս Հայաստանում չի ստեղծվել մեկ մարմին, որը կզբաղվեր ոչ միայն հայրենիքը, բնակարանը, ունեցվածքը, այլեւ սոցիալական և քաղաքացիական կարգավիճակը կորցրած մարդկանց բազմաթիվ խնդիրներով: Ստեղծվեցին ինչ-որ Մարդասիրական կենտրոն և նույնիսկ միջգերատեսչական մարմին, որը նույնպես զբաղվում է հումանիտար խնդիրներով, բայց առանց լիազորությունների։ Մնացած բոլոր հարցերը լուծվում են էլեկտրոնային եղանակով, և եթե դրանք չեն լուծվում, ապա դիմելու տեղ չկա՝ չեմոդան, վակզան, Կրասնոդար:

Արցախցիների հետ «ուղիղ» շփումը տեղի է ունենում միայն Անձնագրային կենտրոններում, որտեղ հայկական կապույտ անձնագրերը փոխանակվում են մեկ այլ կապույտ անձնագրերով։ Եվ նույնիսկ անձնագրային բաժանմունքներում խիստ մորաքույրները չեն կարողանում բացատրել այս մանիպուլյացիայի իմաստը։

Այսօր Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը գրել է, որ արցախցիները, որոնց կենսաթոշակային տարիքը հասել է արտաքսումից հետո, խնդիրներ են ունենում Հայաստանում կենսաթոշակ նշանակելիս, քանի որ 1992-ից 2014 թվականների արցախցիների աշխատանքային ստաժի տվյալների բազան չկա։ Կարելի է վերականգնել ստաժը դատարանի միջոցով, բայց դա ժամանակ և գումար է պահանջում: Բայց չկա մի մարմին, որը կարող է կենտրոնացված կերպով զբաղվել այս հարցերով։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն արցախցիներին վերաբերվում բորոտների պես՝ թույլ չտալով արցախյան գործող կառույցներին՝ պետական, համայնքային կամ հասարակական, շարունակել օրինական գործել Հայաստանում և համակարգված զբաղվել արցախցիների խնդիրներով։ Իսկ ինչո՞ւ կառավարությունը չի ստեղծում առանձին մարմին, որտեղ կենտրոնացված կլինեն արցախյան բոլոր բազաները, որտեղ արցախցիները կարող էին դիմել իրենց հարցերով։ Աշխարհում ո՞վ կարող է դեմ լինել, որ Հայաստանի իշխանությունն իր հայրենակիցների հետ աշխատանքը կենտրոնացնի մեկ կառույցում։

Այս հարցին ռացիոնալ պատասխան չկա, ուստի գալիս են դավադրության տեսություններ, օրինակ՝ փողի հետ կապված։ Ավելի ճիշտ՝ փողը չվերահսկվող ծախսելու հետ։ Հայաստանի կառավարությունը մեծ գումարներ է ստանում միջազգային դոնորներից, որոնք պետք է ուղղվեն Արցախի ժողովրդի կարիքներին։ Եթե լինի մեկ մարմին, որը կգնահատի է կարիքները, գույքագրի և լուծում տա խնդիրներին, կնշանակի, որ դոնորների և հենց կառավարության միջոցները պետք է հոսեն այդ մարմնի կամ միասնական հիմնադրամի միջոցով: Իսկ դա իր հերթին ենթադրում է հաշվետվողականություն։

Շատ միջազգային դոնորներ պատկերացում չունեն, թե որտեղ են գնում այդ միջոցները և ինչպես են դրանք ծախսվում, կամ ով է որոշում կայացնում: Ամենավառ օրինակը բնակապահովման ծրագիրն է, որն արդեն հայտարարված է, դիմումներ կարող են դիմել, գումարները, համապատասխանաբար, նույնպես սկսում են հոսել, բայց ոչ ոք չգիտի, թե քանի մարդ է արդեն գրանցված (ըստ երևույթին, այդպիսինք չկա, քանի որ դրվել է պայման՝ ամբողջ ընտանիքը պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն ), ում և ինչքան գումար է հատկացվել, ինչ է կատարվում արդեն հավաքագրված միջոցների հետ, և ամենակարևորը՝ ինչպես դա ստուգել։

Փաշինյանը, խոսելով վտարանդի Արցախի իշխանության անթույլատրելիության մասին, ասաց, որ Հայաստանում պետք է լինի մեկ կառավարություն։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ Հայաստանում միայն մեկ մարդ պետք է տնօրինի բոլոր միջոցները և որոշումներ կայացնի։

Հունգարիայի վարչապետը կմեկնի Շուշի. Սաֆարովը կացնով կդիմավորի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 6-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Շուշի։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։

Նրա խոսքով՝ Շուշիում Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ։ Հունգարիան 2018 թվականից Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունի։ Հա, Էրդողանը հրաժարվել է այս անգամ Շուշի գնալ։

Օրբանը՝ 2010-ին Հունգարիայի վարչապետ կրկին դառնալու պես Պուտինի ընկերոջ փողերով եւ խնդրանքով Բաքվին հանձնեց հայ զինվորականին Բուդապեշտում 2006-ին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Հայատստանն այն ժամանակ այնքան արժանապատվություն ունեցավ, որ խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը։ 

Այդ կապերը վերականգնվեցին վերջերս, այն պատռվակով, որ Հունգարիան 2024-ի հուլիսից կես տարով ստանձնում է /ստանձնել է/ ԵՄ նախագահությունը, եւ հարիր չէ հետը կապ չունենալ։ 2023-ի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից եւ տեղահանումից հետո Հունգարիան նույնիսկ խոստացավ 1000 արցախցի երեխայի հանգիստ ապահովել։ Դժվար թե արցախցի երեխաների ծնողներն նրանց Սաֆարովի երկիր Հունգարիա ուղերկեն, բայց կարեւորը PR-ն էր։  

Իմիջայլոց, 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Էրդողան հայտնի հանդիպմանը ներկա է եղել նաեւ Օրբանը։ 

Հունգարիան արգելափակել եւ այսօր ապաարգելափակել է ԵՄ ֆոնդից Հայաստանին  10 մլն․ եվրո օգնության տրամադրումը։ Երեւի որպես վճար՝ Շուշի գնալու համար։ 

Ոչնչացված Քարին տակի մատույցներում Օրբանին կդիմավորի Սաֆարովը հայտնի կացնով։