Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան վետո է դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊ

Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են այն խնդրին, որ կենսաթոշակ նշանակելիս 1992-2014 թթ․ ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը չի հաշվարկվում, պատճառը համապատասխան բազաների բացակայությունն է, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել այդ անձանց սոցիալական վճարներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու՝ օրենքով պարտադիր համարվող հանգամանքը։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույն խնդրին բախվում են այն անձինք, որոնք 35 տարվա աշխատանքային ստաժի հիմքով ցանկանում են կենսաթոշակային տարիքից մեկ տարի շուտ անցնել թոշակի, նրանց պարագայում կենսաթոշակի նշանակումը ուղղակի անհնար է դառնում։

Արցախում 2020 թվականի 44-օրա պատերազմից հետո ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել էր հանձաժողով, որը լիազորված էր համապարփակ քննության վերցնել այս հարցը և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, հաստատել բռնի տեղահանվածների աշխատանքային ստաժը։

Նմանատիպ հանձնաժողով ստեղծելու մասին իրավակարգավորում առկա է նաև «Պետական կոնսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի 32-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է․«Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ»։

ՍԱԿԱՅՆ ՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ։

Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, միակ լուծումը շարունակում է մնալ դատական ճանապարհով աշխատանքային ստաժը հաստատելը, որը և ծախսատար է, և ժամանակատար։ Լավագույն դեպքում մի քանի ամիս է պահանջվում դատական այդ գործընթացքով անցնելու համար։ Ինչ վերաբերում է դատարան դիմելու համար անհրաժեշտ իրավաբանական օգնությանը, ապա կան կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են անվճար ցուցաբերել այդ աջակցությունը։

Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ խնդիրը միանշանակ համակարգային լուծում է պահանջում, որովհետև այն մեկ կամ մի քանի հոգու վերաբերյալ չէ, այլ առնչվում է հազարավոր արցախցիների և առաջանալու է անընդհատ»։

Երկու օր շոգ է լինելու

Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և առանց տեղումների եղանակ է կանխատեսում, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության տարածքում նման եղանակ կպահպանվի։

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր են քամու պոռթկումներ մինչև 19-24 մ/վրկ (ըստ Բոֆորի սանդղակի՝ վայրկյանում տասնութից երեսուն մետր արագությամբ քամին փոթորիկ է)։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ը կբարձրանա 7-9 աստիճանով.

Պուտինը մերժել է Թուրքիայի նախագահին. Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող ուկրաինական հակամարտության հարցում միջնորդի դեր կատարել», – Աստանայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա անհնար է», – ընդգծել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ երեկ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը Ուկրաինան էր։

Միաժամանակ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը օկուպացված Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին և մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Հոլանդիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը։

Արդյո՞ք Էրդողանը Պուտինին հրավիրե՞լ է Շուշի «գագաթնաժողովի»։

Թալիշ-Քարվաճառ-Ստեփանակերտ-Աբովյան. չորրորդ անգամ տուն ստեղծելը

Սարգիս Խալափյանը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեղահանվեց հայրենի գյուղից։ 1992-ին էր․ թշնամին զավթել էր Թալիշը։ Փոքր էր, սակայն հիշում է՝ ոնց էին հեռանում։ 1994-ի ապրիլի 14-ին գյուղն ազատագրվեց թալիշցիների ինքնապաշտպանական ջոկատների շնորհիվ։ Թալիշն ազատագրվելուց հետո Խալափյանները Հայաստանից վերադարձան, սակայն բնակություն հաստատեցին Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, իսկ 2003-ին տեղափոխվեցին Քարվաճառ՝ բոլոր այդ տարիների ընթացքում պահպանելով կապը հարազատ գյուղի ու բարեկամների հետ։

2016-ին Խալափյանների գերդաստանը կորուստներ ունեցավ․ թշնամին մտել էր Թալիշ ու գնդակահարել նրանց մոտ ազգականներին։ Հուղարկավորությունից հետո Սարգիսը մարտական դիրքերում էր։

2020-ի սեպտեմբերը նորից անտուն և անօթևան թողեց Խալափյաններին։ 44-օրյա պատերազմի հետևանքով նրանք կրկին տեղահանվեցին ու բնակություն հասատատեցին Ստեփանակերտում։ Կորցրին և՛ Թալիշը, և՛ Քարվաճառը։ Իսկ 2023-ի սեպտեմբերին դարձան եռակի տեղահանված։ Սեպտեմբերի 27-ին Արցախից տեղահանվելուց հետո Սարգիս Խալափյանի ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ծնողներն ու եղբայրները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ցիրուցան է եղել Խալափյանների շեն գերդաստանը։

2020-ի պատերազմի առաջին իսկ օրից Սարգիսն արդեն “Շահեն Մեղրյան” ջոկատում էր և մինչև նոյեմբերի 10-ը զենքը ձեռքից ցած չդրեց: Մինչև հոկտեմբերի 23-ը շահումյանցիների ջոկատի տղաներով Մարտակերտի պաշտպանական շրջանի դիրքերում էին: Հետո տեղափոխվեցին Ավետարանոց-Քարին տակ-Շուշի բնագծերը: Կռվում էին անհավասար ուժերի հետ, թշնամու ԱԹՍ-երի, նորագույն տեխնիկայի, ծանր հրետանու լայնամասշտաբ գործողությունների դեմ անզոր էին մեր ուժերը:

-2020-ին, երբ սկսվեց պատերազմը, երբեք չէի կարող մտածել, որ ադքան ցավալի ավարտ կունենա: Իսկ 2023-ի սեպտեմբերը գետնին հավասարեցրեց մեր կերտած բոլոր հաղթանակները, կոտրվեց արցախցու մեջքը։ Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք ինքներս մեզ ու հիմա փորձում ենք վերածնվել, շարունակել կրկին ստեղծել։

2020-ի պատերազմի ժամանակ ընտանիքս Հայաստանում էր։ Երբ Քարվաճառն անցավ թշնամու վերահսկողության տակ, ես չցանկացա հեռանալ Արցախից։ Մտածեցի, որ դեռ պետք եմ իմ երկրին, երեխաներս պետք է Արցախում սովորեն ու ապրեն։ Առանց երկմտելու ընտանիքս տեղափոխեցի Ստեփանակերտ ու աշխատանքի անցա ԱՀ ՊԵԿ Ասկերանի շրջանի հարկային տեսչության վարչության պետի պաշտոնում:

 

Դժվար ժամանակներ էին։ Ժողովուրդը մի կերպ սկսել էր հաղթահարել հետպատերազմյան դժվարությունները, ու հանկարծ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ամեն ինչի պատրաստ էր արցախցին, միայն թե հայրենիքում ապրի, սակայն եղավ ամենաաղետալին։ Այսօր մենք հայտնվել ենք մեր երկրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ապրում ենք հիշողություններով ու վերադարձի հույսով,-ասում է Սարգիսը, ապա ավելացնում, որ Քարվաճառը հանձնելուց մեկ օր առաջ՝ 2020-ի նոյեմբերի 23-ին,  նկարվել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, որը որպես թանկ հուշ միշտ իր հետ է։

 

Արցախում ամեն անգամ զրուցելով Սարգսի հետ՝ զարմանում էինք, որ այդքան լավատես է։ Տուն կորցնել, թողնել տարիների վաստակն ու դատարկաձեռն հեռանալ, շատ դժվար է։ Սակայն Սարգսին՝ թալիշեցու անկոտրուն ոգով մեծացած ու դաստիարակված արցախցուն, երբեք վհատված չտեսանք։ Այժմ, երբ ինքներս ենք բռնատեղահանվել, մեր մաշկի վրա ենք զգում, թե ինչքան ծանր ու դաժան է տեղահանված լինելը։

Երեք անգամ տունուտեղ կորցրած մարդը պատրաստվում է չորրորդ անգամ տուն ստեղծել։ Հայաստանից բացի ուրիշ ոչ մի տեղ նա չի պատկերացնում իրեն։ Երկու դուստրերը, որ դպրոցահասակ են, միայն այստեղ կարող են պատշաճ ուսում ու հայեցի դաստիարակություն ստանալ։ Մտածում է տուն ձեռք բերել ու մշտական բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։

-Արցախյան պատերազմների ընթացքում հազարավոր տղաներ զոհվեցին։ Մենք մեր կյանքով նրանց ենք պարտական, ցավ ենք ապրում, որ նրանց շիրիմները մնացին գերության մեջ։ Կորստի վերքերը երբեք չեն սպիանում, պարզապես սովորում ենք վերքերով ապրել։ Մենք՝ արցախցիներս, որտեղ էլ լինենք, պարտավոր ենք արժանապատիվ ապրել, ամենուր պահել արցախյան կոլորիտը, բոլոր արժեքներն ու ավանդույթները։ Արցախի կորուստը պետք է միավորի բոլորիս, դարձնի միասնական, որ կկարողանանք հաղթահարել դժվարությունները, մտածել ապագայի մասին։ Երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը ու մեր սերունդների մեջ սերմանենք արցախցու անկոտրուն ոգին և արցախցի լինելու հպարտ զգացողությունը, – ավելացնում է Սարգիսը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Միջազգային հանրությունը չի վիճարկում Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989թ որոշումը

Ալիևը վախենում է Հայաստանում իշխանափոխությունից և «ձեռքբերումների» կորստից

Ալիևը, ով պահանջում էր փոխել Հայաստանի Սահմանադրությունը և փաստացի չեղարկել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը, Հայաստանին նոր «առաջարկ» արեց՝ մի քանի ամսվա ընթացքում նախաստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները։

Ակնհայտ է, որ Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հանելու պահանջը չի ընդունվում ոչ հայ հասարակության, ոչ միջազգային դերակատարների կողմից։ Նույնիսկ իշխող կուսակցությունը չի կարող սահմանադրական հանրաքվե անել. Փաշինյանն արդեն հրամայել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել միայն մինչև 2026 թվականի վերջը, իսկ սեպտեմբերին հնարավոր հանրաքվե ԵՄ-ին միանալու հարցով, որը կարող էր սահմանադրական յուրահատուկ պլեբեսցիտ դառնալ, Փաշինյանի կողմից եւս «չեղարկվել» է։

Միջազգային վերլուծաբանները միաբերան ասում են, որ անգամ մեծ ցանկության դեպքում Փաշինյանի իշխանությունը չի կարող փոխել Սահմանադրությունը։ Նախ՝ արդեն ասում են, որ աշնանը Բագրատ Սրբազանի շարժումը մտադիր է ակտիվանալ, իսկ Սահմանադրության փոփոխությունները կարող են ճակատագրական լինել Փաշինյանի իշխանության համար։ Ավելին, ոչ մի օտար պետություն կամ կառույց Հայաստանին կոչ չի արել փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել 1989թ. որոշումից։

ԱՄՆ-ն բացահայտ կոչ է անում Ալիեւին հրաժարվել լրացուցիչ պահանջներից եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ալիեւը հրաժարվում է, իսկ Բաքվում ասում են, որ Արեւմուտքն արդեն սկսել է շանտաժի ենթարկել Ալիեւին։ Մասնավորապես, Պետդեպարտամենտի պատվերով պատրաստված եւ վերջերս Երեւանում հրապարակված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցը Բաքվում ընկալվեց որպես ԱՄՆ-ի սպառնալիք։ Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ բոլոր հիմքերը կան դիմելու ՄՔԴ՝ ճանաչելու Ադրբեջանի գործողությունները Արցախում 2020-23 թթ. որպես մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ։ Եւ եթե դա չանի Հայաստանի իշխանությունը, ապա կարող են անել մյուսները։

Բացի այդ, Բաքուն վրդովված է Եվրախորհրդարանի խոշտանգումների հանձնաժողովի երեկվա զեկույցից, որտեղ նշվում էին Ադրբեջանում խոշտանգումների աղաղակող փաստեր։

Ալիևը հասկանում է, որ եթե 1989-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը ուժիմեջ մնա (ի դեպ, այն չի վիճարկվել միջազգային որևէ իշխանության կողմից), ապա «խաղաղության պայմանագիրը» կդառնա փուչիկ։ Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, առաջարկում է, որ «Հայաստանի խորհրդարանը, որում բացարձակ մեծամասնություն ունի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդունի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը իրավական ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում, բացառել այն Անկախության հռչակագրից, ինչպես նաև այլ օրենսդրական և կառավարական ակտերից»: Նա ասում է, որ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշումը չի իրականացվել, այսպես կոչված «ԼՂՀ»-ն չկա քարտեզներում, որոնք Երևանը ներկայացրել է ՄԱԿ-ին”, թեկուզ Բաքուն իր բոլոր գործողություններով հաստատում է, որ այդ փաստաթուղթը ուժի մեջ է։

«Փակուղուց դուրս գալու ելք» առաջարկել է Ալիևը, որը առաջարկել է նախաստորագրել հայ-ադրբեջանական կարգավորման համաձայնեցված հիմնարար սկզբունքները։

Ինչու՞ է Ալիևը ոըզում նախաստորագրել այն, ինչ արդեն պարտադրել է Հայաստանին։ Ալիևը հավանաբար հասկանում է, որ Հայաստանում իշխանափոխությունը և համաշխարհային միտումները կզորայացնեն իր բոլոր “ձեռքբերումները”, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ: Նա ցանկանում է գոնե ինչ-որ բան ստորագրել, թեեւ դա էլ անշրջելի չի լինի։ Որովհետև աշխարհում ոչ ոք չի վիճարկում տարածաշրջանային կառուցվածքը, որը հիմնված է Արցախի և Հայաստանի վերամիավորման վրա՝ որպես 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով և խորհրդային «դեկրետներով» խախտված արդարության և իրավունքների վերականգնման առաջին ակտ:

Նաիրա Հայրումյան

Դա խայտառակություն է, դա նշանակում է թքած ունենալ 150 հազար մարդու իրավունքների վրա

Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

-Օրերս հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ)։ Դուք բարձրացրեցիք հարցը, որ այս զեկույցին պետք է կոնկրետ քայլեր հետեւվեն։ Ի՞նչ պետք է անել։

-Այո, ես այդ քննարկման ժամանակ բանախոսներինայդ հարցը ուղղեցի՝ ի՞նչ պետք է անել։ Նման զեկույցները որեւէ իմաստ կամ նշանակություն չեն ունենա, եթե չհասցեագրեն, թե հետո ինչ է լինելու։ Այսինքն՝ ի՞նչ ենք մենք դրանով փորձում ցույց տալ եւ ի՞նչ առաջարկներ ենք ուզում ներկայացնել միջազգային հանրությանը։ Ես կարծում եմ եւ ուրախ եմ, որ նաեւ բանախոսները նման պատասխան տվեցին, որ այս զեկույցները պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, օգտագործել նաեւ միջազգային դատական մարմիններում, որ Ադրբեջանի ենթակայության տակ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը որեւէ ձեւով հնարավոր չէ։ Ահա, սրանք փաստեր են, որ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, էթնիկ խտրականություն եւ ըստ այդմ՝ արդարության վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով։ Սա էր իմ հարցը, եւ բանախոսները ըմբռնեցին, թե ինչ էի ուզում ասել։ Սակայն, ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ մենք այս գիտակցումը պետք է հասցնենք ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ իշխանություններն ամեն կերպ անտեսում են մեր վերադարձի իրավունքը եւ այս օրերին ընդհանրապես չեն խոսում դրա մասին, բանակացային օրակարգում այդ հարցը չկա։

-Առկա փաստերը բավարա՞ր են, որպեսզի Հայաստանը դիմի Միջազգային քրեական դատարան։ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո հաճախ է հնչում հարցը, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն դիմում Միջազային քրեական դատարան։

-Միանշանակ, փաստերը բավարար են։ Միջազգային քրեական դատարանը հետեւյալ սկզբունքով է աշխատում՝ մենք նախնական որոշակի տվյալներ պետք է ներկայացնենք դատախազին, եւ դատախազն ինքն է արդեն սկսում ամբողջական փաստերի հավաքագրումը։ Ես վստահ եմ, որ իրականացվածը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Եվ եթե Հայաստանը դիմի Միջազգային քրեական դատարան, ապա այդ հանցագործությունը ապացուցվելու է, եւ պատասխանատվության ենթարկվողներ պետք է լինեն։ Բայց տեսնում ենք, որ, այո, Հայաստանը չի դիմում Միջազգային քրեական դատարան, եւ այս պարագայում անհասկանալի է դառնում Հռոմի ստատուտին միանալը։ Եթե միանալուց հետո ամենացցուն օրինակով դու չես դիմելու Միջազգային քրեական դատարան՝ արդարադատություն հաստատելու համար, ապա քանի՞ կոպեկ արժե այդ միանալը։

Պետք է նշեմ, որ այնպես չէ, որ միայն կառավարության վրա ենք հույս դրել։ Կան կազմակերպություններ՝ Հայաստանում էլ, Սփյուռքում էլ, որոնք աշխատում են՝ Միջազգային քրեական դատարանի ուշադրությունն այս հարցին հրավիրելու համար։

-Մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում առկա հայցերը հետ կանչելու հնարավորության մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա այդ քայլը։

-Դա խայտառակություն է, դա նշանակում է թքած ունենալ 150 հազար մարդու իրավունքների վրա։ Դա նշանակում է որպես պետություն կորցնել հեղինակությունը, միջազգային հարթակում կորցնել ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող պետության իմիջը։ Եվ դա ինչ-որ առումով նաեւ դավաճանություն է Արցախի 150 հազար բնակչության նկատմամբ։

Ռոզա Հովհաննիսյան

Իսկ Մոսկվան պատրա՞ստ է այսօր զենք մատակարարել Երեւանին

russia-artsakh.ru

«Հայաստանը լիցքավորվում են զենքով, փորձում են վերականգնել նրա պաշտպանական ոլորտը, մինչդեռ ՆԱՏՕ-ի էմիսարները նավարկություններ են կատարում Բաքու»։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասինը։

«Սա սրում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը և հրահրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում», – ասաց նա։

Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համընդհանուր հիմքը։ ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող են և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։

«Եվրատլանտիստների կողմից իրենց բաղադրատոմսերի պարտադրումը, որոնք հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց, հանգեցնում են նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև համահայկական. Եվրասիական անվտանգություն վրա։ Մենք հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,- ասել է Նաստասինը:

Հետաքրքիր է, թե պարոն Նաստասինը ի՞նչ նկատի ունի, ասելով, որ «զենքով լցնում են Հայաստանը», և ո՞ւմ կողմից։

Կարո՞ղ է ոչ «արևմտյան» Հնդկաստանի կողմից կես տասնյակ քարշակվող 155 մմ հաուբիցները և Ֆրանսիայի կողմից 24 թեթև զրահամեքենաների մատակարարումը։

Լավ էլի, պարոն Նաստասին, չէ՞ որ Կրեմլը «զինել է» Բաքվի նացիստական ​​ռեժիմը՝ մինչեւ նրա ագրեսիաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ 2016, 2020, 2022 և 2023 թվականներին։ Այս մասին մանրամասն գրել ենք հունիսի 10-ի մեր «Երկակի ստանդարտների պարադոքսները» նյութում  (http://russia-artsakh.ru/node/19000 ).

Իսկ այսօր Բաքուն վերաարտահանում կամ պարզապես տալիս է Ուկրաինային Ռուսաստանից գնված ՄիԳ-29 ինքնաթիռներ և ինժեներական մեքենաներ։

Բոլորը քաջատեղյակ են Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի և Բելառուսի կողմից Բաքվի նացիստական ​​ռեժիմը «զինելու» մասին։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տխրահռչակ «Արևմուտքը» այս առաքումներում չի նկատվել։ Եթե ​​իհարկե Արևելյան Եվրոպայի երկրները՝ Բուլղարիան և Սլովակիան «արևմուտք» չհամարեք։ ԽՍՀՄ նախկին արբանյակները հայտնի էին Բաքվի նացիստներին զենք վաճառելով. Սլովակիան վաճառել է 152 մմ տրամաչափի երկու տասնյակ «Դանա» ինքնագնաց անիվավոր հրացաններ:

Եվ այս ամենի հետ մեկտեղ Կրեմլը ոչ միայն վերջին տարիներին ոչ մի միավոր զրահատեխնիկա կամ հրետանի չի մատակարարել Հայաստան, այլև նույնիսկ Երևանի կողմից վճարված ռազմական պատվերները չի ուղարկել։

Հարցը պետք է դնել բոլորովին այլ կերպ՝ «Իսկ Մոսկվան պատրա՞ստ է այսօր զենք մատակարարել Երևանին»։

Բայց խնդիր է դրված հերթական անգամ հաչալ Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության դեմ: Հարց՝ ինչո՞ւ Մոսկվան չի կարող իր պաշտոնական դաշնակից Հայաստանին մատակարարել նույն «Վագրերը», կամ ավելի լավ՝ զրահափոխադրիչներն ու հետևակի մարտական ​​մեքենաները։ Այդ դեպքում բոլոր տեսակի անհեթեթություններ հորինելու կարիք չէր լինի։

Եվ մի մեղադրեք Արևմուտքին, որը դեռևս ոչ մի օգտակար բան չի հասցրել Երևանին։

Ինչ վերաբերում է տխրահռչակ «2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերի փաթեթին», պարոն Նաստասինը կարող է մոռանալ դրա մասին, քանի Կրեմլը չի ​​վերադարձրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերին։ Ինչն առաջին հերթին ենթադրում է արցախահայության վերադարձ միջազգային հանրության երաշխիքների ներքո։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Freedom House-ի զեկույցից հետո Բաքուն մեղադրել է ԱՄՆ-ին հայամետ կողմնակալության մեջ

Jam-news.net

Օրերս հրապարակվել է Փաստհավաք առաքելության զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ Անցյալ նոյեմբերին Կոնգրեսի լսումների ժամանակ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց այս փաստաթուղթը, և զեկույցը հրապարակվեց տարածաշրջան կատարած նրա վերջին այցից անմիջապես հետո: Հարավային Կովկասի հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի վերլուծաբանները զեկույցն անվանել են «երկակի ստանդարտների եւս մեկ և նույնիսկ ավելի կեղտոտ օրինակ»:

Ասված է, որ փաստաթուղթը միակողմանիորեն և լուրջ աղավաղումներով ընդգրկում է 30-ամյա հակամարտության միայն վերջին երեք տարիները, «ղարաբաղցի հայերի կամավոր և խաղաղ գաղթը ողջ աշխարհի աչքի առաջ որակվում է որպես էթնիկ զտում»։ Զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին մեկօրյա հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ղարաբաղցի հայերից զոհվել է 229 մարդ, և նրանցից միայն 34-ն են խաղաղ բնակիչներ։ «Փաստաթղթում կեղծավորության գագաթնակետը Ադրբեջանին մարդկության դեմ գործողությունների և պատերազմական հանցագործությունների մեղադրանքն է՝ հղում կատարելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը»։

«Զեկույցի հրապարակումն այս պահին նման կողմնակալ ձևով ամենևին էլ պատահական չէ։ Սա առաջին հերթին պայմանավորված է Միացյալ Նահանգների ներքին օրակարգով»,- ասվում է մեկնաբանության մեջ։ «Ներկայիս վարչակազմը փորձում է հնարավոր համաձայնությունը ներկայացնել որպես արտաքին քաղաքական հաջողություն իր նախընտրական քարոզարշավում։ Բայց Բաքվի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների արդարացի պահանջը խախտում է ամերիկյան կառավարության այս ծրագրերը, և նման իրավիճակում Սպիտակ տունը բացահայտ շանտաժի է ենթարկում Ադրբեջանին։ Օ’Բրայենի այցից անմիջապես հետո փաստաթղթի հրապարակումը կապված է սրա հետ»։

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամները հանդիպել են արցախցիներին

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամները հանդիպեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ լսելու երկրի ժողովրդավարական զարգացումների մասին և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ՝ տեղեկանալու նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Եթե ​​ԵՄ, ապա Արցախի հետ. ժողովրդավարությունը չի նշանակում հրաժարում ազգային իրավունքներից

Հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք դիմել էին կառավարությանը՝ սեպտեմբերի 21-ին ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նշանակելու կոչով, հիասթափված են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայկական դեմոկրատական ​​ֆորումում Փաշինյանը ասել էր, որ հանրաքվե չի լինելու, քանի որ նա չգիտի, թե Եվրոպան պատրա՞ստ է Հայաստանի հայտին և, ընդհանրապես, ինչպիսին կլինի Եվրոպան մոտ ապագայում։

Կարծիք կա, որ Փաշինյանը նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ընտրություններից և Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո, որտեղ աջ ուժերն ու ազգայնականներն ամրապնդեցին իրենց դիրքերը։ Սակայն, կարծես թե, խնդիրը հենց Հայկական դեմոկրատական ​​ֆորումի մեջ է, որն ակնհայտորեն չստացվեց այնպես, ինչպես ակնկալում էր Փաշինյանը։

Նախ, մինչեւ ֆորումը աշխարհի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Freedom House-ը զեկույց հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի մասին, որում ​ջարդուփշուր արեց Փաշինյանի “մաքուր ժողովրդավարական” իմիջը։

Բայց ամենավատը տեղի ունեցավ հենց համաժողովում, որը պետք է լիներ սովորական հավաք, որտեղ քննարկվում էին գենդերային և այլ խնդիրներ, և որտեղ պետք է ընդգծվեր ժողովրդավարության և ազգային շահերի անհամատեղելիությունը։

Ֆորումում ներկայացվեց 7 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստված «Ինչու հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» մեծ զեկույցի ամփոփագիրը, որն իսկական սենսացիա դարձավ։ Զեկույցի հեղինակները, այդ թվում՝ Freedom House-ի ներկայացուցիչները, բացահայտ հայտարարեցին, որ Արցախում տեղի ունեցածը ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ Նրանք նաև նշել են, որ բոլոր հիմքերը կան Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու համար, բայց լավ կլինի, որ դա անի Հայաստանի «դեմոկրատական» իշխանությունը։

Թեև ֆորումում ԱՄՆ դեսպանը նախանձախնդիր գովեց Հայաստանի կառավարությանը ժողովրդավար լինելու համար, Արցախի մասին զեկույցը և իրավապաշտպանների հայտարարությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդավարության ըմբռնումը յուրովի է։ Ժողովրդավարությունը և մարդու իրավունքների միջազգային չափանիշները՝ ազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության լավագույն մեխանիզմն են: Ժողովրդավարությունը ազգային շահերին հակադրելը վարկաբեկում է ժողովրդավարության էությունը, ինչն էլ անում է Փաշինյանը։ Իրականում նրա կառավարության քաղաքականությունը «հակագովազդ» է ժողովրդավարության համար, քանի որ «ապացուցուցում է», իբր հանուն ժողովրդավարության պետք է հրաժարվել իրավունքներից ու շահերից։

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է իր հավատարմությունը ժողովրդավարությանը, հայց չի ներկայացնում Միջազգային քրեական դատարան՝ պաշտպանելու իր արցախցի հայրենակիցների իրավունքները։ Համաժողովում այս հարցին պատասխան չտրվեց, և պատահական չէ, որ հենց այնտեղ էլ Փաշինյանն ասաց, որ «եվրոպական» հանրաքվեի կարիք չկա։ Ըստ երեւույթի, ժողովրդավարական համայնքը պահանջում է «չափազանց շատ»՝ եւ հավասարություն, եւ խաղաղություն, եւ և ազգային շահերի պաշտպանություն: Փաշինյանի կառավարության համար ավելի հեշտ է ապրել այլ “աշխարհում”, որտեղ ժողովրդավարությունն անհրաժեշտ է՝ արդարացնելու զիջումները և հրաժարումը ազգային իրավունքներից։ Նման ժողովրդավարության կողմնակից է նաև ԱՄՆ դեսպանը։

Նաիրա Հայրումյան