Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: Այսինքն մենք ԱՄն-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը: Առանց այդ դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի մեր համակարգային պրոցեդուրաները, որ անցնեն, այնուհետեւ մենք կսկսենք աշխատել հենց դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Տելեգրամում 114 տեղեկատու արցախցիների համար․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում այսօրվանից գործարկում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված 114 տեղեկատուն (հղումը

ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ հայրենակիցների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։

ԼՂ հայրենակիցները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու (ԼՂ), ապա ընտրել հետաքրքրող ոլորտները և հետևելով քայլերին՝ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝

  • բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի
  • 40 + 10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
  • զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
  • կենսաթոշակների և այլնի վերաբերյալ։

114 տեղեկատուն առաջիկայում հասանելի կլինի նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մյուս պաշտոնական հարթակներում ևս։

Հարթակը գործարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ու «Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնի» (GTC) կողմից։

3 օր տաքանում ենք, հետո դիմավորում ենք սևծովյան հաջորդ ցիկլոնը

Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ադրբեջանը յուրացնում է Նախիջեւանի Հանրապետությունը, որը ստեղծվել է հայերի՝ այնտեղ որպես մեծամասնություն լինելու արդյունքում

Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկին Ալավերդյան, Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ անելու եւ Անկախության հռչակագրին արված հղումը Սահմանադրությունից հանելու հարցը։ Հայաստանի իշխանությունները կարծես գնում են այդ պահանջները կատարելու ճանապարհով, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Հիմա բավական բարենպաստ իրավիճակ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից հնչեցվի մի պարզ իրողություն, այն է՝ ադրբեջանական հանրապետությունը կայացել է ոչ իրավական ճանապարհով։ 1918 թվականից մինչ այսօր եղել է Ադրբեջանի երեք հանրապետություն, եւ երբեւիցե պարզ չի եղել, թե որոնք են իրենց սահմանները։ Եվ հիմա շատ ճիշտ ժամանակն է այդ հարցը բարձրացնելու։ Պարզապես հիշեցնեմ, որ այն հղումը, որի մասին բարբաջում է Իլհամ Ալիեւը, վերաբերում է Արցախի Հանրապետությանը, որը կայացել է միջազգային իրավական տեսանկյունից Ադրբեջանին երբեւիցե չպատկանող տարածքներում։ Ադրբեջանը յուրացրել է իրեն չպատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը։ Հայտնի է, որ այդ հանրապետությունը ստեղծվել է հայերի՝ այնտեղ որպես մեծամասնություն լինելու արդյունքում։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրով սովետական Ադրբեջանին են հանձնել Նախիջեւանը՝ պրոտեկտորատի կարգավիճակով, եւ պայմանը եղել է այն, որ որեւէ երրորդ պետության, այսինքն՝ ոչ սովետական Ադրբեջանին այդ պրոտեկտորատը չի կարող փոխանցվել։ Ժամանակակից Ադրբեջանն իրեն համարել է դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, նշանակում է, որ զրկել է իրեն Նախիջեւանի Հանրապետության հանդեպ որեւէ ինքնիշխանություն ունենալու հնարավորությունից։ Հիմա ճիշտ ժամանակն է դա հիշեցնելու։

Ես երբեւիցե չեմ կասկածել, որ Հայաստանի օրվա իշխանությունների այս բոլոր քայլերը նախապես պլանավորած են եղել։ Այսինքն՝ այնպես չէ, որ օրվա իշխանությունն իր առաջնորդի հետ միասին ճնշման տակ է, ես մերժում եմ այդպիսի մոտեցումը։ Դա հենց բխում է այս խմբի գաղափարախոսությունից, ծրագրերից, որոնք իրականացնելու համար իրենք եկել են։ Այսինքն՝ ոչ թե իրենց ճնշում են, այլ սա պայմանավորվածություն է։ Եվ այստեղ, ես կարծում եմ, մեր խնդիրը մեր իշխանություններն են, եթե որեւէ երկրի իշխանություն ամուր է իր գաղափարախոսության, ծրագրերի ու նպատակների մեջ, երբեւէ որեւէ հարեւան պետություն նման պահանջներով հանդես չի գալիս։ Ցույց տվեք մի օրինակ, որ իր ինքնությունն ու գաղափարախոսությունն ամուր պահպանող մի պետության այսպիսի պահանջներ են ներկայացվել։

-Բաքվի պահանջները հիմնականում կապված են Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հետ։ Այդ որոշումն ուժի մե՞ջ է։

-Նախ այդ որոշումն ուժի մեջ է, այն չի սառեցվել, չի չեղարկվել։ Ի դեպ, երբ ասում են՝ բա ինչպե՞ս է հետո հռչակվել անկախությունը, եթե նայեք մեր Սահմանադրության նախաբանը, այնտեղ գրվում է, որ մենք մեր իղձերի իրականացման սկիզբն ենք դնում։ Երկրորդ, հստակեցնենք, որ Ադրբեջանը որեւէ իրավունք չի կարող ունենալ այն տարածքների վրա, որի վրա կայացել է Արցախի Հանրապետությունը։ Այդ տարածքները, դեռ մի բան էլ ավելին, միջազգային իրավունքի առումով երբեք չեն պատկանել եւ չեն պատկանում Ադրբեջանին։ Հետեւաբար, Ադրբեջանի այդ պահանջներն անհիմն են։ Ինչո՞ւ է Ալիեւն այդ պահանջը դնում, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նա հայտարարել է, որ «հաղթել են հայրենական պատերազմում» եւ, հետեւաբար, ձեռք են բերել իրավունք՝ պարտադրել  Հայաստանին չունենալ բանակ, այլ պահանջներ դնել։ Ես միշտ ասել եմ, որ երկկողմանի որեւէ բանակցություն տեղի չի ունեցել։ Հանդիպումները, որոնք եղել են եռակողմ, քառակողմ, այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող կողմ չկար եւ այսօր էլ չկա։ Այսօր ոչ թե բանակցություններ են, այլ Հայաստանի իշխանության կողմից համաձայնություն, եւ Ադրբեջանի կողմից արդեն նախապես պայմանավորված պահանջների ներկայացում։

Նրանք համարում են, որ Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից նկրտումներ կան Արցախի տարածքների նկատմամբ։ Բայց կրկնում եմ, Արցախի Հանրապետության տարածքները միջազգային իրավունքի առումով երբեւիցե չեն պատկանել Ադրբեջանին։ Դրանք զավթված եւ անեքսիայի ենթարկված տարածքներ են՝ սկսած բոլշեւիկյան եւ քեմալական պայմանավորվածություններից, որոնցով Հայաստանը բաժանվել է երեք անհավասար մասերի։ Դրանից մոտ 20 հազար քկմ-ն Լեռնային Ղարաբաղն էր, որ պոկվել է Հայաստանից եւ որպես ինքնավար մարզ տրվել է Ադրբեջանին։ Պոկել են նաեւ Նախիջեւանը։ Եվ հստակեցնենք, որ այսօր Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չունի՝ պահանջնելու կամ ասելու, որ Հայաստանը նկրտումներ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ։ Դա զուտ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարցն է։ Ադրբեջանի բոլոր նկրտումները որեւէ իրավական հիմք չունեն։

-Եթե վերամիավորման որոշումն ուժի մեջ է, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է խախտված։

-Այդ որոշումը գրվել է, բայց ամբողջովին չի իրականացվել, ընտրվել է այլ ճանապարհ, այն է՝ Արցախի Հանրապետության կայուցումը եւ Հայաստանի հետ ինտեգրումը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինտեգրվել են օրենսդրական դաշտը, ֆինանսական, տնտեսական համակարգերը։ Այսինքն՝ նրանք, ովքեր հակադրում են անկախությունը Հայաստանի հետ միացմանը, ես կարծում եմ՝ նրանք չափազանցնում են։ Տվյալ դեպքում մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանն իրավունք չունի նկրտումներ ունենալ Արցախի Հանրապետության նկատմամբ, ներառյալ այն տարածքները, որոնք կոչվում են ազատագրված տարածքներ։

-Արդյոք դա նշանակում է, որ ինչ-որ փուլում Հայաստանը կարող է դնել այդ որոշումն ամբողջությամբ ի կատար ածելու հարցը։

-Այո։ Կրկնում եմ՝ այդ որոշումը չի կորցրել իր ուժը, այն չի չեղարկվել, պարզապես այլ քաղաքական ճանապարհ է ընտրվել, եւ որոշման ամբողջական իրականացումը հետաձգվել է։

Ռոզա Հովհաննիսյան

 

Forrights. Արցախցիներն «ինքնապաշտպանվում» են ատելության խոսքից

Forrights

Կա, թ՞ե չկա Հայաստան առանց Արցախի։ Դեպի «իրական» Հայաստան գնացող հանրությունը ընդմի՞շտ է կորցրել Արցախը, թ՞ե ինչ որ պահի հետ է բերելու։  Այս հարցերը այսօր հուզում են Արցախից տեղահանվածներին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարութունը համարում է, որ Արցախի հարցը փակված է։ Մինչդեռ արցախցիներից շատերը գիտակցելով, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20, երբ Ադրբեջանը ներխուժեց Արցախ, իրենց հայրենիքի պատմության վերջին երկու օրերն էին, այնուամենայնիվ հավատում են, որ մի օր վերադառնալու են հայրենիք։

Արցախի նախագահը նրանց համար նախկին նախագահ չի, ներկա է, Արցախի խորհրդարանի պատգամավորների, համայնքապետերի, ՄԻՊ–ի անունների կողքին նույնպես նախկին բառը չեն օգտագործում։ Դավիթ Սարգսյանը հիմա էլ Ստեփանակերտի քաղաքապետն է, Հայկ Շամիրյանը՝ Ասկերանի, Արցախի թեմն էլ Երեւանում գրասենյակ է բացում:

Արցախցիների այս անհույս լավատեսությանը իշխանությունը հակադրում է «իրական Հայաստան» տերմինը՝ Հայաստան առանց Արցախի, առանց Կիրանցի, առանց անկլավների, նոր, փոքրիկ երկիր, որի չափերը, փոքրության աստիճանը դեռ հասկանալի չեն։

Նիկոլ Փաշինյանը 12․06․2024թ․ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է 29․743 քմ թիվը ու խոստովանել, որ պատերազմից երկու տարի առաջ, փաստորեն, իմացել է, որ տալու ենք Արցախը։

«Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի գոնե ԱԺ փակ ռեժիմով ասեի, որ մենք պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ոչ միայն հայկական, այլև Ադրբեջանական համատեղ կառավարմամբ պետք է լինի։ Եվ մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29,743 քառակուսի կիլոմետրը», – ասել է  Փաշինյանը։

Նա վաղուց Արցախ բառը չի արտասանում, այն փոխարինել է Լեռնային Ղարաբաղ եզրույթով։

Արցախցիների մասին խորհրդարանի ամբիոնից դիմելով քաղաքական հակառակորդներին, ասում է․ «Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5000 դրամով ցույցերի բերելու համար»։

Բաքվի բանտերում գտնվող արցախյան էլիտան Փաշինյանի համար «վախկոտ դասալիքներ» են, որոնք մեղավոր են Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար։

Հունիսի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը  հայտարարեց․ «Վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա  ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ»։

Նա նաև վիրավորական արտահայտություններ արեց արցախցինենրի հասցեին, ասելով․ «Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է և ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»։ Վարչապետը ձեռքերը օդում դողացնելով, վախկոտներին էր կապկում ԱԺ ամբիոնից։

Արցախցիներն էլ Փաշինյանին են մեղադրում։

«Մեզնից խլեցին մեր հայրենիքը», – լսում ենք շատերից։ «Մեզնից խլեցին մեր որդիներին», –  առարկում են նրանց սոցցանցերում հայաստանցիները։ Այս օրերին հաճախ ենք նմանատիպ զրույցներ լսում, և դրանք ի հայտ են բերում օրեցօր խորացող անհանդուրժողականությունը արցախցիների նկատմամբ։

«Սկզբնական շրջանում հոգատարություն կար, հետաքրքրվածություն, բոլորն ուզում էին լուսաբանել, մենք էլ շահագրգռված ուզում էինք այդ ամենը քանի թարմ էր, ներկայացնեինք աշխարհին, տարբեր հարթակներին…Բայց մի քանի ամիս անց մարդիկ հարցնում էին՝ վերջը ինչի՞ դուրս եկաք: Ու հասկանում ես, որ հարցնում են՝ ոչ թե իմանալու համար, այլ հարցնում են՝ քեզ ցավ պատճառելու համար: Այս ամենը գիտակցելով՝ ասում էի՝ ես որպես երկրորդ կյանք ապրող, վերածնված մարդ՝ թույլ տվեք չպատասխանեմ, որովհետեւ միեւնույն է, չեք հասկանա…»։ Սա հատված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո խոսնակ Հունան Թադեւոսյանի խոսքից։ Նա  հունիսի 27-ին  «Էլիտ Պլազայի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» վերնագրով համաժողովի մասնակիցներից էր։

Այս քննարումը արցախցիների յուրօրինակ հակազդեցությունն էր թիրախավորման, ատելության խոսքի դեմ։ Մարդիկ՝ մարտական գործողությունների մասնակիցներ, փորձագետներ, նախկին պետական գործիչներ, հավաքվել էին և վկայություններ էին տալիս 2023 թվականի սեպտեմբերի 19–20–ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժման, Արցախի գոյության վերջին երկու օրվա մասին։

Իհարկե, արցախցիներն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, կորեկտ են արտահայտվում։ Ո՞րն է ակտիվորեն գեներացվող ատելության պատճառը, ինչո՞ւ է փոխվել վերաբերմունքը արցախցիների նկատմամբ։ Forrights.am-ի հարցին Հունան Թադեւոսյանը պատասխանեց․

«Վերջին շրջանում արցախցիների դեմ պետական մակարդակով սկսվեց քաղաքականութուն վարվել։ Բագրատ Սրբազանի պայքարին արցախցիների մասնակցությունը ևս նպաստեց դրան։ Գոնե արցախցիները իրավունք ունեն դրան մասնակցեն, բայց մեզ ասում են՝ եկել եք մեր երկրում, ուզում եք ներքին խժդժություններ առաջացնել։ Սրբազանի պայքարով թարմացավ ատելությունը։ Կան մարդիկ, որոնք ադեկվատ են, ցավիդ կարեկից, ապրումակցում են քեզ, բայց կա նաև հակառակը»։

Հունան Թադևոսյանը հաճախ է ընտանիքով դուրս  գալիս փողոց ։ «Պարզ է, Արցախի բարբառով ենք հաղորդակցվում։ Առաջ ժպիտով նայում էին, հարցնում էին՝ Արցախի՞ց եք, ինչո՞վ կարող ենք օգնել։ Հիմա, երբ որ բարբառը լսում են, նայում են զարմացած, ոտքից գլուխ չափում են ու քթի տակ խոսելով գնում են», – ասում է։

Մի քանի օր առաջ նա մոտցել է քթի տակ խոսող աղջկա, հարցրել է, թե ինչ ունի ասելու։ Նա էլ, թե՝ եկել եք մեր երկիր։ «Ես նրան բացատրեցի, որ Հայաստանը որքան իրենն է, այնքան իմն է, ես 35 տարեկան եմ ու ամբողջ կյանքում կրել եմ կապույտ հայկական անձնագիր, որում գրված է՝ Հայաստանի Հանրապետություն, ծննդավայրը՝ Ստեփանակերտ։ Բայց չհասկացավ ինձ։ Ասեց՝ դուք թուրքերի հետ ապրել եք։ Ասեցի՝ դուք պատմությունը չգիտեք, երևի։ Մասիսի շրջանում թուրքերով բնակված գյուղեր են եղել, և դուք նրանց հետ ապրել եք։ Արցախում էլ են եղել ադրբեջանական գյուղեր, իրենց առաձին կեցվածքով, որտեղ տուր և առ է եղել, բայց համակեցություն իրենց հետ չի եղել։ Հանգիստ որ խոսում ես՝ կամաց կամաց սկսում են փափկել։ Ուղղակի բոլորի հետ չես կարող այդպես խոսել»։

Հունան Թադևոսյանը ապրում է վարձով։ Տան գնից չի բողոքում։ Գնահատում է տան տիրոջ բարի վերաբերմունքը իր ընտանիքի նկատմամբ։ Տան տերը բանալիները տվել է Հունանին, ասել է՝ ապրի այստեղ, առանց վճարի։

Սյուզան Սիմոնյան

Կիմ Չեն Ընի բանակը կարող է ընդհատակյա պատերազմ սկսել Ուկրաինայում

Հյուսիսային Կորեայի զորքերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի համար, եթե սկսեն գործել ուկրաինական ճակատում` պատերազմում թունելների օգտագործման նրանց փորձի պատճառով, ասում է Ուկրաինայի զինված ուժերի մայոր Եգոր Չիչերինդան։

Espresso-ի եթերում 49-ամյա սպան հիշել է, որ 1950-1953 թվականների պատերազմում ԿԺԴՀ-ի ուժերը հսկայական թունելներ են փորել, որոնց միջով մտել են թշնամու թիկունքը՝ հարվածելով նրա թիկունքին (մարտավարությունը նման է Ավդեևկայում և Տորեցկում ռուսական բանակի քայլերին):

Նման ինժեներական կառույցների երկրորդ պլյուսն այն էր, որ ամերիկյան ռմբակոծիչները չեն կարողացել 80-100 մետր խորության վրա հասնել կորեական շտաբերին, որտեղ հրամանատարությունն իրեն բացարձակ հարմարավետ էր զգում: Չպետք է մոռանալ նաեւ կենդանի ուժի և տեխնիկայի թաքնված տեղաշարժը մարտական ​​գործողությունների ցանկալի կետ (ոչ միայն դեպի թիկունք կավելանա):

կարդալ ավելին «Диалог.UA» կայքում 

Բլոկադային Կակտուսը դարձել է Ստեփանակերտից ամենաթանկ հիշողությունը

Խաչատրյանների տուն եկողը խնդրում է 8-ամյա Վլադին ցույց տալ տան ծաղիկները, հատկապես՝ Կակտուսը։ Պատուհանագոգին, բոլոր ծաղիկների մեջ, այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Հյուրերը դիպչում են ծաղկի փշերին։ Հատկապես սենտիմենտալները արցունք են թափում։ Եվ այն պատճառով, որ տղան Արցախից է Կակտուսը բերել։ Եւ ծաղկամանի հողը Արցախից է։

Վլադի ընտանիքը` մայրիկն ու հայրիկը, երկու քույրերը և նա են: Մինչ 2020 թվականի պատերազմը նրանք ապրում էին Թագավարդ գյուղում։ Մեծ հարուստ տուն ունեին։ Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Թագավարդի բնակիչները ստիպված են եղել տարհանվել ադրբեջանական կողմից հրթիռակոծման հետևանքով։ Արդյունքում գյուղը գրավվել է թշնամու կողմից, և ընտանիքն անդառնալիորեն կորցրել է ողջ ունեցվածքը, ընտանեկան ժառանգությունն ու փաստաթղթերը։

Չնայած Վլադն այն ժամանակ ընդամենը 4 տարեկան էր, նա լավ է հիշում իր բոլոր խաղալիքները, գրքերը, «շարժական ունեցվածքը» և ընկերներին՝ հարևաններին, բանջարանոցն ու տան դիմացի այգին։

44-օրյա պատերազմի ավարտից հետո ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում։ Հենց ադ ժամանակ ես հանդիպեցի Վլադին։ Նա աշխույժ է ու չարաճճի է, սրամիտ կատակներով տանջում է քույրերին։ Լսում է միայն հորը։

Հետո ինձ ցույց տվեցին այն ծաղիկը, որը խնամում է տղան։

Վլադը Կակտուսը տնկել է Արցախի շրջափակման ժամանակ, Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ տարել է հետը ապաստարան։ Երբ պարզ դարձավ, որ արտաքսում է, ընտանիքը սկսեց հավաքել առաջին անհրաժեշտության իրերը, և Վլադը վերցրեց Կակտուսը։ Բերե Հայաստան։ Ընտանիքը թափառում էր բնակարանից բնակարան, մինչև որ հաստատվեց Այնթապում։ Կակտուսը հանդիսավոր կերպով դրվել է պատուհանագոգին։

Որոշ ժամանակ անց ծաղկի մասին իմացել են հարազատները։ Նրանք գալիս են տեսնելու Կակտուսը։ Ոմանք կպնում են ծաղկամանի հողին, չէ՞ որ դա Ստեփանակերտի հողն է։ Հարազատներից մեկն ամեն անգամ հպարտությամբ շեշտում է, որ Վլադը հողը վերցրել է Ստեփանակերտի իրենց տան բակից։ «Ստեփանակերտի մեր տան ամենաթանկն ու արժեքավորը Վլադին է պատկանում։ Հարևաններս դեռ չգիտեն, որ Վլադը մեր փողոցից այդքան թանկարժեք բան ունի»,- ասում է կինը։

Առավել նախաձեռնողներն առաջարկում են ծաղկամանի հողը փոխանակել ավելի պրակտիկ մի բանի հետ։ Տղան պարզապես քմծիծաղով է նայում նրանց՝ առանց մտքերը բարձրաձայնելու։

Ալվարդ Գրիգորյան

Կադաստրի քարե «թուղթը». Տումա Կարմիր խաչը

Ի ՆԽԹ (1000) թվին Հայոց եւ ի թագաւորութեանս տեառնն Գագիկայ՝ որդւոյ  Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի  տուն աստուծոյ ի փրկութիւն հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց:

Էն որ ասում են` ես այստեղ էի հազար տարի առաջ, ու ավելին` հազարավոր տարիներ առաջ, հենց այնպես չէ, դրա մասին աղաղակում են այս քարերը, որ մեր նախնյաց ձեռքում փափկացել ու գիր են վերցրել, ի պահ տրվելու սերունդներին, որ հանկարծ որտեղից որտեղ մեկը չհայտնվեր ու  կասկածի տակ չդներ իմ կադաստրի թուղթը, որ նույնիսկ թղթե չի, այլ քարից։

Եվ ուրեմն` Մուսեի /Մովսեսի/ որդի Գագիկի թագավորության ժամանակ, որն էր տերը Գոռոզու բերդի, Մուսեի դուստր Սոփին իր և ծնողների հոգու փրկության համար Դիզակի Տումի գյուղում կառուցեց աստծո տունը, որը հետագայում Կարմիր խաչ, կամ Կարմիր վանք պիտի կոչվեր։ Ո՛չ Սոփիի, ո՛չ էլ Գագիկ թագավորի մտքով անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, որ իրենց տիրույթները թուլակամ իշխանները կհանձնեն իրենցից 1000 տարի հետո ի հայտ եկած պատմություն ու մշակույթ չունեցող քոչվորներին։ Ավելին, կհայտնվեն «հայեր», որ մեր Հայրենիքի մաս կազմող կտորները կհամարեն խալխի տուն, խելքի աշեցեք։

Կարմիր վանքը Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնադարյան փառահեղ հուշարձաններից է, որը գտնվում է գյուղի հարավային կողմում՝ Եղցու խութ անվամբ հայտնի հնավայրում: Եկեղեցու ստույգ անվանումը ցավոք մոռացության է մատնված, իսկ նրա վերաբերյալ մատենագիտական վկայությունները շատ սուղ են: Միգուցե հնագիտական ուսումնասիրությունները ինչ որ լույս սփռեին հուշարձանի պատմության վրա։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի հաղորդմամբ “Գյուղիս հարաւային կողմում՝ ձորակի աջ սեռի վերայ, շինուած է հասարակ քարով: Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին: Ունեցած է երկու դուռն հարավային և արևմտեան կողմերից: Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ”: Մեզ հայտնի հաջորդ հիշատակությունները վերաբերում է 1911-1912 թթ. սկզբին: Եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները քաղում ենք շինարարական արձանագրությունից, ըստ որի՝ այն շուրջ տասնմեկդարյա կառույց է: Շինարարական արձանագրությունը կրող երկատված քարը Սերգեյ Ամիրջանյանի շնորհիվ 1965թ. փոխադրվել է նախ Տումիի դպրոցի թանգարան, ապա հանգրվան է գտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում:

1960-ական թթ. եկեղեցու ծածկը և հարավային պատը պահպանված չէին, իսկ 2001թ. մնացել էին միայն խորանը և հյուսիսային պատի արևելյան կեսը։ Խորանի մեջ գտնվում էր տեղահանված գեղազարդ մի խաչքար:

Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

“Սերունդ” համահայկական հիմնադրամ. միացեք

«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամի նպատակն է ծնելիության խթանմամբ հասնել հավակնոտ թվացող բնակչության բարձր թվի, պահպանել գենետիկ ֆոնդը: Հիմնադրվել է 2021թ. հունվարի 21-ին։

Բացի շատ երեխաներ ունենալու գաղափարաբանական կարևորության առաջմղումից և տարածումից, հիմնադրամը իրականացնում է նաև սոցիալական ծրագիր․ սկսելեն Արցախի համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային 16 տարի 8 ամիս շարունակ տրամադրելով ամսական 50000 դրամ:

Հիմնադրամը իր առջև խնդիր է դրել ստեղծել ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերողների համայնք՝ ձգտելով մասնակից դարձնել 12 մլն աշխարհահայության, ինչպես նաև հայերին բարեկամ համարողներին՝ կարևորելով ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերող մասնակիցների թիվը:

Գործարկվել է serund.am հարթակը, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ՝ աշխարհի ցանկացած վայրից կարող է կայքում տեսանելի գործունեություն ծավալել՝ մեծացնելով ամենամսյա նվիրաբերողների համայնքը:

Հիմնադրամի կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, աշխարհի ցանկացած վայրից ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերող դառնալ  քարտային համակարգից՝ դրամային փոխանցում կատարելով «Սերունդ» հիմնադրամին: Կայքում նույն պահին երևում է արդեն փոխանցված գումարի չափը, փոխանցող անձի բաժանորդային կոդը և եթե չի նշվել ՝՝անանուն փոխանցում՝՝, ապա նաև անունը։

Սոցիալական ծրագիրը մեկնարկել էր Արցախի Չարեքտար և Եղցահող համայնքներում: Այժմ գործունեությունը շարունակվում է Սյունիքում՝ սահմանամերձ Կոռնիձոր համայնքում, որտեղ այսուհետ ևս բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքները, որոնք կշարունակեն բնակվել իրենց համայնքում, կդառնան հիմնադրամի շահառուներ՝ 200 ամիս շարունակ ստանալով ամսական 50000 դրամ։

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով`

https://serund.am https://web.facebook.com/serund.am

Գործընթացին միանալու համար դիտեք այս տեսահոլովակը`

https://www.facebook.com/100064817736047/posts/508281761342411/?vh=e

 

 

 

 

 

 

 

 

 

Հայության գոյության ներուժը այն պահից սկսեց պաղել, երբ կասկածի տակ դրվեց Ինքնապաշտպանության անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության այսպես կոչված «լուծարումը» հակասահմանադրական էր, պարտադրված ուժի սպառնալիքով։ Ընդունելով երևույթի հակաիրավական լինելը, կարելի է ենթադրել, որ Արցախի Հանրապետության պետական օղակները պետք է շարունակեն իրենց գործունեությունը, հաստատակամ պահեն ՀՈՂ֊-ի վրա Հանրապետության վերականգման կենսական պահանջը, իսկ դա ենթադրում է քաղաքական կամքի խտացում եւ նվիրում։

Արցախի Հանրապետության գոյության հարցը կենսական է ու արգելափակում է Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքները։ Արցախի Հանրապետության համար սկսվել է Ինքնապաշտպանության մի հերթական փուլ, եւ այն կրկին միայնակ է տանելու այդ Ինքնապաշտպանությունը։ Դա է պարտադրված տուրբուլենտ ընթացող աշխարհաքաղաքական իրավիճակում։

Արցախի Հանրապետությունը կազմավորվեց Ինքնապաշտպանության հենքի վրա, երբ տարածաշրջանը հերթական տուրբուլենտ ընթացքի մեջ էր, ու դա թուրքին հնար էր տվել շարունակելու հայաջնջումը, շարունակելու դեռևս 1915-ից շատ ավելի վաղ սկսածը։ Ցեղասպանը Նախիջևանից սողոսկեց Սումգայիթ, Գանձակ ու Գարդմանք, Բաքու ու Մարաղա։

Ինքնապաշտպանությունը թեև նահանջեց Սումգայիթում ու Գանձակում, Բաքվում ու Նախիջևանում,  բայց կարողացավ ցեղասպանությունը կասեցնել Ստեփանակերտի մատույցներում, Իվանյան∕Խոջալույում, Շուշիում, Ակնայում, Հադրութում, Քաշաթաղում ու Ջրականում։

Ինքնապաշտպանությունը ոտքի հանեց ողջ հայությանը ու միաբանեց փոքր Արցախի շուրջ, հայությունից բռնի խլված կենսատարածքներ վերադարձրեց՝  ապահովելով հայության գոյության կենսական պահանջները։ Հայոց ռազմական միտքը, հետ շպրտելով ցեղասպանին, հայությանը տվեց գոյության ներուժ։

Արցախի Հանրապետությունը հայության Ինքնապաշպանության արդյունք էր՝ ցեղասպանության կասեցման ուղի։

Հայության գոյության ներուժը այն պահից սկսեց պաղել, երբ Ինքնապաշտպանության կարիքը ուղղորդված խեղդում էին։ Կասկածի տակ դրվեցին ոչ միայն Ինքնապաշտպանության արդյունքը, այն է՝ կենսատարածքի վերագտնումն ու վերականգնումը, այլև Ինքնապաշտպանության անհրաժեշտությունը։

Ինքնապաշտպանության մերժման ուղիով էր հնարավոր միայն թրքական գաղափարների և քաղաքականության գեներացիան ու շրջանառումը, փափուկ ուժով դրանց մխրճումը գիտական ու կրթական հիմնարկներ, պետական օղակներ, Երկրի ներքին ու արտաքին կյանք։ Երբ բացակայում է Երկրի գոյության արտաքին ու ներքին քաղաքական ռազմավարությունը, ընթացք է տրվում «հանուն թուրքի և դրա բարգավաճման» գաղափարին, ապա և ցեղասպանության զոհին՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում ու Նախիջևանում նախատում են հենց այն բանի համար, որ ցեղասպանությունը կասեցրել ու հետ է շպրտել Շուշիից ու Ակնայից, Քարվաճառից ու Ջրականից, ու այդ նախատինքը ներարկում է կասկած շարքային հայի պատկերացումներում։

Մի երկրում, որտեղ գործում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և որտեղ պարբերաբար իրականացվում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումներ, արտաքին կառավարմամբ ուղղորդված քաղաքականության միջավայրում այսօր անգամ «չկա իրական պատկերացում», թե ինչ էր Արցախի հետ 2020-2023 թվականների կատարվածը։

Թրքական նպատակը իրողություն է. չկա երևույթի անաչառ գնահատականը, ուրեմն չկա դրա միջազգային պատասխանատվությունը։ Այնպիսի մի իրողություն է, երբ հայկական գիտական միտքը շրջանցում է ցեղասպանին պատժելու հնարավորությունը՝ խորացնելով հայության գոյության սպառնալիքը։

2023 թվին Արցախի Հանրապետությունը մի վերջին ճիգով հաղթահարեց ցեղասպանության հերթական ալիքը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ ընթացք ստացած ցեղասպանական պատերազմը իրականում չկասեցվեց, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ցեղասպանության հերթական փուլերի սցենար էր, որը մի դար անց շարունակելու էր Մոսկվայի, Կարսի պայմանագրերը, ամբողջացնելու 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը։

Ինքնապաշտպանության հետևողական մերժումը երեսուն տարիների ընթացքում կասկածի տակ էր դրել պետական համակարգի դիմադրողականությունը։ Հայության վերապրելու հազարամյակների բնազդը  հավաքեց Արցախի հայությանը։ Ռուսական «խաղաղապահի» ջանքերը՝ զրկել հայությանը զինված պաշտպանական համակարգից, նաև արտաքին աջակցությունից ու հայությանը մտցնել հյուծող, սովամահության տանող շրջափակման մեջ շուրջ տաս ամիսներ՝ իրողություն էր։ Արցախում հայությունը մաքառեց վերապրելու համար, պաշտպանելու իր սերունդների գոյությունը։ Շրջափակման մեջ  ֆիզիկապես հյուծված Արցախի հայությունը վերջին ճիգով փորձում էր պահել իր տունն ու շենը, հայրենիքն ու եզակի կենսատարածքը։ Ու միայն խիզախ ու ինքնամոռաց նվիրումը հայությանը հնարավորություն տվեց անվտանգ հեռանալ իր շենից, Արցախից, հեռանալ վերապրելով, հեռանալ արդեն իսկ կարոտը հոգում, ու մի բաղձալի երազանքով՝ դեպի Արցախ վերադառնալու։

Ինքնապաշտպանության պահանջը չի նահանջել, Արցախի Հանրապետությունը իր գոյության պահպանման մի նոր փուլում է։

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքնության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»: