Առանց հստակ հայեցակարգի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փոշիացնում է ժողովրդի էներգիան

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններում հեռանկար չի տեսնում։

«Եթե չլինի հստակ հայեցակարգ, եթե չլինի լավ ձևակերպված մեղադրանք գործող իշխանությանը, ապա այն ամենն, ինչ ձեռնարկվում է, ապարդյուն կլինի, նույնիսկ եթե հանրահավաքներն ու երթերը տևեն տարիներ։

Չեմ կռահի, թե ինչ են ուզում, տեսնում եմ՝ ինչ է կատարվում։ Սա հերթական «դատարկ» կրակոցն է և ժողովրդի էներգիայի փոշիացում, որը կրկին հիասթափության կհանգեցնի նրանց, ովքեր ավելին էին սպասում»։

Խոսելով արցախցիների դերի մասին՝ Արթուր Օսիպյանը կարծիք է հայտնել, որ «արցախցիները պետք է բարձրաձայնեն իրենց հարցերն ու խնդիրները, բայց այնպես, որ դրանք չօգտագործվեն Արցախի և Հայաստանի հայերի միջև առճակատում ստեղծելու համար»։

Փաշինյանը գնդակը նետեց Եվրոպայի կողմը. Իսկ ԵՄ-ում սպասում են, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԵՄ-ին երկրի անդամակցության մասին հանրաքվեի անցկացման իրագործելիությունը. այս մասին նա խոսել է Հայկական ժողովրդավարության ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ կան հանրաքվե անցկացնելու առաջարկներ, որոնք ցույց կտան ժողովրդի աջակցությունն այս գաղափարին։ Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել է. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան դրան պատրաստ է Եվրամիությունը։

«Հիմա հանրաքվե անե՞նք, թե՞ ոչ… Եթե այս հարցը հանրաքվեի դնենք, պետք է քարոզարշավ անենք։ Երբ մենք դա իրականացնենք, մարդիկ հարցեր կտան՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ քայլերով։ Եվրամիությունը սա ուզո՞ւմ է, թե՞ ոչ, պատրա՞ստ է Եվրամիությունը։ Կարո՞ղ եմ այս հարցերի պատասխանները տալ՝ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց բուն Եվրամիությունում տեղի ունեցող գործընթացներին։ Օրինակ՝ ԵԽ ընտրությունները որոշակի հարցեր են առաջացնում։

Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակի՝ եվրոպական երկրներում աջ ազգայնական ուժերի ամրապնդումը կարող է խանգարել Հայաստանի անդամակցությանը եւ ԵՄ ընդլայնմանը։

Խնդիրը նաեւ այն է, որ, «ինչպես ես լսում եմ նաև Եվրամիությունից և Բրյուսելից, նրանք ասում են՝ «այո՛, բայց մենք ուզում ենք տեսնել կոնկրետ քայլեր, որ դու հեռանում ես ռուսական ուղեծրից»։ Իսկ դա նշանակում է հեռանալ ՀԱՊԿ-ից, դա նշանակում է դուրս գալ Մաքսային միությունից։ Եվ նրանք իրականում այնքան էլ չեն հավատում, որ Հայաստանն իսկապես պատրաստ է անել այդ քայլերը Ռուսաստանի հետ»,- ասել է փորձագետը «Ազատությանը»։

Արցախի ԱԺ-ից ողջունել են ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել օրերս Կոնգրեսականներ Էշուի և Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագծի ներկայացման վերաբերյալ։

«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։

Կարևորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝

  • ապահովելու Արցախից բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,
  • պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,
  • հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,
  • կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
  • քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահայտվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունց

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ  Կարեն Բեքարյան», – ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանն, այնուամենայնիվ, դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից

Ազատություն

Վրաստանի ազգային ընտրանին դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից՝ 1/8 եզրափակիչում 1:4 խոշոր հաշվով պարտվելով Իսպանիայի ընտրանուն։

Հանդիպման առաջին գնդակը խփեցին իսպանացիները, սակայն՝ սեփական դարպասը: 18-րդ րոպեին Լե Նորմանի ինքնագոլից մոտ 20 րոպե անց Էրնանդեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 51-րդ րոպեին առաջ անցավ Ֆաբիան Ռուիսի գոլի շնորհիվ:

75-րդ ու 83-րդ րոպեին Ուիլյամսն ու Օլմոն ևս երկու գնդակ ուղարկեցին վրացիների դարպասը:

Նույն փուլում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Սլովակիայի թիմին։ Այստեղ Սլովակիան բացեց հաշիվը, և անգլիացիներին միայն խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեների վերջին վայրկյաններին հաջողվեց հավասարեցնել այն, մեկ գոլ էլ նրանք խփեցին հավելյալ ժամանակում։

Քառորդ եզրափակիչում Իսպանիան կհանդիպի մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի, Անգլիան՝ Շվեյցարիայի հետ։

Այսօր նախատեսված են 1/8 եզրափակիչի Ֆրանսիա-Բելգիա և Պորտուգալիա-Սլովենիա հանդիպումները, վաղն այս փուլը կավարտվի։

Քառորդ եզափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 5-6-ը, հուլիսի 9-ին և 10-ին կիսաեզրափակիչի խաղերն են, որոնց հաղթողները հուլիսի 14-ն Բեռլինում կհանդիպեն եզրափակիչում։

Վրաստանն առաջին կովկասյան երկիրն է, որը մասնակցեց Եվրոյին: Ընդ որում, հավաքականը կարողացավ դուրս գալ խմբից, պարտվելով Թուրքիային, սակայն ոչ ոքի խաղալով Չեխիայի հետ ու հաղթելով Պորտուգալիային:

 

Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումն ուժի մեջ է, որովհետեւ Անկախության հռչակագիրն ուժի մեջ է

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարո’ն Պապյան, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումն ուժի մե՞ջ է։

-Իհարկե’, ուժի մեջ է, որովհետեւ Անկախության հռչակագիրն ուժի մեջ է։ Եվ Սահմանադրությունը բոլոր երեք խմբագրություններով էլ հղումն Անկախության հռչակագրին պահպանել է։ Հետեւաբար, այդ որոշումն ուժի մեջ է։ Եթե այն ուժի մեջ չլիներ, ապա ՀՀ քաղաքացին, զորակոչիկը չէր կարող ծառայել օտար երկրում՝ առանց միջպետական համապատասխան փաստաթղթի։

Ես կարծում եմ՝ Արցախը Հայաստանի մաս է, եւ դա միայն մեր իրավական փաստաթղթերով ամրագրված չէ, չմոռանանք Հայաստանի Հանրապետության օկուպացիայից առաջ, այսինքն՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ից առաջ վերջին իրավական փաստաթղթով, այն է՝ Ազգերի լիգայի փետրվարի 24-ի զեկույցով Հայաստան-Ադրբեջան որոշված սահմանը։ Դրանից հետո Հայաստանն օկուպացվել է, ինչ արել է հետագայում օկուպանտը, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, դրանք բոլորն անօրինական են։ Դրա համար իմ առաջարկը եղել ու մնում է հետեւյալը՝ եթե կասկածներ կան իմ ասածի վերաբերյալ, ուրեմն պետք է գնալ Միջազգային դատարան, թող դատարանը որոշի՝ որ իրավական հիմքն է ավելի օրինական։

-Հետեւաբար, ի՞նչն է խանգարում, որ այդ որոշումն իրագործվի, եւ ինչպե՞ս պետք է իրագործել։

-Այդ որոշումը չի իրագործվել ամբողջությամբ, մասնակի իրագործվել է, օրինակ, արցախցիներին անձնագրերի հանձնման, պաշտոնյաների տեղաշարժի առումով իրագործվել է։ Իսկ ամբողջությամբ չի իրագործվել, որովհետեւ դրան դեմ է եղել Մոսկվան, դեմ են եղել Ստեփանակերտի տեղական  իշխանությունները, որոնց այդ կարգավիճակը ձեռնտու էր։ Այսինքն՝ ստանալ անվերահսկելի քանակությամբ փող ու որեւէ հաշվետվություն չներկայացնել, բնականաբար իրենց համար ցանկալի տարբերակ էր։ Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ սկզբում Ստեփանակերտը դեմ էր անկախ Արցախի հայեցակարգին, բայց հետո հասկացան՝ ինչո՞ւ ոչ, շատ հարմար տարբերակ է։ Ես դա միշտ կոչել եմ չղջիկի տարբերակ, այսինքն՝ երբ պետք է, չղջիկն իրեն ներկայացնում է որպես թռչուն, երբ պետք է՝ որպես մուկ։ Այդ նույն տարբերակով առաջնորդվում էր Ստեփանակերտի վերնախավը։

-Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանaպարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Սա մեծ վտանգներ է պարունակում, որովհետեւ այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Եթե հղումը հանվում է, առնվազն եւս երկու հիմնադրույթ, որոնք անհանգստացնում են Թուրքիային ու Ադրբեջանին, մեջտեղից դուրս են գալիս։ Մեկը Հայոց ցեղասպանության հարցն է, իսկ մյուսը՝ Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդության հարցն է՝ այդտեղից բխող այլ իրավական հիմքերով՝ որոշելու Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանները։ Բայց, իմ կարծիքով, ամենակարեւոր վտանգն այստեղ այն է, որ եթե Հայաստանը դա անի արտաքին ուժի պնդմամբ, նշանակում է՝ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական պրոտեկտորատ։ Այսինքն՝ իրենք են որոշում՝ մեր երկրում մեր բանակը որտեղ ու ինչպես պետք է կանգնի, իրենք են որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, օրինակ, Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը՝ Թուրքիայի պնդմամբ։ Դրանք արդեն հենց պրոտեկտորատի նշաններ են։

Երբ ասում եք՝ 1989 թվականի որոշումն ուժի մեջ է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաեւ Արցախը։ Եվ երբ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, այլ պետություններ հայտարարում են, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյոք Արցախը ներառյա՞լ  է։

– Պետության տարածքը որոշվում է սահմանակից պետությունների փոխադարձ համաձայնությամբ։ Չկա այլ ճանաչում։ Որ ասում են՝ միջազգայնորեն ճանաչված սահման, չկա այդպիսի միջազգային փաստաթուղթ, որով ճանաչում են։ Եթե նման բան լիներ, ապա ՄԱԿ-ի անդամ երկրներն իրար նկատմամբ տարածքային եւ սահմանային պահանջներ ու վեճեր չպետք է ունենային։ Իրենք շատ ճիշտ են ձեւակերպել, իրենք ողջունում են խաղաղության գործընթացը եւ պատրաստ են ճանաչել ցանկացած սահման ու լուծում, որը փոխադարձաբար կամրագրվի։

Այսօրվա իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ սովետական վարչական սահմաններն են ճանաչում, բնականաբար, մյուս երկրները ողջունում են Հայաստանի այդ տեսակետը, բայց Ադրբեջանն այդ տեսակետը չի նշել երբեւէ, ավելին, Ադրբեջանի սահմանադրական ակտում հղում է կատարվում, որ իրենք հանդիսանում են առաջին հանրապետության իրավահաջորդը։ Իսկ առաջին հանրապետությունն իրենք ներկայացնում ենք 116 հազար քկմ տարածքով, որի մեջ ներառում են Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, արդեն խոսում են Երեւանի մասին։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը մինչեւ անգամ ասի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքը վաղը դա կարող է մեկնաբանել ու ասել, որ ճանաչում էր՝ ելնելով իր մոտեցումից։ Պետք է նախ գրավոր, միջպետական փաստաթղթով հստակեցվեր իրավաքաղաքական հիմքը, որի հիման վրա պետք է կատարվեր դելիմիտացիա-դեմարկացիա, հետո մյուս քայլերն արվեին, բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը լրիվ հակառակ ուղղությամբ է գնում։

Ռոզա Հովհաննիսյան

 

«Բալաս, շտեղը՞ս», «Սարավան, մա՛մ»․ Արցախի ճանապարհը

Օկեանիայից Հայաստան եկած իմ բարեկամի հետ ճամփորդում ենք Հայաստանով` հյուսիսից հարավ:

Եթե ես հայ չլինեի եւ ինձ երկու լուսանկար ցույց տային՝ Լոռվա եւ Շուշվա կիրճերից, ես միանշանակ կասեի. ի՞նչ համեմատելու բան կա, չե՞ք տեսնում, որ Լոռիում տաս Ջդրդուզ կա իրար վրա դարսած… Բայց մեկ է` ինչպես մունք ենք ասում` մարդ իր կծուն ավելի լավ է ուտում, քան «ուրիշի» մեղրը (չակերտներ դնեմ` չօտարեք):

Էն օրը մի փիսբիլդինգ միջոցառման ժամանակ ստեփանակերտցի մի աղջիկ երկու բառով ասել էր այն, ինչ ես հիմա պետք է երկարացնեմ. «տոնուսում չեմ»:

Բայց մի ղարաբաղցի մյուսին տեսնելիս, առանց այն էլ տեսնում է, որ մեկը մյուսից տոնուսից ընկած է: Ճիգեր. «լավ ում, տո՞ւ հունց ըս…»:

Ինչքան էլ ցանկանանք մեզ քողարկել (stressed, depressed but well dressed)… Ինչեւէ…

Քանի անգամ եք, չէ՞, զանգել, ձեզ են զանգել…

— Բալաս, շտե՞ղըս…

— Մա՛մ, Սարավան…

Մինչեւ Սարավան ես ու իմ բարեկամը գրեթե լուռ էինք: Եկեղեցիներ, չինացի, սփյուռքահայ ու տեղացիներ, T-shirts, որ հավատացնում է, իբր Երեւանն աշխարհի կետրոնն է, տապ, ժխոր… Քրիստոսն ուզում է գլուխը վերցնի` փախչի (մեղա Աստծո):

Ղարաբաղին մոտենալիս ես փորձում եմ մեր ճանապարհի մասին պատմել հակիրճ։

Այն շատ տխուր էր, դատարկ, միայն Իրանից բեռնատարներ, որ ծուլորեն սողում են այն պավարոտները, որ դու անգիր գիտես:

Ես միայն ուզում եմ ասել, որ ղարաբաղցիներն են այդ ճանապարհը կենսակիր պահել: Ես ուզում եմ ասել, որ սա գոռոզության ակնարկ չէ: Ես ուզում եմ ասել:

Մարութ Վանյան

Հայաստանի նվաճումները

Սերբիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշ Գագիկ Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ 55 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցչին։

80 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալ նվաճեցին նաև Արմեն Պապիկյանը և Եղիշե Մոսեսյանը։

Ընդհանուր հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։