Բոլորին «ինոագենտ» են հայտարարում, բայց Պուգաչովային չկարողացան

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը տեղեկություն չունի, որը թույլ է տալիս երգչուհի Ալլա Պուգաչովային ներառել այսպես կոչված «ինոագենտների՝ օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։ Այս մասին ասված է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևի հարցմանը Արդարադատության նախարարության պաշտոնական պատասխանում։

Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը հուլիսի 9-ին դիմում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ Պուգաչովային որպես «օտարերկրյա գործակալ» ճանաչելու խնդրանքով։ Պատգամավորը երգուհուն մեղադրել է «անօրինական արարքների» մեջ, որը ներառում է «Ռուսաստանի Դաշնությունում հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին կողմնակալ նյութերի հրապարակումը», իշխանություններին «վարկաբեկելու» և Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների «ակտիվ մեկնաբանությունը»։ Բացի այդ, Ժուրավլևը նրան մեղադրել է Ռուսաստանի Դաշնության ռազմական գործունեության մասին տեղեկություններ հավաքելու մեջ։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ռուսաստանից մեկնել է Իսրայել։ Գալկինը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել 2022 թվականին։

Բացի Գալկինից, «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվել են Ռուսաստանի հարյուրավոր հայտնի քաղաքացիներ։

Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հուլիսի 30-ին, աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Էրդողանը պայթեցրեց Ալիևի և Փաշինյանի սուտի փուչիկը

Ստեփանակերտ, 2023, սեպտեմբերի 19

Էրդողանն ասել է, որ Անկարան «պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արեց անցյալում Լիբիայում և Ղարաբաղում»:

Այդ մասին Էրդողանը հայտարարեց նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի եւ Քըլըչի 5-րդ հանդիպումը։

Հայկական կողմը չարձագանքեց Էրդողանի խոստովանական հայտարարությանը և չմեղադրեց Թուրքիային ագրեսիայի մեջ՝ ընդունելով Թուրքիայի ներխուժումն Արցախ որպես “օրինաչափ” և կապ չունեցող Ռուբինյանի եւ Քըիլիչի հանդիպման հետ։ Ավելին, օրերս Նիկոլ Փաշինյանը, ընդհատելով արձակուրդը, այցելել է Մարգարայի անցակետ՝ նախանշելով հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը «երրորդ երկրների քաղաքացիների համար»։

Ավելի վաղ Փաշինյանը արցախյան վերնախավին անվանել էր «վախկոտ դասալիքներ», որոնք պետք է փտեն բանտում։ Իսկ իշխանամետ շրջանակներում ակտիվորեն տարածվում էր թունավոր թեզն այն մասին, որ արցախցիները չեն կռվել ու լքել են իրենց տները Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։

Ի տարբերություն Էրդողանի, Հայաստանի իշխանությունը քաղաքական գնահատական ​​չի տվել 2020-2023թթ. պատերազմին և պատասխանատվության չի հրավիրել Ռուսաստանին, Թուրքիային և Իսրայելին, որոնք անմիջականորեն մասնակցել են պատերազմին։ Հայաստանի կառավարությունը չի հայտարարել, որ Արցախի ժողովուրդը և հայկական բանակը կռվել է ոչ թե Ալիևի զորքերի, այլ չորս երկրների դեմ։

Բայց Բաքուն անսպասելիորեն հակադարձեց Էրդողանի հայտարարություններին։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», – ասել են Բաքվի ՊՆ-ում։

Տեսեք, թե ինչպես միանգամից թփրտաց Բաքուն։ Ի վերջո, Էրդողանը պատահաբար կամ միտումնավոր պայթեցրեց Ալիևի փքված փուչիկը, որը դես ու դեն է գնում «ամենազոր» տեսքով, բռունցքը թափահարելով, եւ ահա պարզվեց՝ որ ոչ մի բռունցք էլ չկա․ Էրդողանն ասում է, որ ամեն ինչ Թուրքիան է արել։

Էրդողանի հայտարարությունը ապտակ է նաև Պուտինին և Նեթանյահուին, որոնք, ըստ ամենայնի, խոստացել էին, որ եթե Թուրքիան Ղարաբաղ մտնի, նրանք կլուծեն քաղաքական խնդիրները և կհասնեն ագրեսիայի և ցեղասպանության արդյունքների միջազգային ճանաչմանը։ Բայց այստեղ էլ չստացվեց, և այժմ աշխարհի ուղեղային կենտրոնները լրջորեն քննարկում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի փլուզման հնարավորությունը: Իսկ Արցախի հարցը ինչպես չլուծված եղել է, այդպես էլ մնում է։

Ղարաբաղի հայկական արմատներն այնքան խորն են, որ դուրս են գալիս երկրագնդի մյուս կողմից։

Նաիրա Հայրումյան

Հաղորտիից Լեռնահովիտ․ կյանքը “մատյանային ծանոթությունից” հետո

«Մի օր առավոտը ես ու հարսս իջնում ենք բակ ու ի՞նչ տեսնենք՝ վանդակներ, մեջը՝ ճագարներ։ Զարմացանք։ Տղայիս` Հակոբին, ասում եմ` էս ի՞նչ է: Ինքն էլ, թե վաճառում էին՝ գնեցի։ Այսօրվանից ճագարաբուծությամբ ենք զբաղվելու: Դե ասեցի, որ որոշել ես, ուրեմն՝ կզբաղվենք:»

Ռիմա Կարապետյանի ընտանիքը Արցախի Հաղորտի գյուղից է, հիմա Լոռու մարզում՝ Լեռնահովիտում է ապրում։ Նոր տանն արդեն հասցրել են ցանքս անել և ճագարաբուծությամբ զբաղվել: Հաղորտիում մեծ տնտեսություն ունեին, այստեղ հարմար գոմեր, հավաբներ չկան, որ ընդլայնեն տնտեսությունը:

Մաքուր վանդակներ և խնամքով գրված ծննդյան ամսաթվեր՝ նոր ծնված ձագերի ծննդյան օրերն են։ Մի քանիսը մեր այցելությունից ընդամենը մի քանի ժամ առաջ էին ծնվել:

«Այժմ 5 ճագար ունենք, բայց նրանցից երկուսն արդեն ճուտիկներ ունեն: Ես նույնիսկ սիրելի ճագարներ ունեմ, երկուսն էլ սպիտակ են: Երեխաների համար էլ է հետաքրքիր՝ խոտ են բերում, փորձում խնամել, իսկ փոքր թոռս բակի երեխաներին հրավիրում է տուն, որ մեր ճագարներին ցույց տա: Միակ անհարմարությունը տների տակով հոսող ջուրն է, բայց դա ամբողջ գյուղում է այդպես»։‎

Տիկին Ռիման ծննդով Արցախի Սոս գյուղից է, ամուսնացել և տեղափոխվել է Հաղորտի: Ամուսնու հետ ծանոթացել են խորհրդային տարիներին տարածված՝ «մատյանային նամակագրության» միջոցով, երբ դպրոցական մատյանի տվյալ համարի աշակերտը նամակագրություն էր սկսում մեկ այլ գյուղի նույն համարի տակ գտնվող աշակերտի հետ: Այդ դպրոցական նամակները այն ամենաթանկ իրերից է, որ բերել է իր հետ Արցախից։

«Ամուսինս ընտանիքի միակ տղան էր։ Երբեք չի ցանկացել քաղաքում ապրել։ Ասում էր՝ մեր պատշգամբից միշտ պետք է ոտնաձայներ լսվեն…»‎

Չորս զավակ են ունեցել, փոքր աղջիկը ծնվել է ամուսնու մահից հետո: Ասում է, որ ամուսնու հետ ապրած տարիները լավագույնն էին։ Տիկին Ռիմայի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Հաղորտիի առաջին զոհն էր, ում ադրբեջանցիները առանձնակի դաժանությամբ են սպանել:

Չնայած բոլոր դժվարություններին, երեք պատերազմներին և անդառնալի կորուստներին՝ տիկին Ռիման չի ընկճվել։ «Ամեն ինչ հաղթահարելի էր մինչ դու քո տանն ես, քո հողում, քո ընտանիքի հետ: Հիմա էստեղ ամեն մի սար, ամեն մի ծառ համեմատում ենք Արցախի սարուձորի հետ: Որքան էլ փորձում են մեկը մյուսից թաքցնել հայրենիքի կորստի ցավը, միևնույնն է, երբեմն չի ստացվում: Անտանալի ցավ է, որ չենք կարողանում նույնիսկ այցելել հարազատների գերեզմաններին: Տղաս ասում է՝ եթե հնարավորություն լինի, գերեզմանները կտեղափոխի այստեղ, բայց ինչպե՞ս, ո՞ր մեկինը, մի ամբողջ գերդաստան ենք թողել»։

Ընտանիքում հիմա միայն տղան է աշխատում` զինղեկ է դպրոցում։ Աշխատավարձը քիչ է ընտանիքի կարիքները հոգալու համար: Հիմնական եկամուտի աղբյուրը պետության կողմից տրվող 50.000 աջակցությունն է և կենսաթոշակը: Փոքր աղջիկը ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան: Դեռ չգիտեն՝ իրենք էլ կտեղափոխվե՞ն, թե՞ կօգտվեն բնակապահովման ծրագրից և կմնան Հայաստանում:

Առայժմ հաստատվել են Լեռնահովիտում և փորձում են նոր տնտեսություն ստեղծել։ Հաղորտիի նրանց հարևանները ևս այստեղ են: Իչպես տիկին Ռիման է ասում՝ սիրտդ սփոփվում է, երբ դուրս ես գալիս ու հարևաներիդ ասում «պարի լյուս»:

Քրիստինե Ալավերդյան

Շուշիի քաղաքապետ․ բնակապահովման ծրագիրը չի լուծում արցախցիների խնդիրները

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից բռնի տեղահանված բնակիչներից ոմանք դիմել են ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագրի շահառու դառնալու համար։ Առաջնահերթ այդ ծրագրից օգտվելու շահագրգռություն ունեն բազմազավակ ընտանիքները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Կան մարդիկ, որ դիմել են՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Չգիտեմ՝ դա որքանո՞վ է ռեալ լինելու, ո՞նց է ստացվելու, բայց մարդիկ հավատալով՝ դիմում են։ Ավելի շատ ծրագրից շահագրգռված են օգտվել երեք եւ ավելի անչափահաս, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները։ Այսինքն՝ նրանք, ովքեր առաջին փուլով դարձել են շահառու»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։

Շուշիի քաղաքապետը նշեց, որ իր կարծիքով՝ այս ծրագիրը չի լուծում բռնի տեղահանված արցախցիների խնդիրները։ «Երեք կամ չորս միլիոնով ի՞նչ բնակարան պետք է գնես։ Օրինակ՝ երեք միլիոն փոխհատուցման դեպքում, եթե ընտանիքը երեք հոգանոց է, 15 մլն դրամով կկարողանա՞ն Երեւանի շրջակա մարզերում բնակարան գնել։ Իհարկե, ոչ, դա անհնար բան է։ Հարցը լուծելու համար պետք է գումարը շատացնել, շուկայական գներին համապատասխան պետք է լինի աջակցության չափը։ Պետք է հաշվարկեն, թե մեկ շնչին քանի քմ է հասնում։ Երբ Ղարաբաղում բնակարաններ էին հատկացնում, մեկ հոգուն մինչեւ 22 քառակուսի մետր էր հատկացվում։ Դա ուներ իր համապատասխան գումարը, բազմապատկում էին ու այդքան փոխհատուցում տալիս։ Այդ տարբերակով հնարավոր է խնդիրը լուծել, բայց 3 մլն դրամով՝ ոչ»,- ասաց նա։

Արծվիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Արցախ վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ է տեսնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փակել են Արցախի հարցը։

«Կգա ժամանակը, եւ այդ հարցը կլուծվի, այսպես չի մնա։ Ուղղակի հարցն այն է, որ  չմոռանանաք, որովհետեւ 30 տարի ադրբեջանցին չի մոռացել կամ իրենց ղեկավարությունը չի մոռացել, իրենց համայնքների ղեկավարներին պահել են, համայնքների ղեկավարները ժողովրդին տիրություն են արել։ Բայց Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ ամեն ինչ մոռացել են, ում հետ էլ խոսում ես, ասում են՝ Արցախն արդեն չկա, ինչի՞ մասին եք խոսում։ Մարդիկ չգիտեն, թե այդ «չկա» բառն ինչ է նշանակում հայրենիք ու սրբավայրեր կորցրած մարդկանց համար։ Բայց ինչքան էլ իրենք Արցախի հարցը փակեն, մեկ է, ժողովրդի սրտում չի փակվելու»,- ասաց նա։

Արծվիկ Սարգսյանը նաեւ հավելեց, որ Արցախի իշխանություններն այսօր գործունեություն չեն ծավալում, քանի որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, ճնշումների են ենթարկում Արցախի համայնքների ղեկավարներին, նախագահի աշխատակազմին․ «Արցախի իշխանությանն այսօր ո՞վ է լսում, կարող է դրսում ոմանք նրանց ընդունեն, լսեն, բայց ամեն ինչ Հայաստանից է սկսվում։ Հայաստանում պետք է այդ գործընթացը լինի, որ մնացածն էլ ընդունեն Արցախի իշխանությանը։ Եթե մենք չենք անում, ուրիշներից ի՞նչ պիտի պահանջենք»։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին սահմանին հանդիպում կանցկացնեն

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը բանակցությունների 5-րդ փուլը կանցկացնեն հայ-թուրքական սահմանին»,- հայտնում է թուրք հեռուստահաղորդավար Սենա Ալքանը։

X սոցիալական ցանցում նա գրել է, որ հանդիպումը տեղի կունենա առավոտյան հայկական կողմում, կեսօրին՝ թուրքական կողմում։

Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։

2023-ին պետպատվերով ԷԿՈ ծրագրի շրջանակում ծնվել է 159 երեխա, իսկ այս տարի արդեն 271 երեխա

Օգոստոսի 1-ին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու ծրագրի շահառու կարող են լինել նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածները: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը:

«Նախկինում շահառուների խմբերից մեկը 20-36 տարեկան, 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող կանայք էին: Նոր կարգավորմամբ շահառուների շրջանակը ընդլայնվում է, շահառու կարող են դառնալ 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ 20-40 տարեկան կանայք: Ընդ որում, 40 տարեկանում շահառու դառնալու դեպքում նրանք պահպանում են իրենց շահառուի կարգավիճակը  մինչեւ 42 տարեկան դառնալը:

Շահառուների հաջորդ խումբը երկրորդային անպտղություն ունեցող, մեկ երեխա ունեցող 20-36 տարեկան, սահմանամերձ բնակավայրերի ամուսնական զույգերն էին: Նոր փոփոխությամբ հանվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչ լինելու պայմանը, եւ արդեն կարող են շահառու լինել 20-36 տարեկան, մեկ երեխա ունեցող ամուսնական զույգերը, որոնք 2 եւ ավելի տարի երկրորդային անպտղություն ունեն»,-ասաց նա:

Ռուզան Մարտիրոսյանի խոսքով, 2022-ին ունեցել են ծրագրի 842 շահառու, իսկ 2023-ին՝ 5441 շահառու. «Շրջանակի ընդլայնման արդյունքում կունենանք ավելի շատ շահառու նոր կարգավորմամբ:

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ամիսներին ունենք ավելի շատ ծնված բալիկ՝ 271, քան ամբողջ 2023-ին, երբ ծնվել էր 159 երեխա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ ընթացակարգով շահառուները կարող են դիմել, Ռուզան Մարտիրոսյանը պատասխանեց. «Նրանք կարող են դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական կազմակերպություն, այնտեղ դիմում են ներկայացնում, եթե շահառու լինելու պահանջներին համապատասխանում են: Ըստ բժշկական ցուցումների  որոշվում է հետագա բուժօգնության ծավալը եւ ստանում են այդ բուժօգնությունը»:

news.am

Վերջին ավտոբուսը․ Արցախից տեղահանված 23 ընտանիք Գյումրիի նախկին հիվանդանոցում

Բռնատեղահանված արցախցիները մինչև իրենց համար բնակարաններ ձեռք բերելը կարող են ապրել “հիվանդանոցի շենքում”

Արցախից տեղահանված 41 մարդ՝ 23 ընտանիք, 2023թի հոկտեմբերից մինչև հիմա ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Բռնագաղթի օրերին վերջին ավտոբուսներով Հայաստան հասած մարդիկ են, որոնք չեն կարողացել ինքնուրույն բնակվելու տեղ գտնել։

Հիվանդանոցի դարպասները բաց են, բակը՝ դատարկ։ Առաջին հարկի պատուհանին՝ դեռ Կովիդ-19-ի թեստի մասին հայտարարություն է, իսկ շենքի ներսում՝ ամենանկատելի տեղերում, ոստիկանական տեսուչի կոնտակտներն են պատին փակցրած։ Միջանցքներում լռություն է՝ ասես մարդ չկա շենքում…

Բնակիչներից մեկը՝ Սիլվա Բրուտյանը, դիմավորում է մեզ և իր սենյակ հրավիրում։ Մտնելուն պես՝ աչքդ շոյում են ասեղնագործ աշխատանքները, որոնցով Սիլվան փորձել է շուք հաղորդել իր փոքրիկ, բայց մաքուր ու կոկիկ սենյակին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 4-րդ դասարանից։ Հիմա, երբ ոչ մի տեղ չի աշխատում, նորից ասեղնագործություն է անում, փորձում է դրանով գումար վաստակել։ Պատմում է, որ թելերն ու կտորները փոխմարզպետ Աննա Մարտիկյանն է նվիրել իրեն։

“Յուրաքանչյուր շաբաթ այցելում է մեզ, տեղեկանում մեզ հուզող հարցերի մասին, աջակցում։ Բոլորս սիրում ենք նրան և, առհասարակ, գոհ ենք գյումրեցիների վերաբերմունքից”։

Միայնակ կինը Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի 27-ի գիշերը։ Հաջորդ օրը հասել է Գորիս, որտեղից էլ վերջին տեղահանվածների խմբի հետ եկել Գյումրի։

Հայաստանում ծնված ու մանկատանը մեծացած Սիլվան 1999-ին է մեկնել Արցախ և, որպես վերաբնակիչ, հաստատվել Տիգրանակերտում։ Այստեղ նա ընտանիք է կազմել, երեխա ունեցել։ Զբաղվում էր հողագործությամբ։

44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցավ թշնամու վերահսկողության տակ, Սիլվան աղջկա հետ տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ Արցախի կառավարության կողմից նրան տրամադրվեց բնակելի տուն։ Մինչև 2023-ի սեպտեմբերն աշխատում էր պտուղ-բանջարեղենի խանութում։

“Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային։ Հասկացա, որ պետք է հեռանամ։ Այդ օրը լվացք արեցի, վերջին անգամ իմ տունը մաքրեցի և, միայն մի քանի հագուստ ու նոր թխած հաց վերցնելով՝ գնացի հրապարակ։ Այնտեղ հավաքվել էին մարդիկ, որոնք սեփական մեքենաներ չունեին և սպասում էին վերջին ավտոբուսներին։

Հրապարակում խուճապային իրավիճակ էր, շատերն արդեն ուտելու բան չունեին։ Ես նրանց իմ թխած հացը հյուրասիրեցի։ Ուրախանում էի, որ կարող եմ օգտակար լինել հեռու գյուղերից եկած մարդկանց։

Խանութների դռները բաց էին։ Բոլորի հետ՝ ես էլ մտա ու վերցրի մեկ վարագույր, պատի ժամացույց և էլեկտրական թեյնիկ, որոնք օգտագործում եմ այստեղ”։

 

Շիրակի մարզում Սիլվան և անօթևան մնացած մյուս արցախցիները մոտ երկու շաբաթ ապրում են “Գյումրի” հյուրանոցում, ապա նրանց տեղափոխում են նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենք։

“Եկած օրվանից մեզ օգնել են մարզպետարանից, քաղաքապետարանից ու տարբեր կազմակերպություններից։ Շաբաթը երկու անգամ սնունդ և հիգիենայի պարագաներ ենք ստանում։ Ինքներս պատրաստում ենք ճաշը, մաքրում մեր սենյակները։ Սահմանել ենք հեթապահություն՝ սանհանգուցը մաքուր պահելու համար, թեև մասնաշենքում նաև մաքրուհի է աշխատում”։

Եթե հնարավոր լինի բնակապահովման ծրագրով տուն ու հողակտոր ձեռք բերել Շիրակի մարզում, Սիլվան այստեղ կմնա, հողագործությամբ կզբաղվի, իր կարիքները հոգա ու կօգնի Ռուսաստանում ապրող աղջկան ու թոռանը։ Միաժամանակ, չի կորցնում հույսը, որ մի օր հնարավոր է, որ վերադառնա նաև Արցախ․․․

Կրկնակի բռնատեղահանված Կարինե Աղաջանյանը նույնպես Գյումրիի հիվանդանոցի շենքում է ապրում՝ մանկուց հաշմանդամ որդու հետ։

Կարինեն Վանաձորից տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը։ Նրան տրամադրել են տուն և փոքր հողակտոր, որտեղ բանջարեղեն էր աճեցնում։ Որդին՝ Նորայրը, սովորում էր Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում։

“Սեպտեմբերի 19-ին գնացել էի Ասկերան, որ ստանամ երեխայի նպաստը, պատերազմը սկսվեց, ու այլևս չկարողացա գյուղ վերադառնալ։ Բոլոր կարևոր փաստաթղթերը թողել եմ տանը, ոչ մի հագուստ կամ որևէ այլ իր չեմ կարողացել վերցնել հետս”։

Կարինեն համագյուղացիների հետ գնացել է Ստեփանակերտի օդանավակայան և մի քանի օր մնացել այնտեղ։ Հայաստան ճանապարհվել են վերջին ավտոբուսներով։ Եկել են Վայք, ապա՝ Գյումրի։

“Այստեղ մեզ ապահով ենք զգում։ Ճիշտ է՝ սենյակը երկու հոգու համար շատ փոքր է, բայց ինչ արած, ուրիշ ելք չեմ տեսնում։ Այս սենյակում և՛ հաց ենք ուտում, և՛ ամբողջ օրն անցկացնում, և՛ քնում։

Տղաս ի ծնե հաշմանդամ է, շատ դժվարություններ եմ կրում, բայց դիմանում եմ”։

Արմատներով վանաձորցի Կարինեն ցանկանում է բնակելի տուն ձեռք բերել Շիրակի մարզում։ Վանաձորում ոչ ոք չունի, իսկ այստեղ արդեն հարմարվել և ուրիշ տեղ գնալ չի ցանկանում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ինչո՞ւ Բոնոն եկավ Երեւան․ “նոր ճակատ” չդառնալու հորդոր

Անցած շաբաթ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Երևան։ Այցի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։

«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են․ «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղուն»։

Քանի որ Հայաստանում համատարած արձակուրդ է, Բոնոյի հետ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը «վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը»:

Բոնոյի այցն աննկատ անցավ ԱՄՆ-ում կատարվող իրադարձութունների ֆոնին։ Քանի որ մի քանի ամիս հետո ԱՄՆ-ում նախագահ է փոխվելու, Վաշինգտոնի միջնորդական ջանքերը այնքան էլ լուրջ չեն ընդունվում։ Առավել եւս, որ ներկայիս նախագահ Բայդենին ստիպում են հրաժարական տալ նույնիսկ մինչեւ ընտրություններ։ Ներկայումս կնքված ցանկացած «արժանապատիվ» համաձայնագիր կարող է չեղարկվել մի քանի ամիս անց։

Մյուս կողմից, «անիշխանությունը» ԱՄՆ-ում թույլ է տալիս ագրեսիվ ուժերին ամբողջ աշխարհում անել իրենց սեւ գործը, չվախենալով Ամերիկայի դիմադրությունից։ Ինչպես 2020 թ․ նախընտրական շրջանում դա արվել է Արցախում։

Հիմա Իսրայելը գեներացնում է Լիբանանի եւ Իրանի հետ պատերազմը, փորձելով ներքաշել այդ պատերազմի մեջ ԱՄՆ-ը։ Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Արեւմուտքի հետ հարաբերությունների մեղմացման, եւ նախագահ Բայդենի հռետորականությունն էլ է մեղմ։ Սակայն Իսրայելը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Թրամփի եւ Օրբանի հետ միասին պարտադիր նոր պատերազմ է ուզում։ Այդ պատերազմի ճակատներից մեկն էլ հավանաբար պետք է ապահովի Իսրայելի պրոքսի Ալիեւը՝ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին։

Ի՞նչ էր այդ համատեքստում Բոնոն ասել Արմեն Գրիգորյանին։ Հորդորել է Հայաստանին «արժանապատիվ» կապիտուլյա՞ցիա ստորագրել, որ «նոր ճակատ» չբացվի։ Թե՞ հակառակը՝ երաշխավորներ է բերել, որ թույլ չի տա նման զարգացում։ Արմեն Գրիգորյանի պատրաստակամությունը խաղաղությանը խոսում է առաջին տարբերակի օգտին։

Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Լիբիա և Ղարաբաղ, բայց բավական ուժեղ չէ

Եթե ​​Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա «մտնել» Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Այս մասին հայտարարել է Էրդողանը։

«Նույնը կանենք նրանց հետ (Իսրայելի հետ՝ խմբ.), ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, որ դա չանենք: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է Էրդողանը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Թուրքիան բավականաչափ ուժեղ չէ, հակառակ դեպքում «Իսրայելը չէր կարող Պաղեստինի հետ անել այն, ինչ արեց»։

Սա շատ նշանակալից նկատողություն է, քանի որ Էրդողանին կասկածում են երկակի խաղի մեջ, երբ, իբր, հիմնվելով մահմեդականների համերաշխության վրա, նա բանավոր պաշտպանում է Պաղեստինը, երբեմն նույնիսկ Նեթանյահուին անվանելով ֆաշիստ, բայց իրականում նա ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ, որից նա ըստ էության անբաժանելի է։ Նման համագործակցության արդյունքն ու նպատակը Ղարաբաղն է, որը հանձնվել է հակաիրանական ուժերին։

Էրդողանը չի թաքցնում, որ քանի որ Իսրայելը գտնվում է Օսմանյան կայսրության արաբական հողերի վրա, որոնք Էրդողանը փորձում է նորից սոսնձել, Էրդողանն ու Նեթանյահուն պետք է միամուռ լինեն արաբների և Իրանի դեմ պայքարում։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանել է Էրդողանին. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Միայն հիշեք, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- ասել է Կացը X սոցիալական ցանցում։

Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «X» սոցիալական ցանցում գրել է, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կյանքը։

«Միջազգային սիոնիստական ​​շրջանակները, հատկապես Իսրայելը, ովքեր փորձում են խլացնել այս ձայնը, մեծ խուճապի մեջ են։ Բոլոր ցեղասպանություն իրականացրածների և նրանց աջակցողների պատմությունն ավարտվեց նույն կերպ»,- նշել է Ֆիդանը։ Նա այնքան խելացի էր, որ չհիշատակեր Ղարաբաղի ու հայերի մասին։

Աշխարհակարգը փոխելու շեմին Թուրքիան և Իսրայելը, որոնք ստեղծվել են որպես «միջանկյալ» երկրներ, փորձում են պահպանել իրենց գոյությունը։

Տասնյակ «վագներցիներ» են զոհվել Մալիում. նրանք այնտեղ եկան ֆրանսիական կորպուսի փոխարեն

Ռուսական «Աֆրիկյան կորպուսը», որը հիմնականում բաղկացած է Վագների նախկին վարձկաններից, կորցրեց մի քանի տասնյակ մարտիկներ Մալի-Ալժիր սահմանին։ Ռուս և Մալիի զինվորականների շարասյունը ավազի փոթորիկի ժամանակ դարանակալվեց տուարեգների կողմից, ովքեր հանդես են գալիս Ազավադի անկախ պետության ստեղծման կողմնակից:

Մալիի հյուսիսում ռուս վարձկանների շարասյան մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ այս երկրի հյուսիսում՝ Ալժիրի հետ սահմանի մոտ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումից մեկ շաբաթ անց։

BBC-ի ռուսական ծառայության աղբյուրը, ով նախկինում ծառայել է Wagner-ում, ասում է, որ սպանվել է առնվազն 82 վարձկան։

2021 թվականի մայիսին Մալիում տեղի ունեցավ պետական ​​հեղաշրջում, որի արդյունքում իշխանության եկավ գնդապետ Ասիմի Գոյտան, ով դեռևս գտնվում է ժամանակավոր նախագահի կարգավիճակում, քանի որ երկրում այդպես էլ ընտրություններ չեն անցկացվել։

Գոյտայի իշխանության գալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Բարխանե օպերացիայի ավարտի մասին, որի շրջանակներում երկրում էր ֆրանսիական խաղաղապահ զորախումբը, որի օգնությամբ նախորդ նախագահ Իբրահիմ Քեյտան կռվում էր տուարեգ անջատողականների դեմ։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 5 հազար ֆրանսիացի զինվոր լքեց Մալին, և գնդապետ Գոյտան նրանց փոխարինելու հրավիրեց Վագների վարձկաններին։

Արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք Լոֆթում

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը նախագիծն իրականացվում է ԼՈՖԹ հասարակական կազմակերպության և ՀՀ կառավարության համատեղ ուժերով:

Ծրագրի բուն նպատակը մեր հայրենակիցների իրազեկումն է, սոցիալականացումն է և խթանումը աշխատանքի և կրթության մասով: Արդեն 2 ամսվա ընթացքում գրանցվել է բավականին դրական ցուցանիշներ, որի արդյունքում շուրջ 20 տարբեր տարատեսակ իրադարձություններ են տեղի ունեցել և ամբողջ ծրագիրն ընդհանուր քարտեզագրվում է  Երևանում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակում, Գյումրիում:

Երեկ կայացավ ամենասպասված իրադարձություններից մեկը՝ արցախցի հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքն է: Վաճառվում են տարատեսակ գեղեցիկ աշխատանքներ` ժենգյալով հացից, Արցախի փախլավայից մինչև ձեռագործ մոմեր: Միտումը բնավ բիզնես անելը չէ, այլ ևս մեկ անգամ ոգեշնչել մեր հայրենակիցներին աշխատելու, ստեղծագործելու, արարելու:

Տաթև Ազիզյան

Լուսանկարները Հայկ Հարությունյանի