Գոլանի բարձունքների գնդակոծում. Նեթանյահուն Հեզբոլլահին «բարձր գին» է խոստանում

Ըստ իսրայելական զինվորականների՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում՝ Մաջդալ Շամս շրջանում, ֆուտբոլի դաշտի գնդակոծման հետևանքով զոհվել են 12 դեռահասներ և երիտասարդներ, տասնյակները վիրավորվել են։

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն Հեզբոլլահի լրատվական գրասենյակի ղեկավար Մուհամադ Աֆիֆը հերքել է «որևէ կապ դեպքի հետ», հաղորդում է BBC-ն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, ասել է, որ ծրագրվածից շուտ է վերադառնում հայրենիք։ Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իսրայելի 12 հեռուստաալիքի եթերում ասել է. «Մեզ մեծ պատերազմ է սպասվում»։

1981 թվականին, երբ Իսրայելը բռնակցեց Գոլանի բարձունքները (մինչև 1967 թվականը դրանք գտնվում էին Սիրիայի վերահսկողության տակ. համաշխարհային հանրության մեծ մասը չէր ճանաչում այս տարածքի անեքսիան), այնտեղ ապրող դրուզներին առաջարկվեց Իսրայելի քաղաքացիություն, բայց միայն փոքրամասնությունն ընդունեց այն։ Շատերն իրենց համարում են Սիրիայի քաղաքացիներ։

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետը հանդիպել է Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ։ Դեմոկրատական ​​առաջնորդները պահանջում էին անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Թրամփը մեղադրեց Հարիսին Իսրայելի իրավունքների չպաշտպանելու մեջ:

Եվրոպայի բարձրագույն դիվանագետ Բորելը կոչ է արել հետաքննել Գոլանի հյուսիսում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտի գնդակոծման փաստը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Սպիտակ տունը ուղղակիորեն չի մեղադրել արմատական ​​շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն վերահաստատել է իր «հաստատակամ» աջակցությունն Իսրայելին:

Պատերազմը սպառնում է տարածվել Լիբանանի և Սիրիայի տարածքներում, ներգրավելով Իրանը, և 6 ամսից, քանի դեռ ԱՄՆ-ում «անիշխանություն է», կարող է հայտնվել Մերձավոր Արևելքի նոր քարտեզը։ Հատկապես, որ եթե ՀԱՄԱՍ-ը այդքան էլ կապված չէ Իրանի հետ, ապա Հեզբոլլահը իրանական պրոքսի է համարվում։ 

Դիզակ ԱՐՏ-ն ամառային ճամբար է կազմակերպում

Դիզակ ԱՐՏ Աբովյանի մասնաճյուղում շարունակվում է ամառային կրթամշակութային ճամբարը: Ճամբարականները ծնողներին են ներկայացրել նախորդ օրերին ստացած գեղագիտական գիտելիքների արդյունքները: Ակտիվ և հաճելի ժամանցը զուգակցվել է ազգային երգ ու պարի, նկարչության, մոդելավորման, առաջին օգնության վերաբերյալ դասընթացներով, ինտելեկտուալ և տրամաբանական խաղերով, ինչպես նաև` խաղերով բնության գրկում:

Արցախից տեղահանված երեխաների համար մեծ նշանակություն ունի առօրյան անցկացնել հարազատ միջավայրում և հետաքրքիր ու հագեցած:

Ճամբարը աջակցություն է ստանում Նյու-Յորքից` երիտասարդ մասնագետների խմբի կողմից:

Տաթև Ազիզյան

Թրամփ. Ես չգիտեմ, թե հրեաները կքվեարկե՞ն դեմոկրատների օգտին

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։ Թրամփը «խոստացել է, որ երբ վերադառնա Սպիտակ տուն, կգործադրի բոլոր ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և ԱՄՆ-ի քոլեջներում հակասեմիտիզմի տարածման դեմ պայքարելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ:

Նա նաև քննադատեց նոյեմբերի ընտրություններում իր պոտենցիալ մրցակցին՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, այն բանից հետո, երբ նա երեկ «խիստ մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում մարդկային տառապանքների մասշտաբների վերաբերյալ»՝ կապված Իսրայելի Համասի պատերազմի հետ: Թրամփը նրա խոսքերն անվանել է «անհարգալից»։ «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես կարող են հրեաները քվեարկել նրա օգտին, թեև դա նրանց որոշումն է», – ասաց նա:

Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ իր այցը Միացյալ Նահանգներ կօգնի արագ համաձայնության գալ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:

Վոլգոգրադի մերձակայքում կործանվել է ռուսական Սու-34 ռմբակոծիչը

Վոլգոգրադի մարզում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել. Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում առանց զինամթերքի։ Երկու օդաչուներին էլ հաջողվել է նետվել, իսկ ինքնաթիռը ընկել է ամայի տարածքում և գետնին ավերածություններ չի առաջացրել: Պաշտպանության նախարարությունը ինքնաթիռի կործանման նախնական պատճառը անվանել է «տեխնիկական անսարքություն»։

Մեր շենքը․ իրական պատմություններ ու կարոտալից հիշողություններ

Ամառ էր՝ Արցախում անցկացրած մեր վերջին ամառը։ Աներևակայելի ծանր օրեր էին սկսվել շրջափակումը հաղթահարող արցախցիներիս համար։ Միաժամանակ իրար հանդեպ աներևակայելի ջերմությամբ լցված օրեր էին։

Բազմաբնակարան մեր շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ,  պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, բռնատեղահանում․․․

Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 76 շենքի մասին է խոսքը․․․

Աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ էին ապրում այս շենքում։ Բնակիչները տեղափոխվում, նորերն էին գալիս, սակայն, միևնույն է, ոչինչ չէր փոխվում։ Քանի որ մեր բակում էր գտնվում Ասկերանի երևի ամենահին ու  հանրաճանաչ “բեսեդկան”, որը մագնիսի նման ձգում էր բոլորին ու դարձել էր անդադար վիճաբանությունների և ուրախությունների հավաքատեղի։ Դոմինո և նարդի խաղացող տղամարդկանց վիճաբանությունների հետ հարմարվել էին շենքի բնակիչները։ Տեսնես ինչո՞ւ էին վիճում, որ օրվա վերջում հաշտ ու խաղաղ պիտի տուն գնային, իսկ հաջորդ օրն իրար ձայն տալով շուտ տեղ զբաղեցնեին, որ կանայք հանկարծ “չգրավեն” իրենց տարածքը։ Գալիս էին նաև հարակից թաղամասերից։ Տղամարդիկ անզիջում էին, բայց կանայք երբեմն կարողանում էին հաղթել նրանց։

Մեկ տարի առաջ, շրջափակման օրերին միանգամից համերաշխություն տիրեց։ Կանայք իրենց գործերն էին անում, իսկ տղամարդիկ նույն խաղն էին խաղում՝ երբեմն բարձրաձայն վիճելով, հարայ-հրոցով, որոնք հաճախակի ընդհատվում էին քաղաքական վերլուծություններով, Արցախի իրավիճակի շուրջ զրույցներով։ Ինչքա՜ն երանելի էին այդ անմեղ վիճաբանություններն ու քննարկումները։ Էդուարդը, Յուրին, Միքայելը, Արթուրը, Արարատը,  հարևան թաղամասերից մշտական ներկա Բաքվից տեղահանված Արարատը, Սլավիկը, Կամոն, Սուրենը, Ռաֆոն, Միքայելը անընդհատ վեճերի մեջ էին, ու նրանց բարձր ձայների տակ անուշ-անուշ քնում էին մեր երեխաները։ Հիմա ենք հասկանում, որ ճիշտ էին բոլոր կանխատեսումները և, իրոք, Արցախի վրա արդեն ամպեր էին կուտակվում։

Երեկոյան հերթափոխն անցնում էր հյուրասիրություններին։ Ում տանն ինչ լավ բան կար, հայտնվում էր սեղանին, իհարկե պատվավոր տեղը զբաղեցնում էր մեղվաբույծ Վահրամի նոր քամած անարատ մեղրը։ Թշթշալով եռում էր ինքնաեռը, և երիտասարդ աղջիկները սիրով թեյ էին հյուրասիրում մեծերին։

Ամեն երեկոյան, ժամը 10-ի սահմաններում շենքի բնակիչները կաթի դատարկ տարաներով արդեն սպասում էին Ավետարանոցից տեղահանված և մեր շենքում ապրող Գարիկին ու Լիլիային, որոնք, վառելիքի բացակայության պատճառով, ոտքով կաթ էին բերում Ասկերանի մերձակայքում գտնվող վարձակալած ֆերմայից․ կաթը բաժանվում էր արդարության սկզբունքով, յուրաքանչյուրը գիտեր, թե երբ է իր հերթը․․․

Այո՛, շրջափակումը մի մեծ ընտանիք էր դարձրել մեր շենքը։ Ով ինչ ուներ, անպայման կիսում էր դիմացինի հետ։ Երիտասարդ հարսները նոր բաղադրատոմսերով քաղցրավենիք էին պատրաստում և հյուրասիրում բոլորին։ Շոկոլադե կոնֆետները մեծ շռայլություն էին․ պահվում էին ամենափոքրերի համար։ Հողագործությամբ զբաղվողները միրգ ու բանջարեղեն էին բաժանում բանջարանոց չունեցողներին։ Մելորդը, Սերժիկը, Պետյան, Ալինան, Սվետան, Սուրիկը, ընկեր Մոսիյանը, Գյուլվարդ տատիկը և շատ շատերը․․․Իսկ Հռիփսիմեն, որին բոլորս փաղաքշական Սիմիկ էինք անվանում, լավ գիտեր՝ բանջարանոցից տուն գալուց, մինչև օրվա բերքից հարևաններին բաժին չհաներ, իրավունք չուներ տուն բարձրանալու։ Հաճախակի էլ իրենից գոհ, դատարկաձեռն բարձրանում էր տուն ու տեսնում, որ ամուսինն էլ իր հերթին է բաժանել բերածը։ Ու ծիծաղում էին երկար․․․ Շրջափակված Արցախում մեր շենքի վերջին ուրախությունը Լուսինեի համեստ հարսանիքն էր․ ամբողջ բակը երեխաների զվարթ խինդ ու ծիծաղով էր լցվել։ Նրանք տարբեր տեղերից փակում էին ճանապարհը և մեծ դժվարությամբ բաց թողեցին նորահարսին։

Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարող է լքել Արցախը։ Մարդիկ եղածից ձմեռվա պաշար էին հավաքում, պահածոյացնում։

․․․2023-ի սեպտեմբերի 19-ին մեր շենքի բնակիչները հայտնվեցին շենքի նկուղում՝ սարսափահար ու տագնապած․ դրսում չէին դադարում թշնամու սահմռկեցուցիչ հրետակոծությունները։ Նկուղը լցվել էր մայրերի ու կանանց աղոթքներով․ զավակներն ու ամուսինները դիրքերում էին։ Ցավոք, մեր շենքը ևս կորուստներ ունեցավ։ Մեկ օր տևած պատերազմում զոհվեց մեր շենքի Տիգրան Մնացականյանը, իսկ Արարատ Պետրոսյանն ու Աշոտ Հովհաննիսյանը զոհ դարձան սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Օրեր հետո դատարկվեց մեր շենքն ու հայաթափվեց ամբողջ Արցախը։

Այսօր ավելի քան 40 տարեկան մեր շենքը առաջին անգամ մնացել է բոլորովին անտեր ու մենակ, բայց նա կանգուն է և սպասում է իր լիիրավ տերերին․․․Կվերադառնա՞նք արդյոք․․․

Կարինե Բախշիյան

#shopinarmenia. արցախցի արտադրողների աշխատանքը Հայաստանում և Հայաստանից դուրս

«Ես սըրտավս մին հարգումում էն մարդուն, հուվ հանձնվում չի, հուվ կյանքի ցանկացած փորձությանը դէմքավ կաղնած ա դիմավորում ու պայքարում ա, հուվ, հազարներին հաղթէլավ, կարում ա ուրան էլ հաղթէ։

Մին կյանքում հազար դժվարությունների հանդիպած, հազար կորուստների մէջավ անցկացած, օրը տանջանքավ լուսըցնօղ, դեպի ապագան վստահ քայլող իմ Արցախցիներս ուրանց արդար քրտնիքը ներկայացընան ըն մէզ ու աշխարհին։

Ես օզում ում էդ ամեն հինչին մասնակից ինիմ, ուրանք օգնության կարիք չօնին, ուրանք համագործակցման կարիք օնին»,-ասում է Կարինե Պետրոսովան։

Այսօր` հուլիսի 27-ին, Նանսենի այգու հարևանությամբ, բռնի տեղահանված արցախցիները ներկայացրել են հերթական նախագիծը`Shop In Armenia:  «Բռնի տեղահանված արցախցիները, ովքեր ամեն ինչ կորցնելուց հետո զրոյից են սկսել իրենց կյանքը, Հայաստանում այսօր վաճառելով իրենց ստեղծածը` հանդես են գալիս «մի օգնիր, այլ կանգիր մեր կողքին» կարգախոսով։ Ուղղակի եկեք ու կանգնեք նրանց կողքին, ծանոթացեք ու գնեք նրանց արտադրանքը։ Հայաստանից դուրս կարող եք ձեռք բերել արցախյան արտադրողների արտադրանքը #shopinarmenia Shop In Armenia հարթակում»,-նշում է լրագրող Սիրանուշ Սարգսյանը։

Shop In Armenia նախագծի մասնակից-արտադրողերի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը չէր կարող կազմակերպվել  առանց ավանդական ժենգյալով հացի ու փախլավայի:

Փոքրիկ մասնակիցների համար կազմակերպվեցին վարպետաց դասեր (տիկնիկագործություն, գիպսե արձանիկների պատրաստում, հուլունքագործություն):

«Այսօրվա փառատոնն ավելի շատ կայքի շնորհանդեսն է, այն նոր հարթակի, որտեղ ներկայացված են արցախցի շուրջ 100 արտադրողի արտադրանք, փոքր և միջին բիզնեսներ: Սա մեծ հույս և եռանդ է առաջացնում այն մասնակիցների մեջ, ովքեր արդեն իսկ 6-7 ամիս շարունակ ընդգրկված են այս աշխատանքային պրոցեսում և հույս ունեն, որ հարթակը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում վաճառել արցախցիների արտադրանքը, մեծ հաջողություն կբերի իրենց: Իրականում սա ոչ թե միայն այս օրն է, այլ շուրջ 7 ամիս է, որ բոլոր արտադրողները քրտնաջանորեն ամեն անգամ մեծ հույսով լրացնում են տարբեր աղյուսակներ, և այսօր արդեն կայքի շնորհանդեսն է:

Հուսով ենք, որ կայքը մեծ հաջողություն կբերի արցախցիներին, ովքեր բավականին դժվարությունների միջով են անցել, բայց չեն կոտրվել: Գլխավոր կազմակերպիչն է Միքայել Հայրապետյանը: Միջոցառմանն աջակցում է նաև Երկիր Մեդիան` որպես ինֆորմացիոն աջակից»,- նշում է կազմակերպչական թիմի անդամ, լրագրող Մարիամ Սարգսյանը։

Տաթև Ազիզյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Ձեր չպատճառաբանված լռությամբ տանում եք երկիրը նոր պատերազմի․ բաց նամակ

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը Բաց նամակ է հղել Ն. Փաշինյանին
“Նիկոլ Վովայի Փաշինյան, անպատասխան թողնելով ՀՀ-ի հասցեին Ալիևի հնչեցրած կեղծ թեզը այսպես կոչված՝ 30 տարվա օկուպացիայի վերաբերյալ, դուք թշնամուն հիմք եք տալիս արդարացնելու ոչ միայն իր կողմից արդեն կատարված հանցագործությունները, այլ նաև հետագա ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Չհերքելով Ադրբեջանի կեղծիքը, դուք արհեստականորեն արդարացնում եք նաև մեղադրանքը մեր պոտենցիալ դաշնակիցների նկատմամբ` իբր օկուպանտ և ագրեսոր երկրին զենք մատակարարելու համար, խոչընդոտներ եք ստեղծում ՀՀ բանակի հզորացմանը։
Հրապարակային չարձագանքելով Ալիևի ստերին, դուք նրան հնարավորություն եք տալիս տեղեկատվական դաշտում ունենալ եթե ոչ լիարժեք հաղթանակ, ապա գոնե այդ կեղծ թեզը վիճելի դարձնելու միջազգային քաղաքական դաշտում, ինչը արդեն բավարար կլինի, որպեսզի թշնամին զինված հարձակում գործի ՀՀ-ի վրա։ Ադրբեջանը և նրա դաշնակիցները թքած կունենան խաղաղության օրակարգի վրա հե՛նց ձեր հայտարարած խաչմերուկում։ Այո՛, դուք` պրն. Փաշինյան, և ձեր կառավարությունը ձեր չպատճառաբանված լռությամբ տանում եք երկիրը նոր պատերազմի, աններելի անգործությամբ լեգիտիմացնում թշնամու հնարավոր ռազմական գործողությունները։ Մեր տարածքային կորուստների, ու հայ ռազմիկների թափված արյան համար ողջ պատասխանատվությունն այս անգամ մնալու է միայն ու միայն ձեր խղճի վրա։
Մաղթում եմ ձեզ մի փոքր քաղաքական գիտակցություն ու չնչին քաղաքական կամք։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին”։

Պետական դավաճանություն․ Տիգրանաշենի հանձնումը ժամանակի հարց է թվում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սոցցանցերում հայտնված հաղորդագրությունը Երասխ գյուղի մոտակայքում (Արարատի մարզ) Ադրբեջանին դիրք փոխանցելու մասին։

«Երասխի հատվածում դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել»,- ասվում է նախարարության մեկնաբանության մեջ։ ՊՆ-ն հորդորել է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և կեղծ տեղեկատվություն չտարածել։ Նաև նշվել է, որ վերջին օրերին արտասահմանյան լրատվամիջոցներում ավելացել են կեղծ հրապարակումները, որոնք համակարգում են այլ երկրների հետախուզական ծառայությունները։

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւս հայտարարեց Տիգրանաշենի հավանական հանձնվելու մասին։ Նա նշեց, որ դա աղետալի հետեւանքների կբերի Հայաստանի համար։

Հայաստանում վաղուց համոզվել են, որ հայկական տարածքները հեշտությամբ հանձնվում են առանց «ֆորմալ» ընթացակարգերի։ Ինչպես նաև այն բանում, որ ոչ ոք պատասխանատվության չի հրավիրում Հայաստանի իշխանություններին՝ առանց Սահմանադրությանը հաշվի առնելու հայկական հողերը հանձնելու համար։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքական գնահատականներ չեն տալիս, դատական ​​հայցեր չի ներկայացնում, բացառությամբ 1-2 անորոշ փորձերի, չեն դիմում Սահմանադրական դատարան՝ հաստատելու կառավարության լիազորությունները որոշելու, թե որ հողատարածքներին են պատկանում Հայաստանին և որոնք՝ ոչ։

Հողի ուրացումը սկսվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երբ հանձնվեցին ոչ միայն Արցախի «նվաճված» տարածքները, այլեւ եւ երեք շրջաններ՝ առանց մեկ կրակոցի։ Ոչ ոք չի պարզաբանել, թե ինչ իրավունքներով է Նիկոլ Փաշինյանը ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հանձնել Արցախի տարածքները. նա համարում էր Արցախը ՀՀ տարածքային ամբողջականության մա՞ս, թե՞ հանձնել է “ուրիշի” տարածք։ Եւ ինչ կլինի, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կորցնի ուժը։

Հենց որ տեղի ունեցավ Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի հանձնումը, 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Գորիս-Կապան ճանապարհը և փաստացի փակեցին այն՝ գրավելով առնվազն 1994 թվականից Հայաստան համարվող տարածքի մի մասը։ Հետո Նիկոլ Փաշինյանը՝ փոխարենը պահանջի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը, ասաց՝ ոչինչ, Տաթևով նոր ճանապարհ ենք կառուցելու։ Պարզվեց, որ այն ժամանակ ստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ, որով Գորիս-Կապան ճանապարհի ու Սյունիքի Շուռնուխ գյուղի հատվածները փոխանցվել են Ադրբեջանին։

Օրերս նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ասել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ԱԳՆ-ն չգիտեն փաստաթղթի մասին։ «Քննարկումներ են եղել։ Ավելի ուշ պարզվեց, որ հայկական կողմը ինչ-որ հուշագիր է ստորագրել Ադրբեջանի և, հավանաբար, ռուս խաղաղապահների հետ, ինչը հայտնի չէր ԱԳՆ-ին։ Մինչև պաշտոնավարման ավարտը ես այդ փաստաթղթերին չեմ ծանոթացել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը, առանց որևէ բողոքի, համաձայնեց ընդունել բռնազավթված Արցախի հայ բնակչությանը, չմեղադրելով Բաքվին ագրեսիայի մեջ։ Իսկ արդեն այս տարվա մայիս-հունիս ամիսներին փոխվարչապետերի մակարդակով փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանին է փոխանցել Տավուշի 4 հայկական գյուղերի տարածքները։

Ընդ որում, հանձնված տարածքների համար կան ՀՀ կադաստրի կողմից տրված փաստաթղթեր։ Այժմ նրանք, ովքեր համաձայն են փոխհատուցմանը, պետք է գրեն դիմում՝ նշելով, որ փոխհատուցում ստանալով՝ քաղաքացին հրաժարվում է Հայաստանի Հանրապետության դեմ բոլոր գույքային և ոչ գույքային պահանջներից։

Ոմանք արդեն համաձայնել են, բայց մի քանի հոգի չեն ցանկանում դիմել։ Եվ փաստորեն, ստացվում է, որ հանձնվել են տարածքներ, որոնց համար գործում է ՀՀ կողմից տրված կադաստրային փաստաթուղթ։

Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ կրկնում է, որ Հայաստանը չունի տարածքներ և սահմաններ, ինչը թույլ է տալիս նրան ճիշտ ժամանակին հայտարարել, որ այս տարածքը Հայաստան չէ, և եթե չհանձնվի, ապա պատերազմ կլինի։ Եվ ոչ ոք իրականում չի առարկում նրան։

Այս ֆոնին Տիգրանաշենի հանձնումը ժամանակի հարց է թվում։ Սակայն կգա մի պահ, երբ իրավական գնահատական կհնչի, եւ հայկական հողերի հանձնումը պետական դավաճանություն կորակվի։

Նաիրա Հայրումյան

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը բացվեցին Փարիզում

Ուրբաթ՝ հուլիսի 26-ին, Փարիզում տեղի ունեցավ XXXIII ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Պատմության մեջ առաջին անգամ այն ​​անցկացվել է ոչ թե մարզադաշտում, այլ ջրի՝ Սեն գետի վրա։ Նավերի ավանդական ազգային շքերթին մասնակցել են ավելի քան 10 հազար մարզիկներ 206 երկրներից։

Ավանդույթի համաձայն՝ առաջինը խաղերի հիմնադրի՝ Հունաստանի թիմն էր։ Նրան հետևում էր փախստականների թիմը: Այնուհետեւ պատվիրակությունները հայտնվեցին այբբենական կարգով։ Նավի երթուղին մոտ 6 կմ էր, իսկ եզրափակիչ ցուցադրությունը տեղի ունեցավ Տրոկադերոյի հրապարակում։

Օլիմպիական կրակը վառեցին ձյուդոիստ Թեդի Ռայները և վազորդ Մարի-Ժոզե Պերեկը, որի հետ օդապարիկը բարձրացավ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկինք: Սա հղում է 1783 թվականի իրադարձություններին. հենց այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին թռիչքը օդապարիկով, որը հորինել էին ֆրանսիացի Ժոզեֆ-Միշելը և Ժակ-Էտյեն Մոնգոլֆիերը: Դրանից հետո երգչուհի Սելին Դիոնը կատարել է Էդիթ Պիաֆի «L’Hymne a l’amour» երգը։

Կազմակերպիչների տվյալներով՝ բացման արարողությանը հետևել է մոտ 320 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Շոուին, որը տևեց մոտ չորս ժամ, մասնակցեց մոտ 3000 դերասան և պարող:

Օլիմպիական Ֆրանսիային սկսել են “”բզբզել”

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26-ին, ֆրանսիական SNCF երկաթուղային օպերատորը հայտնել է «զանգվածային հարձակման մասին, որը պետք է կաթվածահար աներ» արագընթաց գնացքների ծառայությունները:

«Անցած գիշեր SNCF-ը դարձել է մի քանի չարամիտ հարձակումների զոհ, որոնք ազդել են արագընթաց գծերի վրա Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով, հյուսիսում և արևելքում: Հրկիզումներ են կազմակերպվել, որոնք վնաս են հասցրել մեր օբյեկտներին։ Հարավարևելյան արագընթաց գծերը չեն տուժել, և չարամիտ գործողությունը կանխվել է», – ասվում է SCNF խմբի հուլիսի 26-ի հաղորդագրության մեջ:

Սա առաջին, բայց ակնհայտորեն ոչ վերջին կեղտոտ հնարքն է, որ պատրաստում են Ֆրանսիայի թշնամիները։ Այդ թշնամիների թվում առաջին տեղերում են իսլամիստները, Մոսկվան ու Բաքուն։

Ավելի վաղ ուրբաթ օրը Բազել-Մյուլհաուս-Ֆրայբուրգ միջազգային օդանավակայանը, որը գտնվում է ֆրանս-շվեյցարական սահմանի մոտ, տարհանվել է ռումբի սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանն այժմ կրկին բաց է։

Փաշինյանն այցելել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ

Ուրբաթ օրը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ և ծանոթացել սահմանակետի հնարավորություններին։

Անցակետն ամբողջությամբ արդիականացվել և վերանորոգվել է մի քանի ամիս առաջ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ Անկարայի հետ պայմանավորվածությունների համատեքստում։ Պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

Փաշինյանը պաշտոնապես արձակուրդում է, և անցակետ կատարած այցը կարող է վկայել անցակետի բացման հարցում որոշակի առաջընթացի մասին։

Սոցապը step1.am-ին հստակ պատասխան չտվեց

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հստակ պատասխան չի տալիս հարցին, թե ի՞նչ եղանակով է լուծվելու Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող անձանց խնդիրը, որի մասին ավելի վաղ step1.am-ը բարձրաձայնել էր։ Տեղեկացրել էինք, որ ըստ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանի՝ Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրից եւ այժմ չեն կարողանում գրանցվել, քանի որ գրանցման առցանց պատուհանը փակ է։ Այս ընտանիքները զրկվել են նաեւ «40+10» հազար աջակցության ծրագրից, քանի որ համարվում են բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրի շահառու։ Ստացվում է՝ ո՛չ աջակցության գումարն են ստանում, ո՛չ էլ կարողանում են գրանցվել՝ ծրագրից օգտվելու համար։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր հարցերին, թե ի՞նչ աշխատանք է տարվում այս անձանց խնդիրը լուծելու համար, մարդիկ ե՞րբ կկարողանան առցանց գրանցվել՝ հավաստագրով բնակարան գնելու համար, պատասխանեց․ «Քննարկվում են լուծման մի քանի տարբերակներ, բայց մանրամասներն առաջիկայում կտեղեկացնենք մեր հայրենակիցներին։ Այսինքն՝ հարցն ուշադրության կենտրոնում է, քննարկումներ կան, բայց լուծման որ տարբերակով առաջ կշարժվենք, կտեղեկացնենք լրացուցիչ»։