Մոսկվան ու Բաքուն բացահայտ սպառնում են Հայաստանին, որը չի հրաժարվում “խաղաղ հանձնումից”

ՌԴ նախագահի մամուլի քարտողար Դմիտրի Պեսկովը, խոսելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու՝ ԵՄ որոշումից, հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Առավել բացահայտ դժվար է ասել՝ Հայաստանը կարժանանա Ուկրաինայի ճակատագրին, եթե փորձի դուրս գալ ռուս-թուրքական աքցանից։

Դա միանգամից հաստատել է նաեւ Բաքուն․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասել է Ադրբեջանի ՊՆ-ը։

«Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։

Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։

Ստացվում է, որ Մոսկվան եւ Բաքուն միաժամանակ սպառնում են Հայաստանին։

ՀՀ ԱԳն-ն պատասխանել է, որ Բաքուն չի պատասխանել«սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկին”։ ԱԳՆ նաեւ հայտարարել է, որ “Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից”:

Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի, ասել է ԱԳՆ-ը:

Պեսկովի հայտարարությանը պաշտոնական Երեւանը չի պատասխանել, ինչպես չի պատասխանել Ալիեւի պահանջներին․ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրաժարվել Արցախի հետ վերամիավորման մասին 1989 թ․ որոշումից, միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու խնդրանքով եւ պայմաններ ստեղծել  “ադրբեջանցիների վերադարձի” համար։ 

Հակառակը, ԱԳՆ-ը, փաստորեն, հավաստիացրել է, որ չի հրաժարվի “խաղաղ գործընթացից”։ 2020 թ․ հետո “խաղաղ գործընթացը” հանգում է նրան, որ Բաքուն Մոսկվայի օպերատիվ կառավարմամբ հարձակվում է, Հայաստանը զիջում է եւ կատարում բոլոր պահանջները։ 

2020 թ․ պատերազմը Մոսկվան եւ Բաքուն սանձազերծել են ԱՄՆ-ու “անիշխանության” պայմաններում։ Հիմա գալիս է “անիշխանության” հաջորդ փուլը, եւ Մոսկվան ու Բաքուն անպայման կօգտվեն դրանից։ Հատկապես, որ Հայաստանը չի հրաժարվում “պարզած ձեռքերի” քաղաքականությունից։  

 

Եթե դու լռում ես, Ալիեւը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի պատմական հողերի» մասին

Հայկական կողմը պետք է առնվազն հակընդդեմ խոսույթ ձեւավորի ադրբեջանական պահանջների դեմ։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Շուշիի համաժողովում Ալիեւի հնչեցրած պահանջներին։

Օրինակ, երբ Ալիեւը խոսում է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին, ըստ Պապյանի, հայկական կողմը պետք է ասի՝ այո՛, Սովետական Հայաստանից եղել են մեկնողներ, բայց իրենք գաղթական չեն եւ հատուցումներ են ստացել։

«Եթե չեմ սխալվում՝ ադրբեջանցիները ժամանակին 240 մլն դոլար փոխհատուցում են ստացել, այդ փաստաթղթերը պետք է հանել։ Պետք է հակընդդեմ ասել՝ Բաքվի, Սումգայիթի, այլ բնակավայրերի հայերի հարցը կա, շատ ավելի մեծ թվով հայեր են գաղթել։ Եվ եթե այդ հարցը բարձրացվում է, պետք է բարձրացվի զուգահեռ, բայց միեւնույն ժամանակ պետք է ասել, որ Ղարաբաղի հայության ճակատագիրը չի կարող դրվել նույն հարթության վրա ինչ-որ գաղթականների հարցի հետ։ Ղարաբաղի հայությունն անգամ ԽՍՀՄ կազմում ուներ վարչական ինքնավարություն, դա առանձին հարց է»,- ասաց Պապյանը։

Ըստ նրա՝ պետք է լուծվի Արցախի հայության՝ միջազգային երաշխիքներով վերադարձի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը բարձրացնում է ադրբեջանցի մեկնողների հարցը, այդտեղ պետք է հակընդդեմ նշվի, որ այդ ամենը հետեւանք է Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերի կոտորածի, որի մասին արեւմտյան մամուլը հեղեղված է եղել։ Եվ այդ ամենի վերաբերյալ պետք է համապատասխան փաթեթ պատրաստվի։

«Այսինքն՝ այդ մարդիկ մեկնել են ոչ թե այն պատճառով, որ հայերը որոշել են իրենց նկատմամբ հալածանքներ սկսել, այլ մեկնել են, որովհետեւ Ադրբեջանում հայությանը կոտորել են, ցեղասպանության են ենթարկել, որի հետեւանքով էլ առաջացել է այդ լարված իրավիճակը։ Դրա հետեւանքով ադրբեջանցիները գաղթել են, բայց հատուցումներ են ստացել։ Եվ պետք է անպայման շեշտվի, որ որեւէ ադրբեջանցի չի սպանվել՝ ի տարբերություն հայերի։ Էլ չեմ խոսում ծեծված ու հալածված հայերի մասին»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարքագծին՝ Պապյանն ասաց․ «Այն մտայնությունը, որ եթե չխոսենք Ալիեւի հայտարարությունների մասին, այս ամբողջը կանցնի, կգնա, դա սխալ նիկոլական տեսակետ է։ Ինքը մտածում է, որ իբր Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է Հայաստանի քաղաքականությամբ Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ եթե Հայաստանը ոչ մի պահանջ չներկայացնի, ապա Ադրբեջանն էլ չի ներկայացնի։ Այսինքն՝ եթե Ղարաբաղը տալիս ենք Ադրբեջանին, Ադրբեջանը մեզ հետ կլինի եղբայրական ազգ, այդ մտայնությամբ էլ տվել է ու տալիս է։ Բայց մենք տեսնում ենք, որ անընդհատ պահանջներ են ներկայացվում։ Անտառային մեծ հրդեհները մարելու համար հակընդդեմ հրդեհ են անում, նույնն էլ քաղաքականության մեջ է, դու չպետք է լռես, անընդհատ պետք է պահանջներ ներկայացնես»։

«Երբ ես երկար տարիներ խոսում էի Վիլսոնի իրավարար վճռի մասին, շատերը չէին հասկանում, որ դա կարեւորագույն գործիք է քաղաքական եւ դիվանագիտական դաշտում։ Երբ դու ցույց ես տալիս, որ քո հարեւանները քեզանից հազարավոր քառակուսի կիլոմետրեր գրավել ու օկուպացրել են, դու դրանով արդեն կանխում ես նրա հավակնությունները քո նկատմամբ։ Իսկ եթե դու լռում ես, Ալիեւը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի պատմական հողերի» մասին, եւ իրենք սա շարունակելու են։ Հետեւաբար, միակ տարբերակը հակընդդեմ գործընթաց սկսելն է։ Ոմանք գուցե կասեն՝ սա կհանգեցնի պատերազմի։ Բայց վստահեցնում եմ ձեզ՝ Ալիեւը եթե հնարավորություն ունենա անպատիժ պատերազմ մղելու, հազար պատրվակ կգտնի պատերազմ սանձազերծելու համար»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

CivilNet. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 3 098 արցախցի է դիմել

CivilNet-ը գրում է․

Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 098 անձ, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։ 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։ Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ին։

Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 696 անձ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հաշվառման են կանգնել 83 942-ը, քաղաքացիության համար դիմել է 2 075 անձ, որոնցից 1 437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Ինչպես տեսնում ենք, բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից հետո դիմողների քանակն ավելացել է 1 023-ով, իսկ քաղաքացիություն ստացողների թիվը՝ 528-ով։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:

Արցախի քաղաքացիները մինչ այդ էլ կրում էին Հայաստանի Հանրապետության անձնագիր։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքը վկայում է, որ անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է։

Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակին տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ։

Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի։

Հայկ Ղազարյան

Ամառը ստացված է․ «Դասավանդիր Հայաստանը» ճամբարում 25 արցախցի երեխա է ինտեգրվել

Արևը, պաղպաղակը, սառը ձմերուկը և անհոգ ամառային երեկոները ընկերների հետ: Սա այն ամենն է, ինչ պետք է քեզ, երբ դու երեխա ես և երբ ամառային արձակուրդներ են: Իսկ երբ այս ամենին ավելանում են նաև ճամբարները, կարող ենք փաստել, որ ամառը ստացված է:

Այդպիսի ճամբարներ է կազմակերպում «Դասավանդիր Հայաստանը» կրթաական հիմնադրամը Հայաստանի տարբեր համայնքնրում:

Այս անգամ ճամբարային օրը անցկացրեցինք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում: Ճամբարի ծրագրում ներառված են անգլերենի դասեր, ազգային խոհանոց, խաղեր, երգեր, ազգային պարեր, սպորտ, նկարչություն:

Մինչ երեխաները անհամբեր սպասում են գաթային և սառը հյութերին, միաժամանակ պատրաստվելով գալիք ճամբարային համերգին, կազմակերպիչները խնամքով պատրաստում են նրանց համար նախատեսված նվերները:

Ճամբարը նախատեսված էր մեկ ամիս, իսկ մասնակիցների թիվը սպասվածից ավելի շատ էր՝ 90 երեխա, որոնցից 25 արցախցիներ:

Ճամբարի կազմակերպիչ Արման Ղազարյանի խոսքով` գլխավոր նպատակը ոչ միայն երեխաների առօրյան արդյունավետ կազմակերպումն է, այլև արցախցի երեխաների ինտեգրումը։

Քրիստինե Ալավերդյան

Իրավախախտում․ “պատուհանը փակ է”՝ առանց տուն ու նպաստ կմնաս

Շուշիից, այնուհետեւ Ստեփանակերտից բռնի տեղահանված Իննա Բարխուդարյանի ընտանիքը բնակարանի գնման հավաստագրի ծրագրի շահառու է, սակայն չեն կարողանում այդ ծրագրով բնակարան ձեռք բերել, քանի որ առցանց գրանցումը փակ է։

Ավելի վաղ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրից եւ այժմ չեն կարողանում գրանցվել, քանի որ գրանցման առցանց պատուհանը փակ է։ Այս ընտանիքները զրկվել են նաեւ «40+10» հազար աջակցության ծրագրից, քանի որ համարվում են բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրի շահառու։ Ստացվում է աբսուրդ իրավիճակ՝ մարդիկ շահառու են, սակայն չեն կարողանում գրանցվել, որպեսզի բնակարան ձեռք բերեն։

ՀՀ կառավարության՝ վերաբնակիչների համար նախատեսված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրով Երեւանում բնակարան ձեռք բերելու համար մեկ ընտանիքին առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։ Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։

Իննա Բարխուդարյանն ասում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Շուշիից տեղահանվելուց հետո իրենք տեղափոխվել էին Ստեփանակերտ եւ դիմել էին Ստեփանակերտում բնակարան ստանալու համար։ «Մենք դիմում չենք ներկայացրել այդ սերտիֆիկատի ծրագրից օգտվելու համար, մենք չենք հասկանում, թե ինչպես ենք դարձել այդ ծրագրի շահառու։ 2020 թվականից, երբ Շուշիից տեղահանվել էինք, ուղղակի թղթեր էինք հանձնել Ստեփանակերտում տուն ստանալու համար, ոչ թե Երեւանում սետիֆիկատ ստանալու։ Ինչպե՞ս եմ իմացել, որ սերտիֆիկատի ծրագրի շահառու ենք, զանգահարել եմ 114 թեժ գծին՝ իմանալու, թե ինչո՞ւ չկա 40+10 հազար դրամ աջակցությունը, ինձ ասել են՝ դուք սերտիֆիկատի ծրագրի շահառու եք հանդիսանում։ Բայց մենք չենք կարող այդ սերտիֆիկատով բնարական ձեռք բերել, որովհետեւ պատուհանը փակ է, չկա հիմա այդպիսի ծրագիր։ Եթե գրանցվելու հնարավորություն լիներ, կգրանցվեինք, գոնե մի գյուղում մի բնակարան կգնեինք»,- մեզ հետ զրույցում ասաց Իննան։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Իննա Բարխուդարյանին ասել են, որ տեղյակ չեն, թե երբ հնարավոր կլինի առցանց գրանցվել։ Իննա Բարխուդարյանի 5 անձից բաղկացած ընտանիքը, որից մեկը անչափահաս երեխա է, սոցիալական խնդիրներ ունի։ Նրանք ամսական 200 դրամ տան վարձ են տալիս, բայց որեւէ աջակցության ծրագրից չեն օգտվում։ «Ամուսինս ու սկեսրայրս բանվոր են աշխատում, ես էլ՝ սննդի կետում գանձապահ։ Երեխայի համար նաեւ նպաստ չենք ստանում, քանի որ մեր բալիկը 2022 թվականի ծնված է, ասում են՝ 2023 թվականի հունվարից ծնված բալիկներին են միայն նպաստ տալիս։ Ինչ եկել ենք Հայաստան, ընդհանրապես երեխայի նպաստ չենք ստացել»,- ասաց նա։

Իննա Բարխուդարյանի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը արցացիների համար դժվար պայմաններ է ստեղծում․ «Սա էլ է մեր երկիրը, չէ՞, բայց ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ թողնեն ու դուրս գան Հայաստանից։ Սկեսուրս երրորդ անգամ է փախստական դարձել՝ առաջին անգամ Սումգայիթից, երկրորդ անգամ Շուշիից, երրորդ անգամ՝ Ստեփանակերտից, երեք անգամ տուն է կորցրել»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը ստեղծված խնդրի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքուն սպառնում է պատերազմով․ ՀՀ ԱԳՆ պատասխանը

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:

Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,-ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական լկտի հայտարարությունն է տարածել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միաժամանակ սպառնալով նոր պատերազմով Հայաստանին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնել և մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ ասվում է. «Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։

Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ Փաստաբան

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման  միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը», – գրել է փաստաբան Եփրիկյանը։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմը՝ պարալիմպիկ փառատոնի մասնակից

Հուլիսի 23-ից 25-ը Երեւանի օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց Հայաստանի 20-րդ հանրապետական ​​պարալիմպիկ մարզական փառատոնը։

Փառատոնն այս տարի հոբելյանական է, այն կազմակերպվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Երևանի օլիմպիական մարզական քոլեջի աջակցությամբ։

Չեմպիոնի կոչման համար երկու օր շարունակ պայքարում էին Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 120 մարզիկներ՝ տղամարդիկ և կանայք։

Մարզիկները մրցում էին անվասայլակով բասկետբոլ, սայլակով մրցավազք, շախմատ, բոչե գնդակ, ծանրամարտ, սեղանի թենիս և մենամարտեր:

Փառատոնին մասնակցում էր նաեւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, որը հաղթանակ տարավ՝ ավանդաբար զբաղեցնելով առաջին տեղը բոկչեի թիմային մրցույթում։ 2010 թվականից պարալիմպիկ մարզաձևի այս տեսակը Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շնորհիվ ակտիվորեն զարգանում էր Արցախում։ Ամեն տարի, մինչև վերջին ողբերգական իրադարձությունները, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հիվանդները ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում անցկացվող բոչեյի մրցույթներին և մեկ անգամ չէ, որ արժանացել են մրցանակների։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ և մեծ ձեռքբերումներ սպորտում։

Արսեն Աղաջանյան

Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն առանցքային ցուցիչ է. Հարիսն ու Թրամփը պետք է դիրքորոշում հայտնեն

Ջո Բայդենի նախընտրական մրցավազքը լքելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանեց ԱՄՆ և արդեն ելույթ ունեցավ Կոնգրեսում։

Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը ԱՄՆ քաղաքական ուժերի հիմնական ցուցիչն է. Իսրայելն ինքը, աշխարհում ազդեցիկ հրեական շրջանակները և գլոբալ ուժերը, որոնք հանդես են գալիս իսրայելակենտրոն աշխարհակարգի պահպանման կողմ, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան մարդուն, ով ունի անբավարար դրական վերաբերմունք Իսրայելի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահ դառնալ։

Իլոն Մասկը ԱՄՆ-ի դեմոկրատական ​​կուսակցությունը համարում է հակասեմական՝ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթում դեմոկրատ շատ օրենսդիրների բացակայության պատճառով։ Նեթանյահուի ելույթի ժամանակ սրահում էին միայն «100 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի 212 դեմոկրատներից և 27-ը՝ Սենատի 51 դեմոկրատներից»:

Հանրապետականներն ավելի «լոյալ» են համարվում Իսրայելին, իսկ Թրամփը, ում դուստրն ամուսնացած է հրեայի հետ և ինքն ընդունել է հուդայականություն, երբեք չի հայտարարել, որ մտադիր է փոխել աշխարհակարգը։ Ի տարբերություն Բայդենի, ով ուղղակիորեն հայտարարեց, որ փոխելու է ներկայիս աշխարհակարգը։

Այժմ Բայդենի տեղը կզբաղեցնի Կամալա Հարիսը, ով ինքն ամուսնացած է հրեայի հետ և դեռևս չի բարձրաձայնել Իսրայելի մասին իր մոտեցումը։

Կոնգրեսի հետ զրույցում Նեթանյահուն ասել է. «Երբ մենք կռվում ենք Իրանի դեմ, մենք կռվում ենք Միացյալ Նահանգների ամենաարմատական ​​և արյունարբու թշնամու դեմ, մեր կռիվը ձեր կռիվն է, և մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը»:

Այսպիսով, Նեթանյահուն փորձում է Իսրայելը նույնականացնել ԱՄՆ-ի հետ և պատասխանատվությունը Մերձավոր Արևելքի ապագայի համար դնել դրա վրա:

Բայդենը կկարողանա՞ յուրովի լուծել հարցը իրեն մնացած 6 ամիսների ընթացքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի գործարքի շուրջ բանակցությունները վերջին փուլում են. սպասվում է, որ Բայդենը և Նեթանյահուն հինգշաբթի «կքննարկեն մնացած բացերը»: Ասում են, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպումներ կանցկացվեն՝ ուղղված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելուն:

Հինգշաբթի օրը Նեթանյահուն կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, իսկ ուրբաթ օրը նա կմեկնի Ֆլորիդա՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին։

«Գազայի հատվածը պետք է ունենա քաղաքացիական վարչակազմ, որը կղեկավարվի պաղեստինցիների կողմից, ովքեր չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը: Սա շատ բան չէ»,- ասել է Նեթանյահուն: Սակայն նա ոչինչ չի ասել Պաղեստին պետության ճանաչման մասին։

Իր հերթին Դոնալդ Թրամփը Իսրայելին կոչ է արել «արագ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը և հասնել պատանդների վերադարձին»։ Նա նաև քննադատել է Իսրայելին «հասարակական կարծիքի վրա ազդելու սխալների» համար, սակայն չի ներկայացրել «կարգավորման» իր ծրագիրը։

Նեթանյահուն նաև կոչ է արել ստեղծել «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» Իրանի դեմ։ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը դժվար թե առճակատման մեխանիզմների կարիք ունենա, անմիջապես հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նեթանյահուն կոչ է արել այս դաշինքում ընդգրկել նրանց, ովքեր դեմ են Իրանի սպառնալիքին։ Մնացածը, բնականաբար, դառնում են Իսրայելի եւԱՄՆ հակառակորդները։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի կառավարությունը փորձում է փոխել դիրքավորությունը. Հայաստան են ժամանել հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամները, որոնց հետ հանդիպել է գրեթե ողջ վերնախավը։ Իր հերթին, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի դեմարշները նրան տանում են դեպի բողոքական ճամբար։ Նույնիսկ սփյուռքում նա կապեր է հաստատում բողոքական, ազատական ​​և հրեական շրջանակներին մոտ կանգնած ուժերի հետ։

Արցախցիները հնարավորություն կստանան օգտվել վերարտադրողական օժանդակության ծրագրից

Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս և բոլորը կարող են օգտվել։

Կարգավորվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի արդյունքները վերջին տարիների կտրվածքով։

«Եթե 2020 թվականին ծրագրով ծնվել էր 40 երեխա, 2021 թվականին՝ 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, ապա 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել։ Նշեմ, որ հղիների կտրուկ աճ ունենք»,- եզրափակեց Ավանեսյանը։

Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ

«Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են»,- ասաց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: