ՊՆ-ն հերքում է Իրանից անօդաչուներ գնելու մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում։

Iran International-ը ստացել է ռազմական ապրանքների բացառիկ ցանկը, որոնք Իրանը մտադիր է մատակարարել Հայաստանին։ Սա ներառում է անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են Shahed 136, Shahed 129, Shahed 197, Mohajer, ինչպես նաև ցամաքային-օդ հրթիռային համակարգեր, ինչպիսիք են 3rd Khordad, Majid, 15th Khordad և Arman:

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Լուրը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հուսամ՝ Քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից», – գրել  է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։

Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Օկամպոն նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։ Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։ Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասաց Օկամպոն:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը շեշտում է՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ «Լաչինի միջանցքը միակ ճանապարհն էր, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կապվում էին աշխարհի հետ։ Այն շրջափակելով՝ Ադրբեջանը մարդկանց մեկուսացրեց և ստիպեց ենթարկվել իրեն, իսկ մինչ այդ էլ Բաքուն բազմիցս ասել էր, որ պատրաստվում է ոչնչացնել նրանց։ Այս ամենից պարզ է դառնում, որ սա ցեղասպանություն է»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ մարդկանց բռնի տեղահաննությունն էլ ցեղասպանության տեսակ է, ինչն իրավաբանորեն սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով։

Օկամպոն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել և գործել, ոչ թե լռություն պահպանել։ «Հայերը դիմադրության և տոկունության օրինակ են»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նկատեց, որ Բայդենը ոչինչ չի ասում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որն իրականացրել է Ադրբեջանը։ «Որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Այստեղ հիմնարար դերակատարը Հայաստանն է և առաջին հերթին՝ սփյուռքի հայությունը»,- նշեց Լուիս Մորենո Օկամպոն։

Նա հավելեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կարող է ինչ-որ բանով օգնել հայերին այս ճգնաժամային իրավիճակում, որ կա ամբողջ աշխարհում։ «Մենք ցանկանում ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօրվա աշխարհում տալիս են սոցիալական ցանցերը։ Լեռնային Ղարաբաղի հայերը հզոր ձայն ունեն, նաև Հայաստանը մարդկանց հսկայական խումբ ունի ամբողջ աշխարհում։ Ինձ դուր եկավ հայկական խմբերի առաջարկը՝ միասին աշխատել արշավի համար, և ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, սոցիալական ցանցերի հսկայական համայնք ստեղծելն է, որտեղ հենց հայերը կպաշտպանեն հայերին: Հետո կներգրավենք կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարդկանց, որոնք նույնպես կպաշտպանեն հայերին։ Սա է պլանը»,- մանրամասնեց Օկամպոն։

Նրա խոսքով՝ անհնար է անտեսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպանությունը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի: Աշխարհի բոլոր երկրները դա գիտեն, և ոչ ոք ոչինչ չի անում։ Ես հավատում եմ հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ հնարավոր է։

Մենք՝ արգենտինացիներս, դատում էինք ռազմական բռնապետության արգենտինացի գեներալներին, երբ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր էր անել։ Միշտ հնարավոր է, բայց մենք պետք է աշխատենք: Դա հնարավոր չի լինի, եթե ոչ ոք ոչինչ չանի։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պաշտպանված լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան վերադառնալ։ Մենք չենք կարող լքել նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և պետք է պաշտպանենք նրանց։ COP29-ից հետո, եթե Ալիևին հաջողվի կյանքի կոչել խաղաղասեր երևալու իր ծրագիրը, այդ մարդկանց փրկելու հնարավորություն կարող է չլինել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում։ Մենք պետք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք»,- ասում է Լուիս Մորենո Օկամպոն՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ բռնապետական Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, ուստի դժվար է հավատալ, որ որևէ դատավոր հայ գերիների հետ կապված կարող է արդար վճիռ կայացնել և ազատ արձակել նրանց։

Օկամպոն շեշտում է, որ Բաքվում պահվող հայ գերիները ոչ թե ռազմագերիներ են, այլ ցեղասպանության զոհեր, որոնց բերման են ենթարկել, երբ նրանք ցանկանում էին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ «Նրանք բանտարկված են, քանի որ Ադրբեջանի ուղերձն է՝ չվերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Բաքվում ազատազրկման դատապարտված հայ գերիներից 2-ը առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնք փորձել են Հայաստան գնալ, իսկ Ադրբեջանում նրանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։ Բայց սրանք անհեթեթ դատական ընթացակարգեր են, որոնք նույնիսկ քննարկման արժանի չեն, քանի որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան»,- ընդգծեց Օկամպոն։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ COP29-ը խաղաղ պայմաններում անցկացնելու համար պետք է ազատ արձակի հայ գերիներին։

«Մեր արշավը նոր է սկսվում: Կարծում եմ, որ դա ձնագնդի էֆեկտ է ունենալու։ Մենք պետք է օգտագործենք նոր տեխնոլոգիական գործիքները և տարածենք մեր ուղերձը։ Մենք իրական մարդիկ ենք, որոնք մտահոգված են այս հարցով։ Ամբողջովին կորած չենք, եթե շարունակենք պայքարել: Մեր ուղերձն է՝ երբեք չհանձնվել: Այն պահին, երբ հանձնվում ես, պարտվում ես: Հայերի հետ քննարկումներից հաճույք եմ ստանում։ Ձեր ստեղծագործական ունակությունները անհավանական են: Չգիտեմ՝ որտեղ կամ ինչի ենք հասնելու, բայց այն, ինչ անում ենք, արժանի աշխատանք է»,- եզրափակեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:

Բեատրիս Արսլանյան 

Շանթ Խլղաթյան

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի 25-ին և 26-ին երեկոյան ժամերին, 29-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Բա ասում էիք՝ մենք թույլ չենք տա էթնիկ զտում Ղարաբաղում

Հայաստանը  այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը։

Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց ուղղի խաղաղության համաձայնագրին, այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին։

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։  Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», – ասել է Քիմը։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 17-ին նույն Յուրի Քիմը, մասնակցելով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին, որոնք հրավիրել է սենատոր Մենենդեսը Արցախի շրջափակման եւ հնարավոր ագրեսիայի հարցով, ասել է, որ ԱՄՆ երբեք թույլ չի տա էթնիկ զտում եւ ագրեսիա Ղարաբաղում։ Բառացիորեն 2 օր անց տեղի է ունեցել ագրեսիա, այնուհետեւ էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Պետդեպն առայսօր կատարվածին գնահատական չի տվել։ Ավելին, ժ/պ Քիմը հաստատվել է իր պաշտոնում եւ այդպես էլ պատասխան չի տվել իր սուտ հայտարարության համար, իսկ ագրեսիայից մի քանի օր անց սենատոր Մենենդեսի դեմ հանկարծ գործ է հարուցվել, նա հեռացվել է պաշտոնից, իսկ օգոստոսին նաեւ կթողնի մանդատը։ 

Նման զարգացումը վստահություն չի առաջացնում դեպի ԱՄՆ։ Հակառակը՝ թույլ է տալիս ԱՄՆ հակառակորդներին ի ցույց դնել Քիմի օրինակը՝ որպես Հայաստանի հանդեպ ԱՄՆ կեղծ վերաբերմունք։  

Լիտվայի դեսպանատունը հրաժարվում է վիզա տրամադրել 070 ծածկագրով հայկական անձնագիր ունեցող անձանց

Լիտվայի դեսպանատունը հրաժարվում է մուտքի արտոնագրեր տրամադրել 070 ծածկագրով հայկական անձնագիր ունեցող անձանց՝ անտեսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության երաշխիքները և այն, որ ուղևորությունը կրում է կրթական բնույթ։

Այս մասին պատմել է Արցախից բռնի տեղափոխված Ալինա Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարին նա դիմել է Լատվիայում գրադարանավարության ամառային դպրոցին մասնակցելու համար։ Նրան ընդունել են ապրիլին։ Փաստաթղթեր են պատրաստվել և ուղարկվել  պահանջվող հասցեատերերի:

«Ծրագրի կարևոր չափանիշը արցախցիների մասնակցությունն է։ Փաստաթղթերս ընդունվեցին։ Ի պատասխան իմ բազմիցս հարցադրումների, թե իմ արցախյան ծագման պատճառով խնդիրներ հնարավո՞ր են, ինձ ասացին, որ խնդիրներ չեն լինի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երաշխիքներ է տվել իմ ճանապարհորդության և այս ծրագրին մասնակցելու համար։ Վրաստանում Լատվիայի դեսպանատունը եւս հաստատեց և համաձայնեց իմ այցին։ Բայց Երևանում Լիտվայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել (քանի որ Հայաստանում Լատվիայի դեսպանատուն չկա, պետք է դիմել Լիտվայի դեսպանատուն): Իմ պահանջներին պատասխանեցին, որ խնդիրը 070 ծածկագրով անձնագիրն է, և մենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ չենք»։ Ես տարակուսանքի մեջ եմ: Սա ի՞նչ ձեւակերպում է։ Զարմանալի է, որ ինձ մերժեցին մասնակցել կրթական, այսինքն՝ մարդասիրական ծրագրին»։

Ալվարդ Գրիգորյան

Արցախի պատգամավորներն ու ՀՀ ընդդիմադիրներն ուզում են նոր ձեւաչափ ստեղծել

Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձեւավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ:

Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները եւ փորձելու են դրանց լուծումներին հասնել։ Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել․ «Հայաստան» դաշինքից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը:

Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ սոցիալական, մասնավորապես` բնակարանային ապահովման ծրագրի, կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցերը»:

Նեթանյահուն ելույթ է ունեցել Կոնգրեսում. նա կոչ է արել ստեղծել մերձավորարևելյան ՆԱՏՕ՝ ընդդեմ Իրանի

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կոնգրեսում իր ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «Իսրայելի հետ կեսդարյա բարեկամության համար», -հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Նախագահ Բայդենը և ես միմյանց ճանաչում ենք ավելի քան 40 տարի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան Իսրայելի հետ կեսդարյա բարեկամության և, ինչպես ինքն է ասում, հպարտ սիոնիստ լինելու համար։ Իրականում, ինչպես ինքն է ասում, հպարտ իռլանդական-ամերիկյան սիոնիստ»,- ասել է Նեթանյահուն:

Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «պատանդներին պաշտպանելու անխոնջ ջանքերի և պատանդների ընտանիքներին ցուցաբերած օգնության համար»:

«Շնորհակալ եմ նախագահ Բայդենին Իսրայելին ցուցաբերած ողջ սրտով աջակցության համար։ Հոկտեմբերի 7-ի դաժան հարձակումից հետո նա իրավամբ Համասին անվանեց «բացարձակ չարիք»։ Նա երկու ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ կանխելու ավելի մեծ պատերազմ, և նա եկավ Իսրայել՝ աջակցելու մեզ մեր ամենամութ ժամին, և այս այցը երբեք չի մոռացվի», – ասել է Նեթանյահուն:

Նա իր ելույթի ժամանակ երախտագիտություն է հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումից մինչև Իրանի ագրեսիայի դեմ կանգնելուց մինչև Երուսաղեմը որպես մեր մայրաքաղաք ճանաչելը և ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելը», – ասել է նա։

Նա հավելել է, որ «ինչպես ամերիկացիները, այնպես էլ իսրայելցիները հանգստացան», որ ինքը ողջ է մնացել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մահափորձից։

Երկու անգամ, երբ Նեթանյահուն գովաբանեց նախագահ Ջո Բայդենին, երկու կողմերն էլ նրան հոտնկայս ծափահարեցին: Երբ Նեթանյահուն դատապարտեց քաղաքական բռնությունը, դա առաջացրեց երկու կողմերի ծափահարությունների հերթական ալիքը:

Բայց երբ Նեթանյահուն գովաբանեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Աբրահամի համաձայնագրի համար, հանրապետականները կանգնեցին և ծափահարեցին, մինչդեռ դեմոկրատները մնացին նստած:

Բայդենը նախագահ կմնա մինչև ժամկետի ավարտը

Ամերիկայի ձայն

Նախագահը չորեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից՝ հանրությանը բացատրելու ընտրապայքարից դուրս գալու իր որոշումը: «Երկիրը միավորելու լավագույն միջոցը ջահը նոր սերնդին փոխանցելն է»,- ասել է նա։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ ունեցավ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից՝ հանրությանը բացատրելու համար իր ընդունած պատմական որոշման պատճառները: Խոսքը նախագահ Բայդենի որոշման մասին է 2024 թվականի նախագահական ընտրությունների ընտրապայքարից դուրս գալու և իր վարչակազմի փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու վերաբերյալ:

Ջո Բայդենն ասել է, որ «ջահը փոխանցում է նոր սերնդին»՝ ամերիկացիներին առաջին անգամ ուղիղ բացատրելով նախագահական ընտրապայքարը լքելու իր հանկարծակի որոշման դրդապատճառը։

«Վերջին շաբաթների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ես պետք է համախմբեմ իմ կուսակցությունը այս կարևորագույն գործում: «Ես հավատացած եմ, որ իմ գործունեությունը նախագահի պաշտոնում, իմ առաջնորդությունն աշխարհում, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը, այս ամենն արժանի է երկրորդ ժամկետի»,- ասել է Բայդենը։ «Բայց ոչինչ, ոչինչ չի կարող կանգնեցնել մեր ժողովրդավարության փրկությունը: Դա ընդգրկում է նաև անձնական հավակնությունները, ուստի ես որոշեցի, որ առաջընթացի լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է»,- ասել է Բայդենը։

«Ես խորապես հարգում եմ այս դիրքորոշումը»,- ընդգծել է նախագահը։ «Բայց ես ավելի շատ եմ սիրում իմ երկիրը»:

«Ամերիկայի լավագույն կողմերից այն է, որ այստեղ չեն կառավարում թագավորները և բռնապետերը: Մարդիկ են դա անում: Պատմությունը ձեր ձեռքերում է: Իշխանությունը ձեր ձեռքերում է։ Ամերիկայի գաղափարը ձեր ձեռքերում է»,- շեշտել է Բայդենը։

Նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո ազգին ուղղված իր առաջին ուղերձում 81-ամյա նախագահը ներկայացրել է իր ժառանգությունը որպես փառահեղ և ասել, որ պաշտոնավարելու է իր պաշտոնավարման մնացած վեց ամիսների ընթացքում:

«Ժողովրդավարության պաշտպանությունն ավելի կարևոր է, քան ցանկացած կոչում։ Ես ուժ և ուրախություն եմ գտնում ամերիկյան ժողովրդի համար աշխատելու մեջ: Ես որոշեցի, որ առաջընթացի լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է։ Սա մեր երկիրը միավորելու լավագույն միջոցն է»,- ասել է նախագահը։

Բայդենը հաստատել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում ինքը «կենտրոնանալու է նախագահի իր պարտականությունների կատարման վրա։ Նա խոստացել է օգնել ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ և միասնական դառնալ, թույլ չտալ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիրանա Ուկրաինային, աշխատել Գազայում հրադադարի հաստատման ուղղությամբ և առաջ քաշել Գերագույն դատարանի բարեփոխումները: Նա հինգշաբթի օրը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայում բանակցային ջանքերը։

«Սա նշանակում է, որ ես կշարունակեմ նվազեցնել աշխատող ընտանիքների ծախսերը և զարգացնել մեր տնտեսությունը: Ես կշարունակեմ պաշտպանել մեր անձնական ազատությունները և մեր քաղաքացիական իրավունքները՝ քվեարկության իրավունքից մինչև ընտրական իրավունք»,- ասել է նախագահը:

Օվալաձև գրասենյակից իր ուղերձում Բայդենը վկայակոչեց նախկին նախագահներ Թոմաս Ջեֆերսոնին, Ջորջ Վաշինգտոնին և Աբրահամ Լինքոլնին՝ նկարագրելով իր սերը դեպի այն պաշտոնը, որը նա կթողնի վեց ամիս անց՝ ավարտելով պետական ծառայության կեսդարյա կարիերան:

Իր 11 րոպեանոց ելույթի ժամանակ Բայդենը ընդգծեց այն վտանգը, որի առջև, ըստ նրա, կկանգնեն ամերիկացիները նոյեմբերի 5-ի ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում՝ չնշելով հանրապետական թեկնածուի անունը։

Նա ասաց, որ դուրս է գալիս ընտրապայքարից՝ բուժելու դեմոկրատական կուսակցության վերքերը և միավորելու դեմոկրատներին հաղթանակի համար:

Ելույթի ընթացքում տեսախցիկի այն կողմը նստած էին Բայդենի մի քանի մերձավոր ազգականներ և ավագ խորհրդականներ: Նրանք սկսեցին ծափահարել, երբ Բայդենն ավարտեց իր ելույթը։ Ելույթի ավարտին Էշլի Բայդենը ձեռքը մեկնեց մորը՝ առաջին տիկին Ջիլ Բայդենին, ով նստած է նրա կողքին։

Բայդենը դարձավ առաջին գործող նախագահը, ով որոշեց չվերընտրվել 1968 թվականից ի վեր, երբ Լինդոն Ջոնսոնը, ով քննադատվում էր Վիետնամի պատերազմի հարցում իր վարքագծի համար, կտրուկ դադարեցրեց քարոզարշավը մարտի 31-ին:

Բացի այդ, նախագահներ Ջեյմս Ք. Փոլքը, Ջեյմս Բյուքենանը, Ռադերֆորդ Բ. Հեյսը, Քելվին Քուլիջը և Հարրի Թրումենը ևս որոշել էին չվերընտրվել:

«Աշխարհում չկա մեկ այլ տեղ, ուր կակազող երեխան համեստ արմատներով Փենսիլվանիայի Սկրանտոնում և Դելավերի Քլեյմոնտում կարող է մի օր նստել Օվալաձև գրասենյակի աշխատասեղանի հետևում՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ», – ասել է Բայդենը: «Բայց ահա ես այստեղ եմ»:

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ցույց են տալիս մտադրությունների լրջությունը։ Եվ Հայաստանից ակնկալում են գործ

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարո՛ն Պապյան, ԵՄ խորհուրդը որոշեց 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, աջակցությունը կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Ի՞նչ ուղերձ ու նպատակ ունի այս որոշումը։

-Այս որոշման մեջ ամենակարեւորը քաղաքական նշանակությունն է, որովհետեւ գումարի չափը մեծ չէ։ Բայց քանի որ անվտանգության ոլորտին ուղղված հատկացում է, սա նախադուռ է՝ հետագայում ծրագիրն ընդլայնելու համար։ Պետք է հասկանանք, որ Հայաստանի կարգավիճակում ոչինչ չի փոխվել, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը եւ ՀԱՊԿ անդամ։ Անգամ սրանով հանդերձ մենք տեսնում ենք, որ Եվրամիության, ինչպես նաեւ ԱՄՆ կողմից որոշակի քայլեր արվում են։ Սա արվում է՝ ցույց տալու համար իրենց մտադրությունների լրջությունը։ Եվ Հայաստանից ակնկալում են ոչ միայն խոսք, այլ նաեւ գործ։

Ի՞նչ աշխատանք է պահանջվում Հայաստանից։

-Օրինակ՝ խոչընդոտների վերացում։ Երբ դուք մեկի հետ հարաբերություններ եք զարգացնում անգամ անձնական կյանքում, դուք նայում եք, թե ձեր հարաբերություններին ինչն է խոչընդոտում, դա էլ վերացնում եք։ Հիմա մեր հարաբերություններին առաջին հերթին խոչընդոտում է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետեւ ՀԱՊԿ-ը դա ռազմաքաղաքական բլոկ է, որն ուղղված է Արեւմուտքի դեմ։ Մի փոքր անլուրջ կլիներ ակնկալել մեծածավալ աջակցություն այն երկրներից, որոնց ռազմական թշնամին ես դու հանդիսանում։ Հետեւաբար, առաջին հերթին պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, նաեւ դիտարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Վերջնական նպատակը պետք է լինի հնարավորինս արագ ստեղծել այն իրավաքաղաքական հենքը, որի հիման վրա հարաբերությունները կարելի է խորացնել եւ ընդլայնել։

-Եվրամիությունը նաեւ համաձայնություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկին։ Ի՞նչ գործընթաց է սա։

– Իհարկե, սա կարեւոր է, բայց այնքան արագ չի լինելու, ինչպես ոմանց թվում է։ Սա պարզապես գայթակղություն է Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի հասկանան, որ նաեւ անձնապես իրենք օգուտ կունենան։ Ցավալին այն է, որ քաղաքացիների մեծ մասը նույն վիզայի ազատականացման հարցը կարող է շատ ավելի դրական դիտարկել, քան ռազմական աջակցությունը։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելը կարեւոր քայլ է, բայց պետք է հասկանալ, որ սա դեռ ազատականացում չէ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նման գործընթացն առնվազն 1-1,5 տարի կարող է տեւել, այն էլ, եթե Հայաստանը բավարարի բազմաթիվ սկզբունքներին ու պահանջներին։

Այսպիսով՝ Եվրամիության կողմից ուղերձն արդեն տրված է՝ ֆինանսական հատկացումների, զենքի ու սարքավորումների մատակարարման միջոցով։ Անընհատ լսում ենք տարբեր մարդկանցից՝ Արեւմուտքն ի՞նչ երաշխիք է տալիս մեզ։ Սա դրա պատասխանն է, որ այս խիստ նեղ օրենսդրական միջանցքում, որը պայմանավորված է Հայաստանի անդամակցությամբ տարբեր կառույցներին, իրենք անում են առավելագույնը, ինչ հնարավոր է։ Եվ Հայաստանից ակնկալում են ընդառաջ քայլեր։

Ռոզա Հովհաննիսյան

Ո՞ւմ համար է Ռուսաստանը Երևանում կառուցում «Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական կենտրոն»

Sputnik-ի փոխանցմամբ՝ Երեւանում կկառուցվի Ռուս ուղղափառ եկեղեցու նոր թեմական կենտրոն։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության հաղորդմամբ, այս մասին ասել է Երևանի հայոց թեմի ժամանակավոր կառավարիչ Պոդոլսկի և Լյուբերցի Ակսիյ արքեպիսկոպոսը։

Ռուս ուղղափառ եկեղեցին, որը 2020 թվականի պատերազմից հետո «թեմ» բացեց Հայաստանում, այդպես էլ չի բացատրել, թե որքան ծխական ունի Հայաստանում։ Ո՞ւմ համար է Ռուս ուղղափառ եկեղեցին «թեմական կենտրոն» կառուցում. Ռուսաստանը պատրաստվում է էլ ավելի շա՞տ ռուս զինվոր ուղարկել Հայաստան. Թե՞ նա մտադիր է Հայ առաքելական եկեղեցին «ընդգրկել» Ռուս ուղղափառ եկեղեցու մեջ։

Արցախում, 2020 թվականի պատերազմից հետո, Ռուսաստանը նոր «ռուսական համայնք» սարքեց և նույնիսկ ուղղափառ եկեղեցի կառուցեց Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, որը ժամանակավորապես վերածվել էր ռուսական բազայի։ Մոտակայքում նաև մզկիթ է կառուցվել, քանի որ ռուս զինվորները և՛ ուղղափառություն են դավանում, և՛ իսլամ։

Երևանում կայացած հանդիպմանը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, ով հարգարժան հյուրին նվիրել է այս դարի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում կառուցված առաջին ուղղափառ եկեղեցու ալբոմը»։

Այս «տաճարի» կառուցումից հետո բնիկ հայ բնակչությունը ռուսական զորքերի օպերատիվ կառավարմամբ տեղահանվեց Արցախից, յուրացվեցին նրա տարածքները, ունեցվածքը, հուշարձաններն, իսկ հին հայկական եկեղեցիները քիչ էր մնում ուղղափառ հռչակվեցին։

Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Հայաստանում «թեմական կենտրոն» բացելու մտադրությունը լինելու է նույն գործընթացների նախակարապետը, ինչ Արցախում։

Անգլերեն լեզվի ուսուցում․ AGBU LEAP

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը Հայաստանի ամերիկյանի համալսարանի հետ համատեղ սկսում է անգլերենի անվճար դասընթացներ արցախցիների համար։

Դիմորդները կանցնեն թեստավորում, և խմբերը կձևավորվեն ըստ իմացության մակարդակի։ Առաջնահերթությունը կտրվի այն դիմորդներին, որոնք աշխատում են, և անգլերենը կնպաստի նրանց մասնագիտական աճին։

Դիմելու համար՝ անգլերենի իմացության մակարդակը կարևոր չէ, տարիքը՝ 18+

Ուսումնական նյութերը ձեռք է բերում սովորողը։

Չեն կարող դիմել նրանք, ովքեր արդեն մասնակցում են «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի մյուս դասընթացներին։ Հայտն անհրաժեշտ է լրացնել հայերենով և ուղարկել մինչև հուլիսի 28։

Տեղերը խիստ սահմանափակ են։

Հարցերի դեպքում զանգեք 060 722 231 կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեով։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։