Ռուսաստանը պատրաստ է ապահովել «հարմարավետ պայմաններ», սակայն նախաձեռնությունն անցնում է Չինաստանին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։

Պաշտոնական Երևանը դժվար թե արձագանքի Մոսկվայի առաջարկին, քանի որ բոլորը արձակուրդում են, բայց Բաքուն զարմանալի օպերատիվություն ցուցաբերեց՝ հայտնելով իր հանդիպելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Բաքվի իր գործընկեր Սամիր Շարիֆովի հետ։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և անդրադարձել են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մոսկովյան օրակարգն, իհարկե, ավելի մոտ է Բաքվին, քան ԱՄՆ-ի առաջարկած «դժվար փոխզիջումները»։ Բացի այդ, ԱՄՆ չի խոսում Արցախյան խնդրի լուծված լինելու մասին, հետ չի կանչում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և հրապարակավ չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը։

Մոսկվան Արցախի հարցը լուծված է ճանաչում, ավելի հաճախ, քան Բաքուն խոսում է ԵԱՀԿ-ի և նրա Մինսկի խմբի անկարողության մասին և առաջ է տանում «եռակողմ համաձայնությունները»՝ կապված «սահմանազատման», Մեղրիի ճանապարհի բացման և դրա նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության հետ։ Մոսկվան Բաքվի ու Փաշինյանի հետ միասին ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է, թեև Իրանի դեսպանն, օրինակ, բաց տեքստով ասել է, որ որևէ հայտարարության հետք էլ չկա։

Վերջերս Անգլիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցած Ալիևն ու Փաշինյանը այդպես էլ չհանդիպեցին, և վերլուծաբանները սկսեցին խոսել ԱՄՆ-ի հովանու ներքո բանակցությունների լիակատար ձախողման մասին։ ԱՄՆ-ում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո ամերիկյան միջնորդությունն էլ ավելի կասկածելի է դարձել, և «էստաֆետը» աստիճանաբար անցնում է Պեկինին։

Պեկինը փորձում է նոր «գլոբալ կենտրոնի» ֆրակը։ Օրերս Պեկինում կայացել է պաղեստինյան 14 կուսակցությունների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի հանդիպումը, որտեղ հայտարարվել է Պաղեստինում ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին։ Պեկին է այցելել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, ով վերադառնալուց անմիջապես հետո ասել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների։

Ավելի վաղ Ալիևն այցելել էր Չինաստան և ստորագրել ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր։ Այս դաշինքը ներառում է նաև «միջանցքներ», և կասկած չկա, որ Զախարովայի առաջարկը մեկնող գնացք ցատկելու փորձ է։

Արցախյան բիզնեսին աջակցելուն ուղղված Shop in Armenia-ի շնորհանդեսը հուլիսի 27-ին

Global USA-ը ու Երկիր Մեդիան սիրով հրավիրում են Արցախյան փոքր բիզնեսին աջակցելուն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսին, որը կայանալու է hուլիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ից Նանսենի 26/741 հասցեում գտնվող Պարկ Հաուսում։

Նախագծի շնորհանդեսին ներկայացվելու են Արցախից տեղահանված եւ Հայաստանում իրենց գործունեությունը կազմակերպած ավելի քան 100 անհատ արվեստագետների, արհեստավորների, փոքր արտադրություն ստեղծած գործարարների արտադրանքը։

Shop in Armenia-ի կարգախոսն է՝ «Մի՛ օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ»։ Նորաստեղծ հարթակը հնարավորություն է տալու աշխարհի ցանկացած կետից պատվիրել և ստանալ արցախցի մեր հայրենակիցների արտադրանքը։ Սա հնարավորություն և միջոց է նպաստելու բնօրրանից կտրված արցախցի մեր հայրենակիցներին՝ իրենց գործունեությունն ու արտադրությունը կազմակերպելու, կայուն եկամուտ ապահովելու, մինչև Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծվելը, Հայաստանում մնալու և արարելու համար։

 

Ակ­նա­յի ա­զա­տագ­րումը 1993-ին այ­լընտ­րանք չու­ներ․ 2020-ին Ակնան նվիրեցին առանց կրակոցի

Ակ­նա­յի (Աղ­դամ) ա­զա­տագ­րումն այ­լընտ­րանք չու­ներ․ բացի այն, որ մեր Հայրենիքն է, Ակնան Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քաղա­քա­կան ղե­կա­վար­ների ծրագրերում դիտարկվում էր որպես Ստե­փա­նա­կերտ ներ­խու­ժե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը՝ Աս­կե­րա­նով։ Ակնայի ազատագրումը հայոց զինուժի փառավոր հաղթանակներից մեկն է։

Իրականության բարձունքից դժվար է անդրադառնալ անցյալի հաղթական էջերին, հաղթանակի մասին անցյալով խոսելը ցավոտ է, բայց անհրաժեշտ։ Պատմականության դիրքերից անդրադարձը մեզ կօգնի իրավիճակը սթափ գնահատել, սխալները շրջանցել, ճիշտ և ուժեղ կողմերը կրկնել։ Անցյալի հաղթանակներին անդրադառնալը կդառնա մի յուրօրինակ պատնեշ, այսօր դժբախտաբար տարվող այն քարոզչության դեմ, թե մենք թույլ ու անկարող ենք, թե մենք ի վիճակի չենք մեր հարցերը լուծել։

Շրջափակված, շրջապատված, զարկված, կորստի օրեր ունեցել ենք նաև արցախյան առաջին պատերազմում, բայց թևաթափ ու ոգեթափ չենք եղել և հենց դա է դարձել մեր հաղթանակի գրավականը։

Քոչվոր ռազմատենչ ցեղերը վտանգավոր գիշատիչների որջ էին դարձրել Ակնան պատմության տարբեր հանգրվաններում։ Ար­ցա­խի տա­րեգ­րու­թյան մեջ բազ­մա­թիվ են օ­րի­նակ­նե­րը, երբ թշ­նա­մին բաց չէր թող­նում հար­մար ա­ռի­թը՝ Աղ­դա­մից Ար­ցա­խի խոր­քերն աս­պա­տա­կե­լու հա­մար։

1918թ. սեպ­տեմ­բեր. Աղ­դա­մից թուր­քա­կան բա­նա­կը ներ­խու­ժեց Ար­ցախ և յու­րա­հա­տուկ բար­բա­րո­սու­թյամբ ա­վե­րեց Խա­չե­նի ու Վա­րան­դա­յի շր­ջան­նե­րի սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րը, ա­պա նաև` մտավ Շու­շի։ Իսկ 1920թ. մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը և զին­ված խառ­նամ­բո­խը հենց Աղ­դա­մից Աս­կե­րա­նի վրա­յով ներ­խու­ժե­ցին Ար­ցախ` երկ­րա­մա­սի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով։ Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին թշ­նա­մին դար­ձյալ բաց չէր թող­նում հա­կա­հայ­կա­կա­նու­թյամբ ու ագ­րե­սի­վու­թյամբ ա­ռանձ­նա­նա­լու ա­ռի­թը։

Եվ պա­տա­հա­կան չէ, արցախյան շարժման հենց առաջին օրերին, Ար­ցա­խի դեմ ա­ռա­ջին բա­ցա­հայտ նա­խա­հար­ձակ գոր­ծո­ղու­թյու­նը ձեռ­նարկ­վել է կրկին Աղ­դա­մից՝ 1988թ. փետր­վա­րի 22-ին, երբ բազ­մա­հա­զա­րա­նոց ամ­բո­խը, ճա­նա­պար­հին ա­վե­րե­լով ամեն ինչ, ինչ հայկական էր ու հային, փոր­ձում էր Աս­կե­րա­նով հաս­նել Ստեփանակերտ։ Ու հենց Աս­կե­րա­նի մա­տույց­նե­րում թուրքական խաժամուժը ար­ժա­նի հա­կա­հար­ված ստա­նա­լով՝ ետ քաշ­վեց, և Աս­կե­րանն ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայքարի տա­րեգ­րու­թյան մեջ մնաց որ­պես ա­նա­ռիկ դար­պաս-ամ­րոց։
Կան իրադարձություններ, որոնք ավանդույթի կարգավիճակ են ստանում ու կրկնվելու հատկություն, մնում է մենք գնահատենք ու արժևորենք այդ ավանդույթները։

Այո՛, Ակնան մեր թշնամին միշտ դարձրել է մի յուրօրինակ պլացդարմ Արցախի հայաբնակ խորքերը առնվազն երկու ուղղությամբ մխրճվելու համար։

Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րի ողջ ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան զին­ված կազ­մա­վո­րում­ներն Աղ­դա­մից բազ­միցս փոր­ձե­ցին ճեղ­քել ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի արևե­լյան բնագ­ծե­րը, բայց ա­մեն ան­գամ ար­ժա­նի հա­կա­հար­ված ստա­նա­լով՝ հետ են շպրտ­վե­լ։ Մեր ավագ սերունդը լավ է հիշում Ակնայում տե­ղա­կայ­ված կրա­կա­կե­տե­րից մեր խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի հր­թի­ռա­կո­ծու­թյուն­նե­րը… Այն ժամանակ էլ հեշտ չէր, անվտանգ չէր ու որոշվեց վտանգը չեզոքացնել։

Արցախի բանակը երկարատև մարտերից հետո 1993 թ. հուլիսի 23-ին ազատագրեց Ակնա քաղաքը… Եվ այդ ռազմագործողությունը սոսկ կրակակետի ոչնչացում չէր, այն Ադրբեջանին զրկեց մի շարք կոմունիկացիոն հնարավորություններից։

2020 թ-ի 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ ազերիներին չհաջողվեց գրավել Ակնան և նույնանուն շրջանը… սակայն 2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ակնան և ողջ շրջանն առանց մեկ կրակոցի սկուտեղի վրա նվիրվեց Ադրբեջանին։ Կարելի է ասել, մեզ շպրտել են ելման դիրքեր, բայց դրանից Ակնայի ազատագրման պատմական նշանակությունը չի ընկել, ավելին՝ հաճախակի անդրադառնալը, վերլուծելը և հասկանալը անպայման իր օգտակարության գործակիցը կունենա։

Թշնամին նույնն է իր նպատակների մեջ, ավելի զարգացած տեսակով, մենք էլ ենք նույնը, պետք չէ մեզ ավելորդ թերագնահատել, պետք է պարզապես դեն նետել հուսահատության ծածկոցը, որով մեզ փորձում են քնեցնել։ Պետք է կարողանալ այս հանգրվանում տեր կանգնել մեր համամարդկային իրավունքներին, կռիվ տալ բոլոր ատյաններում դրանց համար։ Աշխարհը կանգնում է ուժեղի կողքին, և այստեղ արժե հիշել մեծ հայդուկապետ Նիկոլ Դումանի խոսքերը` Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն, և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններին:  Աշխարհն այսօր քաղաքական ցնցումների մեջ է, իսկ մենք դատապարտված ենք ապրել։

Եվ պարզապես կուզենայի ավարտել Հրանտ Մաթևոսյանի խոսքերով․

«… Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիցների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է:

Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում»:

Արմինե Հայրապետյան

 

Հեղափոխությո՞ւն, թե՞ դավադրություն ԱՄՆ-ում. վեց ամիսը կարող է փոխել աշխարհը

«Դեմոկրատները ստեցին և մոլորության մեջ գցեցին հանրությանը ստախոս Ջո Բայդենի մասին, և այժմ մենք տեսնում ենք, որ նա գտնվում է ամբողջական և բացարձակ մտավոր և ֆիզիկական «անսարքության» մեջ»,- ասել է Թրամփը։ «Նրանք նաև մոլորության մեջ գցեցին Հանրապետական ​​կուսակցությանը, ինչի պատճառով շատ ժամանակ և գումար ծախսվեց թեկնածու Բայդենի դեմ քաղաքական գովազդի վրա”։

Որոշ վերլուծաբաններ Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալն իսկապես կանխամտածված քայլ են համարում։ Մինչ այժմ Թրամփն իր քարոզարշավը կառուցում էր այն բանի վրա, որ Բայդենը ծեր ու թույլ է, և այդ թեզի  վրա մեծ գումարներ են ծախսվել։ Այժմ Թրամփը պետք է նոր ռազմավարություն մշակի, և հավանականություն կա, որ նրան չի հաջողվի։ Թրամփը, որի նախագահությունը նշանավորվեց Իսրայելի հզորացմամբ՝ ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվելով և Աբրահամի համաձայնագրի կնքելով, չի կարող հիմա իր քարոզարշավը կառուցել Մերձավոր Արևելքի խնդիրների վրա։ Հատկապես, երբ Պեկինում հայտարարվել է Պաղեստինի ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին։

Պաղեստինի դեմ Իսրայելի գրեթե 10-ամսյա պատերազմի և ԱՄՆ դեմոկրատական ​​վարչակազմի կողմից Իսրայելի քաղաքականությունը մերժելու ֆոնին վարչապետ Նեթանյահուն ժամանեց Վաշինգտոն՝ Թրամփին նախընտրական ռազմավարություն առաջարկելու համար: Նեթանյահուն դեռ չի հանդիպել Բայդենի հետ, բայց պետք է դա անի, որպեսզի հասկանա՝ արդյոք Բայդենը ժամանակ կունենա՞ առաջիկա վեց ամսում իրականացնել Իսրայելակենտրոն աշխարհակարգը փոխելու իր ծրագիրը, և արդյոք Կամալա Հարիսը կկառուցի իր նախընտրական քարոզարշավը այդ թեզի վրա։

Հնարավոր է, որ հենց այդ մտադրությունն է եղել պատճառը, որ Բայդենը ստիպված է եղել դուրս գալ ընտրապայքարից։ Եւ հենց այդ պատճառով են նրան հիմա ստիպում հրաժարվել նաեւ նախագահական պաշտոնից։ Դա իրոք հեղաշրջում կլինի, որի մասին խոսվում է ԱՄՆ-ում։ Եթե Բայդենը մնա, առաջիկա 6 ամիսների ընթացքում նա կարող է փոխել աշխարհը՝ նույնիսկ լինելով երկու ոտքից “կաղ բադիկ”:

Թրամփը եւս ասել է, որ դա կարելի է անվանել հեղաշրջում, իսկ ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերն ասել է, որ ԱՄՆ-ը հեղափոխության շեմին է։ «Այս երկրում հեղափոխություն է լինելու։ Հարցն այն է, թե դա հիմնված կլինի իդեալիզմի՞, թե՞ մութ, հետադիմական ուժերի վրա։ Ընտրությունը մերն է»,- գրել է Քենեդի կրտսերը X սոցիալական ցանցի իր էջում։

2024 թվականի հուլիսի 21-ը ամենաշոգ օրն էր ուսումնասիրությունների պատմության մեջ

Սարի սմբուլ

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», 2024 թվականը կարող է գերազանցել 2023 թվականը՝ որպես երբևէ եղած ամենաշոգ տարի:

Կիրակի օրը՝ հուլիսի 21-ը, եղել է գլոբալ եղանակի ռեկորդային ամենաշոգ օրը՝ համաձայն ԵՄ կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus ծառայության նախնական տվյալների:

Գլոբալ մակերևույթի միջին ջերմաստիճանը կիրակի օրը հասել է 17,09 աստիճանի Ցելսիուսի (62,76 աստիճան Ֆարենհայթի)՝ գերազանցելով նախորդ հուլիսին սահմանված 17,08 C (62,74 F) ռեկորդը:

Վերջին շաբաթվա ընթացքում ուժեղ շոգերը պահպանվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում:

Copernicus-ը հաստատել է Reuters-ին, որ անցյալ տարի սահմանված միջին օրական ջերմաստիճանի ռեկորդը գերազանցվել է կիրակի օրը:

Անցյալ տարվա ռեկորդը պահպանվեց չորս օր անընդմեջ՝ հուլիսի 3-ից 6-ը, քանի որ հանածո վառելիքի այրման հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունը ծայրահեղ ջերմություն բերեց Հյուսիսային կիսագնդում:

2023 թվականի հունիսից սկսած յուրաքանչյուր ամիս՝ 13 ամիս անընդմեջ, դարձել է մոլորակի ամենաշոգը եղանակի հետևման սկսվելուց ի վեր՝ համեմատած նախորդ տարիների համապատասխան ամսվա հետ, ըստ Copernicus-ի:

ԵՄ-ն Բաքվի հետ կնքում է միայն կարճաժամկետ պայմանագրեր՝ առանց ներդրումների

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Ադրբեջանը մեղադրել է ԵՄ-ին նրանում, որ նա վերաբերվում է երկրին որպես «հրշեջի»՝ կնքելով միայն կարճաժամկետ գազային գործարքներ՝ չնայած երկրին դեպի դաշինք վառելիքի արտահանումն ավելացնելու խնդրանքին:

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիհովը Financial Times-ին ասել է, որ Բաքվին անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագրերի որոշակիություն, որպեսզի ներգրավի իրեն անհրաժեշտ ֆինանսավորումը Կասպից ծովում գազի արդյունահանումը մեծացնելու և ԵՄ լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար: «Մենք չենք կարող լինել հրշեջներ, որոնք պարզապես գազ են ուղարկում երեքից վեց ամիս», – ասել է Սադիհովը:

Բաքվի հետ ԵՄ-ի գազային պայմանագրերն ի սկզբանե ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի էին. այդ պայմանագրերը Բաքվին պաշտպանում էին հնարավոր պատժամիջոցներից հայկական հողերի ուղղակի օկուպացիայի և ցեղասպանության պատճառով: ԵՄ-ն այդպես էլ պատժամիջոցներ չի կիրառել Բաքվի նկատմամբ։ Մյուս կողմից, Եվրոպան չի պատրաստվում ռուսական խեղդամահը փոխանակել ուրիշի հետ։

«Ադրբեջանը, որը մեծապես կախված է նավթից և գազից ստացվող եկամուտներից, այս տարվա նոյեմբերին պետք է հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի ամենամյա գագաթնաժողովը: Որոշ դիվանագետներ և բանակցողներ մասնավոր կերպով մտահոգություն են հայտնել, որ երկիրը չի ցանկանում մտածել, թե ինչպես հեռանալ հանածո վառելիքից»,- գրում է FT-ն։

Ամերիկյան խորհրդատվական Straife ընկերության կառավարիչ տնօրեն և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի ներկրման ԵՄ նպատակին հասնելու համար կարևոր է ֆինանսավորել արդյունահանումը, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը բավարար լրացուցիչ գազ չի ունենա Եվրոպա հասցնելու համար։

Բրյուսելը չի ​​կարողանում ֆինանսավորել նախագծերը 2021 թվականին իր կանոնների փոփոխությունների պատճառով, որոնք թույլ չեն տալիս ԵՄ բյուջեն ծախսել հանածո վառելիքի ենթակառուցվածքների վրա: SGC-ի մաս կազմող Tanap-ի՝ Թուրքիայի տարածքով խողովակաշարի բաժնետերերը «դժկամությամբ են ներդրումներ կատարում հզորությունների ընդլայնման մեջ, քանի որ վախենում են, որ ոչ ոք չի օգտագործի այն»:

Կադիրովն ընդդեմ Միրզոյանի Wildberries-ի պատճառով. ռուսական բիզնես-բարքեր

Ըստ ԶԼՄ-ների՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ռուսական խոշորագույն մարկետփլեյսերից մեկի՝ Wildberries-ի «բաց և լկտի տիրանալու» մասին․ դա տեղի է ունեցել ընկերության հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո։

Wildberries marketplace-ի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել է հունիսի 18-ի երեկոյան։ RBC-ի աղբյուրներն այնուհետ հայտնեցին, որ նոր միավորված ընկերությունների խմբի գործադիր տնօրենը կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է նրզ եղբորը՝ Լևանին):

Ես գիտեմ, որ այս արշավանքի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»,- ասել է Կադիրովը։

Ըստ Forbes-ի՝ Միրզոյանն ու Տատյանա Բակալչուկը նամակ են հղել Պուտինին։ Նրանք գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակից» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և վճարային համակարգը ռուբլով հաշվարկների համար ամբողջ աշխարհում՝ շրջանցելով SWIFT-ը»:

Կադիրովը հայտարարել է, որ «իմ հանձնարարությամբ այդ հարցով կզբաղվի իմ սիրելի ԵՂԲԱՅՐ, ՌԴ Պետական ​​դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը»։

«Անկասկած, ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՂԲԱՅՐ, Չեչնիայի Հանրապետության ղեկավար, Ռուսաստանի հերոս ՌԱՄԶԱՆ ԱԽՄԱՏՈՎԻՉ ԿԱԴԻՐՈՎԻ բոլոր պատվերները կկատարվեն արագ և հարյուր տոկոսով։ Մենք դա կհասցնենք մինչև վերջ»։ Դելիխանովն այսպես է արձագանքել Կադիրովի «Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը ընտանիքին վերադարձնելու» հրամանին։

Սա ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ընդգծելու

ԵՄ խորհրդի որոշումը՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, խորհրդանշական քայլ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նշենք, որ աջակցությունը կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է, որի նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը եւ նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

«Այդ որոշումը շատ հետաքրքիր ենթատեքստ ունի․ եթե հիշում եք, ամիսներ առաջ Հունգարիան կարողացավ արգելակել հենց այս քայլը՝ պատճառաբանելով, որ աջակցությունը պետք է լինի հավասարաչափ նաեւ Ադրբեջանի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ 24 ժամվա մեջ Հունգարիայի նկատմամբ կիրառվեցին դաստիարակչական միջոցներ։ Նախ Ժոզեֆ Բորելը ցուցում տվեց, որ արտգործնախարարների վեհաժողովն անցկացվի ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում։ Երկրորդ, Հայաստանին, որը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ անգամ չի դիմել հայտով, ցուցադրաբար օգնություն են տրամադրում՝ ի հեճուկս Հունգարիայի դիրքորոշման։ Կրկնում եմ, սա ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ցուցադրելու ու ընդգծելու նպատակ կա։ Բայց, իհարկե, այստեղ կա նաեւ մաքուր հայկական աստառ, դա այն է, որ Եվրոպան հերթական անգամ պատասխանում է չարաբաստիկ հարցին՝ բայց մեզ այնտեղ սպասում են, թե՞ ոչ։ Ես այդ հարցը լսում եմ լրագրողներից, տաքսիների վարորդներից մինչեւ վարչապետ, եւ ինձ շատ է զարմացնում։ Ես փորձում եմ հասկանալ՝ Եվրոպան էլ ի՞նչ պետք է անի, որ մեզանում այդ հարցը չառաջանա»,- ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ այս աջակցությունը շարունակական է լինելու։ «Հիշեցնեմ, որ այդ որոշումից 24 ժամ առաջ վիզաների ազատականացման գործընթացն էլ մեկնարկեց։ Այսինքն՝ մեկը մյուսի հետեւից ժամերի ընթացքում քայլեր են իրականացվում։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սա Եվրոպայի անուղղակի, իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե ուղիղ ակնարկն է, որ նրանք լսել են Հայաստանում ժողովրդավարական ուժերի նախագծի մասին։ Խոսքը Եվրամիության անդամակցությանն ուղղված հանրաքվեի ստորագրահավաքի գործընթացի մասին է։ Եվրոպայի այս քայլերն ակնարկ են եւ կառավարությանը, եւ հայ ժողովրդին, որ՝ մենք լսել ենք, նկատել ենք եւ մենք սպասում ենք ձեզ։ Իսկ այն, ինչ ձեզ ասում են, թե ձեզ Եվրոպայում չեն սպասում, դա սուտ է»,- հավելեց Խզմալյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը

Ազատություն

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։

«Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», – ТАСС-ի փոխանցմամբ` նշված է տեղեկանքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։

Գիշեցի Գրիգորյանները մտադրված են տուն ձեռք բերել Լեռնահովիտում

Գրիգորյանները մտադրված են բնակարանային աջակցության ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում՝ մտքում միշտ պահելով Արցախ վերադառնալու երազանքը

Գիշեցի Արարատ Գրիգորյանն իր բազմանդամ ընտանիքով հանգրվանել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից հաստատվել են այստեղ, ապրում են անվճար։ Արցախցի ընտանիքը շատ ուրախացավ մեր անակնկալ այցելությունից։ Սկզբից չգիտեին, որ արցախցի ենք ու աշխատում էին խոսել գրական հայերենով, բայց երբ պատասխանեցինք արցախյան բարբառով, բոլոր 8 անդամների դեմքերը ողողվեցին ժպիտով։ Անգամ ամենափոքրը՝ Հայկը, ուրախությունից սկսեց չարաճճիություններ անել ու թռչկոտել մեր շուրջը։

Տունը, որ զբաղեցնում էին Գրիգորյանները, գտնվում էր անմխիթար վիճակում։ Օրեր առաջ տեղացած անձրևի հետքերը դեռ տանն էին։ Տան տանիքից անձրևաջուր էր թափվել ու խոնավության շունչը դեռ պահպանվում էր։

Աղքատիկ իրավիճակ էր, ինչպես բռնատեղահանված արցախցիների մեծամասնության տներում։ Այնուհանդերձ այս ընտանիքում բոլորը ժպտերես ու պինդ էին։

-Երբ սեպտեմբերի վերջին մեր կամքին հակառակ դուրս եկանք մեր գյուղից ու բռնեցինք գաղթի ճանապարհը, կյանքն ինձ համար կանգ էր առել։ Գիշուց հեռու ապրել չէի պատկերացնում։ Սակայն, ինչպես ասում են, մարդ ամեն ինչի կարողանում է հարմարվել։ Չեմ ասում, թե հարմարվել եմ հայրենիքս կորցնելու մտքին, բայց արի ու տես, որ շարունակում ենք ապրել՝ հարյուրավոր կիլոմետրեր Արցախից հեռու։ Այս գյուղում մեզ լավ են ընդունել, պարբերաբար օգնություններ ենք ստանում, էլ չեմ խոսում մարդկանց հոգատար վերաբերմունքի մասին։ Փորձում ենք ինտեգրվել նոր միջավայրին, ծանոթանալ տեղի կենցաղին, մարդկանց բնավորությանը։ Այստեղ շատ արցախցիներ կան, առանձնապես Մարտունու շրջանից, երբեմն թվում է՝ Արցախում ենք։ Բայց եթե հենց այս պահին հնարավորություն լիներ վերադառնալ՝ առանց երկմտելու արդեն մեր գյուղի ճամփան բռնած կլինեի․ միայն թե անվտանգ ու առանց թշնամու լիներ Արցախը,-ասում է Արարատը։

Կինը՝ Գայանեն, լրացնում է ամուսնու խոսքը։ “Մենք հիմա մտածում ենք միայն մեր երեխաների ապահովության համար։ Այն, ինչ տեսանք Արցախում, թող երբեք ոչ ոք չտեսնի։ Ճիշտ է, ձեռնունայն ենք հեռացել գյուղից, նեղության մեջ ենք այսօր, բայց չենք վհատվում։ Կյանքը կոփել է մեզ, ավելի ենք ուժեղ դարձել։ Միայն կարոտն է, որ կեղեքում է մեր սիրտը։ Կարոտի ու հիշողությունների դեմ պայքարել անզոր ենք։ Մեր մտքում միայն Արցախ վերադառնալու երազանքն է, մեր գյուղում լիաթոք շնչելու տենչը”։

Երեխաները՝ Կարենը, Արմանը, Մարիամը, Լիլիթը, Ալեքսն ու փոքրիկ Հայկը չեն կարողանում մոռանալ Գիշին, իրենց տունը, ընկերներին, “Ոսկի խաչը”․․․ Մարիամի խոշոր ու հմայիչ աչքերը արցունքով լցվեցին, երբ խոսեցինք գյուղի մասին, իսկ Լիլիթն անընդհատ փախցնում էր ամոթխած հայացքը։ Տղաներն ավելի ամուր էին իրենց պահում․ միևնույն է, երբ էլ լինի, վերադառնալու են Արցախ․․․

Գրիգորյանները մտադրված են բնակարանային աջակցության ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում, զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Այդ նպատակի համար արդեն ձեռք են բերել մի քանի հորթ և տրամադրված են զարգացնել անասնապահությունը։

Գիշիում կինը տնային տնտեսուհի էր, ամուսինը՝ զինվորական թոշակի անցնելուց հետո զբաղվում էր տարբեր աշխատանքներով։ Լեռնահովտում ևս նա կփորձի կայուն աշխատանք գտնել, որ կարողանա կերակրել ընտանիքը, թեև այս տարածաշրջանում աշխատանք գտնելը շատ դժվար է։

Ներկա պահին ընտանիքը զբաղվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացով։

Կարինե Բախշիյան

«Վերջին 70.000 մետրը․ ի՞նչ է պատմում ճանապարհը». Բերձորի դժոխք

10 ամսական Դավիթը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հյուրն է և «Վավերագրելով դրաման» ծրագրի հերոսներից մեկը։ Ընդամենը հինգ օրական էր, երբ ծնողների հետ, հիվանդանոցի ծածկոցով փաթաթված, անցավ տեղահանության ճանապարհը։

Հուլիսի 22-ին ՄՆԿ-ն ներկայացրեց «Վերջին 70.000 մետրը․ ի՞նչ է պատմում ճանապարհը» մուլտիմեդիա նախագիծը։ Այն համադրում է տեղորոշման, քարտեզագրման, տվյալների պատկերման գործիքներն ու մարդկային պատմությունները։

Սովորական պայմաններում Ստեփանակերտ-Կոռնիձոր 70 կմ ճանապարհը կարելի էր անցնել 40 րոպեում, բայց մարդիկ այն անցան 3 օրում։ Այս տվյալները, ինչպես նաև կյանքի, մահվան ու անորոշության պատմությունները տեղ են գտել նախագծում։

Այն իրականացրին Հայաստանի և Արցախի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և անհատ լրագրողներ՝ ՄՆԿ և արտասահմանյան մասնագետների խորհրդատվությամբ։ Նրանք ներդրեցին արդի լրագրության ստեղծագործական, էթիկակական ու նորարարական  մոտեցումները՝ պատմելու Արցախի տեղահանության դրվագները։

Գայանե Սարգսյանը միացել է նախագծին, մասնակցել քարտեզագրման, խոցելի խմբերի հետ աշխատելու, հատուկ նախագծեր կազմելու դասընթացներին՝ այս ծրագրի շրջանակում։

Գայանե Սարգսյան, 301.am  

«Քանի որ ինքս արցախցի եմ ու անցել եմ այս դրամայի միջով, հնարավորություն էի փնտրում բռնի տեղահանման ճանապարհի պատմությունները որևէ կերպ ներկայացնելու, թեև հասկանում էի, որ միայնակ չեմ կարողանա դա անել։ Անչափ ուրախացա, երբ ընտրվեցի՝ աշխատելու «Վավերագրելով դրաման» նախագծի թիմում։ Նյութը, որ պատրաստել եմ գործընկերոջս հետ, հենց մտերիմ ընկերուհուս ընտանիքի պատմության մասին է, այդ առումով հատկապես պատասխանատու ու ծանր էր աշխատանքը։ Շատ եմ կարևորում այս բոլոր պատմությունները գտնելն ու արխիվացնելը»։

Բռնի տեղահանման ճանապարհի վկայություններն ու փաստերը մեկ հարթակում՝ մի քանի օրինակներով, վավերագրությամբ, լուսանկարներով, տեսանյութերով և տվյալներով։

Հարթակի շնորհանդեսին հրավիրել էր նաև «51-րդ բրիգադը» պատմության հերոս Վազգեն Ասատրյանը, որը շտապ բուժօգնության մեքենայով տասնյակ հիվանդներ ու վիրավորներ է տեղափոխել։ Նրանցից մեկն էլ Արթուրն էր։ Նա հարազատ Ավդուռ գյուղը պաշտպանելիս ծանր վիրավորվել էր և հիմա վերականգնվում է։ Արթուրն ու բժիշկը պատերազմից հետո հանդիպել են հրապարակման հեղինակ Շուշան Փափազյանի օգնությամբ։

«Վավերագրելով դրաման» ծրագրի «Վերջին 70,000 մետրը. ի՞նչ է պատմում ճանապարհը» նախագիծը թարգմանվել է անգլերեն։ ՄՆԿ-ն այսուհետ ևս կխրախուսի լրագրության արդի ձևաչափերով հանրային կարևորության թեմաների լուսաբանումը։

Նախագիծն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: 

 

 

ԱՄՆ դեսպանը դիտարկել է հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։

«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։