Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպատելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:

ՀՅԴ․ Պետք է օգտագործել COP29 ներկայացնելու Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական էությունը

2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների եւ զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։ Այդ մասին գրում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը։

Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդա­վարական էությունը՝ բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխության մեջ Ադրբեջանի բացասական վարքագծի մասին։

Հայ Դատի համակարգը՝ հանձնախմբերն ու գրասենյակները, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել են իրականացնել հատուկ մշակված ծրագիր՝ հասնելու կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատվական այն բոլոր շրջանակներին, որոնք որեւէ կերպ առնչված են COP-29-ին։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, մղել նշյալ շրջանակներին՝ ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով փոխել Արցախում իր գործադրած ցեղասպանական արարքների, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս իր ներխուժման եւ հայ գերիներին անօրինական պահելու հարցերով իր հայատյաց քաղաքականությունը։

Այս աշխատանքներում կարեւոր դերակատարություն է վերապահված յուրաքանչյուր հայի, որը սոցիալական ցանցերի (social media) օգտատեր է։ Կոչով դիմում ենք բոլորին՝ սոցիալական ցանցերով այս նպատակով օտար լեզուներով կատարել գրառումներ՝ միաժամանակ օգտագործելով առնվազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed , #COPout29 , #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջից (https://copout29.com/) կարող եք ներբեռնել Հայ Դատի համակարգի կողմից պատրաստված գծանկարներ եւ պատկերիզներ, որոնք արտահայտում են մեր տեսակետները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներում եւ կամ գծանկարների հետ օգտագործել վերոհիշյալ hashtag-ները։

Մեր տեսակետները բարձրաձայնելու համար հարմար առիթ են նաեւ առաջիկա օրերին Փարիզում մեկնարկող 2024-ի Օլիմպիական խաղերը։

Սոցիալական ցանցերում, հայկական շրջանակների հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Այս առիթով հայությանն ուղղված իր ուղերձն Օկամպոն եզրափակել է՝ գրելով. «Միջազգային հանրության ջանքերը միավորելով՝ դուք կարող եք հասնել այն բանին, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը: Հայե՛ր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք եւ բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»:

Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպու­թյուններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։

Հանրությանը տեղյակ պահելու համար մենք պարբերաբար կանդրադառնանք այս աշխատանքներին։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

MediaHub. Արցախն այսուհետ նյութերի տեսքով՝ Հայաստանի ազգային արխիվում

MediaHub

MediaHub-ը դիմել էր «Հայաստանի  ազգային արխիվ»` հետաքրքրվելով, թե 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Արցախի արխիվից հնարավոր եղե՞լ է նյութեր տեղափոխել Հայաստան ու պահպանել դրանք Հայասատանի ազգային արխիվում։

Ի պատասխան մեր հարցմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝ Արցախի վերաբերյալ պահպանվում են փաստաթղթեր, սակայն 2023թ. Արցախի հայաթափումից հետո արխիվային ոչ մի փաստաթուղթ Արցախի արխիվի կողմից Հայաստանի ազգային արխիվ չի հանձնվել:

Նրանք ներկայացրին, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ պահպանության են հանձնվել Քաշաթաղի տարածքային արխիվում գտնվող թղթե հիմքով արխիվային գործերը, որոնք ՀՀ են տեղափոխվել մինչև 2023թ. սեպտեմբերյան դեպքերը:

Բացի այս, Արցախի Արխիվի աշխատակիցներից մեկի կողմից կրիչով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ է հանձնվել նաև Լեռնային Ղարաբաղի արխիվում պահպանվող որոշ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, որոնք կներկայացնենք ստորև։

««Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում թղթե հիմքով փաստաթղթերի պլանային թվայնացման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև Արցախից տեղափոխված արժեքավոր փաստաթղթերի թվայնացումը»,- ասված է MediaHub-ի հարցմանն ի պատասխան ստացված գրության մեջ:

Որպես օրինակ ներկայացնենք, թե Հայաստանի ազգային արխիվում Արցախին վերաբերող ինչ նյութեր են պահվում: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումները, Ստեփանակերտի բուժօգնության անձնական հաշիվները, տարբեր գյուղերի և համայնքների տնտեսական մատյաններ, որոնց թվում են՝ Դաշբուլաղ գյուղական խորհրդի Բադարա գյուղի մատյանները (1945-47թթ.), ինչպես նաև Բալուջա, Մեկտիշեն, Ջամիլլու գյուղերի մատյանները (1925թ., 1935-1939թթ., 1971-77թթ.)։ Մուշկապատ գյուղական խորհրդի գործկոմի տնտեսական մատյանները (1925-1931թթ.):

Կարմիր գյուղի մատյանները՝ 1925-63 թթ.:

Պահպանվել են նաև ԼՂՀ արխիվային գործի վարչության անձնական կազմի հրամանները, Մարտակերտի շրջանի վարչակազմի արձանագրությունները։

Հանձնվել են նաև մեկական պատմա-վավերագրական գրքեր, որոնց թվում են՝ Էդվարդ Լալայանի «Գանձակ, Վարանդա», Արտո Սարգսյանի «Ներքին Հոռաթաղ», Մովսես Առաքելյանի «Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին», Արշավիր Գալստյանի «Հաղթանակ, Նորագյուղի մասին», Հրանտ Աբրահամյանի «Քերթ», Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» գրքերը։

Այս նյութերի քանակը, որ պահվում են Հայաստանի ազգային արխիվում և Արցախի մասին են, 2767-ն է…

Շարունակությունը՝ MediaHub

Եթե աշխատանք եք փնտրում․ կարող է գտնե՞ք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտարարություն է հրապարակել․ 

Հարգելի՛ հայրենակիցներ,
եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք՝ ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը՝
☑️ անցնել 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ ցանկացած մասնագիտությամբ, այդ ընթացքում ստանալ կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում,
☑️ անցնել աշխատանքային պրակտիկա, որի ընթացքում ստանալ նաև վարձատրություն,
☑️ համատեղել մասնագիտական ուսուցումն ու վարձատրվող աշխատանքային պրակտիկան։
Ցանկացած հնարավորության ընտրության դեպքում Ձեզ տրվում է աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Միջոցառման շրջանակում պետությունը հարկերի փոխհատուցման տեսքով աջակցում է նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող 5 հարցերը ներկայացնում ենք ստորև ⤵️
ՀԱՐՑ 1։ 16 տարեկան եմ․ կարո՞ղ եմ օգտվել ծրագրի մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք օգտվել ինչպես տվյալ բաղադրիչից, այնպես էլ ծրագրի մյուս երկու բաղադրիչներից։ Առհասարակ, ծրագրից կարող են օգտվել 16-ից մինչև 63 տարեկան անձինք։
ՀԱՐՑ 2։ Վարձու աշխատող, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող կամ աշխատանքներ կատարող անձը կամ անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է օգտվել ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցների համար, ովքեր տեղահանվել են 2023 թ․ սեպտեմբերին և որպես գործազուրկ հաշվառվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։
ՀԱՐՑ 3։ Եթե հեռակա ուսուցմամբ սովորում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում, կարո՞ղ եմ որպես շահառու ընդգրկվել տվյալ ծրագրում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, հեռակա ուսուցման դեպքում՝ կարող եք օգտվել ծրագրից։ Առկա ուսուցմամբ որևէ ուսումնական հաստատությունում սովորողները չեն կարող օգտվել ծրագրից, քանի որ համարվում են զբաղվածություն ունեցող անձինք։
ՀԱՐՑ 4։ Ծրագրի շրջանակում կարո՞ղ եմ, оրինակ՝ ծրագրավորման ոլորտի վերաբերյալ համապատասխան դասընթացներ անցնել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք, եթե գործատուի կողմից ներկայացված թափուր աշխատատեղի համալրման համար պահանջվում է տվյալ մասնագիտությամբ հմտություններ և կարողություններ ունեցող անձ։
ՀԱՐՑ 5։ Եթե ԼՂ-ից տեղահանվել եմ 2020 թվականին, կարո՞ղ եմ դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, տվյալ դեպքում ծրագրից չեք կարող օգտվել, քանի որ ծրագրի շահառուները 2023 թ․ սեպտեմբերին տեղահանված անձինք են։ Սակայն հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am հարթակում` https://e-work.am/, որի միջոցով ոչ միայն կարող եք ստեղծել Ձեր ինքնակենսագրականը, այլև գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք և ուղիղ կապ հաստատել գործատուի հետ։

Երգող Արցախ ծրագիրը շարունակվում է

Շուշիի Վարանդա մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբը հիմնադրվել է 1992թ., Շուշիի Արամ Մանուկյան վարժարանում, լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից: Երգչախումբը հիմադրման օրվանից բազմաթիվ համերգներով ելույթներ է ունեցել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, Հայաստանում և Լիբանանի Համազգայինի Կարկաչ մանկապատանեկան և Այգ երիտասարդական երգչախմբերի հետ: Խմբի մասին պատրաստվել են վավերագրական ֆիլմեր:

2004թ. երգչախումբը ձայնագրել է “Բերդաքաղաք” խտասալիկը, կատարել հայ դասական հոգևոր խմբերգերի մի ընտրանի: 2012թ.` երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող Հրաչ Թոքաթլյանի “Երգող ամառներ” վավերագրական ֆիլմը:

“Շուշին կորցնելուց հետո Ստեփանակերտում իրականացրի “Երգող Արցախ” ծրագիրը, որին մասնակցեցին 120-ից ավել երեխաներ: Այդ օրերին նպատակ էր դրված այդ դժվարին պատերազմի մեջ գտնվող երեխաների հետ լինել, երգի ճամփով նրանց ժպիտ պարգևել: Երգը, երաժշտությունն ինչ-որ տեղ նաև բուժիչ հատկություն ունի: Այսօր  երգչախումբը և՜ Երևանում, և՜ Լիբանանում համերգներ է կազմակերպում: Նախախնամությունն ինձ առաջնորդեց, որպեսզի կարողանամ ծրագիրն իրականացնել Երևանում: Ուրախ եմ ասելու, որ ավելի քան 80 երեխա գրանցվել են, որոնց հետ առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի ժամը 3-ին: Մենք սիրով կսպասենք արցախցի` երաժշտական լսողություն ունեցող երեխաներին: Մենք ունենք մշակութային զարգացման ծրագիր, որի շրջանակներում այցելություններ ենք կատարելու տարբեր մշակութային վայրեր, որպեսզի հաճելին և օգտակարը համատեղենք: Պիտի կարողանանք մինչև Արցախ վերադարձը շարունակել ծրագիրը”, ասել է step1.amին Զաքար Քեշիշյանը։

Տաթեւ Ազիզյան

Մենք չենք կարող լռել, այլապես մեր փաստերի տեղը կզբաղեցնեն «թուրքական աշխարհի» կեղծիքները

Հին Շուշի

Ցավոք սրտի, Հայաստանում լրատվամիջոցները այդպես էլ չեն դաձել ռազմավարական շահերի առաջխաղացման շղթայի կարևոր օղակ։ Անգամ ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված Արցախի բնակիչները հանրապետության պետական ​​ռազմավարության մեջ չեն։

Միևնույն ժամանակ, օկուպացված հայկական Շուշիում «II գլոբալ մեդիա ֆորումի» շրջանակում կայացել է թուրքական լրատվական գործակալությունների դաշինքի գործադիր կոմիտեի առաջին նիստը։ Այսինքն՝ բռնակցված հայկական Շուշին դարձել է ոչ միայն թյուրքական պետությունների «հավաքի» կենտրոնը, այլև պատմության կեղծումների նոր ալիքի կենտրոն՝ հիմա ոչ միայն ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի։

Մինչդեռ հայկական լրատվամիջոցները համառորեն լռության են մատնում տեղահանվածների քաղաքական և իրավական խնդիրները՝ նրանց դնելով բացառապես հումանիտար խնդիրների մեջ: Արդյո՞ք դրանում դեր ունի իշխանական «էլիտան»։ Անկասկած։ Իսկ տեղեկատվական վակուումը անշուշտ լրացնելու է ադրբեջանի կողմից կեղծիքներով ու փաստերի խեղաթյուրումներով, այժմ նաև թյուրքական պետությունների աջակցությամբ։

Ադրբեջանական հրապարակումներից մեկը գրում է. «Մենք համաձայնվել ենք, որ համաշխարհային աշխարհաքաղաքականության արյունալի վերաֆորմատավորման պայմաններում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) երկրների համար ամենակարևորը տարածաշրջանում կայունության պահպանումն է»։

Այսինքն՝ թյուրքական պետությունները, աջակցելով արյունարբու, ֆաշիստական, ահաբեկչական ադրբեջանին, որը թափեց հայ մեծերի, կանանց, երեխաների և երիտասարդների այդքան արյուն, այսօր հավակնում են տարածաշրջանում «կայունության պահպանման» դերին։ Եվ սա կատակ չէ, քանի որ «թուրքաշխարհն» արդեն իրականություն են համարում, մնում է բոլորի ուղեղները լվանալ ու թուրանի հսկայական տարածքներում հրոսակներին ներկայացնել որպես խաղաղության ու կայունության ջատագովներ։ Իսկ թյուրքական ցեղերի «եղբայրական համերաշխությունը» չի կարող առանց ֆինանսական աջակցության, ուստի ներարկումներ կլինեն ննաեւ բյուջե։ Ամենայն հավանականությամբ, այս ներարկումները կգնան դեպի օկուպացված Արցախի «բարեկեցություն»։

Զարմանալի է, թե ինչպես է այս ֆաշիստական ​​երկիրը կարողանում ամեն ինչ տակնուվրա անել և միևնույն ժամանակ ողջ աշխարհին համոզել, որ ճիշտ է։

Թեկուզ, զարմանալի ոչինչ չկա: Ի վերջո, հայկական կողմից ոչ մի աղաղակող փաստ կամ պնդում չկա։ Անգամ ցեղասպանությունն ու էթնիկ զտումները հայ լրագրողները ներկայացնում են որպես հումանիտար աղետ և իրենց հազարամյա բնակության վայրերը հապճեպ լքած մարդկանց միայն սոցիալ-տնտեսական ծանր վիճակն են նկարագրում։

Շուշիյի մեդիա ֆորումում Ալիեւն ընդգծել է օբյեկտիվ տեղեկատվության կարեւորությունը։ Բնականաբար, Ալիևի և «թուրքական աշխարհի» համար այս տեղեկությունը մեկն է, իսկ ցեղասպանությունից և էթնիկ զտումներից փրկված մարդկանց համար՝ այլ։ Եվ հարցն այն է, թե ինչ ծավալով, որքան «բարձրաձայն» և ինչ ձևով է այս տեղեկատվությունը հասնելու պատկան մարմիններին և փոփոխվող աշխարհին։

Հասկանալի է, որ «թուրքական աշխարհի» լրատվամիջոցները չեն նկարագրի այն սարսափները, որոնց միջով անցել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայությունը 2016 թվականից (չհաշված 90-ականների իրադարձությունները)։ Թուրք լրագրողները չեն կարող նկարագրել, թե ինչպես են ադրբեջանցի, թուրք, սիրիացի հրոսակները գլխատել ու անդամահատել հայ տղաներին, ծերերին, կանանց ու երեխաներին։ Չեն նկարագրի այն սարսափները, երբ պարզունակ բնազդներով չմարդիկ ծաղրում էին հայ կին զինվորներին։

Այս մասին արդեն 8 տարի պետք է ողջ աշխարհով մեկ գոռային Հայաստանի իշխանություններն ու լրագրողները, իրավապաշտպաններն ու իրավաբանները։ Սա չի նշանակում, որ ոչինչ չի արվում, բայց դա բավարար չէ։

Միգուցե սրա մասին է խոսում Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին ուղղված իր դիմումում։ Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Դուք կարող եք բացահայտել նախագահ Իլհամ Ալիևի բոլոր հանցանքները, ով հալածում է իր քաղաքացիներին Ադրբեջանում և վայրագություններ է անում հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում/Արցախում՝ միաժամանակ կեղծավորաբար դիրքավորելով իր երկիրը որպես կլիմայական գլոբալ երկխոսության առաջատար։

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (COP29), որը տեղի կունենա այս նոյեմբերին ադրբեջանում, աննախադեպ հնարավորություն է ընձեռում լույս սփռելու այս ծանր անարդարությունների վրա: Չնայած ադրբեջանն այս իրադարձությունն անվանում է «խաղաղության համաժողով», հայերը պետք է բացահայտեն ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին ճշմարտությունը»։

Մենք չենք կարող լռել, այլապես մեր փաստերի տեղը կզբաղեցնեն «թուրքական աշխարհի» կեղծիքները, որն արդեն գտնվում է ահաբեկիչ և բռնապետ Ալիևի գրպանում։ Ժամանակակից տեխնոլոգիական ու տեղեկատվական պատերազմների աշխարհում մենք իրավունք չունենք ձեռքերը ծալած նստել։ Արցախյան իրադարձությունների մասին ճշմարտությունը պետք է հոսի բոլոր աղբյուրներից, այլապես մենք՝ ամբողջ աշխարհի հետ միասին, կխեղդվենք ազատության համար պայքարողների արյան վրա հիմնված ստի տառափի մեջ։

Մարգարիտա Քարամյան

Օկամպոն կոչ է արել հայերին ի ցույց դնել Ալիեւի հանցանքները COP 29-ին ընդառաջ

Դուք՝ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներդ, մարդկային աննահանջ և համառ ոգու վկայությունն եք: Այսօր դուք ունեք եզակի զորություն պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային հարթակներում: Այս մասին իր հոդվածում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում և իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով որպես առաջնորդ երկիր:

Կողմերի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ 29 / COP 29), որը նախատեսվում է Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին, աննախադեպ հնարավորություն է լույս սփռելու այս հրեշավոր անիրավության վրա: Ու չնայած Ադրբեջանը բրենդավորում է այս միջոցառումը որպես «Կողմերի խաղաղության համաժողով», ձեզ վրա է դրված բացահայտելու Ալիևի ռեժիմի և նրա գործունեության մասին ճշմարտությունը:

Դուք, ցրված լինելով աշխարհով մեկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլև արդարությանն ու շրջակա միջավայրի ամբողջականությանն առնչվող ավելի լայն շահեր: «Մենք կպարտվենք այն օրը, երբ դադարենք պայքարել» ասել են ձեր նախնիները՝ պատգամելով ձեզ տոկունություն: Դուք կարող եք առաջնորդել համաշխարհային շարժում, մասնակից դարձնելով այլ շահագրգիռ համայնքների, և լուծելու երկու օրհասական խնդիր՝ կլիմայի փոփոխության և ցեղասպանության խնդիրները:

Ինձ համար ցեղասպանության և կլիմայի փոփոխության կապն ակնհայտ է և անհերքելի:  Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք, դժբախտաբար, չեն պահպանվում պատճաշ կերպով: 1992 թվականի Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային և 1948 թվականին Ցեղասպանության մասին կոնվենցիաների ընդունումից ի վեր աշխարհն ականատես է լինում  ջերմաստիճանի համատարած բարձարցմանը և ցեղասպանության մշտական սպառնալիքներին: Միայն 2023 թվականին, Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ի հայտ է բերել շարունակական վտանգ վեց դեպքերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի կլիմայի մասին կոնվենցիան նպատակ ունի կրճատելու ջերմոցային գազերի արտանետումները՝ առաջնահերթորեն նրանք, որոնք առաջանում են հանածո վառելիքից: Այս արտանետումների 75%-ը կապված է հանածո վառելիքի հետ, իսկ արդյունաբերության ազդեցությունը կլիմայի կառավարման քաղաքականության վրա խորապես մտահոգիչ է: COP 29-ի անցկացմանը նախապատրաստվող Ադրբեջանը, որտեղ հանածո վառելիքը կազմում է արտահանումից ստացվող իր եկամուտների 90%-ը, այս շահերի բախման հրաշալի օրինակ է, որն առավել ընդգծում է ձեր առաքելության արդիականությունը:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ:

Կողմերի 29-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի հաշտության պայմանագրի առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթե հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալներն անվերապահորեն ազատ չարձակվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում ասվում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալություններ և դատական իշխանության անկախության հետ լուրջ խնդիրներ կան», և, հետևաբար, արդարությանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անվերապահ վերադարձը և քաղբանտարկյալների ազատումը:

Միջազգային իրավունքի սկզբունքների քննարկումը միայն բավարար չէ: Դրանք պետք է ակտիվորեն պահպանվեն: Հայ համայնքի ղեկավարներն ու քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչև կլիմայի համար պայքարող ակտիվիստների՝ այդ սկզբունքներն իրականացնելու համար:

Հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա՝ դուք կարող եք բազմապատկել ձեր ձայները՝ ապահովելով Կլիմայի փոփոխության մասին և Ցեղասպանության մասին կոնվենցիաների գործուն կիրառումը:

Ես սատարում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտությունը և պահանջում է իրապես խաղաղ COP 29-ը: Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրյա գրառումները կշրջանառվեն՝ ներգրավելով այլ համայնքներ և գրավելով հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն լրագրողներին, պատվիրակներին և COP 29-ին մասնակցող հասարակական կազմակերպություններին պատասխան պահանջել Ադրբեջանից հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ:

Նպատակը պարզ է. Կողմերի 29-րդ համաժողովը, որն իսկապես խաղաղության կողմնակից է, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատմամբ:

Պատրաստվե՛ք, հայկական համայնքներ, իրապես խաղաղ COP 29-ին, որը կմեկնարկի հուլիսի 23-ին:

Դուք ունեք հանձնառություն, հասանելիություն և հաստատակամություն առաջնորդելու այս փոխակերպող շարժումը:

Միջազգային հանրության ջանքերը միավորելով ՝ դուք կարող եք հասնել նրան, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը:

Հայեր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ արեք, մեկնաբանեք և բարձրացրեք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես:

ԵՄ հանդիպումը տեղի կունենա ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում՝ դեմարշ Օրբանի դեմ

ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել Հունգարիայում, տեղափոխվում է Բելգիա, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը։

Նա ընդգծել է, որ նման միջոցը բողոքի նշան է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ վերջերս Ռուսաստան և Չինաստան կատարած այցերի ու ընդհանրապես նրա ռուսամետ քաղաքականության դեմ։

Եվրոպայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսին Բուդապեշտում։ Բորելը հայտնել է, որ դա տեղի կունենա Բրյուսելում, որտեղ տեղակայված են ԵՄ հիմնական ինստիտուտները։

«Մենք պետք է ազդանշան ուղարկենք [Հունգարիային], նույնիսկ եթե դա խորհրդանշական է», – ընդգծել է նա։

Եվրախորհրդարանը դատապարտել է Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։ Բանաձևում ասվում է, որ նա չի ներկայացնում ԵՄ-ն, և նրա այցը պայմանագրերի և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության բացահայտ խախտում է:

Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Բրյուսելն այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։

Մոսկվայից Օրբանը մեկնել է օկուպացված հայկական Շուշի, որտեղ մասնակցել է թյուրքական պետությունների գագաթնաժողովին։ Այս ուղևորությունը նույնպես դատապարտվեց ԵՄ-ի կողմից, բայց զգուշորեն “հանվում” է  Հունգարիայի վարչապետի «հակաեվրոպական» ճանապարհորդությունների ցուցակից:

Մայրական բնազդ․ դրամա Սեւանում

Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի:

Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:

Վրացական երազանք. գոյատևել մինչև Թրամփը

«Եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և, համապատասխանաբար, մեր տարածաշրջանն արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը կոնկրետ Վրաստանի նկատմամբ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հատկանշական է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2024-ի հոկտեմբերի 26-ին, իսկ ԱՄՆ-ում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի սկզբին։ Այնպես որ, Վրացական երազանքը կարող է չապրել մինչեւ Թրամփը։

Որ երկրներից են ամենաշատը Ռուսաստան գնում․ 9% հայեր են

2023 թվականին արտասահմանից Ռուսաստան ժամանած ներգաղթյալների թիվը կազմել է 560,4 հազար մարդ՝ 23%-ով ցածր, քան մեկ տարի առաջ, ասված է Ռոսստատի «Ռուսաստանի Դաշնության բնակչության թիվը և միգրացիան» տեղեկագրում։

Ներգաղթյալների առավել զգալի մասը (31%) Տաջիկստանից է, երկրորդ տեղում (10%) Ղրղզստանից ժամանած ներգաղթյալներն են։

Ուկրաինային, Հայաստանին և Ղազախստանին բաժին է ընկնում 9 տոկոսական, Ուզբեկստանինը՝ 4%-ը։

Արցախի պետական ջազ-նվագախմբի համերգը` հուլիսի 26-ին

Արցախի պետական ջազ-նվագախմբի (ղեկավար՝ Տիգրան Սուչյան) հերթական համերգը տեղի կունենա հուլիսի 26-ին ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում: Համերգին հանդես կգան նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A.Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ):

Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ: